Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու հարցը մինչև 2028 թվականը և հրաժարվում է դրամաշնորհներ ստանալ կառավարության համար։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
Ավելի վաղ Վրաստանի նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին։
«Մենք որոշել ենք ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չներառել օրակարգում մինչև 2028 թվականի վերջ, ինչպես նաև հրաժարվում ենք բյուջետային բոլոր դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը որոշումը բացատրել է նրանով, որ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման հարցը օգտագործվում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք։
Նրա խոսքով, Վրաստանի համար անընդունելի է, երբ ԵՄ-ին նրա անդամակցության հարցը դիտվում է որպես լավություն։
Եվրախորհրդարանը Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները չի համարում վրաց ժողովրդի կամքի արտացոլումը եւ կոչ է անում չճանաչել դրանք։ Այս մասին ասված է հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին ընդունված «Վրաստանում ժողովրդավարության խորացող ճգնաժամը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո և ենթադրյալ ընտրակեղծիքներից հետո» բանաձևում։ Դրա ընդունմանը կողմ քվեարկեց 444, դեմ՝ 72, ձեռնպահ՝ 82 պատգամավոր։
«Քանի որ քվեարկության օրինականությունը լրջորեն խաթարված էր խախտումների մասշտաբով, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները»,- ասվում է փաստաթղթում։ «Եվրախորհրդարանը, հետևաբար, մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում և կոչ է անում դրանք կրկնել մեկ տարվա ընթացքում, երբ գործընթացը տեղի կունենա բարելավված ընտրական միջավայրում անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից, միջազգային սերտ վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի իրական արդար և թափանցիկ ընտրական գործընթաց»։
Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը անձնական պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական հետընթացների, ընտրական օրենքների և չափանիշների խախտման, վարչական չարաշահումների և պետական ինստիտուտների չարաշահման համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: