Նինայի վերջին եթերը

  • 11:04 27.11.2024

Շրջափակման ընթացքում լուսավոր լուրեր հայտնելը դժվար էր, սղություն էր թե՛ խանութներում, թե՛ լրահոսում։

Արցախի հանրային ռադիոյի առավոտյան եթերները հաղորդավարները կիսասոված էին վարում, արդեն 9 ամիս։

Սեպտեմբերի 19-ի եթերը Նինա Հայրապետյանն էր վարում։

«Պիտի 8 ։30 ուղիղ եթեր մտնեի, բարի լույս մաղթեի մեր հայրենակիցներին։ Հիմա չեմ էլ հիշում՝ այդքան վաղ ինչ նորություններ եմ կարդացել, հիշում եմ միայն 13։00-ի նորությունները»,-ասում է Նինան։

Բայց մինչեւ անցնելը տարածաշրջանային լրահոսին, արդեն օդում պատերազմի հոտ կար։ Ներքին լուրերը սեւ շշուկի պես շրջում էին՝ նորի՞ց պատերազմ։

«Տաղավարից լսում էի գործընկերներիս անհանգիստ ձայները՝ -դպրոցներից երեխաներին ուղարկում են տուն, -Կալցեվոյում զինվորականներ են, բոլորը շտապում են դեպի շտաբ, -նորից համար մեկ է…»,- հիշում է Նինան։

Համար մեկը այդ օրերի համար սովորական երևույթ էր արդեն։ Զանգեց ամուսնուն, որ ուժային կառույցներից մեկում էր աշխատում, չպատասխանեց։ Սկսվեց «Արցախ լրատվականի» ամփոփ թողարկումը։

Ու թեեւ քաղաքում շատերն էին անհանգիստ, պաշտոնական լրահոսն ավելի խաղաղ էր եւ սթափության կոչեր էր անում։

-Դե ինչպես միշտ, սկզբից ՊՆ-ի հերքումներն էին, հետո արդեն ԿԳՄՍ նախարարության լուրը, որ Հանրապետության շրջանների և մայրաքաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքներն ընթանում են բնականոն հունով։ Նախարարությունը հորդորում էր խուճապային տրամադրությունների չտրվել։ Եթերում էլ էր լսվում, թե ինչքան լարված եմ,- պատմում է Նինան եւ ավելացնում, որ լարվածությունն ամենեւին կապ չուներ ուղիղ եթերի հետ։

Վիդեո- վերջին եթերը

Ինչպես երեւում է տեսանյությում Նինան միայն իր ձայնն է լսում եւ պատերազմի առաջին որոտները տաղավարում հասու չեն իրեն։

«Չգիտեմ ու չեմ պատկերացնում՝ ինչ կհաղորդեի ռադիոլսողներին, եթե Ստեփանակերտը ռմբակոծող ձայները ռադիոյի տաղավարում ինձ հասնեին։ Գործընկերներս սկսեցին ձեռքերով հասկացնել, որ պետք է դադարեցնել եթերը։ Ես մտածում էի, որ ռադիոյի շենքում է ինչ-որ միջադեպ եղել, կարդացի եղանակի տեսությունը` սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 17-21 աստիճան տաքություն։ Սկսվեց իմ տեսած երկրորդ պատերազմը»,- ասում է Նինան։

Ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ ուղիղ մեկ տարի առաջ երկինքը խավարվեց այդքան հնչող արկերից, արեւոտ ջերմ եղանակ եւ ամենուր խուճապահար մարդիկ, որ փնտրում էին ապաստարաններ, գոնե ֆիզիկապես փրկվելու համար։

Սպասու՞մ էինք պատերազմի։

-Մենք հասկանում էինք, որ 9 ամիս ձգվող, ավելի խստացվող շրջափակումը, պաշարումը ինչ-որ ձևով պիտի հանգուցալուծվեր։ Եթե այդ հարցը փաստաթղթերով, իրավական նորմերով ու կանոնակարգերով լուծվող լիներ, գուցե մենք չիմանայինք էլ՝ ինչ է նշանակում պաշարում,- աում է Նինան, ով լավ էր տեսնում այդ պաշարման դժվարությունները եւ օրեցօր սեղմվող օղակը։

Ու որքան էլ ծանոթ է թվում պատերազմը, այնքան՝ ատելի։

Նինան պատմում է, որ անհանգիստ էր քրոջ համար, ով այդ պահին դպրոցում պետք է լիներ։ Զանգել հնարավո չէր, որոշ ժամանակ անց միայն մայրը կարողացավ կապվել ապաստարանից ու ասել, որ ինքն ու քույրը ապահով են։

Պատերազմների ժամանակ կանայք ապաստարաններում կարող էն ապահով լինել, բայց տղամարդիկ՝ միշտ վտանգի մեջ են։

«Հայրս այնտեղ էր, որտեղ բոլոր տղամարդիկ էին՝ ծառայության։ Ամուսնուս չեմ զանգել։ Չգիտեմ վախեցել եմ, որ չի պատասխանելու, թե՞ որ կխանգարեմ»,- այսպես հաճախ են մտածել կանայք, ոմանք լսել, ոմանք էլ այդպես կարոտ մնացել իրենց ամուսինների, որդիների, հարազատների զանգերին։

-Մտածում էի ամուսնուս և նրա նման հարյուրավոր տղաների մասին․․․ Նրանք ապաստարանում չեն, ի՞նչ են հիմա նրանք տեսնում իրենց գլխավերևում, այդպես մտածելով բարձրացա երրորդ հարկ։ Գիշերը իմացա, որ Արսենը ողջ է։ Պատերազմը մեկ վայրկյանով կանգ առավ ինձ համար,- հիշում է Նինան։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան լույս կար միայն կառավարության շենքում։ Նինան հիշում  է, որ ընկերուհու հետ «փրկություն էին փնտրում» համացանցում, բայց․ «այդպես էլ չգտա լուր այն մասին, որ մեզ կփրկեն, որ 120 հազար հայ չի կարող հենց այնպես բոլորի աչքի առաջ անհետանալ այս աշխարհից, ցեղասպանվել»,- ասում է նա։

Թվացյալ փրկությունը եկավ Եվլախում պայմանավորվածությունից հետո, բայց նույնիսկ այդ ժաանակ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ է սպասվում հետո։

Իսկ հետո մեր աչքի առաջ փլուցվեց մի  փոքրիկ պետություն, մեզ հարազատ քաղաքները վերափոխվեցին, գունազրկվեցին, այրիացան։

«Թվացյալ զինադադարից հետո շատ եմ քայլել Ստեփանակերտի փողոցներով, ուզում էի աշխարհի ամենասիրուն քաղաքից կարոտս առնել, նորից տեսնել, զգալ, շնչել ամենամաքուր օդը։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը մի հավերժություն էր թվում և այդ հավերժությունը փոխեց նաև իմ քաղաքի գույները։ Դրանք արդեն այդքան վառ չէին, ամեն ինչ մոխրագույն էր թվում։ Իմ ծննդավայրը, իմ Ստեփանակերտը այլևս նույնը չէր, այլևս իմը չէր», ստեփանակերտյան վերջին հուշերն է պատմում Նինան։

Նորից կտեսնե՞նք մեր Արցախը, այս հարցին դժվարանում է պատասխանել, բայց վստահ է, որ ոչ սին հույսերով պիտի չխաբենք մեզ։

«Գուցե անհրաժեշտ կլինի սպասել տասնամյակներ։ Ինձ սփոփում է միայն հավատը, որ զենքով ու գիտելիքով զինվելը միայն կարող է մեզ վերադարձնել Արցախ»,- ասում է արցախի հանրային ռադիոյի լրագրող-հաղորդավարը, հավատով, որ մի օր Արցախից լավ լուրեր կհաղորդի։

Մարիամ Սարգսյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

f