Step1.am-ի զրուցակիցն է է Հայ–գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։
-Պարոն Պետրոսյան, Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանն օրերս որոշում ընդունեց, ըստ որի՝ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են եւ չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը եւ կարո՞ղ է այն նախադեպ դառնալ եվրոպական մյուս երկրների համար։
-Այո, դա կարող է նախադեպ դառնալ եվրոպական այլ պետությունների համար, քանի որ կա Դուբլինի առանձին համաձայնագիր, որին եվրոպական պետությունները պարտավոր են հետեւել, իրենք այսպիսի գործերը իրար հետ փոխանակում են եւ փորձում են կոնսոլիդացնել ու հարմոնիզացնել իրենց դատական համակարգերում։
-Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում քաղաքացիություն չունեցող անձ։
-Դա նշանակում է, որ անձը չունի քաղաքացիություն եւ երեւիցե պետության հետ իրավաբանական հարաբերության մեջ չի մտնում։ Եթե անձը չունի քաղաքացիություն, դատարանը սկսում է քննել՝ արդյոք որտեղ է իրենց կեցությունն ապահովված։ Եթե անձի կեցությունը մեկ տարի շարունակ ապահովվում է որեւիցե երկրում, անձը կարողանում է այնտեղ աշխատանք գտնել, ապրել, ապա այդ պետությունն է շարունակում այդ անձի համար լինել հովանավոր՝ չնայած նրան, որ նա քաղաքացիություն չունեցող անձ է։ Հիմա, ըստ գերմանական իրավունքի եւ ըստ միջազգային ստանդարտների, այն անձինք, ովքեր արդեն մեկ տարի շարունակ գտնվել են Հայաստանում, իրենց համար արդեն բարդ կլինի ապացուցել իրենց փախստականի կարգավիճակն այլ երկրում։ Այսինքն՝ եթե անձը մեկ տարի շարունակ ապրել է Հայաստանում, Հայաստանը հոգ է տարել այդ անձի իրավունքների, կեցության մասին, ապա վերադարձն ապահովվելու է դեպի Հայաստան։
-Այսինքն՝ այս որոշումը չի ենթադրո՞ւմ, որ եվրոպական երկրները կարող են ապաստան տալ արցախցիներին։
-Այն անձինք, ովքեր մեկ տարի շարունակ ապրում են Հայաստանում, իրենց արդեն փախստականի կարգավիճակ չեն կարող տալ։
-Իսկ Հայաստանն ապահով երկի՞ր է համարվում արցախցիների համար, ըստ այդ վճռի։
-Այդ մասին որեւէ բան չկա վճռում, որովհետեւ անձինք, ովքեր դիմել էին դատարան, իրենք երկար ժամանակ չէին մնացել Հայաստանում։ Եվ իրենց վերադարձը պետք է լիներ Արցախ, բայց քանի որ Գերմանիան չի ճանաչում Արցախը՝ որպես պետություն, եւ գերմանական դատարանը չի կարող անձին պարտադրել վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ իրեն հետապնդում է սպառնում, արդյունքում՝ ինքը ստացել է փախստականի կարգավիճակ։
Այս որոշումն արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդող քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ։ Եվ հաշվի առնելով, որ կան դատավարություններ Արդարադատության միջազգային դատարանում հենց Ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակներում, սա օգտակար է հենց այդ դատական գործընթացի համար, որ ազգային դատական ատյաններում արդեն կան առանձին նախադեպեր, որ առանձին դեպքերով անձը փախստականի կարգավիճակ է ստանում այն պատճառով, որ իր նկատմամբ կարող է հետապնդում լինել Ադրբեջանում։
-Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին կայացրեց վճիռներ, որոնցով դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով եւ բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Ի՞նչ նշանակություն ունեն այս վճիռները, ինչպե՞ս պետք է պարտավորեցնել Ադրբեջանին՝ կատարել միջազգային դստարանի որոշումները, այդ թվում՝ Արցախ վերադարձի մասին որոշումը։
-Այդ որոշումները կատարվում են պետությունների քաղաքականությունների հիման վրա։ Դատարանը չունի հարկադրանքի որեւէ միջոց, սա ավելի շուտ փաստի արձանագրում է, որը մնալու է պատմության մեջ հավերժ։ Ես պարբերաբար բերում եմ օրինակ, որ 1915 թվականին, երբ եղավ Հայոց ցեղասպանությունը, չկար որեւիցե ինստիտուտ, մարմին, որը կարձանագրեր, թե հայերի հետ ինչ է տեղի ունեցել։ Եվ երկար ժամանակ թուրքերն ինչի՞ վրա էին կառուցում իրենց ժխտողական քաղաքականությունը, ասում էին՝ դատարան չկար։ Իսկ հիմա մենք ունենք այդ դատարանները, այդ բոլոր ինստիտուտները, որտեղ հնարավոր է արձանագրել միջազգային իրավունքի խախտումը։ Դա արդեն բավարար է։ Բայց այդ որոշումները, որոնք կայացվում են, պետություններին պարտադրում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ուժ գործադրեն կոնկրետ պետության վրա՝ այդ որոշումները կատարելու համար։ Ինչպես տեսնում ենք Ռուսաստանի դեպքում, այդքան պատժամիջոցներ ու մեխանիզմներ կան, որոնք գործադրվում են։ Արդյունքում՝ մենք հանգում ենք եզրակացության, որ մինչեւ չի ստեղծվում քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր է բանակցությունների միջոցով դա պարտադրել, ցավոք, այդ որոշումները չեն իրականանում։ Ենթադրենք, հիմա Ադրբեջանը շատ վատ հարաբերությունների մեջ է գտնվում արեւմտյան երկրների հետ, բայց Ադրբեջանն ինչ-որ բան ուզում է եվրոպական պետություններից, այդ դեպքում եվրոպական սպետություններն իր առջեւ դնելու են պայմաններ՝ եթե ուզում ես սա իրականացնել, ապա պետք է դատարանի վճիռն իրականացնես։ Եթե դա չի արվում, ապա արեւմտյան պետությունները ոչինչ չեն տալիս Ադրբեջանին։ Այսինքն՝ սա դառնում է զուտ քաղաքական առեւտուր։ Պատմության մեջ սա շատ անգամներ է կիրառվել, օրինակ, երբ Սերբիայի նկատմամբ վճիռ էր կայացվել, եւ այդ երկիրն ուզում էր դառնալ Եվրոպական միության անդամի թեկնածու, ԵՄ-ն ասաց՝ հարկավոր է, որպեսզի այս պայմաններն իրականացնես։
–Բայց միաժամանակ կարեւոր է նաեւ հայկական կողմի վարած դիվանագիտությունը, այդպես չէ՞։
-Այո, այնպիսի քաղաքականություն պետք է վարվի, որպեսզի կարողանաս եվրոպական պետություններին համոզել, որ կա այդ վճիռը։ Այսինքն՝ այստեղ քաղաքական շահերի համընկնումը կամ դասավորվածությունն այնպես պետք է լինի, որ Հայաստանը կարողանա այնպիսի ազդեցություն ունենալ եվրոպական պետությունների վրա, որ նրանք պատրադրեն Ադրբեջանին ի կատար ածել դատարանի որոշումը։
-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է միջազգային դատական ատյաններից հետ վերցնեն ընդդեմ Ադրբեջանի հայցերը։ Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։
-Դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ։ Ներկա դրությամբ ես նույնիսկ հիմարություն կդիտարկեմ, եթե Արդարդատության միջազգային դատարանում այս վճիռներից հետո Հայաստանը հետ կանչի այդ գործերը։ Մենք այնտեղ ակնհայտ հաղթողի կարգավիճակում ենք։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: