2019 թ․-ից 1974 թ․ հետո ծնված արցախցիները գումար էին ներդնում Կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, որի երաշխավորը՝ ՀՀ Կառավարությունն ու Կենտրոնական բանկն էին։ Հայաստանում Կուտակային համակարգը ներդրվել է 2014-ից եւ լիիրավ ուժի մեջ է մտել 2018-ի հուլիսից։
2023-ի սեպտեմբերի դրությամբ՝ արցախցիների ներդրված գումարը կազմում է 17 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 34,5 հազար։
Այսօր պարզվել է, որ ՀՀ կուտակային հիմնադրամների գումարները անցել է 1 տրլն․ դրամը։ Եւս 12 տարի այդ գումարները չեն տրամադրվելու շահառուներին, քանի որ առաջին շահառուները միայն 2036 թ․ 63 տարեկանում թոշակի կանցնեն։
Այս գումարների մի մասը ներդրվում է ֆինանսական ոլորտ եւ եկամուտներ են ապահովում, թեկուզ չի նշվում, թե ում համար։ Կառավարությունը նախկինում որոշել է, որ հիմնադրամները 1 տրիլիոնից 17 մլրդ․ չեն կարող վերադարձնել արցախցիներին, այլ կտեղափոխեն ՀՀ-ում գործող հիմնադրամներ։
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն լրիվ ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Դիտարկմանը՝ արցախիցները ցանկանում են օգտվել դրանցից, Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել»։
Նրա խոսքով, եթե արցախցին ՀՀ քաղաքացիություն է ստանում, գրանցվում է, ապա այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել. «Դրանք ներդրված ֆոնդեր են արդեն, այդ ֆոնդերը իրենք կուտակումներն անում են, նոր ներդրումներ չեն արվում, եղածը արդեն եկամուտ է ապահովում է»,-ասաց Նուրիբեկյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
«Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:
Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում:
Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հարաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:
«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեցին Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ այդպես չեն արել։
Մարդու խնայողություններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիվների վրա՝ ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա և ինչ կարիքներ են ունենալու վաղը»,-ասաց նա:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: