ՀՀ քաղաքացիության մասին օրենքն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա, նրանց վրա չի տարածվել նաեւ Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքը։ Այս մասին Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներ են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, եթե քաղաքացիության մասին երկու օրենքներն էլ չեն տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա։ Հարցի պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են, որը թեկուզ եղել է չճանաչված պետություն, բայց եղել է պետական միավորում»,- ասաց նա»:
Անդրադառնալով արցախցիների այն մտահոգությանը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում իրենք կզրկվեն վերադարձի իրավունքից, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Քաղաքացիության ձեռքբերումն արդյոք որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է վերադարձի իրավունքի վրա՝ ես հակված եմ այն մտքին, որ, ոչ, որեւէ կերպ չի անդրադառնում։ Նաեւ գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է»։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարության՝ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տարամադրման մասին 2023 թվականի որոշմամբ հստակ արձանագրվում է, որ ԼՂ բնակչության նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ բռնի տեղահանությունը կոլեկտիվ հանցագործություն է։
«Հայաստանը դա ֆիքսել է եւ օգտագործել է նաեւ կոլեկտիվ պաշտպանության գործիք՝ ժամակավոր պաշտպանությունը կոլեկտիվ պաշտպանության գործիք է, այն կիրառվել է նաեւ մի շարք այլ երկրներում, վերջերս կիրառվել է նաեւ ԵՄ կողմից՝ Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով Եվրոպական միությունում հայտնված Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ։ Եթե մենք դիտարկենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը չէր կարող նրանց ճանաչել փախստական։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը որեւէ կերպ չպետք է խառնել վերադարձի իրավունքի արգելքի կամ վերադարձի իրավունքի հանդեպ որեւէ խոչընդոտի հետ։ Խոսքն այն մասին է, որ եթե անձի կյանքին վտանգ է սպառնում, ընդունող երկիրը որեւէ կերպ չի առաջացնի այնպիսի իրավիճակ, որ անձը վերադառնա այն տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ»,- հավելեց Արմեն Ղազարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: