Լիաննա Պետրոսյանը գրում է․
Ինչպես տեղեկացրել էի՝ այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ, որը նույնպես տեւեց 2 ժամ։
Հանդիպմանը շարունակել ենք քննարկումը տեղահանվածների համար առաջնային սոցիալական խնդիրների և դրանց լուծմանը հասնելու հնարավոր տարբերակների շուրջ։
Իմ կողմից ներկայացվել են՝
Բնակապահովման ծրագրի շրջանակում՝
1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման Ծրագրին դիմելու պահին։
3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։
Սոցիալական աջակցությունների շարունակականություն՝
1. Գործող ծրագրի շարունակականություն՝ մինչեւ յուրաքանչյուրին սեփական տներով ապահովելը։
2. 2025թ ապրիլից աջակցությունը տրամադրել սեփականություն չունեցող բոլոր ընտանիքներին՝ առանց խոցելիության ու տարբերակումների՝ հավասարաչափ:
3. Խոցելի խմբերի տարբերակում իրականացնել 2026 թ հունվարի 1-ից՝ պահպանելով 50 հազար ՀՀ դրամը՝ որպես խոցելի խումբ համարելով նաև 55+ տարիքի անձանց՝ անկախ սեռից, 3-րդ խմբի հաշմանդամներին, հաշմանդամի խնամակալին, ինչպես նաև սահմանել հատուկ ամսական 50 հազ բնակվարձի աջակցություն այն ընտանիքներին, որտեղ չեն լինի խոցելի խմբի անդամ հանդիսացող շահառուներ։
Իրատեսական զբաղվածության ծրագրեր՝
1. Արտոնություններ ու լրացուցիչ բանկային երաշխիքներ սահմանել ՓՄՁ-ների համար։
2. Գործիքային կամ նախնական գումարային աջակցություն ստարտափերին և նախաձեռնություններին։
3. Զբաղվածության ծրագրերում տարբերակում չդնել 2020 և 2023 թվականներին տեղահանված անձանց միջև:
Երկօրյա քննարկումների արդյունքում՝
Կառավարության կողմից առաջարկվում է՝
Բնակապահովման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Մեկ անձին տրամադրվող գումարի չափի վերանայում՝ ըստ որոշ բնակավայրերի։
2. Դիմելու պահի դրությամբ քաղաքացիության պահանջի բացառում. Քաղաքացիության պահանջը կծագի սերտիֆիկատն իրացնելու պահից։
3. Արտոնյալ պայմաններ կառուցապատման դեպքում։
4. Հողամասի ձեռքբերման սահմանաչափի վերանայում. գործող նվազագույն 400 քմ-ի փոխարեն հողամասի և կառուցվելիք տան քմ-ների հարաբերակցության գործակցի սահմանում (նախնական՝ 60 տոկոս)։
5. Տրամադրվող գումարից 2 մլն-ի փոխարեն մինչեւ 4 մլն-ի հնարավորություն՝ հողի ձեռքբերման համար։
6. Անհատական բնակելի տան կառուցման համար այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
7. Լրացուցիչ վարկավորման անհրաժեշտության դեպքում նվազագույն 50 տոկոսի պարտադիր պայմանի չեղարկում։
8. Տրամադրվող աջակցությունից 10 տոկոսը որպես կանխավճար օգտագործելու հնարավորություն։
9. Յուրաքանչյուր անձի հաշվով նվազագույն 12 քմ չեղարկում մինչեւ 9քմ, շեղում՝ մինչեւ 3 քմ-ի հնարավորությամբ։
10. Սոցիալական բնակարանների ծրագրի ներդրում։
11. 2022 և 2024 թթ հավաստագրերի միացման կամ միայն 2024 թ հավաստագրերում ընդգրկման հնարավորություն։
12. Կերակրողին կորցրածի, զոհվածի ընտանիքներն տրամադրվող աջակցության չափի, ինչպես նաև բոլոր դեպքերով անհատական բացառությունների քննարկում։
Սոց.աջակցության շարունակականություն այս պահին չի դիտարկվում։
Սակայն, եթե ապրիլից նոր ծրագրի ներդրումով կլինեն մարդիկ եւ ընտանիքներ, որ կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում, բոլոր դեպքերով կարվի ուսումնասիրություն և կտրվեն լրացուցիչ լուծումներ։
Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի շրջանակում կիրականացվեն անհատական դեպքերի ուսումնասիրություններ։ Այս համատեքստում հնարավոր է օբյեկտիվ պատճառներով Օպերատիվ շտաբի տվյալների և 100 հազ ծրագրի շահառու չհանդիսացած անձանց տվյալների վերանայում և նրանց ընդգրկումը աջակցության ծրագրերում։
Զբաղվածության ծրագրերի հետ կապված նախատեսվում են որոշակի փոփոխություններ՝ կապված ՓՄՁ-ներին տրամադրվող արտոնությունների հետ։
Բնականաբար, մեր կողմից այս առաջարկները բավականաչափ ընդունելի չեն, բայց Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկումները բաց են և շարունակելի։
Միաժամանակ՝ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ բոլոր այն հարցերը և առաջարկությունները, որ կլինեն հիմնավորված, և տեղահանվածների հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպությունների կողմից կներկայացվեն Կառավարությանը, դրանց շուրջ հնարավոր է նախատեսել լայն քննարկում։
Հարգելի’ հայրենակիցներ,
Այն հարցերը, որ պիտի բարձրացվեին նախատեսվող հավաքի ժամանակ, և պատասխանները, որ ակնկալում էինք ստանալ ՀՀ Կառավարության պատասխանատուներից, արդեն իսկ քննարկման առարկա են դառնում, ինչպես նաև նկատվում է որոշակի տեղաշարժ։
Այդիսկ պատճառով՝
հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան նախնական փոփոխություններ, և ակնկալվող աշխատանքների արդյունքում սպասվում են լրացուցիչ փոփոխություններ,
Ինչպես նաև հաշվի առնելով մեր հայրենակիցների սոցիալական վիճակը՝ վաղվա հավաքը նախատեսված ձեւաչափով չի կայանա,
և գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ։
Եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ՝ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։
Վերը նշված աշխատանքների իրականացման համար բոլոր շահագրգիռ կողմերն ունեն ողջամիտ ժամանակ։