«Հայքի Շառավիղներ». երիտասարդական ծրագիր՝ հայրենասիրության և ինքնության խորացման համար (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է նոր ծրագիր՝ «Հայքի Շառավիղներ», որն ուղղված է 16-25 տարեկան երիտասարդների հայրենասիրական կրթությանը և ազգային ինքնության ամրապնդմանը։ Ծրագիրը, որի գաղափարը ծնվել է Գեղամ Օհանյանի «ինքնություն» թեմայով դասախոսության ժամանակ, նպատակ ունի երիտասարդներին հաղորդակից դարձնել իրենց արմատներին, ուսուցանել նրանց իրավունքներն ու քաղաքացիական գիտակցությունը, ինչպես նաև սերունդների մեջ ձևավորել պատմության և մշակույթի գնահատում։

Ծրագրի կազմակերպիչները նշում են, որ այն երիտասարդների համար է, ովքեր ուզում են խորությամբ ուսումնասիրել պատմությունը, զարգացնել քաղաքական մտածողություն, լինել ազգային մշակույթի կրողներ և տեր կանգնել իրենց հայրենիքին։ Ըստ նրանց, ծրագիրը մեծապես կարևորվում է այն առումով, որ միավորում է Հայաստանի տարբեր տարածաշրջաններից և նույնիսկ արտերկրից՝ հայկական գաղթավայրերից սերող երիտասարդներին։

Ծրագրի նպատակներն ու բովանդակությունը

«Հայքի Շառավիղներ»-ի նպատակներն են՝

  • Քաղաքացիական գիտակցության ձևավորումը
  • Արժեքային համակարգով առաջնորդվող երիտասարդական համայնքի ստեղծումը
  • Պատմության և մշակույթի վերաարժևորումը
  • Արմատների հետ կապի ամրապնդումը

Մասնակիցները ուսումնասիրելու են պատմություն, քաղաքական միտք, ազգային մշակույթ, իրավունքներ և փիլիսոփայություն: Ուսուցման գործընթացում ներառված են նաև արշավներ, ճամբարներ և մշակութային վայրերի այցելություններ, որոնք նրանց հնարավորություն կտան անմիջականորեն շփվել պատմության հետ։

Դասընթացի կազմակերպչական մանրամասները

Ծրագիրը մեկ տարի տևողությամբ է, և դասերը տեղի են ունենալու Երևանում՝ շաբաթական մեկ անգամ։ Ընթացքում մասնակիցները կհանդիպեն փորձառու մասնագետների հետ՝ ոլորտի գիտակների, և կծանոթանան հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը։ Մարզաբնակ երիտասարդները, ովքեր ցուցաբերեն բարձր արդյունքներ գրավոր աշխատանքներում, կստանան ճանապարհածախսի փոխհատուցող կրթաթոշակ։

Խորացված ուսումնասիրություն՝ ազգային արժեքների հիման վրա

Ծրագիրը կարևոր տեղ է հատկացնում հայ ազգային մշակույթի մեծերի գործերին ու գաղափարներին՝ ընթերցանության և ուսումնասիրության համար առաջարկելով Հովհաննես Թումանյանի, Գարեգին Նժդեհի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի հոդվածները և գրքերը։ Երիտասարդները նաև ծանոթանալու են Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու և այլ նշանավոր հայերի կյանքին ու գործերին՝ այդ կերպ ամրապնդելով կապը իրենց պատմության ու մշակույթի հետ։

Հույս՝ ապագայի համար

Ծրագրի կազմակերպիչները հույս ունեն, որ այս նախաձեռնությունը կնպաստի հայ երիտասարդության մեջ ազգային ինքնության ամրապնդմանը և նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում։ «Հայքի Շառավիղներ»-ը հնարավորություն է տալիս սերունդներին ոչ միայն ճանաչել իրենց պատմությունը, այլև դառնալ հայ մշակույթի կրողներ՝ խթանելով երիտասարդության միասնությունը ազգային արժեքների շուրջ։

Տաթև Ազիզյան

Բաքվում գտնվող գերին զանգել է հարազատներին․ «Շատ չի խոսում, ասում է՝ տաք գլխարկ ուղարկեք, այստեղ ցուրտ է»

Forrights

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Մաթադ Բաբայանը Բաքվից հոկտեմբերի 30-ին զանգել է ընտանիքին։ «Շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ զանգահարում է։ Ժամանակ է լինում, որ ավել ենք սպասում մինչև կզանգի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանի թոռը՝ Ալենը։

Արդեն մեկ տարուց ավել ադրբեջանական գերության մեջ գտնվող Մադաթ Բաբայանն, ըստ ընտանիքի անդամների քիչ է խոսում, խոսակցության բովանդակությունը միմյանց որպիսություն հարցնելն է ու անհրաժեշտ իրերի խնդրանքը։ «Շատ չի խոսում, ասում է՝ տաք գլխարկ ուղարկեք, գլխարկ եմ ուզում, ցուրտ է տեղներս։ Ես լավ եմ, դուք ոնց եք»,-այսքանն է վերջին խոսակցության հիմնական բովանդակությունը։

Խոսակցությունը մի քանի րոպե է տևում՝ մինչև երեք րոպե։ «Ուրիշ բան, որ հարցնում ենք՝ անջատում են։ Օրինակ հարցրեցինք մենա՞կ ես, քանի՞ հոգով եք, լա՞վ ես, անջատեցին»,-ասաց Ալեն Բաբայանը։

Կարմիչ խաչը ընտանիքին մի ցուցակ է տվել, որտեղ նշված է, թե Հայաստանից Ադրբեջան ինչ են ուղարկելու․ հիմնականում չորս սնունդ՝ քաղցրավենիքի տեսքով։ «Ինչ նշված է դա ենք առնում, մեզնից դուրս բաներ չենք կարող առնել։ Տանում ենք Կարմիր Խաչ, որ փոխանցեն պապիկին։ Հիմնականում սնունդ, տաք շոր, քաղցրավենիք»,-ասում է Ալենն ու նշում՝ չգիտեն ծանրոցի պարունակությունն ամբողջությամբ է հասնում պապիկին, թե ոչ։

Այս անգամ տաք գլխարկ է ուզել, գնելու են ուղարկեն, նախորդ անգամ կոշիկ էր ուզել։ Հայաստանից ադրբեջանական բանտախուց հասած կոշիկը փոխվել էր, պապիկն ասել էր՝ փոքր է, ընտանիքը զարմացած էր մնացել։

«Չգիտենք՝ ամբողջն իրեն հասնում է, թե չէ։ Մի անգամ կոշիկ էր ուզել, ուղարկել էինք իր ուզածից երկու համար մեծ, բայց հետո խոսացինք ասաց, որ փոքր է, մենք ուրիշ կոշիկ էինք նկարագրում, ինքը ուրիշ։ Ոչինչ, թող այդպես էլ լինի, բայց հասնի իրեն։ Մենք հավատում ենք, որ մեր պապին հետ է գալու, քանի որ անմեղ է, ոչ մի ցեղասպանության էլ չի մասնակցել»,-ասաց Ալենը։

72-ամյա Մադաթ Բաբայանը Բաքվից առաջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել անցած տարի՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ընտանիքը նրա մասին որևէ տեղեկություն չի ունեցել, փնտրել են ամենուր՝ անգամ զոհվածների մեջ։ «Սկզբից ադրբեջաներեն էին խոսում, տատիկս չհասկացավ, տվեց մամայիս, մամայի հետ սկսեց ռուսերեն խոսել, հետո նոր տվեց պապիին։ Ադրբեջանցի էր սկզբից խոսում՝ ռուսերենով, ադրբեջաներենով և հայերենով։ Ռուսերենով հարցրել է՝ Մադաթ Բաբայանի ընտանիքին եմ զանգահարել, մաման ասաց հա ու պապին սկսեց խոսել»,-ասաց Ալեն Բաբայանը։

Մադաթ Բաբայանն Արցախի Գետավան գյուղից է։ Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա գյուղը դատարկվել է։ Արդեն երեկոյան  8-ին գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Մադաթ Բաբայանի ընտանիքը մյուսների նման ստիպված է եղել բռնի տեղահանվել գյուղից, այդ ընտթացքում Մադաթը որոշել է պտտվել գյուղում, տեսնել ինչ է կատարվում, գնացել և չի վերադարձել։

«Հենց պատերազմը սկսվել է մերոնք հավաքվել են իրար գլուխ, սպասել են տեսնեն, թե ամբողջ ժողովուրդն ինչ է անելու։ Հետո որոշվել է, որ բնակիչներին պետք է տանից դուրս հանեն, պապին ասել է՝ գնամ տեսնեմ գյուղի մեջ ինչ կա, ինչ նորություն կա, գամ։ Գնացել ու չի եկել, իսկ կրակոցները գնալով ավելի են ուժեղացել, մարդիկ դուրս են եկել, պապիկս մնացել է։ Ինձ թվում է՝ մտել են գյուղ, իրեն վերցրել են։ Պաիկս առողջական խնդիրներ ունի, երևի ադրբեջանցիներին տեսել է, մտածել է ռուսներն են, մոտեցել է, բռնել են։ Չգիտեմ, ինքը հիվանդ էր, իր ցավերը հաճախակի էր բռնում, երևի մի տեղ կուճ է եկել, եկել բռնել են։ Ամեն բան էլ կարող է պատահած լինի։ Գյուղից, որ դուրս ենք եկել, որևէ տեղեկություն չենք ունեցել՝ մինչև հոկտեմբերի 9-ը։ Քեռիս արյուն էր տալիս, որ համընկնում լինի զոհերի հետ, բայց չէինք գտնում։ Մտածում էինք, որ կարող է գերության մեջ լինի, բայց հետո էլ ասում էինք՝ ամբողջ կյանքը հովիվ է եղել, սար ու քարը գիտի, չէր կարող գերության մեջ հայտնվել, սպասում էինք, որ մի տեղից դուրս է գալու»,-ասաց Ալենը։

Մադաթ Բաբայանին Ադրբեջանը մեղադրում է 1992 թվականին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար։ Գերեվարելուց հետո Ադրբեջանի անվտանգային ծառայությունը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ տարեց ու անպաշտպան արցախցին ձեռնաշղթաներով է, շրջապատված դիմակավորված ադրբեջանցիներով։ Քարոզչական բնույթի տեսանյութում Բաբայանն, ըստ Բաքվի, «ցույց է տալիս այն տարածքները, որտեղ իրականացրել է ցեղասպանությունը»։ Ընտանիքը սա կեղծ մեղադրանք է համարում։

«Պապիկիս մեղադրում են 92 թվականին Խոջալու ցեղասպանություն կատարելու համար, իբր թե այդ ցածրահասակ մարդը 150 մարդ է սպանել ու բոլորին թաղել է, բայց այդ մարդը զենք բառը չի իմացել ինչ է, հիվանդ մարդ է եղել։ Նրա հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եղել»,-ասաց Ալեն Բաբայանը։

Նարեկ Կիրակոսյան

Թրամփի հաղթանակն և դրա հետեւանքները աշխարհի ու Հայաստանի համար

Վերջին ամիսների աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքները եկան ևս մեկ անգամ փաստելու, որ չի՛ կարելի հույսը դնել միայն արտաքին ուժերի վրա:

Աշխարհը տուռբուլենտ փուլում է, և գործնականում անհնար է կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս կամ այն աշխարհաքաղաքական և տարածաշրջային կարևորությոուն ունեցող գործընթացը:

Այո, կան նոր ստեղծվող աշխարհակարգի մի քանի ստրատեգիական պատկերներ, որոնց եզրակացությանը կարելի է զգուշավոր տրամաբանությամբ հասնել: Դրանցից է` Ռուսաստանի պարտությունը և Իրան – ԱՄՆ հարաբերությունների նորմալացումը, բայց նոր աշխարհակարգի, նշածս պատկերի և այլ տեսական պատկերների իրագործման գործընթացում մարտավարական փոփոխություններ կարող են տեղի ունենալ և՛ մի, և՛ հակառակ ուղղությամբ:

Մերձավոր Արևելքում անկայունությունը, դրա հիման վրա ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը, Վրաստանում ռուսամետ իշխանության վերընտրվելը, ռուսական զորքերի առաջխաղացումը Ուկրայինայում, և վերջապես Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում փաստում են, որ այս փուլում հարաբերական կոչված «դեմոկրատական ուժերը» պարտվում են:

Հաշվի առնելով այն, որ եթե Ռուսաստանը հաղթի, ողջ Եվրոպան կհայտնվի վտանգի տակ և պատերազմի շեմին։ Իմանալով նաև, որ եթե Իրանում քաղաքական փոփոխություններ տեղի չունենան, և եթե Իրանը չփոխի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ապա չինական Մետաքսի ճանապարհ տանող ուղիի այլընտրանք ճանապարհը (Հնդկաստանից Իրանով և Հայաստանով դեպի Եվրոպա) վտանգի տակ կլինի` կարելի է շատ զուսպ կանխատեսել, որ Արևմուտքը թույլ չի՛ տա Ռուսաստանը հաղթի և դեռ կպայքարի Իրանի համար:

Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նրան, որ Եվրոպան կկայանա որպես անկախ ռազմաքաղաքական միավոր` նվազացնելով իր կախվածությունը ԱՄՆ-ից:

Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նաև նրան, որ Իսրայելին կարող է տրվի Իրանի դեմ կոշտ գործողությունների քարտ-բլանշ, ինչը կարող է հանգեցնել քաոսի բուն Իրանում և հնարավոր ռեժիմի փոփոխության Թեհրանում։ Տվյալ գործընթացների ընթացքը լի է մեծ վտանգներով Հայաստանի համար, սպառնալիք՝ մեծ պատերազմի և երկրի ինքնիշխանության կորստի: Ես հուսով եմ, որ կդիմադրենք և կդիմանանք: Բայց Իրանում քաղաքական փոփոխությունների արդյունքում Արևմուտքը մուտք կունենա տարածաշրջան՝ լուծելով ռուսամետ վարչակարգերի հարցը ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։

Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նաև նրան, որ ԱՄՆ դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ լինի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի Չինաստանի աջակցության թուլացմանը Ռուսաստանին։

Թրամփը խոստանում է իջեցնել նավթի գները. համաշխարհային շուկայում գներն իջեցնելու համար ԱՄՆ-ն պետք է մեծացնի իր արդյունահանումը և համաձայնեցման բանակցություններ վարի այլ խոշոր նավթային երկրների հետ: Սա կարող է շատ ծանր հարված հասցնել ռուսական տնտեսությանը և արդյունքում՝ ռուսական ռազմական մեքենային:

Թրամփի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ միանշանակ չէ. մի կողմից՝ բարեկամական հարաբերություններ բռնապետական ռեժիմների հետ, մյուս կողմից, առնվազն առաջին հայացքից, նրա դրական քաղաքականությունը ավանդական և քրիստոնեական արժեհամակարգի նկատմամբ։ Թրամփի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կձևավորվի նաև Հայաստանի հաջորդ ազգային կառավարության արտաքին քաղաքականությունից ելնելով: Փաշինյանական ռեժիմից դրական սպասելիքներ չկան, այն ռուս-թուրքական պակտի մի մասն է:

Թրամփը կարող է Պուտինին խաղաղության ծրագիր առաջարկել Ուկրաինայի հաշվին: Բայց Ուկրաինան դա չընդունի, և եթե Պուտինը հրաժարվի և չընդունի այս խաղաղության ծրագիրը, Թրամփը կարող է քարտ բլանշ տալ Ուկրաինային՝ Ռուսաստանի Դաշնության խորությանը հարվածների համար։ Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ այս հակամարտությունը կարող է ավարտվել միայն ուկրաինական պետականության անկմամբ կամ պուտինյան ռեժիմի տապալմամբ և ուկրաինական բոլոր տարածքների ազատագրմամբ։ Ուկրաինան արդեն ապացուցել է, որ երբեք չի կորցնի իր պետականությունը։

Թրամփը կարող է բերել նոր արյուն, նոր զոհեր Ուկրայինայում, Իրանում և, ցավոք սրտի, միգուցե նաև Հայաստանում, բայց ես մեծ հույս ունեմ, որ ԱՄՆ խորքային պետությունը ի վերջո կհասկանա, որ նոր աշխարհակարգը ռուս-թուրք-չինական բևեռին թողնելով՝ ԱՄՆ-ն կկորցնի իր գերպետության դերը:

Բայց բոլոր հաշվարկներով՝ պետք է հիշել Թրամփի անկանխատեսելիությունը։ Նա կարող է հակադարձ քայլեր անել այս կամ այն ուղղությամբ: Նա կարող է 90 աստիճանով փոխել իր խոստումները և ամեն ինչ տանել հարաբերական կոչված «դեմոկրատական ուժերի» տրամագձով, ինչպես նաև կարող է համաձայնության գալ բռնապետերի հետ: Նա պոպուլիստ է, և սա է նրա գլխավոր վտանգը առաջիկա 4 տարում։ Հուսանք, որ ԱՄՆ-ը Թրամփը չէ, և խորքային պետությունը (deep state) հասկանում է ԱՄՆ-ի գերիշխող դերը համաշխարհային քաղաքական ասպարեզում և նրա կարևորությունը ԱՄՆ-ի համար:

Ամփոփում.

Անկախ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միայն մեկ նպատակ ունեն՝ սուբյեկտ դառնալ: Ապագայում կանգնելու համար այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Ուկրաինան, Իսրայելը, Թայվանը և, ինչու չէ, այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան։

Ժողովրդին սուբյեկտացնելու, և Փաշինյանի գլխավորած ռուս-թուրքական համակարգը տապալելու համար անհրաժեշտ է համախմբած հասարակություն: Սա պահանջում է բոլոր առողջ քաղաքական անհատականությունների միավորում՝ ռուս-թուրքական համակարգից ազատագրվելու նպատակով։ Պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և համախմբվել հստակ գաղափարնների շուրջ: Այդպիսի գաղափար կարող է լինել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մերժումը:

Համախմբվել, բանակցել և սպասել հարմար պահի՝ լինի դա Մոսկվայի քաոսը, Հայաստանի վրա նոր արտաքին ագրեսիայի սցենար, արտահերթ ընտրություններ և հետընտրական գործընթացներ:

Նիկոլի համակարգի տապալումից, և ազգային իշխանությունների ձևավորումից հետո կլինե՛ն և՛ դաշնակիցներ, և՛ արտաքին աջակցություն և՛, իհարկե, կլինեն նոր հաղթանակներ:

Միայն ինքնիշխանության ձգտող ժողովրդին են աջակցում: Միայն իր շահերի համար պայքարող պետությանն են աջակցում: Իր իրավունքներից հրաժարվողները օգտագործվում են որպես սակարկության միջոց․ աֆղանները մեզ օրինակ:

Եթե նույնիսկ ողջ աշխարհը մեջքով շրջվի դեպի մեզ՝ մենք պե՛տք է կռվենք: Եթե պայքարենք, կլինե՛ն հզոր դաշնակիցներ: Իմաստություն մեզ և ողջամտություն:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Թրամփը Ուկրաինային ասաց այն, ինչն ասել էր Արցախին. «Սա հեշտ խնդիր է, մենք այն կլուծենք»

«Եթե Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, հրաշալի է», – հայտարարել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով Պենտագոնի նոր ղեկավարի անունն, որը ներկայումս FoxTV-ի հաղորդավար է։

Ուկրաինան, որը մի քանի անգամ շնորհավորել էր Ալիևին «տարածաշրջանային ամբողջականության վերականգնման» և «հաղթանակի» համար, Թրամփի խոսքերից հետո կարող է ըեսնել, թե ինչ եղավ Արցախի հետ, որի վերաբերյալ Թրամփը նույն խոսքերը ասել էր 2020 թվականին։

2020 թվականի աշնանը, երբ Թրամփը ավարտում էր իր նախագահական ժամկետը և վարում էր նախընտրական քարոզարշավը, նա մոտավորապես նույնը ասել էր հայերի մասին՝ տեսնենք, թե արդյոք հայերը կկարողանան դիմակայել։

Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը, հայտարարել էր Թրամփը։ Նա խոստացել էր տեսնել, արդյոք Վաշինգտոնը կկարողանա կանխել հակամարտության սրացումը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում», – ասել էր Թրամփը սեպտեմբերի 28-ին՝ 44-օրյա պատերազմը սկսվելուց անմիջապես հետո։

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Թրամփը ասել է. «Հայերը՝ նրանք լավ մարդիկ են։ Նրանք նաև լավ գործարարներ են։ Լատինամերիկացիների հետ միասին նրանք նույնպես լավ գործարարներ են։ Շատ լավ ոգի ունեք։ Մենք ինչ-որ բաներ անում ենք։ Ես կկանգնեցնեմ ահաբեկիչներին»։

2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թրամփը լրագրողներին ասել է, որ մասնակցում է Ղարաբաղի հարցով բանակցություններին։ «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են։ <…> Տեսնենք, թե ինչպես կընթանա։ Կարծում եմ՝ շատ լավ առաջընթաց է արձանագրվել», — ասել է Թրամփը։

Թրամփը նախընտրական հանդիպման ժամանակ Նևադայում խոսել է նաև հայերի և նրանց պատրիոտիզմի մասին։ Մասնավորապես, նա ասել է, որ շատ հայեր եւ դրոշներ է տեսել՝ հատկապես Կալիֆորնիայում։

2023 թվականի հոկտեմբերի 25-ին նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփը ասել է. «Արձանագրեք Հայաստանի մասին։ Հիանալի մարդիկ են։ Սատանաների պես կռվում են։ Եվ գիտեք ինչ՝ մենք ինչ-որ բան կանենք»։ Դրանից հետո նա պատմել է, թե ինչպես Օհայո նահանգում հանդիպեց հայկական խմբի հետ։ «Ունեն խնդիրներ, մահեր, կռիվներ՝ մենք դա կլուծենք։ Ես այս խնդիրը անվանում եմ հեշտ։ Այնպես որ գնացեք և ասեք ձեր ժողովրդին», — հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ-ն դեռ երկար կվճարի Արցախի նկատմամբ իր վերաբերմունքի համար

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև «խաղաղ գործընթացի առաջընթացը»։

Բլինքենը ավարտում է իր գործունեությունը որպես պետքարտուղար: Նրա պաշտոնավարման և դեմոկրատական վարչակազմի ղեկավարման ընթացքում Արցախում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնք ավարտվեցին Արցախի լիակատար օկուպացիայով, ցեղասպանությամբ և բնիկ հայ բնակչության բռնագաղթով: Սա կմնա որպես անջնջելի բիծ դեմոկրատական վարչակազմի վրա:

2023 թվականի սեպտեմբերի 17-ին, սեպտեմբերի 19-ի ագրեսիայից երկու օր առաջ, ԱՄՆ ներկայացուցիչը մասնակցել է գաղտնի հանդիպման Կոստանդնուպոլսում, որտեղ Ռուսաստանի և ԵՄ ներկայացուցչի հետ միասին հավանություն է տվել հայ ժողովրդի ցեղասպանությանը:

2023 թվականի հուլիսին, երբ Արցախը գտնվում էր խիստ շրջափակման մեջ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում: «Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր լինի: ԱՄՆ-ն կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է», – ասել էր Քվինը։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է միասին գործեն՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Խոսվում է համապատասխան երաշխիքների անհրաժեշտության մասին։ «Մնում է գտնել այդ ճանապարհը», – ասել էր Քվինը։

Ամենալավ երաշխիքը, ւստ երեւույթին, ցեղասպանությունն էր, և երկու ամիս անց Արցախը հայաթափվեց։ Բայդենի վարչակազմը, որը պետք է պաշտոնավարի ևս երկու ամիս, դեռ փորձում է հասնել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որտեղ Արցախը չի հիշատակվում։ Բլինքենը «խաղաղության պայմանագիր» է քննարկում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Այն նույն Թուրքիայի, որը դեռևս չի պատասխանել Հայոց ցեղասպանության համար։

Բայդենի վարչակազմը ամոթխած լռում է այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Արցախը համարում է անվիճելիորեն Ադրբեջանի մաս: Ի վերջո, 30 տարի շարունակ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պնդում էր, որ դա վիճահարույց հարց է, որը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սակայն այժմ ԱՄՆ-ն ասում է, որ կարելի է նաև ռազմական ճանապարհով։ Խորհրդային սահմանները սրբազան են, ինչ կա որ:

ԱՄՆ-ն դեռ երկար ժամանակ կվճարի 2020-2023 թվականների Արցախում իր դիրքորոշման համար։ Բայդենի վարչակազմին մեղադրում են Աֆղանստանից և Իրաքից փախուստի մեջ, սակայն պատմաբանները մի օր կպարզեն դեմոկրատների ձախողման հիմնական պատճառը. վերաբերմունքը Արցախի նկատմամբ՝ որպես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական անզորության մարմնավորում։

Кавказский узел. Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան՝ COP29-ի դեմ բողոքի համար

Кавказский узел

Շվեդ էկոլոգիական ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 12-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29-ի դեմ միջոցառումներին: Ակտիվիստը ժամանել է Թբիլիսիից, հայ-վրացական սահմանին նրան դիմավորել են հայ էկոակտիվիստներ, ինչպես նաև իրավապաշտպան ակտիվիստներ, «Կովկասյան հանգույցի» թղթակցին տեղեկացրել է ակտիվիստ Շուշանիկ Հարությունյանը՝ նրանցից մեկը, ով դիմավորել է էկոակտիվիստին:

Նրա խոսքով, այս շաբաթ Հայաստանում նախատեսվում է պանելային քննարկում «Ադրբեջանական ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և էկոլոգիայի ոլորտներում» թեմայով, ինչպես նաև բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց:

Գրետա Թունբերգը բոյկոտում է COP29-ը՝ այն Բաքվում անցկացնելու որոշման պատճառով, նշել է Հարությունյանը: «Փոխարենը նա նախընտրեց համերաշխությունը Հայաստանի հետ», — ասել է ակտիվիստը։

Նոյեմբերի 11-ին, COP29-ի բացման օրը, Գրետա Թունբերգը Թբիլիսիում կազմակերպեց ակցիա, որի ընթացքում հայտարարեց, որ «կլիմայական արդարությունը անհնար է առանց սոցիալական արդարություն»։

«Այս բողոքը ուղղված է Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի դեմ, մասնավորապես կլիմայի փոփոխության համաժողովի դեմ, ինչպես նաև ողջ Կովկասի տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար», — մեջբերում է Թունբերգի խոսքերը գործակալությունը։

Meydan TV-ին տված մեկնաբանության մեջ Գրետա Թունբերգն ավելացրել է, որ Ադրբեջանը «COP29-ը հյուրընկալում է՝ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունները, հայերի էթնիկ զտումները լեգիտիմացնելու, ինչպես նաև հանածո վառելիքի արտադրությունն ու արտահանումը շարունակելու համար»։

Թրամփը հեռուստահաղորդավարի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

Նորընտիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Fox News հեռուստաալիքի հաղորդավար Փիթ Հեգսեթի թեկնածությունը, հայտնում է Politico-ն:

«Փիթի ղեկավարման ներքո Ամերիկայի թշնամիները զգուշացված կլինեն՝ մեր զինված ուժերը կրկին մեծ կլինեն, և Ամերիկան երբեք չի նահանջի», – հայտարարեց Թրամփը՝ նրան անվանելով «խիստ, խելացի»:

Հեգսեթը 44 տարեկան է, ԱՄՆ ազգային գվարդիայի վետերան է, ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Կուբայում՝ Գուանտանամոյում: Fox հեռուստաալիքում աշխատում է 2014 թվականից, վերջին շրջանում՝ որպես «Fox & Friends Weekend» ծրագրի համահաղորդավար:

2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում Հեգսեթը Թրամփի ամենահայտնի աջակիցներից էր:

Մարտունին կռվել է մինչև վերջին պահը. 2020 թվականի աշուն

2020 թվականի պատերազմի ընթացքում Արցախի բոլոր բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծության։ Ադրբեջանական կողմը նպատակային ռմբակոծում էր խաղաղ բնակավայրերը՝ անտեսելով բոլոր միջազգային կոնվենցիաները։ Հենց Մարտունիում էր 44-օրյա պատերազմի առաջին զոհը՝ 8-ամյա Վիկտորյա Գևորգյանը։

Հրթիռակոծությունների հետևանքով ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, բնակելի թաղամասեր։ Որոշ տներ ոչնչացվել են հրթիռների ուղիղ հարվածներից։ Տարածաշրջանի ողջ ենթակառուցվածքը ամբողջովին ավերված էր։

Սակրավորները ամիսներ շարունակ մաքրել են արկերն ու ականները հանրապետության ողջ տարածքում։ Սակայն Մարտունիի մուտքի մոտ՝ բլրի վրա թողել էին մեկ արկ։ Հայտնի լուսանկարիչը գունավորել է այդ արկը՝ որպես հիշատակ 2020 թվականի աշնան սարսափելի օրերի և որպես կյանքի ու արարելու ցանկության արտահայտություն՝ հայրենի հողում։

Գուցե հենց այդ պատճառով 2023 թվականի սեպտեմբերին Մարտունու շրջանի բնակչությունը մինչև վերջին պահը կռվում էր։ Կան բազմաթիվ վկայություններ և նույնիսկ տեսանյութեր։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարներում՝ Մարտունին 2020 թվականի պատերազմի առաջ և հետո

Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու նախնական առարկությունները

Ազատություն

Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում այսօր մերժեց Բաքվի ներկայացրած բոլոր նախնական առարկությունները։

3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը հայց էր ներկայացրել միջազգային այս ատյան՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։

Դատարանը գտավ, որ «Հայաստանն իրական ջանք է գործադրել քննարկման մտնելու Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալու լուծել վեճը, որը պահանջում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածը»։

Դատարանը գտնում է նաև, որ այս բանակցությունները դարձել են անպտուղ։ Այս պատճառներով եզրակացրել է՝ Ադրբեջանի առաջին նախնական առարկությունը ենթակա է մերժման։

Բաքվի երկրորդ առարկությունը վերաբերում էր դատարանի իրավազորությանը, որը ևս մերժվեց։

Իսկ երրորդը Հայաստանի այն պնդման մասին էր, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգման բռնության են ենթարկվել՝ Բաքուն սպանություն, խոշտանգում է կատարել հիմք ունելով մարդկանց էթնիկ ծագումը։ Դատարանը հայտնեց, որ ռասայական խտրականությունը ճանաչելու համար պետք է մանրամասն ուսումնասիրել փաստերն ու նյութերը, և վարույթի այս փուլում այս հարցը չի կարող որոշվել։

«Սրա լույսի ներքո դատարանը պետք է համոզվի, թե արդյոք տվյալ գործողությունները, որոնց վերաբերյալ բողոքում է Հայաստանը, ի զորու են ապացուցել խտրական վերաբերմունքը, որի հիմքում եղել է տուժողների հայկական էթնիկ ծագում ունենալը», – հայտարարեց Հաագայի դատարանը։

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը։

Այս վճռից անմիջապես հետո ՄԱԿ-ի արդարադատության դատարանը հրապարակեց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով իր վճիռը։ Ըստ այդմ՝ Հայաստանի երկու նախնական առարկությունները բավարարվեցին, մեկը մերժվեց։ Ադրբեջանը իր հայցը ևս ներկայացրել է նույն կոնվեցիայի շրջանակներում՝ պնդելով, թե «էթնիկ հայերը պայթուցիկներ ու ականներ են տեղադրել ադրբեջանցիներին վնասելու նպատակով», «միտումնավոր ոչնչացրել են» Ադրբեջանի բնական ռեսուրսները։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ում հավելել է, որ դատարանը եզրակացրել է, որ իրավասու է քննելու պատերազմի ընթացքում և դրանից հետո (2020-2023թթ.) սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին հայկական պնդումները։

Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը և գրքի շնորհանդեսը

Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 150-ամյակին էր նվիրված Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Դահլիճը մարդաշատ էր։ Ներկա էին հյուրեր, մելիքանիստ Ավետարանոցի տարբեր սերունդներ, որոնց համար հայրենի գյուղը սրբության սրբոց է, իսկ դպրոցը՝ հավերժ լույսի տաճար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավետարանոցի դպրոցի շրջանավարտ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։

-Օրվա միջոցառումը մեծ խորհուրդ ունի։ Արցախից հեռու նշվում է հարազատ կրթօջախի 150-ամյակը և հետայսու նշվելու են Արցախի բոլոր կրթօջախների, գյուղերի հերթական ամյակները, ճանաչված արցախցիների հոբելյանները, միաժամանակ շարունակվելու է պայքարը վերստին մեր հող ու ջրին վերադառնալու, ի վերուստ Հային պատկանող հողը շենացնելու և հայաշունչ պահելու համար։

Հիշարժան օրվան է նվիրված <<Ավետարանոցի դպրոց-150>> գրքի շնորհանդեսը։ Գիրք, որը դպրոցի անցած ողջ ճանապարհի, 150 տարի լույսի տաճարում լույս սփռած բոլոր ուսուցիչների, Արցախի ազգային-ազատագրական պայքարում անմահացած շրջանավարտների և անվանի մարդկանց մասին է։ Գրքի նյութերը հավաքելու, գրելու համար և խմբագրելու համար ամիսներ էին հարկավոր։ Հեշտ չէր կարճ ժամանակահատվածում Ավետարանոցի 150-ամյա դպրոցի և գյուղի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքել։ Գրքի տպագրման համար օգնեցին ինչպես ՀՀ տարբեր գրադարաններում, խմբագրություններում և անհատների մոտ եղած նյութերը, այնպես էլ ավետարանոցցիների անհատական և հավաքական հիշողություններն ու տեղեկությունները։ Գրքի տպագրությունը հովանավորել են շրջանավարտներ Ժիրայր Աթայանը, Արտիկ Մնացականյանը, Վրեժ Թադևոսյանը, ինչպես նաև ստեղծվել է խմբագրական խորհուրդ։

Մեծարանքի և հպարտության խոսքեր հնչեցին անվանի մանկավարժ, լավագույն տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանի և դպրոցում դասավանդած բոլոր ուսուցիչների մասին, ովքեր կրթությունն ու գիրն արժևորող, կրթության համար աննահանջ մարտիկներ էին։

Ելույթներն անսպառ էին՝ լի ցավով, կարոտով, հավատով։ Հայաթափված Արցախում տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն, պետք է կարողանալ տեր կանգնել ժառանգությանը: Կրթական, մշակութային օջախների մասին պետք է անպայման գրի առնել, ինչպես նաև մեծարել նվիրյալ բոլոր ուսուցիչներին՝ շարունակելով նրանց գործը։

Հիշողություններով են կիսվել դպրոցի սաները և դասավանդած ուսուցիչները։ Արցախից հեռու արցախահայության նպատակը մեկը պետք է լինի՝ լինել միասնական, երբեք չկորցնել իրար հետ կապը և պատրաստ լինել վերադարձին՝ պահպանելով համայնքային ավանդույթները, Արցախյան բարբառն ու սովորույթները։

Մինչև միջոռառումն սկսվելը՝ ներկաները այցելել են Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անմահացած հերոսների հիշատակին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

9 ամիսներին Հայաստան է եկել Թուրքիայի 9 810 քաղաքացի, որոնցից 190-ը չեն վերադարձել

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9 810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9 620-ն է լքել Հայաստանը, գրում է «Փաստինֆոն»:

Դիտարկվող ամանակահատվածում Հայաստան է այցելել նաեւ Հնդկաստանի 37 642 քաղաքացի, լքել` 42 502-ը:

Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 մլն 89 հազար մարդ, նրանցից նույն ժամանակահատվածում Հայաստանը լքել են ավելի քան 1 մլն 79 հազարը։ Նշենք, որ Հայաստան է այցելել նաեւ Ուկրաինայի 42 483 քաղաքացի, սակայն ինն ամսվա ընթացքում Հայաստանը լքողների թիվն ավելի շատ է եղել`43 314 ։

Հայաստան այցելող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ տեղում Վրաստանն է: Այս տարվա առաջին 3 եռամսյակներում Հայաստան է եկել Վրաստանի 296 941 քաղաքացի, նրանցից Հայաստանը լքել է 292 237-ը։

Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են` այս տարի Հայաստան է եկել 159 118 Իրանի քաղաքացի,որոնցից 158 828 նույն ժամանակահատվածում լքել է Հայաստանը։

ԱՄՆ-ից այս տարվա 9 ամիսներին Հայաստան է եկել 59 963 քաղաքացի, նրանցից 57 834 մեկնել են Հայաստանից։

ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

Ազատություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։

Նախագծով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։

Ընդդիմության հայտարարության նախագիծը չընդունվեց 30 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։