«Միջազգային հանրությունը միաձայն, թուրքական պետության համաձայնությամբ, որոշել է, որ սա է լինելու Հայաստանը»

  • 19:30 22.11.2024

«Հայաստանի իշխանությունն այսօր Վիլսոնի իրավարար վճռի մասին ընդհանրապես չի խոսում, ի՞նչ պետք է աներ իշխանությունը․ առաջին հերթին Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ պատմական այդ իրողությունը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ։ Պետք է ներկայացներ, որ եղել է միջազգային հանրություն, որը միաձայն, ընդ որում՝ թուրքական պետության համաձայնությամբ, որոշում է ընդունել, որ սա է լինելու Հայաստանը»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նոյեմբերի 22-ը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրն է։ Հայրիկյանի խոսքով՝ այդ վճիռը կարեւոր էր նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար։ Բայց այսօր հայկական դիվանագիտությունը չի օգտագործում այդ հնարավորությունը, հայկական դիվանագիտությունը ոչ թե խարխափում է, այլ գոյություն չունի։

«Շատ քիչ պետություններ ունեն համաշխարհային հանրության միջոցով ընդունված, հետո Ամերիկայի պես պետության ղեկավարի կողմից հաստատված այդպիսի իրավարար ակտ։ Եվ Վիլսոնի իրավարար վճռի օրը նշելն այսօրվա պայմաններում կրում է շատ կարեւոր քաղաքական նշանակություն»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Եթե անցյալ դարի 20-ական թվականներին այս իրավիճակում հայտնվել էինք ռուս-թուրական դաշինքի պատճառով, հիմա նույն բանը կրկնվեց, այսինքն՝ 100 տարի հետո նույնը մեզ հետ կրկնվեց։ Սա ինչո՞վ է կարեւոր՝ պատմությունից դասեր քաղողներն են, որ կարողանում են պատմության հետագա ընթացքին ճիշտ դիրքերից նայել»։

Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց, որ այսօր հայ ժողովրդի գիտակցության, առողջ մտածելակերպի վրա ազդելու, մարդկանց իրենց հայրենիքից հեռանալուն տրամադրելու համար այս իշխանություններն օգտագործում են նաեւ սոցիալ-տնտեսական գործոնը։ Ըստ նրա՝ սա սոցիալ-տնտեսական տեռոր է, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվեն, եւ Հայաստանի տերը դառնան մեր թշնամիները։

Անդրադառնալով անելիքներին՝ Հայրիկյանը շեշտեց բացարձակ ժողովրևդավարության Սահմանադրության նախագիծը՝ նշելով, որ իշխանությունը պետք է փոխել, բայց իշխանությունը պետք է վերադարձնել իրական տիրոջը՝ ժողովրդին։

f