Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել։
Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյան նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: