«Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի միջոցներով Գյումրիում արցախցիների համար ավան կկառուցվի

Ազատություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է մի քանի շաբաթից կայանալիք դրամահավաքի միջոցներով Գյումրիում Արցախից տեղահանվածների համար բնակելի ավան կառուցել։

«Արցախցիների համար կառուցել բնակելի ավան Գյումրիում, հենց այս թաղամասում», – այսօր Գյումրիում հայտարարեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ բնակելի ավանից բացի նախատեսում են նաև գորգագործության կենտրոն կառուցել. – «Որտեղ կպահպանենք Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական մշակութային ժառանգությունը: Այնտեղ կգործեն, կաշխատեն, գումար կվաստակեն, ինչպես նաև կբնակվեն»:

«Գորգագործության կենտրոնը նախատեսվում է կառուցել հենց շուրջ 14 արցախցի գործող գորգագործ ընտանիքների համար: Դեռ նախնական փուլում է այս ամենը, միգուցե արդեն հեռուստամարաթոնի հանգականությունից ելնելով թիվը կա՛մ նվազի, կա՛մ աճի՝ կախված է հեռուստամարաթոնի հանգանակությունից: Յուրաքանչյուրի ներդրած լուման շատ կարևոր է այս գործում, որպեսզի կարողանանք ի կատար ածել այն ծրագրերը, որոնք ներկայացնելու ենք մարաթոնին», – ասաց Գաբրիելյանը:

Վերջին չորս տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում չորս բնակելի շենք է կառուցել՝ 86 բնակարանով։ Հիմնական շահառուները տնակներում ապրող ու պետության կողմից փոխհատուցում չստացած բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներն էին։ Վերջին երկու շենքերը կառուցվեցին հիմադրամի հոգաբարձուների ամերիկյան տեղական մարմնի հանգանակությամբ։ Բնակարանամուտի օրը տեղական մարմնի ատենապետն ասել էր, թե ցանկանում են շարունակել ծրագիրը։ Հիմնադրամում, սակայն, այս պահին այս ծրագիրը շարունակելու մասին որևէ տեղեկություն չունեին։

Նորակառույց շենքերում նաև 44-օրյա պատերազմում զոհված կամ հաշմանդամության ստացած զինվորականների մի քանի ընտանիքի բնակարան տրամադրվեց։ Հաջորդ տարի նախատեսում են 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների համար թաղամաս կառուցել Կոտայքի մարզում:

«44-օրյա պատերազմի տղաների համար բնակելի ավանի կառուցում հենց Բալահովիտում՝ Կոտայքի մարզում, համագործակցելու ենք Զինվորի տան հետ», – ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Պատերազմից հետո հիմնադրամի թիրախում նաև սահմանամերձ գյուղերն են, ըստ Գաբրիելյանի՝ կենսական նշանակության խնդիրներն են փորձում լուծել։

«Հեռուստամարաթոնի խորագրի ներքո կենսունակ սահմանային համայնքներն են՝ մշտապես զարգացնել սահմանային համայնքները: Մեր ոլորտները բազմազան են՝ ջրամատակարարում, վերականգնվող էներգիա, սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական, որը շատ կարևոր է: Առողջապահական ոլորտի առումով մենք բուժկետեր, բուժկենտրոններ ենք կառուցում սահմանային համայնքներում, որոնք նաև համալիր զարգացմանն են խթանում, որովհետև կառուցում ենք բուժկետը, դրա արդյունքում համայնքապետարանը կամ Կառավարությունը ասֆալտապատում է այդ տարածքը, որի արդյունքում մենք, օրինակ, լուսավորում ենք այդ տարածքը», – ասաց Դիանա Գաբրիելյանը:

Անցած տարի հիմնադրամի հեռուստամարաթոնին 8.4 մլն դոլար էր հանգանակվել։ Ավանդաբար Գոհաբանության տոնին անցկացվող դրամահավաքն այս տարի կանցկացվի «Քեզ համար, Հայաստան» խորագրով։

Ալիևը վախենում է, ահա թե ինչու է նա նոր պահանջներ ներկայացնում

«Ալիևը վախենում է, ահա թե ինչու է նա նոր պահանջներ ներկայացնում», – այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

Նա հիշեցրեց, որ Բաքուն առաջ է քաշել ևս մի քանի պայման, որպեսզի ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Դրանք են՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որից պետք է հանվի հիշատակումն Արցախի և Հայաստանի վերամիավորման, ցեղասպանության և Առաջին Հանրապետության իրավահաջորդության մասին։ Բացի այդ, պահանջվում է հրաժարվել միջազգային հայցերից, չերկարաձգել եվրոպացի դիտորդների մանդատը և զենք չգնել։

«Սա վկայում է Ալիևի վախերի մասին։ Նա շան պես վախենում է, որովհետև գիտի, որ ամեն ինչ ստացել է ռազմական հանցագործությունների, պայմանավորված պատերազմի և միջազգային իրավունքի խախտումների միջոցով», – ասաց Վահե Գասպարյանը։

Նա նշեց, որ Արցախն ամբողջ հայ ժողովրդի հետ միասին ինքնորոշվել է 1918 թվականի մայիսի 28-ին, և այդ ինքնորոշումը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչը արտահայտվել է Վիլսոնի արբիտրաժում։

Դուք 30 տարի պնդում էիք, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, իսկ հիմա չե՞ք արձագանքում

«Մենք հավաքվել ենք, որպեսզի արտահայտենք մեր անհամաձայնությունը նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը խաղաղություն չբերեց, վայց խորացրեց մեր խնդիրները», – այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի ակցիայի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

«Այս փաստաթուղթը ոչ լեգիտիմ է և անարդար, քանի որ մի ամբողջ ժողովուրդ չի կարող լքել իր հազարամյակների հայրենիքը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նավթ ունի և ավելի շատ զենք։ Անթույլատրելի է հաշտվել տեղի ունեցածի հետ, Հայաստանը պետք է վերականգնի ռազմաքաղաքական հավասարակշռությունը», – նշեց Պապյանը։

Նա մանրամասն վերլուծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններ էին ընթանում։

Առաջին սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ «Բայց այս սկզբունքը ենթադրում է ոչ թե Ստալինի կողմից գծված խորհրդային սահմանները, այլ միջազգային ճանաչում ունեցող սահմանները։ Եվ պատահական չէ, որ երեկ Ալիևը պահանջեց «խաղաղության պայմանագրի» տեքստում ներառել կետ, համաձայն որի ստորագրող կողմերը չեն կարող բողոքարկել պայմանագրի տեքստը միջազգային ատյաններում։ Որովհետև նրանք գիտեն, որ պայմանագրի տեքստը հակասում է միջազգային իրավունքին», – ասաց Արա Պապյանը։

Երկրորդ սկզբունքը՝ ժողովուրդների ինքնորոշում։ Արա Պապյանի խոսքով՝ ինքնորոշումը պարտադիր չէ, որ լինի անկախություն, այն կարող է լինել նաև Հայաստանի հետ վերամիավորում։

Երրորդ սկզբունքը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն է։ Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել է ոչ թե պարզապես ուժի սպառնալիքի ներքո, այլ պատերազմի հետևանքով։

Արա Պապյանի խոսքով՝ խախտվել են բոլոր երեք սկզբունքները, և հայ ժողովրդին անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել, առաջին հերթին, համանախագահող երկրների առաջ։ «Դուք 30 տարի նույնն էիք ասում, պնդում էիք, որ խնդիրը պետք է լուծվի այս սկզբունքների հիման վրա, իսկ այժմ մեզ ասում եք՝ հաշտվե՞ք իրականության հետ»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ լեգիտիմ է. ԱԺԲ ակցիան Երևանում

Նոյեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցավ Ազգային-դեմոկրատական բևեռի ակցիան, որի ընթացքում ելույթ ունեցողները մատնանշեցին 4 տարի առաջ ընդունված եռակողմ հայտարարության ոչ լեգիտիմության և անարդարության փաստը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ծառայության մեջ էի Սիսիանի ռազմական հոսպիտալում, դա ծանր գիշեր էր, և ես կարծում էի, որ հաջորդ օրը հազարավոր հայ տղամարդիկ կլցվեն փողոցներն ու հրապարակները և կստիպեն փոխել այդ որոշումը։ Սակայն դա տեղի չունեցավ, և նոյեմբերի 9-ի հայտարարությանը հետևեցին այլ քայլեր, որոնք ի վերջո բերեցին նրան, որ այժմ քննարկվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, իսկ իրականում՝ կապիտուլյացիայի և Հայաստանի վերացման համաձայնագիրը»։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ, բժիշկ Վահե Գասպարյանը:

Միջազգային հանրությունը իսկապես ցնցված էր, երբ խայտառակ հայտարարությունից հետո՝ ռուսական ուժերի ներմուծումից և տարածքները առանց մի կրակոցի հանձնելու պարտադրանքից հետո, հայկական հասարակությունը որևէ քայլ չձեռնարկեց իշխանությունը հեռացնելու ուղղությամբ։ Մի օր անց կառավարությունը վախվխելով դուրս եկավ բունկերներից, իսկ 4 տարի անց այս օրը ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ գործող ընդդիմությունը անգամ խոսք չասացին նոյեմբերի 9-ի հայտարարության մասին:

Իրանը եւ Հայաստանը դարավոր հարաբերություններ ունեն, ի տարբերություն Էրդողանի

Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է՝ որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, հաղորդում է Հանրային ՀԸ-ը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դեմ է ցանկացած բանի։

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Իրանի ներկայացուցիչներն անընդհատ ընդգծում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Ի տարբերություն այոց հետ հարաբերությունների։ Ասենք, ադրբեջանցիների մասին Իրանը նույնիսկ ամաչում է խոսել եւ ընդգծել նրանց ինքնությունը։ 

Շիա, թյուրքալեզու, քրդա-ալբանախառը, Ստալինի կողմից պարսկական տեղանունով “կնքված” “ազերիները” իրենք էլ չգիտեն իրենց ինքնությունը։ Չգիտեն եւ ուրիշները։

Օրինակ, օրերս Էրդողանը, շնորհավորելով Ալիեւին “հինավուրց” հողերը վերադարձնելու կապակցությամբ, չի հիշատակել, թե ում հինավուրց հողերն են։ Ասել, որ ադրբեջանցիների հողերն են, Էրդողանը չէր կարող, նրա վրա կծիծաղեյին, նույնը՝ թուրքական կամ պարսկական, առավել եւս՝ հայկական։ Այդպես էլ ոչինչ չասաց՝ միայն հինավուրց Ղարաբաղ։ 

“40 օր Շուշիում։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք”

Նունե Շահրամանյանը 2000 թվականից ապրում էր Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի շենքում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծվել և լրիվությամբ ավիրվել է Ստեփանակերտում գտնվող նրանց տունը, և Շահրամանյանների ընտանիքը տեղափոխվել է Հայոց բերդաքաղաքը՝ հույս ու հավատ ունենալով, որ կապրեն ապահով ու արժանապատիվ կյանքով։ Երջանիկ էին ապրում։ Նունեի ընտանիքում մեծանում և դաստիարակվում էին երեք դուստրեր։ 2020-ի պատերազմը և Շուշիի անկումը գլխիվայր շուռ տվեց Շահրամանյանների ընտանիքի խաղաղ կյանքը։

 Նունեն հուզմունքով է պատմում, և ամեն անգամ այդ օրերը մտաբերելիս՝ սաստկանում է նրա ցավը

 -Երբ սկսվեց 2020-ի պատերազմը, առաջին իսկ օրերից Շուշին հայտնվեց ԱԹՍ-ների հարձակումների տակ։ Քաղաքը խուճապի մեջ էր, մարդիկ վազում էին պատսպարվելու շենքերի նկուղներում։ Երեխաներիս, թոռներիս ու ծնողներիս հետ գնացինք եկեղեցու նկուղ և այդտեղ մնացինք շուրջ 40 օր։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք։ Փրկարարների միջոցով տեղափոխեցինք մեր շենքի նկուղը։ Բառերն անզոր են՝ նկարագրելու այն վախն ու տագնապը, որ զգում էինք մենք։ Հասկանում էի, որ վիճակը շատ վտանգավոր է՝ երեխաներիս փրկել է պետք։ Նոյեմբերի 2-ը կամ 3-ն էր։ Երեք հատ ավտոբուս եկավ և եկեղեցու դիմացից մենք՝ քաղաքում մնացած վերջին շուշեցիներս, տարհանվեցինք Երևան։ Հետս վերցրել էի միայն մեր փաստաթղթերը։ Պատերազմի աղետալի ավարտից և Շուշիի անկումից հետո ես չգիտեի ինչ անել։ Մտածում էի, որ վերադառնամ Արցախ․ բայց որտե՞ղ պետք է ապրի ընտանիքս։ Երևանում ապրում էինք վարձով, փոքր աղջիկս էլ ուսանող էր այդ ժամանակ։ Ստիպված մնացինք և միայն 2022-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Ապրեցինք շրջափակման ծանր օրերը, նորից պատերազմի արհավիրքի միջով անցանք և 2023-ի սեպտեմբերի վերջին վերստին բռնեցինք գաղթի դժոխային ճանապարհը։

Արցախից տեղահանվելուց հետո Նունեն փոքր աղջկա հետ է ապրում։ Հաստատվել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքի մայրը չի կարողանում աշխատանք գտնել։ Երբ հարցազրույցի համար կապ հաստատեցինք շուշեցի կնոջ հետ, նա հիվանդանոցում էր աղջիկը վաղաժամ ծննդաբերել էր կեսարյան հատումով։ Հղիությունը թունավոր է եղել, և բժիշկները մի կերպ են փրկել երեխայի կյանքը։ 

Նունեն հուսահատության մեջ է

– Աղջկաս վիճակն այնքան էր վատացել, որ շուտ հասցրինք Երևան, և շտապ վիրահատությամբ փրկվեցին և՛ աղջիկս, և՛ երեխան։ Սակայն թոռնիկս շատ թույլ է, ժամանակ ու բուժում է հարկավոր, որ նրա վիճակը կայունանա։ Նա վերակենդանացման բաժանմունքում է․ արդեն 10 օրական է, բայց հազիվ է շնչում։ Այս պահին իմ միակ նպատակը փոքրիկի կյանքը փրկելն է։ Աղջկաս վիճակը դեռևս չի կարգավորվել։ Դստերս կյանքը փրկելու համար բարձր արժողությամբ դեղորայք եմ ձեռք բերում։ Օգնող չունեմ․ ամուսինս մահացել է 2016-ին։ Կրկնակի տեղահանված իմ ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ։ Չգիտեմ ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ։

Տեղահանվելուց հետո ապրում ենք մի տան, որտեղ կոմունալ նորմալ պայմաններ չկան։ Այդ տանը չկա ոչ տաք ջուր, ոչ լվացքի մեքենա։ Ջուր ենք տաքացնում և ձեռքով լվացք անում։ Մտածում եմ՝ ինչ է մեզ սպասվում, երբ երեխային տուն տանենք։ Ուրիշ տուն վարձելու հնարավորություն ընդհանրապես չունենք։ Մի կերպ գոյատևում ենք պետության կողմից տրվող աջակցությունների հաշվին։ Թե երբ դուրս կգանք այս անորոշ վիճակից, չգիտեմ։ Հիմա միայն անորոշություն եմ տեսնում․․․

Կարոտով ու սիրով է հիշում Արցախն ու այնտեղ ապրած իր տարիները

-Արցախում աշխատում էինք և ամուսնուս հետ մեր ընտանիքի կարիքները հոգում։ 90-ականներին Ստեփանակերտում դասավանդում էի, իսկ երբ տեղափոխվեցինք Շուշի, աշխատում էի Հայ ավետարանչական ընկերակցությունում, միաժամանակ՝ գիշերները հացի արտադրամասում։ Աղջիկներիս ամուսնացրի, թոռնիկներ ունեցա։ Իրենց առանձին տունուտեղն ունեին։ Այլևս ոչինչ հարկավոր չէր լիարժեք ապրելու և երջանիկ լինելու համար։ Լավ էինք ապրում, ուրախ էինք: Չեմ դադարում հավատալ, որ մի օր կվերադառնանք, և ես Ղազանչեցոցում աղոթք կհղեմ առ Աստված ու մոմ կվառեմ մեր ժողովրի համար։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նոյեմբերի 9-ի անտանելի ցավը՝ ոչ միայն կորուստներ, այլև նվաստացուցիչ անզորություն և դավաճանության զգացում

Վիրավոր Շուշի, Ղազանչեցոցը՝ հրետակոծությունից հետո

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր արցախցու սրտում արձագանքում է անտանելի ցավով՝ ոչ միայն ծանր կորուստների, այլև նվաստացուցիչ անզորության և դավաճանության զգացողությամբ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողները տարբեր կերպ են մեկնաբանում դրա կատարումը: Ալիևը արհամարհում է հայտարարությունները և բացահայտ ասում է, որ պատերազմից 3 տարի անց ստիպել է Հայաստանի կառավարությանը ճանաչել Արցախը որպես «Ադրբեջան» և հանձնել Տավուշի շրջանի 4 հայկական գյուղերը:

Հայաստանի կառավարությունը, իր հերթին, ձևացնում է, թե ամեն ինչ վերահսկողության տակ է և ընթանում է ըստ պլանի՝ չընդունելով պարտվողական քայլերը և ցույց տալով, որ պատրաստ է ամեն գնով կառչել իշխանությունից՝ ոչնչի առջև կանգ չառնելով:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ կցանկանային «խաղաղության պայմանագիր» կնքել Բաքվի հետ մինչև COP29-ը, քանի որ համաժողովից հետո Բաքուն, իբր, կարող է վերսկսել ռազմական գործողությունները։

ՄԱԿ-ի COP29-ի մեկնարկին մնացել է երկու օր, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ պայմանագրի տեքստը համաձայնեցնել չի հաջողվել: Բաքուն, իր հերթին, առաջ է քաշել նոր պայմաններ՝ եվրոպական դիտորդների հեռացում սահմաններից և Հայաստանի կողմից ռազմականացման մերժում: «Պայմանագիրը» մտել է փակուղի, և այժմ բոլորը սպասում են, թե ինչ կասի Թրամփը։

Միևնույն ժամանակ, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ արևմտյան միջնորդները չեն խոսում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հարցում Ռուսաստանի դերի մասին, թեև Պուտինը խոստովանել է, որ ինքն է դրա հեղինակը: Ըստ այդ հայտարարության՝ ռուսական զորքերը ապօրինի կերպով մտցվել են Արցախ, բացի այդ, Հայաստանը պարտավորվել էր առանց մի կրակոցի հանձնել Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները: Ռուսաստանն իր վրա էր վերցրել Բերձորի միջանցքի անվտանգության ապահովման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարման երաշխավորումը:

Սակայն չանցած 4 տարի՝ ռուսական զորքերը դուրս բերվեցին, Ակնայում փակվեց ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնը, մեկ տարի շարունակ Բերձորի միջանցքը ենթարկվեց շրջափակման, և արդյունքում Արցախը հայաթափվեց և օկուպացվեց։ Ինքը՝ Պուտինը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնիսկ մեկ անգամ չի հիշատակել հայերին և չի խոստացել պաշտպանել նրանց: Այնտեղ խոսքը վերաբերում է «բնակչությանը», «փախստականներին», իսկ «բնակչություն» ասվածը կարող է նշանակել ցանկացածին։

Այսպիսին է իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից 4 տարի անց: Հայաստանի 44-օրյա պատերազմի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս զեկույց չի ներկայացրել և քաղաքական գնահատական չի տվել կատարվածին։

Պատերազմից անմիջապես հետո հայ իշխանամետ շրջանակները փորձում էին դրա մեղքը բարդել բանակի, արցախցիների վրա, ովքեր լավ չկռվեցին, նախկինների առած “իսկանդերների”, որոնք չկրակեցին, առհասարակ, բոլորի, բացի Հայաստանի կառավարությունից և նրա արտաքին գործընկերներից։ Դեռ բանտում են նախկին բարձրաստիճան զինվորականներ, ովքեր մեղադրվում են 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ բարձունքներ հանձնելու մեջ։

Բայց արդեն ակնհայտ է, որ հանձնաժողովը չի կարող մեղադրել բանակին կամ Արցախի ժողովրդին, չի կարող մեղադրել սեփական իշխանությանը, Մոսկվային ու Բաքվին։ Դրա համար էլ զեկույցը չեն հրապարակում։

Դատելով Ալիևի հայտարարություններից՝ մեղադրանքները կուղղվեն Արևմուտքին՝ Հայաստանին ինքնապաշտպանության «դրդողներին»։ Եվ հեռու չէ այն օրը, երբ Բաքուն, Մոսկվան և Երևանը միահամուռ մեղադրանքներ կհնչեցնեն արևմտյան երկրներին, որոնք բանաձեւեր են ընդունել ի պաշտպանություն հայերի, Մինսկի խմբին և այլ լեգիտիմ միջազգային կառույցներին, որոնք պնդում էին Արցախի ինքնորոշումը և Հայաստանի իրավունքները։

Հայաստանը համառորեն հետ չի վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, թեև այն կատարվել է միայն հայկական հողերի հանձնման մասով։ Հայաստանի կառավարությունն ակնկալում էր ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը “կավարտի” նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բայց քանի դեռ «համաձայնագիրը» ստորագրված չէ, և կառավարությունը հետ չի վերցրել իր ստորագրությունը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է։

Նաիրա Հայրումյան

Նոյեմբերի 11-ից ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Նոյեմբերի 9-13-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, նոյեմբերի 11-ից հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով։

Շիրակում և Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին կլինի +10, Կոտայքում և Սյունիքում՝ +11։

Լոռիում օդերեւութաբանները նոյեմբերի 9-ին կանխատեսում են +13, Արագածոտնում՝ +14։

Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Տավուշում նոյեմբերի 9-ին սպասվում է +15։

Երեւանում մինչեւ նոյեմբերի 13-ը տեղումներ չեն լինի։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +14 աստիճան։

Թրամփի վարչակազմի հետ մենք երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ

Եթե ​​նախկինում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր էր բանակցել ԱՄՆ ռեժիմի հետ, ապա Թրամփի վարչակազմի հետ երբեք բանակցություններ չեն լինի։ Ուստի մենք չենք բանակցություններ չենք վարում, և դա արգելված է։

Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունը տարածել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը։

ВВС. մեծ սկանդալ Բաքվում COP29-ի նախաշեմին

BBC

Մի քանի օր առաջ, մինչ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը Ադրբեջանում, BBC-ի խմբագրությունը ստացավ տեսանյութ, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հետ կապված հնարավոր գործարքները:

Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը (COP29) պետք է կայանա նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում:

Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը օգտագործել է իր դիրքը՝ պետական նավթագազային ընկերության համար ներդրումներ ներգրավելու փորձերի համար: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա քննարկում հնարավոր գործարքը մի մարդու հետ, ով ներկայացել է որպես ներդրող:

«Մեզ մոտ բազմաթիվ գազի հանքավայրեր կան, որոնք պետք է շահագործել», — ասում է նա ձայնագրության մեջ։

ՄԱԿ-ի կլիմայի հարցերով պատասխանատու գերատեսչության նախկին ղեկավարը հայտարարել է BBC-ին, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի են» և դա «COP-ի ողջ գործունեության դավաճանություն է»։

Սուլթանովը ոչ միայն COP29-ի տնօրենն է, այլ նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար: Նա նաև SOCAR-ի՝ պետական նավթագազային ընկերության (ԳՆԿԱՐ) վարչության անդամ է: COP29-ի ադրբեջանական թիմը չի պատասխանում հարցումներին։

Նավթն ու գազը կազմում են ադրբեջանական տնտեսության կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։

COP29 համաժողովը կբացվի երկուշաբթի։

COP-ի շրջանակներում գործարքներ կնքելու փորձը համարվում է լուրջ խախտում:

Այս միջոցառումները պետք է ուղղված լինեն հանածո վառելիքի օգտագործման կրճատմանը՝ որպես կլիմայի փոփոխության հիմնական գործոն, այլ ոչ թե դրա վաճառքի ծավալների ավելացմանը։

Այս կանոնները սահմանվել են կլիմայի վերաբերյալ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) կողմից։

BBC-ի լրագրողները ծանոթացել են COP29-ի թիմի և կեղծ ներդրողների միջև նամակագրությանը։ Նամակների մի շղթայում քննարկվում էր 600 հազար դոլար արժողությամբ հովանավորչական գործարք, որը SOCAR-ին թույլ էր տալիս մասնակցել միջոցառմանը, որը նվիրված էր «տևական ներդրումներին նավթում և գազում», հենց COP29-ի ընթացքում։

Մխիթար Ավետիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուղեղի կաթված է ստացել

«Սասնա Ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հայտնել է Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ Սամվել Ասլիկյանը:

«Սասնա Ծուռ Մխիթար Ավետիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է հիվանդանոց: Առողջություն, սիրելի Մխիթար»,- գրել է նա:

Նոր տվյալներ արցախցիների բնակապահովման ծրագրից․ ո՞նց են ապահովելու 25 հազար ընտանիքի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ.-ի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թ.-ի հունիսի 14-ի N 898-Լ որոշումների մեջ: Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է ծրագրի իրականացման կարգը։

2024 թ.-ի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք (4199 անձ), որից 24-ի դիմումը հաստատվել է, 264-ինը մշակման փուլում է, 912-ի դիմումը մերժվել է, քանի որ ընտանիքի առնվազն 1 անդամը չի բավարարել ծրագրի պայմաններից որևէ մեկին։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե ինչ պայմանների պետք է բավարարեն ընտանիքները, ինչ խնդիրներ են արդեն իսկ ի հայտ եկել պրակտիկայում: Ակնկալվում է, որ այս նախագծերի կյանքի կոչման պարագայում 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից և 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կապահովվի բնակարանով։

2025 թ.-ի բյուջեի հայտով ծրագրի համար նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ»: