ՀՀ կառավարության վերջին որոշումներից հետո պարզ է դարձել, որ արցախցիներին ուղղված աջակցությունը շուտով կավարտվի, բնակապահովման ծրագիրը ի սկզբանե բլեֆ էր, ինչպես եւ զբաղվածության ծրագիրը, եւ կառավարությունը ոչ մի բան այլեւս չի խոստանում արցախցիներին, միջազգային դոնորներն էլ գումար չեն տրամադրում, քանի որ համարում են, որ Հայաստանը ամեն ինչ ապահովում է։
Հանրային ասպարեզում առաջարկ հնչեց՝ դուրս գալ փողոց, բոլորս միասին։ Առաջարկը հավանեցին հազարավոր մարդիկ, սակայն հարց առաջացավ՝ ի՞նչ են պահանջելու փողոց դուրս եկած արցախցիները։ Փո՞ղ, այսինքն ողորմությո՞ւն, թե՞ իրավունք՝ մասնակցել որոշումների ընդունմանը։ Նաեւ պահանջ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ եւ Արցախի իշխանավորներին, որոնք պարտավոր էին կառավարել արցախցիների մասնավոր եւ կոլեկտիվ միջոցները եւ ում մեղքով մարդիկ կհայտնվեն փողոցում՝ բառ իբուն իմաստով։
Հարցերը միայն փողոց դուրս գալով հնարավոր չէ լուծել։ Խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական Համակարգող կենտրոն, որը կստանձնի Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանության մոդերատորի դերը։ Առանց նոր կառույցների ստեղծման՝ հնարավոր է համադրել արդեն իսկ առկա զգալի ներուժը և այն ուղղել բոլորի համար ընդունելի ընդհանուր խնդրի՝ Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանությանը։
Համակարգող կենտրոնի հասարակական կարգավիճակը կպաշտպանի այն ներքաղաքական անախորժություններից ու ճնշումներից և թույլ կտա տարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող մարդկանց խոսել միասնական դիրքերից։ Իսկ կոլեգիալ Իրավական խորհուրդը թույլ կտա մշակել բոլորի համար ընդունելի մարտավարական քայլերի համալիր։
Արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հիմա էլ արվում են քայլեր, գործողություններ, հայտարարություններ, որոնք, չենթարկվելով ընդհանուր ռազմավարության, արդյունավետ ազդեցություն չեն ունենում որոշումների կայացման վրա։
Տեղահանությունից հետո արցախյան հասարակությունը միտումնավոր մասնատվեց. Արցախի պետական մարմինների լիազորությունները չեն ճանաչվել Հայաստանի կառավարության կողմից, Արցախի մանդատ ունեցող պաշտոնյաները ակտիվ չեն ինքնակառավարման կազմակերպման գործում։
Արխիվները չեն պահպանվել կամ դիտավորյալ չեն օգտագործվում, ինչը հանգեցնում է մարդկանց «կենսագրության ջնջմանը» և բարդացնում նրանց սոցիալական իրավունքների իրականացումը` թոշակներ, նպաստներ ստանալը և այլն։ 2024 թվականի հունիսին մեկնարկած արցախցիների բնակարանաշինության ծրագիրը տապալվել է։ Կարիքների, կորցրած գույքի և կոլեկտիվ սեփականության համակարգային գույքագրում չի իրականացվել։
Չնայած այն հանգամանքին, որ մեկ շաբաթում Հայաստան է ժամանել ավելի քան 115 հազար արցախցի, և միլիոնավոր դոլարներ են հատկացվել աջակցության համար, վերջին մեկ տարվա ընթացքում չի ստեղծվել Միասնական սոցիալական մարմին, որը կհամակարգեր օգնության տրամադրումն ու մոնիտորինգը։
Առաջարկում ենք ստեղծել Միասնական հիմնադրամ, որտեղ կկոնսոլիդացվեն արցախցիների համար տրամադրված գումարները՝ թե ՀՀ Կառավարության կողմից, թե միջազգային դոնորների։ Այդ հիմնադրամի Հոգեբարձուների խորհրդում կարող են ընդգրկվել եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, եւ Արցախի Համակարգող խորհրդի անդամներ, որոնք համատեղ կորոշեն, թե ինչպես օգտագործել գումարներն եւ ինչպես լուծել արցախցիների սոցիալական հարցերը։
Մինչ օրս մենք չգիտենք, ինչքան գումար է տրամադրվել արցախցիների կարիքները հոգալու համար եւ ինչքան է ծախսվել։ Մենք չգիտենք, գումար տրամադրվե՞լ է բնակապահովման ծրագրի համար, եւ եթե այո, որտե՞ղ են այդ չօգտագործված գումարները։
Հանրահավաքի ժամանակ համակարգային լուծումներ պետք է առաջարկվեն։ Քաղաքական լուծում, կարգավիճակ պահանջելը կամ ուղղակի ողորմություն ուզելը՝ երկու անընդունելի ծայրահեղություններ են։ Նախ արցախցիները պետք է իրենց սոցիալական խնդիրների համախմբված համակարգային լուծում առաջարկեն, հետո գտնեն իրավաքաղաքական լուծումներ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: