«Պինակաների» առաջին խմբաքանակը Հայաստանում է. ՊՆ-ն չի մեկնաբանում հնդկական մամուլի տեղեկությունները

  • 16:14 25.11.2024

Ազատություն

Հնդկաստանը սկսել է «Պինակա» հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան, տեղեկացնում է հնդկական Indian Defence Research Wing պարբերականը՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։

Շեշտելով, որ «Պինակաների» առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, հնդկական պարբերականը նշում է, որ այդ հրթիռները կարող են խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։

Նշելով, որ Հայաստանը հնդկական զենքի 3 խոշոր գնորդներից մեկն է՝ Ֆրանիսայի և ԱՄՆ-ի հետ միասին, հնդկական պարբերականն այսօր հրապարակված իր հոդվածում նաև տեղեկացնում է, թե «Պինականերով» հետաքրքրված է Ֆրանսիան ևս։

Գովաբանելով հնդկական այս զինատեսակի հնարավորությունները՝ լրատվամիջոցը հատուկ շեշտում է՝ «Պինական», հնդկական դիցաբանության համաձայն, Շիվա աստծու աղեղի անվանումն է։ Ըստ լեգենդի՝ հենց այդ կործանիչ աղեղով է Շիվային հաջողվել ոչնչացնել չար դևի քաղաքները։

Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել էին դեռևս 2 տարի առաջ։ 2022-ին հնդկական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանը «Պինակա» ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեին առաջիկա երկու տարում:

f