ԶԼՄ-ներ․ Փաշինյանը պաշտոնանկ է անում ուժայիններին

Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Radar Armenia-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ազատման դիմումներ են գրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների`  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել:

Խոսվում էր նույնիսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին, սակայն այդ լուրը հերքվեց։

ԶԼՄ-երը գրում են, որ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վայր կդնեն մանդատները։

Նոյեմբերի 21, կարիերայի առաջին տոնավաճառ, որը կազմակերպում է ՀԲԸՄ-ը

Ս․թ․ նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացման կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը:
Նոյեմբերի 21-ին` ժամը 11։00-17։00-ն
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 710 171, (+374 60) 710 180 հեռախոսահամարներով։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

Sեպտեմբերի 19-ին Արսենը ծառայության մեջ էր, Հարավի ուղղությունում՝ թշնամու հարվածների տակ

Արսենն Արցախի Ասկերան քաղաքում է ծնվել, մեծացել ու դպրոց գնացել։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր ԱՀ ՊԲ շարքերը՝ կատարելու հայ երիտասարդին վերապահված սուրբ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Հարավի ուղղությունում էր՝ թշնամու առաջին հարվածների տակ։ Օրեր շարունակ ոչ մի լուր չկար Արսենից շրջափակման մեջ էր։ Մայրը չէր գտնում իր տեղը, և երբ Ստեփանակերտի օդանավակայանում մինուճար որդուն անսպասելի տեսավ, աչքերին չէր հավատում։ Ի՞նչ իմանար, որ արհավիրքը դեռ  առջևում է։ Սկսվել էր Արցախի հայաթափումը, մարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին։

Սեպտեմբերի 23-ը կամ 24-ն էր, երբ վերջին անգամ տեսա Արսենին։ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում էի,և հանկարծ նկատեցի Արսենին։ Ընկերոջ՝ Դավիթի հետ էր։ Իրենք ինձ չէին նկատել։ Կանչեցի։ Լսել էի, որ Արսենը վտանգի մեջ է եղել, բայց չգիտեի, որ ողջ ու առողջ վերադարձել է դիրքերից։ Տղաները մտազբաղ ու տխուր էին։ Ակամա հարցրի՝ ինչո՞ւ են այդքան տխուր, երկուսն էլ ինձ նայեցին արտասվաթոր հայացքով ու պատասխանեցին՝ տխուր չենք, հոգնած ենք։ Ու գնացին։ Երկար նայում էի նրանց հետևից ու փառք տալիս Աստծուն, որ ողջ են, և ինքս ինձ նախատելով շարունակեցի ճանապարհս ինչպե՞ս կարող են տխուր չլինել, ինչերի՜ միջով են անցել, քանիքանի՜ տղաներ են զոհվել նրանց աչքերի առաջ։

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը՝ Արցախի պատմության ամենացավոտ օրերից մեկը։ Արսենն այնտեղ էր անբաժան ընկեր Դավիթի հետ։ Արսենը ծանր այրվածքներով տեղափոխվեց Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 27-ին դադարեց բաբախել բազում երազանքներով պարուրված նրա սիրտը։

Արսենի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը կարոտով է հիշում սիրելի աշակերտին, ցավում նրա կորուստը

-Իր համար մի սիրուն հեքիաթ էր հյուսել Արսենը․ կավարտի դպրոցը, կընդունվի համալսարան, հետո կծառայի բանակում, գեղեցիկ ընտանիք կկազմի (սիրած աղջիկ ուներ արդեն) ու իր որդիներին կպատմի իր ու սերնդակիցների պայքարի մասին։ Պատերազմի ժամանակ, մի կերպ դուրս գալով օղակումից, այլ փորձանքի մեջ հայտնվեց։ Պատրաստվում էր ընտանիքը դուրս հանել դավաճանված Արցախից։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած առեղծվածային ու ամենակուլ պայթյունին զոհ գնաց Արսենը։

Ընկերները կարոտում են

-Նրա հետ կարելի էր մինչև աշխարհի ծայրը գնալ ու միշտ ապահով զգալ։ Սիրում էր կյանքը, շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր մեծ կյանք մտնել, ծնողներին նեցուկ լինել։

Արսենի ծնողները՝ Վիգենն ու Նարինեն, քույրը՝ Անին, հաստատվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այդտեղ է իր վերջին հանգրվանը գտել Արսենը։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պարզվում է, միջազգային իրավունքում չկան «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացություններ

Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանումից ավելի քան մեկ տարի անց իրավական գնահատական ​​չի տրվել, թե ինչ է տեղի ունեցել 2020-2023 թվականներին, և ով է պատասխանատու 150 հազար մարդու տառապանքների, կորուստների, ունեցվածքի և իրավունքների համար։

Հայաստանի խորհրդարանը այդպես էլ չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը և ոչինչ չի ասել Արցախի շրջափակման, ագրեսիայի, օկուպացիայի և տեղահանության մասին։ Ավելին, ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկել է, որ Ադրբեջանը «իրավունք ուներ»։

Մինչդեռ քաղաքական և իրավական գործընթացները, ինչ-որ մեկի դրդմամբ, տարվել են երկու անպտուղ ուղղություններով՝ էթնիկ զտումներ և վերադարձի իրավունք։

Ինչո՞ւ հենց այս կատեգորիաները ընտրվեցին որպես հիմնական ուղղություններ։

Ինչպես պարզվեց, քանի որ այս երկու հասկացությունները միջազգային իրավունքի կատեգորիաներ չեն։ Այո, ճիշտ եք լսել:

Միջազգային իրավունքով էթնիկ զտումները ճանաչված չեն որպես հանցագործության առանձին տեսակ, այս հասկացության հստակ սահմանում չկա, և կոնկրետ գործողություններ, որոնք կարող են որակվել որպես էթնիկ զտումներ, սահմանված չեն:

Ի դեպ, այս մասին վերջերս հիշեցրել են Freedom House-ի հովանու միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցի հեղինակները։ Զեկույցի ամբողջական տեքստի ներկայացման ժամանակ, որտեղ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես «էթնիկ զտումներ», հեղինակներին հարցրել են, թե դա ինչ քաղաքական և իրավական հետևանքներ կարող է ունենալ, և նրանք խոստովանել են, որ «էթնիկ զտումները» չեն հանդիսանում հանցագործություն միջազգային իրավունքում։

Էթնիկ զտումները հաճախ համարժեք են արտաքսմանը, որը Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտում է, ինչպես նաև հանցագործություն մարդկության դեմ և հետևաբար Միջազգային տրիբունալի իրավասության ներքո է:

Այդ դեպքում ինչո՞ւ Արցախում տեղի ունեցածը չանվանել ուղղակի օկուպացիա և տեղահանություն։ Ի վերջո, բոլորի աչքի առաջ 150 հազար մարդ վտարվել է հայրենի հողից, և նրանց հողը գրավվել է։ Պատասխանը պարզ ՝է որովհետեւ դա ենթադրում է լուրջ քաղաքական պատասխանատվություն։

«Օկուպացիա», «տեղահանում», «ագրեսիա» տերմինների մերժումը և «էթնիկ զտումներ» հասկացության նախապատվությունը հուշում է, որ հանցագործներին խնամքով պաշտպանում են պատասխանատվությունից և արվում է ամեն ինչ, որպեսզի հարցեր չառաջանան տարածքների, կարգավիճակի, իրավունքների եւ ինքնորոշման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «Օսկանյանի կոմիտեի» թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված «վերադարձի իրավունքին», ապա այս իրավունքը նույնպես հորինվածք է։ «Չնայած միջազգային իրավունքում նման արտահայտություն չեք գտնի, սակայն վերադարձի իրավունքը ավանդական իրավունքի նորմ է։ Այսինքն՝ դարեր շարունակ պետությունները ճանաչել են, որ բռնի տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները»,- վերջին քննարկումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածում ասվում է, որ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու յուրաքանչյուր երկիր, ներառյալ իր երկիրը, և վերադառնալու իր երկիրը»: Նախորդ պարբերությունը օգտագործում է «պետություն» տերմինը («Յուրաքանչյուր անձ ունի ազատ տեղաշարժվելու և յուրաքանչյուր պետության ներսում իր բնակության վայր ընտրելու իրավունք»): Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է նույնականացնել “սեփական երկրի” և “պետութուն” հասկացությունները։

Այսպիսով, պարզվում է, որ մի ամբողջ տարի հազարավոր մարդիկ, անկեղծորեն հավատալով իրենց նպատակին, ձգտել են «էթնիկ զտումների» և «վերադարձի իրավունքի» միջազգային ճանաչմանը, թեև այս տերմինները չեն ենթադրում քաղաքական և իրավական հետևանքներ հանցագործների համար։ Ընդհակառակը, նրանց պաշտպանում են պատասխանատվությունից։

Նաիրա Հայրումյան

Արցախցիները դարձան սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիրներ

Մրցումները կայացել են Նուրսուլթանում (Աստանա), Ղազախստան, նոյեմբերի 8-ից 10-ը։

98 կգ քաշային կարգում հանդես եկած արցախցի Արման Ավանեսյանն ու 58 կգ քաշային կարգում հանդես եկած Դավիթ Հովսեփյանը, ներկայացնելով Հայաստանը, սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել են բրոնզե մեդալներ։

Ստեփանակերտում ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր են քանդել

Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության  մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Այս մասին հայտնում է  Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նա հայտնում է, որ նախկինում գետնին էին  հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։

Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Հիշողություն դժոխքից. Հայկազովի պահեստի պայթյունի զոհերի հուշ-երեկոն

2023 թ. սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտի Հայկազովի բենզինի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունը դարձավ Արցախի պատմության ցավալի էջերից մեկը։  Մարդկային ողբերգություն՝ հարյուրավոր զոհերով, անհետ կորածներով ու վիրավորներով։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևանում՝ Երազ այգում, տեղի ունեցավ այդ սարսափելի իրադարձությանը նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպել էին զոհվածների հարազատներն ու բարերարները։

Պայթյունի հետևանքները

Պայթյունի ականատեսները տեղի ունեցածը համեմատում են դժոխքի հետ։ Դեպքի հետևանքով զոհվեց 219 մարդ, անհետ կորավ 22-ը, իսկ վիրավորների թիվը գերազանցեց 290-ը։ Բժշկական հաստատությունները, առանց անհրաժեշտ դեղամիջոցների ու միջոցների, պայքարում էին անհավասար պայքարում՝ կյանքեր փրկելու համար։

Հիշողություն և հարգանքի տուրք

Երեկոյի ընթացքում հնչեցին հուզիչ խոսքեր ու պատմություններ։ Զոհվածների հարազատները վերհիշում էին իրենց սիրելիների մասին՝ կիսվելով անձնական հիշողություններով։ Երեկոյի ընթացքում ջերմ երախտագիտության խոսքեր ուղղվեցին այն հասարակական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին, որոնք իրենց նվիրումով ու ջանքերով կյանքի կոչեցին այս հիշատակի միջոցառումը։

Հուշ-երեկոն միախառնեց ցավը, հիշողությունը և հույսը, որ նման աղետներ այլևս չեն կրկնվի։ Այն վերստին հիշեցրեց մարդկային կյանքի արժեքը և մեր պարտականությունը՝ հարգել անցյալը՝ կառուցելով անվտանգ ապագա։

Տաթև Ազիզյան

ՀՀ կառավարությունը արցախցիներին. գնացեք աշխատեք՝ և՛ հաշմանդամներ, և՛ թոշակառուներ

Երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչ կլինի արցախցիների հետ 2025 թվականի մարտից հետո» թեմայով, որին մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ կա որոշման նախագիծ, ըստ որի՝ 2025 թվականի ապրիլից բռնագաղթված արցախցիներին վարձակալության և կոմունալ վճարումների համար այլևս 40+10 հազար դրամ չի տրվի։ Դրանք կտրամադրվեն միայն որոշակի կատեգորիաների, այդ թվում՝ հաշմանդամների, թոշակառուների և անչափահասների, սակայն առաջին 2 ամիսների համար՝ 40 հազար դրամի չափով, ևս 2 եռամսյակների համար՝ 30 հազար դրամի։ Հետո օգնությունը կարող է ընդհանրապես դադարեցվել:

Աննա Ժամկոչյանը քաղաքավարի նկատեց, որ իրենք որոշել են արցախցիներին լավություն անել՝ ձմռան ամիսներին չդադարեցնել 50 հազար դրամի տրամադրումը։ Բայց հետո, ինչպես Հայաստանի բոլոր բնակիչները, արցախցիներն էլ ստիպված կլինեն իրենց հացը վաստակել։ 25 հազար մարդ, ըստ նրա, արդեն աշխատում է, իսկ 13 հազարը ստանում է 100-500 հազար դրամ աշխատավարձ։

Գեղամ Ստեփանյանն նկատեց, որ ընտանիքներում հիմնականում մեկ մարդ է աշխատում, և 100-150 հազար աշխատավարձը բավարարում է կամ սննդի, կամ վարձակալության համար։ Իսկ երբ 50 հազարի չափով վճարումները դադարեցվեն, շատերը պարզապես կհայտնվեն փողոցում։

Ի պատասխան՝ Աննա Ժամկոչյանը նկատեց, որ երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամները նույնպես կարող են աշխատել և կարող են իրենք գումար վաստակել, ինչպես մինչև 75 տարեկան թոշակառուները։ Նա նշեց, որ ծրագրերի նպատակն է ապահովել Արցախի ժողովրդի ինտեգրումը։

Նախապես նշվում էր, որ ծրագրերի նպատակն է օգնել առանց գույքի, հայրենիքի, աշխատանքի, ստաժի, սոցիալական երաշխիքների, բնակարանների և իրավական կարգավիճակի մնացած արցախցիներին գոյատևել։ Հիմա խոսում են «ինտեգրացիայի» մասին։

Քննարկումները ցույց տվեցին, թե ինչ քաղաքականություն է մտադիր վարել ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Աջակցության կրճատում եւ օգնության տրամադրում միայն ամենախոցելի կատեգորիաներին, իսկ մնացածները թող տակից դուրս գան ինչպես ուզում են։

Կառավարությունը մեկ տարի առաջ հայտարարեց արցախցիների զբաղվածության ծրագիր, սակայն այդպես էլ թվեր չներկայացրեց, թե խառը-խշտիկ ծրագրով քանի մարդ է աշխատանքի տեղավորվել։ Տեղեկություններ չկան, որ մեծ ծախսեր “կերած” այս ծրագիրը շատերին օգնել է աշխատանք գտնել։

Ինչ վերաբերում է բնակապահովման ծրագրին, ապա այստեղ էլ կարելի է խոսել լիակատար ձախողման մասին՝ ծրագրի մեկնարկից 5 ամսում միայն 24 ընտանիքի վկայական է հաստատվել։ Կառավարության տվյալներով՝ ընտանիքների մեծամասնությանը վկայական չեն տալիս ընտանիքի նույնիսկ մեկ անդամի հետ կապված խնդիրների պատճառով: Եվ եթե սկզբում կառավարությունը պնդում էր, որ արցախցիները չեն ցանկանում քաղաքացիություն ընդունել, հետևաբար բնակապահովման ծրագիրն առաջ չի գնում, ապա այժմ պարզ է դարձել, որ մոտ 5000 մարդ արդեն դիմել է քաղաքացիություն ստանալու համար, ավելի քան 4000 արցախցի ստացել է քաղաքացիություն, սակայն քչերն են դիմում բնակարանային ծրագրի համար։

Փորձագետները նշում են, որ բնակապահովման ծրագիրը պատրաստված է այնպես, որ հնարավոր չլինի օգտվել դրանից: Ճիշտ այնպես, ինչպես զբաղվածության ծրագիրը, որը այդպես էլ ոչինչ չտվեց արցախցիներին։

Ստացվում է, որ պետությունը, ձախողելով երկու խոշոր ծրագիր, ոչ թե ուղղում է սխալները, այլ նվազեցնում է աջակցությունը՝ տասնյակ հազարավոր մարդկանց դատապարտելով սովի ու զրկելով նրանց կացարանից։ Գնացեք գործ արեք, ասում է կառավարությունը։

«Արցախյան սցենար». ինչ է սպասվում Աբխազիային իշխանափոխությունից հետո

Վրաստանում ընտրություններից հետո, երբ հաղթեց «Վրացական երազանքը» և պատերազմը Աբխազիայում բնութագրեց որպես Սաակաշվիլիի սխալ, Ռուսաստանը սկսեց «պատասխան» քայլեր: Ինչպես ասում են Կովկասում՝ «ալավերդի». դուք մեզ ընտրություններ և հաշտեցում Ռուսաստանի հետ, մենք ձեզ՝ Աբխազիան, եթե համաձայն եք վերադառնալ Ռուսաստանի գիրկ:

Մոսկվան վերջերս պնդել է Աբխազիայում օրենքի ընդունումը, որը թույլ կտա ռուս ներդրողներին օգտվել հարկային արտոնություններից Աբխազիայում: Պարզ էր, որ աբխազները դա թույլ չեն տա, եւ անկարգություններ կսկսեն, ինչը եւ տեղի ունեցավ երեկ։ Ընդդիմությունը գրավեց պետական շենքերը եւ թույլ չտվեց վավերացնել ռուսների հետ պայմանագիրը։

Անկախության տարիների ընթացքում Ռուսաստանը այդպես էլ չի կարողացել հասնել օրենքի ընդունմանը, որը ռուսաստանցիներին թույլ կտար Աբխազիայում անշարժ գույք ձեռք բերել սեփականության իրավունքով: Նույնիսկ եղել է դեպք, երբ սպանվել է ՌԴ անվտանգության ծառայության աշխատակից, ով Աբխազիայում այդ օրենքն առաջ մղելու նպատակով էր ժամանել: Նրա մեքենան ընտանիքի անդամների հետ միասին վառել են։

Այս օրենքի պատճառով Աբխազիայում մի քանի անգամ փոխվել է իշխանությունը, սակայն աբխազները իրենց հողի իրավունքը ռուսաստանցիներին չեն զիջել:

Այժմ, երբ ընտրությունները Վրաստանում ցույց են տվել, որ Թբիլիսին թեքվում է դեպի Ռուսաստան, Աբխազիայում անհրաժեշտ է կազմակերպել անկարգություններ և քաոս, ինչպես դա եղավ Արցախում, ապա զորքերը դուրս բերել, հայտարարել Աբխազիայի հանրապետության լուծարման մասին, այնուհետեւ՝ Ռուսաստանի հետ միացման կամ «ռուսամետ Վրաստանի հետ Աբխազիայի ռեինտեգրացիան» մասին: Երկու տարբերակն էլ Մոսկվային ձեռնտու է:

Մոսկվային անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին, քանի որ ակնհայտ է դարձել, որ Իրանը և Արևմուտքը չեն թույլատրի Հայաստանին բացել «Զանգեզուրի միջանցքը»: Բացի այդ, Բաքուն նույնպես հազիվ թե համաձայնվի թույլ տալ Ռուսաստանին իր տարածքով անցնել Վրաստան և Հայաստան, ինչպես նաև Իրան, եթե Ասթարա-Ռեշտ հատվածը ավարտին հասցվի:

Այդ պատճառով Վրաստանում ընտրություններից անմիջապես հետո Մոսկվան պահանջեց սկսել Աբխազիայի հետ սահմանների սահմանազատման գործընթացը, ինչը նշանակում է՝ բացել սահմանները: Աբխազիան չի համաձայնվում սահմանը բացել, եթե Թբիլիսին չճանաչի նրա կարգավիճակը: Բայց Վրաստանը և Ռուսաստանը կարող են պայմանավորվել առանց Աբխազիայի:

Դրա համար անհրաժեշտ է Սուխումում հրահրել հակառուսական տրամադրություններ և քաոս, հետո սկսել «բանակցություններ» և ստիպել աբխազական ղեկավարությանը «ցրել հանրապետությունը», ինչպես դա տեղի ունեցավ Արցախում անցյալ տարի: Դրանից հետո տեխնիկական հարց կլինի, թե ում միացնել Աբխազիան՝ Ռուսաստանին թե Վրաստանին: Սուխումը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կամ ռուսական “ինտեգրում”, կամ վրացական: «Անկախ հանրապետության» ծրագիրը, կարծես, մոտենում է ավարտին:

Երեկ Սուխումում տեղի ունեցած անկարգություններից և ընդդիմության կողմից պետական շենքերի զավթումից հետո նախագահ Ասլան Բժանիան մերժել է հրաժարականի պահանջները և թաքնվում ՌԴ ռազմաբազայում:

Մինչ դեռ աբխազական ընդդիմությունը հայտարարել է տեղական «իշխանությունների» հետ բանակցությունների ամբողջական դադարեցման և «ուժերի ավելացման» մասին: Հայտնի է, որ Բժանիան փորձել է անցկացնել «Անվտանգության խորհրդի» նիստ, որպեսզի հրաման տա կառավարական շենքերի գրոհի վերաբերյալ, որոնք զավթվել էին ցուցարարների կողմից: Որոշում, կարծես թե, չի կայացվել՝ ուժայինները չեն դիմադրում ընդդիմությանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին աջակցություն է հայտնել Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ հանդես եկող ցուցարարներին: «Նույնիսկ օկուպացված Աբխազիայում կա փորձ ռուսական օրենքի ներդրման, և այնտեղ այդ օրենքին ընդդիմանում է քաղաքացիական հասարակությունը: Ցանկանում եմ աջակցություն հայտնել նրանց», — ասել է Զուրաբիշվիլին լրագրողներին:

Թե ինչ է սպասվում Աբխազիային իշխանության փոփոխությունից հետո, դժվար է ասել, բայց չի բացառվում «Արցախի տարբերակը»՝ օկուպացիայով և բնակչության արտաքսմամբ:

Հիշեցնենք նաև, որ Աբխազիայի բնակչության միայն կեսն են կազմում աբխազները: Այնտեղ բնակվում են վրացիներ (ներառյալ մեգրելները)՝ 19,26 %, իսկ երրորդ տեղում են հայերն են՝ 17,39 %:

Մայք Թայսոնը պարտվեց 27-ամյա բլոգեր Ջեյք Պոլին

Ութ ռաունդից բաղկացած մենամարտն դատավորների միաձայն որոշմամբ ավարտվեց Պոլի հաղթանակով։

27-ամյա բլոգերը տոնեց իր տասնմեկերորդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (այդ թվում՝ յոթը նոկաուտով)՝ մեկ պարտության դիմաց։

58-ամյա «Երկաթե Մայք» Թայսոնը 19 տարվա մեջ առաջին անգամ պարտություն կրեց պրոֆեսիոնալ մենամարտում։ Նա իր կարիերան ավարտել էր 2005 թվականին, բայց 2024-ին ընդունեց Ջեյք Պոլի՝ հայտնի վիդեոբլոգերի մարտահրավերը, որը անսպասելիորեն դարձավ հաջողակ բռնցքամարտիկ։

Պոլի հետ մենամարտում կրած պարտությունը Թայսոնի կարիերայի յոթերորդն էր։ Նա հաղթել է 50 մենամարտում, որոնցից 44-ը՝ նոկաուտով։

Հաղթանակից հետո Պոլը հայտարարեց, որ ուրախ էր ռինգում հանդիպել բռնցքամարտի «լեգենդի» հետ, որին իրավամբ համարվում է Թայսոնը։

Թայսոնի և Պոլի հանդիպումը, որը համարվում էր տարվա ամենասպասված իրադարձությունը բռնցքամարտի աշխարհում, տեղի ունեցավ ուրբաթ երեկոյան Տեխաս նահանգի Առլինգթոն քաղաքում։ Հեռարձակումը կազմակերպել էր Netflix հարթակը, որն ունի 280 միլիոն բաժանորդ ամբողջ աշխարհում։

Գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը ամսական մեկ անգամ նրա հետ շփվելու հնարավորություն ունի

«Վերջին անգամ մենք խոսել ենք հոկտեմբերի 30-ին։ Հեռախոսային կապն ապահովում է Կարմիր Խաչը։ Մի քանի րոպեանոց զրույցի ընթացքում կարողանում ենք տեղեկանալ նրա ինքնազգացողության մասին և պատմել ընտանիքի և հարազատների հետ կապված նորությունները։ Չնայած իր դրությանը՝ նա մեզ հանգստացնում է, ասում, որ մենք ամուր մնանք և հոգ տանենք միմյանց մասին։ Նրա վիճակը վատ չէ, բայց մենք զգում ենք, թե ինչքան է նրա համար դժվար հարազատներից հեռու։ Հայրս հույս չունի, որ մի օր կտեսնի մեզ, բայց մենք չենք կորցնում հույսը, որ նա կվերադառնա մեզ մոտ, որովհետև մենք գիտենք, որ մեր հայրը անմեղ է»,- ասում են հարազատները։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից Հակարի կամրի անցակետում, երբ Կարմիր Խաչի առաքելությունը նրան տեղափոխում էր Արցախից Հայաստան՝ բուժման շարունակման համար։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծանր գործողությունների համար։ Խաչատրյանը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ հայտնելով. «Ես չեմ մասնակցել այդ պատերազմին»։

Վագիֆ Խաչատրյանի հարազատները հայտարարում են, որ նա կապ չունի դատարանում ներկայացված գործողությունների հետ, պարզապես նրա անունը և ազգանունը շփոթվել են մեկ այլ արցախցու հետ։ Նրանք հույս ունեն, որ «մի օր ինչ-որ հրաշքով հայրը կարդարացվի»։

Ալվարդ Գրիգորյան