Երբ սկսվեց Արցախի շրջափակումը, Մելինեն հղիության 8-րդ ամսում էր։ Պիտի ծնվեր դուստրը, որին շատ էին սպասում երկու որդիներից հետո։ 2020 թվականի պատերազմից հետո է որոշել՝ անպայման երրորդ բալիկ պիտի ունենա․ աղջիկ էր ուզում։ Երազանքն իրականություն էր արդեն, և Մելինեն պատրաստվում էր բալիկի ծնվելուն։ Հղիության ընթացքում արդեն ձեռք էր բերել բոլոր անհրաժեշտ իրերը, հագուստն ու հիգիենայի պարագաները։
Պատրաստվել է, չպատկերացնելով անգամ, թե ինչ դժվարություններ են սպասվում իրեն ու Արցախի բոլոր մայրիկներին ընդամենը մեկ ամիս հետո, և իր գնումները ինչքան տեղին ու անհրաժեշտ են լինելու։
Լինել սպայի կին
Մելինեն Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից է։ Ամուսինը՝ Մարտակերտից։ Ռազմական բժիշկ է։ Աշխատանքի բերումով աշխատել է տարբեր վայրերում՝ ըստ նշանակման։ Մելինեն էլ ամուսնու հետ ժամանակ առ ժամանակ փոխել է հասցեն՝ երազելով մշտական բնակության վայրի ու սեփական օջախը ունենալու մասին։
2022 թվականին այդ հնարավորությունը կարծես տրվեց։ Նրանք Մարտակերտում տուն ստացան։ Ամուսինն էլ Մարտակերտի հոսպիտալը ղեկավարելու առաջարկ։ Դեկտեմբերի 7-ին եկան Գորիս՝ նոր տան համար կահույք ընտրելու։ 2020 թվականի պատերազմի հրադադարից հետո առաջին անգամ էր դուրս գալիս Արցախից։
Ասում է՝ սթրես է ապրել, որ պիտի ադրբեջանական զինված զինվորների կողքով անցներ։ Հոգեբանորեն պատրաստ չէր։ Կահույքը պատվիրեցին, իսկ հետդարձի ճանապարհին զանգ ստացավ, որ զգույշ լինեն, ճանապարհին ինչ որ միջադեպեր են տեղի ունենում։
Այդ միջադեպերը Լաչինի միջանցքը փակելու և Արցախի շրջափակման նախերգանքն էին։ Կահույքն առաքել, իսկ իրենք՝ նոր տուն տեղափոխվել այդպես էլ չհասցրին։ Լաչինի միջանցքը փակվել էր։ Իհարկե, հույս կար, որ կարճ ժամանակով, դրա համար սկզբնական շրջանում շատ ուշադրություն չդարձրեց։ Հունվարին ծնվեց Սյուդեն, մեծ ուրախության հետ նոր մտահոգություններ, վախեր ու դժվարություններ բերելով երիտասարդ մայրիկին։
Շրջափակման դրական կողմը․ ինքնաճանաչում
Ցուրտ ձմեռ էր, Ստեփանակերտում անցան էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, և Մելինեի առաջնայինն խնդիրը երեք բալիկներին ու հատկապես նորածին դստերը չհիվանդացնելն էր։
Ամուսինը տանը չէր լինում, ծնողները հեռու էին, ինքը ստիպված էր երեք երեխաների հետ միայնակ մտածել և սնունդ հայթայթելու, և կենցաղը վարելու մասին։ Չէր կարողանում հասցնել։ Հատկապես դժվար էր հերթերում կանգնելը։
Հետծննդաբերական սթրես, վախեր ուներ, իրեն անպաշտպան էր զգում, միայնակ։ Հոգեբանական ծանր վիճակը բերեց կաթնարտադրության նվազման․ կրծքով կերակրելը խնդիր դարձավ, իսկ մանկական սնունդ գտնելը Ստեփանակերտում հեշտ չէր։ Նույնիսկ եթե բարեգործական ինչ որ խողովակներով այն տրամադրում էին, ինքը հաճախ չէր կարողանում ձեռք բերել՝ երեխաներին մենակ թողնելու, հերթերի ու բազմաթիվ այլ պատճառներով։
Սթրեսը հաղթահարելու, սթափվելու կոչ արեց ինքն իրեն, հանուն երեխայի պետք է վերականգնել կրծքով կերակրումը։
Բլոկադան խորանում էր։ Տակդիրների, դեղերի, անհրաժեշտ այլ մանկական պարագաների համար Արցախի հեռավոր բնակավայրերի ծանոթներին էր գրում, հույսով, որ «կորած որևէ անկյունում», խանութներում կամ պահեստներում կարող է անհրաժեշտ պարագաներ գտնել։ Մանկահասակ երեխաներին սնունդ, քաղցրավենիք էր պետք, իսկ խանութները դատարկ էին։
Քաղցրավենիքի հարցում օգնության եկան գյուղի հարազատները, հիշեց մայրիկի հալվան, դոշաբով կոնֆետի բաղադրատոմսը։
Դոշաբով կոնֆետ
Սկսեց պատրաստել։
Մի օր լվացք փռելուց տեսավ, որ բակում մի կին մոշ է վաճառում, իսկ տանը մածուն կար։ Ինչ որ դեսերտ պատրաստեց, սառեցրեց, տվեց երեխաներին, որպես պաղպաղակի այլընտրանք։ Հետո սկսեց ձեռքի տակ եղած մթերքներից ինչ որ քաղցրավենիք պատրաստել երեխաների համար․ նուտելլա պատրաստեց, գյուղից արդեն չի էլ հիշում երբ ուղարկած պնդուկով, կես տուփ կակաոյով և մի քիչ կարագով, որ մնացել էր մինչբլոկադային կյանքից։
Պաղպաղակ մածունից
Շրջափակման խորացմանը զուգահեռ սոցցանցերի արցախյան տիրույթում ակտիվացավ ապրանքափոխանակումների պրակտիկան։ Հույժ անհրաժեշտ ինչ որ ապրանք գտնելու հույսով մարդիկ դիմում էին ծանոթ անծանոթների՝ օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ եթե կապ լինում էր։ Այնտեղ էլ Մելինեն տեսավ, որ լվացքի հեղուկի խիստ կարիք կա․ հատկապես հղի կամ նորածին ունեցող մայրիկների շրջանում։ Իսկ ինքը օճառի որոշ պաշար հավաքել էր մինչ շրջափակումը։
Մելինեի բալիկի վերջին օճառն ու իր նմաններին օգնելու ցանկությունը
Լվացող միջոցների իր պահուստը սահմանափակ էր, կարիքը՝ շատ։ Պետք էր ելք գտնել՝ մայրիկներին այն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր։ Սկսեց բաղադրատոմսեր փնտրել։ Գտավ, սկսեց եփել ու նվիրել։
Լվացքի հեղուկ
Ներքին բավարարվածություն էր զգում, որ այդ դժվարին պահին կարողացել է շատ մայրիկների օգտակար լինել։
Հիմա, երբ հետ է նայում, ինքն իր վրա, իր ուժի վրա զարմանում է, ապա անմիջապես տալիս է պատասխանը՝ երևի հողն էր ուժ տալիս, չգիտեմ, հիմա չունեմ այդ ուժը։
Ստեփանակերտում գազամատակարարումը խափանված էր, ստիպված էր լվացող հեղուկը եփել էլեկտրական փոքրիկ օջախի վրա, հովհարային անջատումների պայմաններում։ 4 լիտր ջուր, 4 թեյի գդալ սոդա, կես քերած օճառ, կոնդիցիաներ՝ և մի քանի մայրիկ այդ օրը լվացող հեղուկ կունենան։ Յուրաքանչյուրին կես լիտր։ Առաջին անգամ հինգ տարա ստացավ, և ուրախությանը չափ չկար, որ 5 մարդ կուրախանա։
ՉՆայած նվիրում էր, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի, մայրիկները դատարկաձեռն չէին գալիս․ մեկն ինչ որ անհրաժեշտ իր էր բերում, մյուսը՝ ինչ ոչ միրգ կամ կոնֆետ։
Առաջին նվիրատվությունից հետո արձագանքները շատ դրական էին, և Մելինեն շարունակեց պատրաստել։
Այդ ամենը հաղթահարելուց հետո նա չէր պատկերացնում, որ պետք է թողներ Արցախը։ Բայց Մելինեն էլ իր ընտանիքի հետ բռնեց գաղթի ճամփան։
Վերջին օճառը հիշատակ էր բերել Արցախից։ Պահում էր որպես իր դժվար, բայց հիշարժան օրերի հուշ։ Հենց դրանով էլ եփեց վերջին լվացող հեղուկը Էջմիածնի իր վարձակալած բնակարանում՝ պրոցեսը մեզ ցույց տալու համար, հույսով, որ այս բաղադրատոմսը էլ երբեք պետք չի գա։ Ոչ մի մայրիկի։
Սրբուհի Վանյան
Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը եւ Կարինեյի՝ կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։
Նյութը պատրաստված է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, եւ այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլոում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: