Վերջին օրերի իրադարձություններն ու հաստատված որոշումները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը հանձնառու չէ կատարել տեղահանված, փախստական դարձած մեր հայրենակիցների առջև իր պարտավորությունները։ Այդ մասին
գրում է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
“Բնակվարձի համար տրամադրվող աջակցությունը նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանվածների համար, քանի դեռ բոլորը չեն ապահովվել սեփական տանիքով”, գրել է նա։
Լիաննա Պետրոսյանը համարում է, որ սա “միասնական վճռական ձայնը բարձրացնելու և արդարության ու մեր իրավունքների համար պայքարելու վերջին հնարավորությունն է”։
“Հրավիրում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը. նաև հենց Ձեր կառավարությունների և/կամ կառույցների թերի աշխատանքի կամ անգործության արդյունքն է, որ 150.000 մարդ ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և հայտնվել նման ծանր իրավիճակում, որ չգիտի, թե վաղը որտեղ է լինելու և ինչպես է հոգալու իր ընտանիքի կենսական կարիքները”, գրել է Լիաննա Պետրոսյանը:
Նա կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը։