“Ադրբեջանական հող” տարածաշրջանում չկա, այդ ամբողջը ստախոսություն է

  • 21:15 25.11.2024

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ու գործողություններով լեգիտիմացնում է Ալիեւի այն թեզը, որ եթե Երեւանը խոսում է Արեւմտյան Հայաստանի մասին, ապա Բաքուն պետք է խոսի «Արեւմտյան Ադրբեջանի» մասին։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ այդ հարցերը համադրելի չեն։ Այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» երբեք գոյություն չի ունեցել։ «Ավելին, պատմության ընթացքում Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել մինչեւ 1918 թվականը։ Իսկ ադրբեջանցի եզրույթն ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ ի հայտ է եկել 1936 թվականից հետո։

Աշխարհում ադրբեջանական ազգանուններ եւս գոյություն չեն ունեցել, որովհետեւ այսպես կոչված ադրբեջանական ազգանունները ստեղծվել են 20-րդ դարի երկրորդ կեսին՝ պարսկա-արաբական բառարմատների հիման վրա։ Այսինքն՝ ադրբեջանական հող տարածաշրջանում չկա, ոչ մի անկախ ադրբեջանական պետություն գոյություն չի ունեցել, չկա Արեւելյան Ադրբեջանը, որպեսզի լինի Արեւմտյան Ադրբեջանը։ Այդ ամբողջը ստախոսություն է ադրբեջանական իշխող ֆաշիստական ռեժիմի կողմից։ Ադրբեջանական խանություններ, ադրբեջանական պետություններ ու կայսրություններ չեն եղել։ Եթե նրանք վերցնում ու պարսկական տարբեր պետական կազմավորումների անվան առջեւ դնում են ադրբեջանական անուն, դրանով դրանք ադրբեջանական չեն դառնում։ Ավելին ասեմ՝ այսպես կոչված պատմական Ադրբեջանը Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգն է»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նա հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հիմնական մասը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, հետո Արեւելյան Հայաստանում դրա շարունակությունը տեղի ունեցավ՝ մինչեւ Բաքու քաղաք։ «Միայն Բաքու քաղաքում 1918 թվականին 30 հազար հայ բնակչություն է կոտորվել ու ցեղասպանության ենթարկվել։ Պատմության տեսանկյունից ներկայիս Ադրբեջանի տարածքի ճնշող մեծամասնությունն ավելի մեծ պատմական հենքեր ունի՝ կոչվելու Արեւելյան Հայաստան, քան Հայաստանը կարող է ինչ-որ կապ ունենալ  այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հետ։ Մենք պետք է հիշենք, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծամասնությունը հայկական տարածքներից է կազմված։ Այն է՝ հայկական պատմական Արցախ նահանգը, Ուտիք նահանգը, Նախիջեւանի Հանրապետությունը նույնպես հայկական է, Փայտակարան հայկական նահանգը, բուն Աղվանքը, որը կրոնական առումով սերտորեն կապված էր հայոց աշխարհի հետ եւ մեծապես կրում էր նրա մշակութային եւ լեզվական ազդեցությունը, հայկական պետականության ծիրում էր գտնվում բուն Աղվանքը։ Այնպես որ, ներկայիս Ադրբեջանը մեծ իրավունքով մենք կարող ենք կոչել Արեւելյան Հայաստան։ Պատմական տեսանկյունից ճիշտ կլինի, որ Բաքուն եւս մենք կոչենք հին հայկական քաղաք։ Պետք է հիշենք նաեւ արաբական տիրապետության ժամանակահատվածը, երբ Արմենիա նահանգ գոյություն ուներ արաբական խալիֆայության մեջ։ Եվ այդ Արմենիա նահանգի մեջ մտնում էր Բաքու քաղաքը, դա պատմական փաստ է»,- հավելեց նա։

Գրիգորի Այվազյանն ասաց, որ այսօր փորձում են արցախցիների վերադարձի օրինական իրավունքը կեղծ հիմքով շաղկապել Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիների վերադարձի հետ։ Այնինչ, ըստ Այվազյանի, պետք է հիշեցնել, որ ներկայիս Ադրբեջանում՝ Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս ապրում էր ավելի քան կես միլիոն հայություն։ Նրանց ունեցվածքը, տարբեր հաշվարկներով, մոտ 100 մլրդ դոլար է գնահատվում։ «Մենք պետք է դրա մասին խոսենք։ Եթե խոսում են ՀՀ տարածք ադրբեջանցի թուրքերի հնարավոր վերադարձի մասին, ապա թող առաջին հերթին մտածեն ադրբեջանահայության մասին , որոնց թիվը ողջ աշխարհում մոտ 2 մլն մարդ է կազմում։ 1988-1992 թվականներին Ադրբեջանից հեռացած հայերն ու նրանց ժառանգները մոտ 1 մլն մարդ են կազմում ներկայում։ Այնպես որ, վերադարձի մասին խոսելիս նախ պետք է հիշել այս մարդկանց վերադարձի մասին։

Արցախ վերադարձի հարցը համեմատելի չէ ադրբեջանցի թուրքերի՝ Հայաստան վերադառնալու հարցի հետ։ Ադրբեջանը պարտավոր է նաեւ այդ մարդկանց գույքային իրավունքները պահպանել, որոնք ԽՍՀՄ փլուզումից ի վեր այդ տարածքից չեն հեռացել։ Եվ այն, ինչ կատարում է Ադրբեջանն Արցախում, ոչնչացնելով մարդկանց գույքը, բռնազավթելով ու վերաբաշխելով, նաեւ պատմամշակութային ժառանգությունը խեղելով, դա միջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործություն է»,- ասաց նա։

Մեր զրուցակից խոսքով՝ այս պայմաններում չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված հայցերը հետ կանչել, քանի որ հայկական կողմի փաստարկներն ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների շատ ուժեղ են։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող արդարացնել սեփական վարվելակերպը։ «Իսկ այն, ինչ Ադրբեջանն է միջազգային դատարանում ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, իրավական, պատմական եւ քաղաքական հենք չունի»,- ընդգծեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

f