Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ մասնագիտական գնահատականներ հնչեցին, որ «էթնիկ զտումներ» եւ «վերադարձի իրավունք» հասկացությունները միջազգային իրավունքի նորմ չեն։ Արցախի հարցում հենց այս հասկացություններն են առաջ մղվում, որքանո՞վ է արդյունավետ նման քաղաքականությունը։
-Միջազգային պրակտիկայում որպես ուղեցույց հանդիսանում է Եվրոպական պետությունների կողմից ստեղծված Միջազգային քրեական դատարանի կոնվեցիան։ Այդ կոնվեցիան սահմանում է այն արարքների ցանկը, որոնք ենթակա են միջազգային քրեական հետապնդման։ Նման հանցագործություն կատարողը հանցագործություն է կատարում ոչ միայն տվյալ պետության դեմ, որի տարածքում դա տեղի է ունենում, այլ բոլոր այն պետությունների, որոնք Միջազգային քրեական դատարանի կովնեցիան ստորագրել են։ Ավելի քան 190 երկիր է ստորագրել այն։ Հայաստանն այդ կոնվեցիան ստորագրող երկրների թվում է։ Պետք է բացել Միջազգային քրեական դատարանի այդ կոնվեցնիան, եւ այնտեղ հստակ գրված է՝ որոնք են միջազգայնորեն ճանաչված արարքները, որոնք քրեորեն հետապնդելի են Միջազգային քրեական դատարանի տեսակետից։ Այնտեղ կան «ցեղասպանություն», «բռնի տեղահանում» եւ այլ եզրույթներ։
Էթնիկ զտումը դա համալիր հասկացություն է, որը ենթադրում է ռազմական հանցագորևծություններ, որոնք ուղղված են բռնի տեղահանում իրականացնելու համար, երբ հանցավոր սուբյեկտը կազմակերպված գործողություններ է կատարում եւ ինչ-որ տարածաշրջանի բնակչությանն իր հայրենիքում ապրելուց զրկելու նպատակով տեղահանում։ Դրա համար տեղի են ունենում հարձակումներ, շրջափակումներ եւ մարդկանց բնականոն կյանքը վատթարացնող գործողություններ։ Այդ ամբողջը մեկ քաղաքական հասկացությամբ անվանվում է էթնիկ զտում։
Իրավական իմաստով պարտադիր չէ, որ բոլոր բաղադրիչները, որոնք մտնում են էթնիկ զտման մեջ, սահմանված լինեն, բավարար են դրանցից մեկը կամ մի քանիսը, որոնք հետեւանքով տեղի է ունենում բնակչության տեղահանում՝ առանց այդ բնակչության կամքի։ Մարդիկ հարկադրված են լինում հեռանալ, որովհետեւ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Այդ ամբողջը համարվում է հանցավոր արարք, որը միջազգային մակարդակով հետապնդվում է եւ որը քաղաքական առումով համարում են էթնիկ զտում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Արցախում տեղի ունեցածը համարում են էթնիկ զտում եւ ասում են, թե որ քրեական արարքները բերեցին հայերի էթնիկ զտմանն Արցախում։ Դրանք են՝ շրջափակումը, ռազմական ագրեսիան, հարձակումը, ռազմական հանցագործությունները, քաղաքական սպառնալիքները։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, այն մարդու անսասան, անփոփոխ իրավունք է, որը ոչ մի գործողությամբ չի կարող վերանալ։ Դա մարդու իրավունքի հիմնարար նորմերից է։ Մարդու իրավունքների հռչակագրում շարադրված են մարդու իրավունքները, եւ դա ամրագրում է այն, որ մարդն օժտված է բոլոր իրավունքներով՝ իր հայրենիքում ապրելու, ազատ զարգանալու, բոլորի հետ իրավահավասար լինելու, իր կառավարությունն ընտրելու եւ բազմաթիվ այլ իրավունքներով։
–Այսինքն՝ Արցախի հարցում այս ուղղությամբ աշխատանքը արդյունավե՞տ է։
-Հարցն այն է՝ որքանո՞վ է արդյունավետ վարվող քաղաքականությունը։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից չեն արվում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հանրության մոտ ստեղծելու Արցախի հարցով ադեկվատ պատասխան։ Հայաստանը պետք է հարցը միջազգային այլընտրանքային հարթակում բարձրացներ։ Շվերցարիան հանդես եկավ Արցախի հարցով կոնֆերանս հրավիրելու նախաձեռնությամբ, Հայաստանը պետք է այդ հարթակում տվյալ նախաձեռնությունը պաշտպանի եւ հասնի նրան, որ ԵԱՀԿ անդամ պետությունների միջազգային կոալիցան համատեղ գործի հայերին Արցախ վերադարձնելու հարցում։
Այդ աշխատանքը պետք է ենթադրի եւ պատժամիջոցներ, եւ ուժ գործադրելու հանարավորությունը նույնպես տվյալ դեպքում կիրառելի է, հիմնավորված է եւ անհրաժեշտ։ Ադրբեջանի այսօրվա հանցավոր ռեժիմի պայմաններում, անձամբ ես այլ ճանապարհ, բացի ուժով ադրբեջանական բանակն Արցախից քշելը եւ այնտեղ միջազգային կառավարում հաստատելը, չեմ տեսնում։ Արցախում պետք է կրկնվի Կոսովոյի օրինակը, Հայաստանը պետք է համապատասխան քաղաքականություն վարի, որպեսզի ձեւավորվի այդ միջազգային կոալիցիան, որը կկրկնի Կոսովոյի օրինակն Արցախի դեպքում։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: