Ահա թե ինչու է Բաքուն պահանջում Հայաստանից՝ հետ վերցնել իրավական գործընթացները եւ միայն քաղաքական բանակցություններ վարել

«Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից, որովհետեւ դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ։ Այն, ինչ մենք կրկին տեսանք՝ Հայաստանը երկու գործերով էլ շահեց, առ այն, որ հայ զինվորականների ու քաղաքացիների սպանությունն ուղղակի դիտավորություն էր, այդ համատեքստում՝ նաեւ բռնի տեղահանումը։ Մի քանի օր առաջ զեկույց հրապարակվեց իրավապաշտպանների կողմից, եւ այնտեղ մի շատ պարզ վերանագիր էր՝ իսկ ո՞ւր են Արցախի հայերը, ինչո՞ւ նրանք այնտեղ չեն ապրում։ Պարզ է, չէ՞՝ եթե 2000 տարի ապրել են այնտեղ մարդիկ եւ այսօր չկան, դա չես կարող բացատրել նրանով, որ մարդիկ ուղղակի գնացել են։ Պարզ է, որ նրանց վռնդել են, այն էլ՝ ռազմական գործողությունների միջոցով»,- այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ վերադարձի իրավունքը պետք է լինի, եւ Ադրբեջանը չի կարող հերքել վերադարձի իրավունքը։ «Թեեւ միջազգային իրավունքում դուք բառացիորեն չեք գտնի այդ արտահայտությունը, բայց վերադարձի իրավունքը սովորույթային նորմ է։ Այսինքն՝ հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները։ Այլ բան է, որ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման իր փաստարկները ներկայացնելով, որ այդ դեպքում «ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալ Հայաստան»։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի հարց, ապա Ադրբեջանը փորձում է դա հակակշռել 1992-1994 թվականների պատերազմի արդյունքներով»,- հավելեց նա։

Արա Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ որքան ժամանակը հոսի, այնքան այդ բեռն իրենց վրա մեծանալու է, իրենք չենք կարող հերքել, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ։

«Եվ նրանք դա չեն էլ հերքում, այլ դրա փոխարեն հակափաստարկներ են բերում իրենց վերադարձի իրավունքի մասին։ Որպես լավ հասկանանք վերադարձի իրավունքը, դա ընդամենը տուն վերադարձ չէ, դա վերադարձ հայրենիք է։ Հայրենիքը դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչներն են։ Կարեւոր նշանակություն ունի քո սեփական երկիր վերադարձը, որտեղ երկիր բառը չի ասոցացվում քաղաքացիության հետ, այլ ասոցացվում է ազգության հետ։ Իսկ ազգությունն էլ ասոցացվում է այնպիսի բաղադրիչների հետ, որոնք յուրաքանչյուրիս համար իր հայրենիքն է՝ դա տունն է, եկեղեցիներն են, պատմությունն է, համայնքն է, բնիկ լինելու հանագմանքն է։ Այս գաղափարները դուք կգտնեք ՄԻԵԴ վճիռներում։ Եվ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, դրա համար հանկարծ Ալիեւը հիշեց, որ «Արեւմտյան Ադրբեջան» կա։ Այսինքն՝ նրան հուշեցին՝ եթե դու միայն գույքի վրա շեշտը դնես, որ մենք գույք ենք թողել Հայաստանում, մեծ հաջողության չես հասնի, որովհետեւ տեսական հիմքը թույլ է։ Իսկ եթե «հայրենիք» գաղափարը շահարկես, որ «Արեւմտյան Ադրբեջան» է եղել Հայաստանի տարածքում, կարող ես շատ ավելի լայն ներկայացնել տեսական հիմքերը, որ այնտեղ պատմություն ես թողել, որն իրականում չկա։ Իրականում կա միայն անշարժ գույք, որը թողել են ադրբեջանցիները Հայաստանի որոշ տարածքներում»,- նշեց Ղազարյանը։

Ըստ մասնագետի՝ այսօր միջազգային հանրության գնահատականն Ադրբեջանի նկատմամբ բացասական է, որովհետեւ Արցախում հայեր չեն ապրում։ Եվ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, որովհետեւ վերադարձի իրավունքի հետ միասին պարզվել է, որ Ադրբեջանը միջազգային հանցագործ պետություն է եւ տարածաշրջանում բազմաթիվ հանցագործություններ է կատարել՝ ընդհուպ մինչեւ մարդկության դեմ հանցագործություններ։ «Եվ դրա համար է պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ հետ վերցնել իրավական գործընթացները եւ միայն քաղաքական բանակցություններ վարել, որտեղ Ադրբեջանն ունի առավելություն եւ կարող է վերադարձի իրավունքը ասիմետրիկ կերպով կապել ադրբեջանցիների վերադարձի հետ։ Դրանով են շատ լավ այս դատական գործընթացները, որտեղ գերիշխում է նորմը, այսինքն՝ օրենքի գերակայությունը, որտեղ նույնիսկ պատերազմի դաշտում պարտված պետությունը կարող է 4։1 հաշվով պարտության մատնել Ադրբեջանին։ Արդարադատության միջազգային դատարանում երկու օր առաջ մենք դա տեսանք, որ Ադրբեջանի բազմաթիվ միֆեր ցրվեցին, եւ Հայաստանը որոշակի առավելություն ձեռք բերեց, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցով»,- ասաց Արա Ղազարյանը։

 

Աննա Մելիքյան․ Արցախում քաղաքացիական անձանց դաժան սպանությունները արձագանք չստացան

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն անդրադարձավ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործություններին։

Դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրականացված մոնիթորինգի միջոցով պարզել էին, որ զոհված շուրջ 80 քաղաքացիական անձանցից մոտ կեսը զոհվել են դիտավորությամբ սպանության հետեւանքով։ Եվ նրանց մեծ մասը տարեց մարդիկ էին։

«Բոլորդ տեսել եք ահասարսուռ դրվագներ, բայց դրանք ավելին էին, ոչ բոլորն են հրապարակային ցուցադրվել։ Ցավոք սրտի, արձանագրել ենք տարեց անձանց գլխատումներ, խոշտանգումներ, գնդահակարություններ։ Քիչ ենք խոսել տուժած կանանց մասին․ փորձագիտական տվյալներով՝ առնվազն 7 կին ենթարկվել են խոշտանգման, այդ թվում՝ գլատվել են։ Նրանք ողջ են եղել, մինչեւ ընկել են ադրբեջանական զինծառայողների ձեռքը, որոնց կողմից տանջամահ են արվել։ Այդ դեպքերի մասին քիչ ենք խոսել, բայց 2022 թվականին, երբ կին զինծառայողները համանման վերաբերմունքի զոհ դարձան, նոր սկսեցինք խոսել, որ ոչ միայն տղամարդիկ են եղել պատերազմական հանցագործությունների զոհ, այլ նաեւ կանայք։ Երեխաներ էլ են զոհվել, ադրբեջանական զինծառայողները ոչ միայն ռազմական օբյեկտներն էին թիրախավորում, այլ ոչ ընտրողական բնույթի հարձակումներ էին իրականացվում»,- ասաց նա։

Աննա Մելիքյանը նաեւ ասաց, որ գերությունից վերադարձած հայ զինծառայողներն իրենց հետ զրույցում պատմել են խոտանգումների ու վատ վերաբերմունքի մասին, որոնց արժանացել են Բաքվի բանտերում։

«Ադրբեջանցիների կողմից հրապարակային ցուցադրվել են նաեւ դիապղծության դեպքեր, կարծես թե հատուկ հպարտությամբ էին ադրբեջանցիները պղծում հայերի մարմինները։ Ունենք դեպքեր, երբ գերիներին են գնդակահարել՝ տեսախցիկի առաջ։ Նման դեպքեր եւ 2016 թվականին են արձանագրվել, եւ շարունակվել են 2020 թվականին ու 2020-ից հետո։ Եվ պատճառն այն է, որ չկա պատժելիություն։ Ցավով պետք է արձանագրել, որ միջազգային հանրություննն էլ թերի արձագանք ցուցաբերեց եւ չդատապարտեց այդ հանցագործությունները։ Եվ կարծես թե միայն մեկ դեպքը՝ Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունը մի փոքր հրապարակային լուսաբանվեց եւ արձագանք ստացավ։ Մնացած բոլոր դեպքերը՝ ոչ պակաս ահասարսուռ, դատապարտման չարժանացան»,- հավելեց նա։

Երևանում ընթանում է կոնֆերանս Գրետա Թումբերգի մասնակցությամբ

Երևանում տեղի է ունենում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և էկոլոգիայի պաշտպանության վրա» խորագրով կոնֆերանս, որի մասնակից է հայտնի էկոլոգ Գրետա Թումբերգը։ Նա հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի СОР29 համաժողովին՝ Արցախի հանդեպ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության և էկոլոգիայի հետ կապված խնդիրների պատճառով։
СОР29-ից անդին՝ օկուպացված Արցախն է, Բաքվի գործողությունները մարդու իրավունքների դեմ և էկոլոգիայի նկատմամբ վայրագությունները։

Առաքյուլի Մարիամ Աստվածածնի եկեղեցի

Հարավային Արցախի ամենանշանավոր ու խոշոր բնակավայրերից է Առաքյալ-Առաքյուլը: Գյուղը 17-րդ դարում նույնպես ենթարկվել է Շահ Աբասի կողմից կազմակերպված հայաթափմանը և շուրջ երկու դար Առաքյուլ գյուղի բնակիչները ապրել են Արաքսի մյուս ափին՝ Ղարադաղում և միայն 1827-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո նրանց հաջողվեց վերադառնալ հայրենիք և հիմնել նոր գյուղ, հին անունով։ Բռնագաղթված առաքյուլցիների մի մասը Գյուլիստանի պայմանագրով վերադարձել և հիմնավորվել է պապենական գերեզմանատների կողքին: 2018 թվականի վիճակագրական տվյալներով, գյուղն ուներ 119 բնակիչ։

Առաքյուլի պարծանքը ճարտարապետական խստականոն սկզբունքներով կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցին է: Գտնվում է գյուղամիջի բլրի վրա, որը և շահեկանորեն բարձր է շրջապատի բոլոր շենքերից: Ըստ ականատեսների, եկեղեցին կառուցվել է բաքվաբնակ Մակիչ Գրիգորյանի միջոցներով: Եկեղեցու նախագիծը պատվիրել է Թբիլիսիի ճարտարապետներին, իսկ հարդարանքի համար Բաքվից ուղարկել է յոթ հույն ծեփագործներ: Մնացած աշխատանքները կատարել են տեղացիները:

Ճարտարապետական նորամուծություններով բնորոշ եկեղեցին ունի ուղղանկյուն հորինվածք: Գմբեթի հետ միասին բարձրությունը կազմում է 18 մետր, գրեթե վեց հարկանի շենքի բարձրությամբ: Գմբեթը նստած է չորս խաչաձև, հոյակապ սյուների և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ և երկու խորան: Պատերն իրականացված են տեղական գորշ սրբատաշ ու կոպտատաշ բազալտ քարերով:

Գմբեթի հետ միասին եկեղեցու բարձրությունը կազմում էր 18մ: Գմբեթը նստած էր չորս խաչաձև հոյակապ սյուներին և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ, կիսակլոր բեմ և երկու խորան:

1960- ական թթ.. կեսերին եկեղեցու խոշոր , զարդաքանդակ զանգը տրվեց մարզային թանգարանին: Ավելի քան 200 ֆունտ քաշ ունեցող զանգը 18-րդ դ. գեղեցիկ մի գործ է, պատրաստված Նիժնի Նովգորոդում:

1992թ. ադրբեջանցիների կողմից Առաքյուլը գրավվելուց հետո, թշնամին պայթեցրել է եկեղեցին, սակայն հիմնահատակ կործանել չի հաջողվել:

Այժմ եկեղեցին կրկին անգամ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և ըստ այդմ վտանգված է, քանի որ օկուպանտ երկիրը Արցախում հայկական հետքերի վերացման եռանդագին քաղաքականություն է վարում։

Արմինե Հայրապետյան

Պետդեպարտամենտը կղեկավարի Ռուբիոն, իսկ հետախուզությունը՝ Թալսի Գաբարդը, որը եղել է Արցախում

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը կարողացել է մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների պալատում։ Մինչդեռ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նոր նշանակումներ է կատարել իր ապագա վարչակազմում․ պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի սենատոր Մարկո Ռուբիոն, իսկ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը առաջարկվել է նախկին կոնգրեսականին, որը կոչ էր անում «ընդունել Ռուսաստանի լեգիտիմ մտահոգությունները» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտոնապես նշանակել է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր ապագա վարչակազմում։ Հիշեցնենք, որ Ռուբիոն վերջին տարիներին սերտ աշխատում էր հայ համանքի հետ եւ Արցախում էթնիկ զտումների պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագծի համահեղինակն է։

Կոնսերվատիվ Fox News հեռուստաալիքի մեկնաբան և նախկին կոնգրեսական Թալսի Գաբարդը նշանակվել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում։

Գաբարդը հայտնի է որպես Կիևին ռազմական օգնության տրամադրման հակառակորդ։

Գաբարդը եւս սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հայկական կառույցների հետ։ 2017 թվականին նա այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կազմակերպած ֆորումի շրջանակներում։ Նա ծնվել է Հավայան կղզիներում, այն նահանգում, որը 2016 թվականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է «Սպուտնիկը»։

Ով իրավունք ունի գրանցի Արցախից դուրս բերված ավտոները

Lianna Petrosyan-ը իր ֆեյսբուքյան էջում մտորում է կարեւոր հարցի շուրջ․ ով պետք է սեփականացնի Արցախից դուրս բերված մեքենաները, այդ թվում՝ պետական։

Այդ հարցը վերաբերվում է ոչ միայն մեքեններին, այլեւ այն համակարգված մոտեցման բացակայությանը, որի պատճառով արցախցիների կոլեկտիվ իրավւնքի, գույքի եւ շահի հարցը դուրս է բերվում քննարկումներից։ 120 հազար արցախցիներին, որոնց իրավունքից եւ սեփականությունից զրկելը կոլեկտիվ սկզբունքով է իրականացվել, վերաբերվում են որպես առանձին անհատներ, կարծես ամեն մարդ ինքն է որոշել ամեն ինչ թողել, նստել, ասենք, պետության պատկանող մեքենան եւ դուրս գալ։  

Մեքենաների հարցը ակտուալ է, քանի որ ՀՀ կառավարությունը չի վերցնում Արցախից բերված պետական մեքենաները իր բալանս, Արցախի կառավարության բալանս եւս չկա։ Ավտոները կամ պետք է մնային Արցախում, կամ այստեղ որեւէ մեկի վրա գրանցվեն։

Արդյո՞ք դրանք պետք է գրանցվեն որպես պաշտոնյաների սեփականություն, թե՞ վարորդների կամ այն մարդկանց, որոնք եւ դուրս են բերել դրանք Արցախից։

“ՀՀ Կառավարությունը մեկ ամիս առաջ ընդունեց որոշում Արցախից բերված և գրանցում չունեցող, ոչ մասնավոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականաշնորհման վերաբերյալ։
Եթե այդ նույն մեքենան կարողանա շահագործել հասարակ վարորդը, ով՝ գուցե պատերազմների մասնակից է, գուցե ընտանիքում ունի կորուստներ՝ թե պատերազմների, թե՝ պայթյունի ժամանակ, կարող է գոնե դրանով տաքսի վարել և հոգալ իր և իր հարազատների օրհասական կարիքները”, գրում է Լիաննա Պետրոսյանը։
Այդ մեքենաները՝ ոչ թանկարժեք ջիպերը, ավելի քան մեկ տարի է, ինչ այստեղ են շահագործվում, որոշումն ընդունվել է ավելի քան մեկ ամիս առաջ, ասել է Պետրոսյանը։
Կառավարության որոշումը կազմված է այնպես, որ մարդիկ խոցելի լինեն ցանկացած որոշման պարագայում․ ինչպե՞ս նրանք կարող են ապացուցել, որ այդ մեքենան իրենցն է, կամ որ իրավունք ունեն դա շահագործելու։
Համակարգված որոշումից հերթական անգամ հրաժարվելը կբերի նոր կոնֆլիկտների եւ ներքին անհանդուրժողականության։ Գուցե, դա՞ է նպատակը։

Ռուսաստանի անձնագիր ունեցող հայերը նոյեմբերի 23-ից կարող են կորցնել քաղաքացիությունը

Այն անձինք, ովքեր 2017 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 22-ն արտերկրում Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել և երդում չեն տվել, պետք է դիմեն Ռուսաստանի արտասահմանյան հաստատություն, որտեղ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացվել, հայտնել Է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը։
Նշվում է, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը քաղաքացիություն ընդունած անձինք երդում տալու խնդիր չունեն:
Երդման ընթացակարգը ռուսաստանյան օրենսդրության պահանջ է դարձել 2017 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում է 18 տարին լրացած բոլոր դիմողների վրա: Սկսած այդ պահից` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշումն ինքնին հիմք չէ անձին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ճանաչելու համար: Քաղաքացիությունը ձեռք է բերվում անձի երդման պահից, այլ ոչ թե որոշման կայացման օրվանից:
Այն անձինք, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն երդման ընթացակարգ չեն անցել, 2024 թվականի նոյեմբերի 23-ից կզրկվեն Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակից։

Ռուսաստանը խոստովանեց, որ ինքն է ուզում “հուղարկավորել” Մինսկի խումբը

Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս և բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս էլ դժգոհ էինք այդ կառույցի աշխատանքից, շատ էինք քննադատում այն, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսեցին բացահայտ արգելափակել խմբի աշխատանքը», – ասաց Զախարովան:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել: Բաքուն Երևանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Մինսկի խումբը չի հայտարարել ինքնալուծարման մասին, և դրա մանդատը գործում է մինչև այժմ։ Մոսկվան, ըստ էության, ընդունում է, որ ՄԽ-ի պահպանումը առաջին հերթին անբարենպաստ էր իրեն համար։
Զախարովայի խոսքով` այն ամենը, ինչ դրական էր ԵԱՀԿ ՄԽ-ում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք արտացոլվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածություններում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ նրանք տրամադրված են պաշտպանելու սեփական շահերը, քաղաքականացնելու խնդիրը, այլ ոչ թե կարգավորելու այն։
«Մինսկի խումբը մենք քննադատում էինք տեղին և կոշտ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման նպատակով մենք խմբի գործունեության մեջ ունենք ավանդ, որը բարձր մակարդակով բազմիցս գնահատվել է երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում, – խմբ.)», – ասաց Զախարովան։

Երեկոյան տանը Աղազարյանը մայկով հավեսին ծիծաղում է բոլորի վրա

Աժ-ում բյուջեի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամին, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն, որը մինչեւ 1998 թ․ ՀՅԴ երդվյալ անդամ էր, անդրադարձավ մինչ օրս ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի ելույթին:

«Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է մարդկության պատմության մեջ, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր ունի պետականություն»,- ասաց Աղազարյանը:

Աղազարյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Պարոն Ռուստամյան, մի լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա»: Այդ երգը, երբ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։ Օրինակ՝ երբ ես լսում էի այդ երգը պատանեկան տարիքում, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի այդ դրվագները, հասկացա, բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ համար անտեղի էներգիա ծախսում դրա վրա: Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։

Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք, թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը, պայքարում եք իշխանության գալու համար, որ մեզ հեռացնեք իշխանությունից։

Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք»,-դիմելով դաշնակցական Արմեն Ռուստամյանին, ասաց Հովիկ Աղազարյանը։

Ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հարցով փոխվելու է, դա ակնհայտ է

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, ԱՄՆ ընտրություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը կանգ է առել, այնինչ, վերջերս խոսվում էր նոյեմբերին փաստաթուղթ ստորագրելու մասին։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

-Գործընթացի կանգ առնելը ոչ միայն Թրամփի ընտրությամբ է պայմանավորված, այլ նաեւ Ադրբեջանի իրավիճակով՝ СOP29 համաժողովն է ընթանում։ Բայրամովը հայտարարեց, որ այս միջոցառումից հետո դեկտեմբերին կվերսկսեն բանակցությունները։ Բայց հարցն այն է, որ ադրբեջանական կողմն անուղղակի բացահայտել է այն երեք կետերը, որոնց շուրջ անհամաձայնություն կա։ Դրանք ծանր կետեր են, որոնք հայկական կողմից զիջումներ են պահանջում։ Իրենք հիմա բանակցում են, որպեսզի այդ զիջումները պոկեն, դրանք են՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, հայ-ադրբեջանական սահմանից օտար ուժերի դուրս բերում, իհարկե, իրենք նկատի ունեն եվրոպացի դիտորդներին, եւ երրորդ կետը վերաբերում է նրան, որ Հայաստանը պետք է զերծ մնա Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում հայցեր ներկայացնելուց։ Ստացվում է, որ իրենք ներկայացնում են, որ չհամաձայնեցված կետեր կան, բայց, կրկնում եմ, այդ կետերը վերաբերում է Հայաստանից նոր զիջումներ կորզելուն։

Բնական է, որ Բայդենը նախքան այս ընտրությունները փորձում էր արդյունք ցույց տալ, բայց չստացվեց։ Հիմա մինչեւ տարեվերջ ժամկետն են նշում, բայց չեն կարծում, որ դա տեղի կունենա, հիմա անցումային շրջան է, մնացածը կթողնեն Թրամփի վարչակազմի վրա։

-Ամերիկյան քաղաքականությունն ի՞նչ փոփոխություն կկրի Հայաստանի ու Արցախի հարցով։

-Այն, որ քաղաքականությունը փոխվելու է, դա ակնհայտ է։ Պարզապես դա կարող է լինել եւ լավ, եւ վատ՝ հաշվի առնելով այն, որ Թրամփն անկանախտեսելի է։ Կարող է լինել հետեւյալը՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կարեւորությունը ԱՄՆ համար, նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործոնը, իրենք ավելի քիչ հայանպաստ կարող են լինել։ Բայց կարող է լինել լրիվ այլ տարբերակ, որը ես ավելի հավանական եմ համարում։ Դա հետեւյալն է՝ քանի որ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքականությամբ բերելու է նավթի ու գազի գնի իջեցմանը, դա էապես ազդելու է Ադրբեջանի տնտեսության վրա, ինչպես նաեւ թույլ չեն տալու, որ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը շրջանցի պատժամիջոցները։ Մյուս կողմից էլ Թրամփն արմատական քրիստոնյաների աջակցությամբ ու քվեներով է ընտրվել, նաեւ նրանց քաղաքականությունը պետք է հաշվի առնի, չի կարող անտեսել։ Եվ պատահական չէ, որ ինքը, խոսելով Արցախի մասին, օգտագործում է «քրիստոնյա հայեր» ձեւակերպումը՝ դրանով շեշտելով, որ ինքն ամերիկյան խորը ավանդույթին հավատարիմ է մնում։

-Թրամփի՝ Արցախի մասին հայտարարությունը եւ Արամ Ա-ի հետ զրույցը միայն նախընտրական բնույթ էր կրում, թե՞ այլ ուղերձ էլ ունի։

-Հետաքրքիր է՝ երբ ինքն ի վնաս հայերի ինչ-որ հայտարարություն է անում, բոլորը դա ընդունում են որպես քաղաքական գիծ։ Իսկ հենց ի օգուտ հայերի որեւէ հայտարարություն է անում, չգիտես ինչու, ընկալում են, որ դա միայն նախընտրական խոստում կլինի։ Իհարկե, բոլոր քաղաքական գործիչներն էլ շատ ավելին են խոստանում, քան անում են, բայց այն, որ այդ ուղղությամբ ինքը պետք է քայլեր անի, դա միանշանակ է։ Ինքը չի կարող անտեսել թեկուզ եւ հայերի քվեների համար տրված խոստումները։ Այստեղ միայն հայկական հարցը չէ, կա քրիստոնեական կազմակերպված խմբերի հարցը, եւ հենց Հանրապետական կուսակցության ներսում կա խումբ, որը գտնում է, որ պետք է ռուսական ազդեցությունը թուլացնել Հարավային Կովկասում։ Դա նշանակում է, որ Հայաստանի անվտանգությունը չպետք է կախված լինի Ռուսաստանից, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը մնում է կախված Ռուսաստանից։ Իսկ այդ դեպքում Ռուսաստանի ազդեցությունը չի թուլանում Հարավային Կովկասում։

Ռոզա Հովհաննիսյան

Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. Մեհդի Սոբհանի

Ազատություն

Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», – գրում է ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջև է կանգնեցնում։

«Իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում», – ասել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, հավելելով՝ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։

Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։

«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», – ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա», – ասել է նա։

Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը, մինչդեռ, NYT-ի հետ զրույցում պնդել է՝ ինքը քննարկել է հարցը իրանցի պաշտոնյաների հետ, և վստահ է, որ եթե մի բան պատահի, Իրանն անկասկած Հայաստանին օգնության կգա։

«Նրանք բոլորն էլ ասում են՝ եթե, Աստված չանի, որևէ մեկը հարձակվի Սյունիքի վրա, մենք ձեզ հետ միասին կկռվենք», – ասել է Ագարակի քաղաքապետը։

«Հայաստանում մտավախություն ունեն, որ Թրամփի նախագահության օրոք առավել կոշտ ամերիկյան քաղաքականությունը Իրանի հանդեպ կհարվածի իրենց երկրին և կամրապնդի Ադրբեջանին։ Նրանք նաև վախենում են, որ Հայաստանին պաշտպանելու՝ Թեհրանի կարողությունը կնվազի, եթե Իրանի ու Իսրայելի միջև այժմ շարունակվող հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի», – գրում է ամերիկյան պարբերականը։

Հայաստանի սահմաններին պարեկություն իրականացնող եվրոպական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ իր հերթին փաստել է՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այժմ բունկերներ են կառուցում, խրամատներ ու հրետանային դիրքեր փորում՝ վատթարագույն սցենարին պատրաստ լինելու։

«Իրանի հետ Հայաստանի նեղ սահմանի երկայնքով՝ Ադրբեջանից մոտավորապես 10 մղոն հեռավորության վրա խորհրդային տարիներին կառուցված, այժմ՝ լքված Մեղրիի կայարանն է, ուր ժանգոտ գնացքի վագոնները թաղված են մոլախոտերի մեջ, – փաստում է New York Times–ն ամփոփելով,- երկաթգիծը խորհրդային իշխանության օրոք փոխկապակցված Կովկասի խորհրդանիշն է և հիշեցում, թե շրջադարձային ինչ նշանակություն ունի այդ տարածքը մինչև այսօր»։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց

ՀՀ Քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1 ֊ին մասի 1 ֊ին կետով այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասի 3 ֊րդ կետով և 457 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրեց։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը, ով իր գրառումը վերնագրել է. «արդարացումներ»:

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու համգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել`

  1. Քրեական վարույթի դեռ մեկնարկային փուլում` ս/թ. մայիս ամսից պաշտպանության կողմը թե առանձին քննչական գործողությունների ընթացքում, թե դատարանում խափանման միջոցի քննության նիստերի ժամանակ հետևողականորեն հայտարարում էր, որ մինչևիսկ որևէ կերպ չի վիճարկվում առկա փաստակազմը, այսինքն` վարույթ իրականացնող քննչական խմբի բերած փաստարկներից հենց ուղղակիորեն բխում է, որ այս գործում բացակայում է հանցակազմը, ինչն էլ ուղղակիորեն հաստատվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Այլ խոսքով` պաշտպանության կողմը հենց սկզբից նշում էր` վարույթ իրականացնողը Հայկ Շամիրյանի կողմից կատարված գործողությունները միանշանակ ճիշտ է ներկայացնում, սակայն անհասկանալի է` ինչպե՞ս է այդ գործողությունների մեջ հանցակազմ տեսնում. լավ է ուշ, քան երբեք` Հայկ Շամիրյանը հենց նույն վարույթ իրականացնողի որոշմամբ արդարացվեց։
  2. Չափազանց կարևոր է նաև ընդգծել դատավոր Ռազմիկ Մարիկյանի դերը այս քրեական վարույթի ընթացքում, քանի որ մինչդատական վերահսկողության շրջանակներում հենց նա էր խափանման միջոցների քննությունն իրականացնող դատավորը, ով այդ իրարանցման, քննչական խմբի կողմից գործով հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առավել քան հիմնավորված լինելու հաստատումների ֆոնին, այնուամենայնիվ, ոչ միայն չկալանավորեց, այլև հետագայում առավել նվազ կերպով անձի ազատությունները սահմանափակող վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց։ Թեև պաշտպանության կողմը, ինչպես վերը նշեցի, այդ նիստերի ընթացքում ևս պնդում էր, որ կալանքի հիմքերի մասին խոսելն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, ամեն դեպքում հախուռն կալանավորումների այդ«շքերթի» օրերին Դատավորը կարողացավ չշեղվել մասնագիտական բարձրությունից, կայացնել դատական ակտ` ելնելով սեփական ներքին համոզմունքից ու գործող օրենսդրությունից։

Հավելեմ նաև, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։