2023 թվականի էթնիկ զտումների հետևանքով Արցախից բռնատեղահանված փախստականների թվում կան մարդկանց առավել խոցելի կատեգորիաներ, ովքեր հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանց թվում են՝ Արցախյան երեք պատերազմի մասնակիցները, ովքեր վիրավորվել են մարտերի ժամանակ, Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորները, հաշմանդամություն ունեցող անձինք։
Սոցիալական տարբեր խնդիրների լուծումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես վերը նշված շերտերի, այնպես էլ Արցախի ողջ բնակչության համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակարանային խնդրին, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը ստիպված է բնակարաններ վարձակալել։
Ճարտարցի Նարե Հակոբյանը մանկուց հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ է ունեցել.
«Ծնվելուց երեք ամիս անց սկսեցի նկատել Նարեի առողջական խնդիրները։ Շուտով նրա մոտ ախտորոշվեց մանկական ուղեղային կաթված, և մենք նրա գրեթե ողջ մանկությունն անցկացրել ենք Ստեփանակերտի և Երևանի բուժհաստատություններում։ Չնայած բավականին բարդ ախտորոշմանը, նրա ընտանիքը և ընկերները փորձում էին անել հնարավորը, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով։ Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժման շրջանակներում հաճախել է տարբեր խմբակներ, ինչպես նաև անցկացրել է հիանալի ժամանց և ձեռք բերել բազմաթիվ ընկերներ։ Նրան այնքան դուր եկավ կենտրոնը, որ բուծման կուրսն ավարտելուց հետո չեր ցանկանում լքել այն։
Բառացիորեն պատերազմի սկսվելուց առաջ՝ 2023-ին, մենք ավարտեցինք ևս մեկ կուրս և վստահ էինք, որ շուտով նորից կվերադառնանք։ Բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ։ Երկարատեւ, հոգնեցուցիչ փորձություններից հետո մեզ արտաքսեցին ու ստիպեցին հեռանալ Արցախից՝ թողնելով ամեն ինչ։
Շրջափակման պատճառով տանը ընդհանրապես ուտելիք չկար, բլոկադային փշրանքներն ենք մեզ հետ վերցրել։ Սուղ պայմաններում ու վախով երկու օրում հազիվ հասանք Երևան։ Հիմա Աբովյանում ենք ապրում։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմը մեզ առանց ուշադրության չի թողնում՝ պարբերաբար տրամադրելով մեզ անհրաժեշտ բժշկական պարագաներ։ Հուսով ենք, որ Կենտրոնը մոտ ապագայում կվերսկսի իր գործունեությունը նույն ձևաչափով, որպեսզի Նարեն և մյուս հիվանդները կարողանան շարունակել իրենց վերականգնումը։
Մեր ընտանիքը շատ փոքր է, և մեր դեպքում անիրատեսական կլինի օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ ծրագրով նախատեսված գումարները չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայում գներին, և մենք չենք ի վիճակի չենք վարկ վերցնել։ Ուզում ենք հաստատվել Հայաստանում և համաձայնում ենք սոցիալական բնակարանի՝ պայմանով, որ այն հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Նարեի մայրը։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: