Արցախցիներին նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են․ Ղազարյան

  • 16:24 29.11.2024

Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին․ «Պարոն Ղազարյան, ես այս շենք մտել եմ՝ ցույց տալով Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտը, որը ես ստացել եմ 2022 թվականին։ Խնդրում եմ, պարզաբանում կտա՞ք, ինչպես եմ ես ստացել այդ փաստաթուղթը»։

«Ինչպես ստացել եք 070 կոդով անձնագիրը, որը ՀՀ քաղաքացու ձեւանմուշի է, նույն տրամաբանությամբ ստացել եք նույնականացման քարտը»,- պատասխանեց Արմեն Ղազարյանը։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ օրենքն  ասում է՝ միայն ՀՀ քաղաքացիներին է տրվում ՀՀ նույնականացման քարտ։

«Այո, ճիշտ եք, անձնագիրն էլ նույն նշումն ունի եւ ունի կարգավորում, դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են։ Եվ ըստ այդմ՝ մենք չենք կարող հիմա այդքան մարդու համար խնդիր առաջացնել այդ մասով»,- արձագանքեց Արմեն Ղազարյանը։

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց․ «Ես ճի՞շտ հասկացա՝ նույնականացման քարտը չպետք է տրվեր եւ տրվել է օրենքի խախտումով»։ Արմեն Ղազարյանը չպատասխանեց։

 

f