«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի վերադարձի»

  • 17:27 27.11.2024

«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի, հայկական պատմական տարածքների վերադարձի։ Եթե չհավատանք, չենք հասնի դրան, սա եմ սովորեցնում նոր սերնդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի գործիչներից Վազգեն Սիսլյանը։

Նա անդրարադարձավ Հայաստանի իշխանության այն թեզերին, թե «թույլ ենք ու պարտված, հետեւաբար, պետք է զիջենք»։

«Դա սուտ է, ես համաձայն չեմ, թե մենք թույլ ենք։ 1990-ական թվականներին՝ առաջին պատերազմի ժամանակ, մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, բայց հաղթեցինք այդ պատերազմը։ Այսօր իրավիճակը նույնն է, եթե մենք չդավաճանվենք, միշտ էլ կհաղթենք։ Մենք թույլ չենք, մի ազգ, որը 10 հազարից ավելի տարվա պատմություն ունի, չի կարող թույլ լինել։ Այնպես որ, ովքեր նման բաներ են ասում, ուրիշ ծրագրեր ունեն, որոնք իրագործում են»,- նշեց Սիսլյանը։

Նա նշեց, որ Հայաստանի այսօրվա տարածքը եւս պետք է ազատել ադրբեջանական օկուպացիայից․ «Եթե իշխանություններն ասում են՝ ուժով ու պատերազմով չեն կարող վերցնել մեր տարածքները, ուրեմն պետք է դիվանագիտությամբ հասնենք ամեն ինչի։ Թող դիվանագիտությամբ պահեն, եթե ոչ, պատերազմն է վերջին խնդիրը։ Բայց այս իշխանությունները զիջում են, զիջելը սա է նշանակում՝ կամ թուրք են, թուրքի գործն են անում, կամ էլ վախկոտ են։ Եվ իրենք իրենց վախկոտությունն ուզում են բարդել հայ ժողովրդի վրա»։

«Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ես չեմ հավատում, թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ։ Խաղաղության պայմանագիրն չի կարող լինել»,- հավելեց նա։

Վազգեն Սիսլյանի խոսքով՝ նախ պետք է հեռանան այս իշխանությունները, որպեսզի հնարավոր լինի այսօրվա իրավիճակը փոխել։ «Պետք է լինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ի օգուտ հայրենիքի ու հայ ժողովրդի։ Ես վստահ եմ, որ այսօր 5 կամ 10 գյուղի խնդիր չէ, դրանով սկսվում է։ Ես պատրաստ չեմ հայրենիքը հանձնել, եթե մարդիկ պատրաստ են, դա իրենց պրոբլեմն է»,- ընդգծեց նա՝ կոչ անելով հայ ժողովրդին համախմբվել։

f