Ես ակնկալում եմ բուռն արձագանք եվրոպական մայրաքաղաքներից՝ կապված Վրաստանի իրավիճակի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ժամը 6:30-ի դրությամբ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերն ու բռնաճնշումները դեռ շարունակվում են։ Թիրախը լրագրողներն ու քաղաքական առաջնորդներն են»,- գրել է նա։
«Այսօր Վրաստանում լիովին պարզ դարձավ, որ տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում։ Սա շարունակվեց մի քանի ամիս։ Այսօր ավարտվել է երկիրը եվրոպական դաշտից Ռուսաստան տեղափոխելու գործընթացը», գրել է նախագահը։
«Ես արտասահմանյան դիվանագետներին ասացի, որ նրանք ուշացել են իրենց գնահատականներում [հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ]։ Սպասում էին ինչ-որ ապացույցների։ Ավելին ապացուցելու ոչինչ չկա, ասացի ես նրանց:
Ամեն ինչ հաստատված է, ամեն ինչ պարզ է։ Կան նաև ապացույցներ՝ Պուտինը գոհունակություն հայտնեց Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից և բարձր գնահատեց երկրի իշխանությունների հնազանդությունը։
Դիմեցի նրանց ու խնդրեցի, որ անհրաժեշտ որոշումներ կայացնեն, օգնեն մեզ միակ պահանջով, որը ժողովրդի օրինական պահանջն է՝ նշանակել ու անցկացնել նոր ընտրություններ։ Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում»։
Զուրաբիշվիլին նաեւ ընդդիմությանը միավորվելու կոչ է արել։
«Ես քաղաքական կուսակցություններին ասացի, որ այժմ ժամանակը չէ հայտարարելու իրենց հատուկ կարծիքը, իրենց տեսլականը, ցանկությունները։ Ամեն ինչ վերջացել է: Այսօր հարցն այն է՝ կա՛մ միասին ենք, կա՛մ չենք։
Մեզ հիմա անհրաժեշտ են համակարգված, համատեղ որոշումներ և գործողություններ:
«Սա դիմադրության շարժում է, և ես մինչև վերջ հավատարիմ եմ լինելու դրան։ Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, ես միակ օրինական ներկայացուցիչն եմ այս երկրի, ես միակ պաշտոնյան եմ, ով իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։
Եվ ես պատրաստվում եմ դա անել: Ես կկանգնեմ այստեղ մինչև վերջ ձեր և հասարակության հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի ՆԳՆ-ն գրում է երեք վիրավոր ոստիկանների մասին, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ընդդիմության բողոքի ցույցը ցրելուց հետո՝ իշխանությունների՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարության ֆոնին։
Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից, ուստի ոստիկանությունը դիմել է օրինական միջոցների և կիրառել հատուկ միջոցներ։
Ինչպես հայտնում է Georgia News պորտալը, գիշերը ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով ցուցարարները կորցրել են գիտակցությունը։
Որոշ ժամանակ անց հաղորդագրություն հայտնվեց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության 78 աշխատակիցներ ստորագրել են հայտարարություն՝ ընդդեմ Եվրամիությանը երկրի անդամակցությունը սառեցնելու կառավարության որոշման։
Դրանից հետո ընդդիմադիր կուսակցությունները այսօր նոր հանրահավաք են հայտարարել Ռուսթավելի պողոտայում, որը պետք է սկսվի ժամը 19:00-ին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: