«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմելու ՀՀ քաղաքացիության համար, եւ պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու հարցն ուղիղ կապված է նաեւ Արցախ վերադարձի հեռանկարի ու վերադարձի իրավունքի հետ։
«Ես ուզում եմ, որ այս հարցին շատ լուրջ մոտենանք, քանի որ մարդկանց հետ ամենօրյա շփումներից եւ այս թեմայով խոսակցություններից իմ կատարած հիմնական եզրակացությունն այն է, որ հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է։ Մարդիկ մտահոգություն ունեն, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջի ներդրումը, կարծես պարտադրանքը մարդկանց մոտ ձեւավորում է վերաբերմունք, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու։ Եվ ըստ այդ էլ ձեւավորվում է հակադրություն՝ մարդիկ հակվում են կառչել Արցախի հետ կապված միակ փաստաթղթից՝ 070 ծածկագրով անձնագրից։
Այս հարցերի ճիշտ հասցեագրման դեպքում նման խնդիրներ չէին առաջանա, անհրաժեշտ է ձեւավորել ճիշտ հիմքեր, որոնք բռնի տեղահանվածների մոտ վստահություն կստեղծեն առ այն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից եւ Արցախի նկատմամբ այլ իրավունքներից։ Ասվածը վերաբերում է նաեւ գույքային իրավունքներին»,- նշեց Ստեփանյանը։
ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում արցախցիները բախվում են նաեւ տեխնիկական վարչարակական խնդիրներին, թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարել են, թե գործընթացը պետք է պարզեցված լինի։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ մարդիկ հանդիպում են ծննդյան վկայականի կամ այլ կարեւոր փաստաթղթերի վերականգնման խնդրին։ Այդ փաստաթղթերը կորել են տեղահանման ժամանակ, եւ դրանց վերականգնման անհնարինությունը հաճախ հանգեցնում է դատական քաշքշուկների։
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ իրականում արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրը մինչեւ 2023 թվականը անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ՀՀ քաղաքացին ուներ։ Բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, բայց Հայաստանում հաշվառվելուց եւ ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաեւ կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանի Հանրապետությունում։
«Որպես ասվածի ապացույց՝ կարող ենք վկայակոչել այն հանգամանքը, որ 070 ծածկագրով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում ՀՀ պետական հանրային ծառայության ոլորտում, մի բան, որն օրենքով հասանելի է բացառապես ՀՀ քաղաքացիների համար»,- հավելեց Ստեփանյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: