Հավաքը նախատեսված ձեւաչափով չի կայանա։ Կառավարությունը համաձայն է փոփոխությունների

Լիաննա Պետրոսյանը գրում է․ 
Ինչպես տեղեկացրել էի՝ այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ, որը նույնպես տեւեց 2 ժամ։
Հանդիպմանը շարունակել ենք քննարկումը տեղահանվածների համար առաջնային սոցիալական խնդիրների և դրանց լուծմանը հասնելու հնարավոր տարբերակների շուրջ։
Իմ կողմից ներկայացվել են՝
Բնակապահովման ծրագրի շրջանակում՝
1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման Ծրագրին դիմելու պահին։
3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։
Սոցիալական աջակցությունների շարունակականություն՝
1. Գործող ծրագրի շարունակականություն՝ մինչեւ յուրաքանչյուրին սեփական տներով ապահովելը։
2. 2025թ ապրիլից աջակցությունը տրամադրել սեփականություն չունեցող բոլոր ընտանիքներին՝ առանց խոցելիության ու տարբերակումների՝ հավասարաչափ:
3. Խոցելի խմբերի տարբերակում իրականացնել 2026 թ հունվարի 1-ից՝ պահպանելով 50 հազար ՀՀ դրամը՝ որպես խոցելի խումբ համարելով նաև 55+ տարիքի անձանց՝ անկախ սեռից, 3-րդ խմբի հաշմանդամներին, հաշմանդամի խնամակալին, ինչպես նաև սահմանել հատուկ ամսական 50 հազ բնակվարձի աջակցություն այն ընտանիքներին, որտեղ չեն լինի խոցելի խմբի անդամ հանդիսացող շահառուներ։
Իրատեսական զբաղվածության ծրագրեր՝
1. Արտոնություններ ու լրացուցիչ բանկային երաշխիքներ սահմանել ՓՄՁ-ների համար։
2. Գործիքային կամ նախնական գումարային աջակցություն ստարտափերին և նախաձեռնություններին։
3. Զբաղվածության ծրագրերում տարբերակում չդնել 2020 և 2023 թվականներին տեղահանված անձանց միջև:
Երկօրյա քննարկումների արդյունքում՝
Կառավարության կողմից առաջարկվում է՝
⬇️Բնակապահովման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Մեկ անձին տրամադրվող գումարի չափի վերանայում՝ ըստ որոշ բնակավայրերի։
2. Դիմելու պահի դրությամբ քաղաքացիության պահանջի բացառում. Քաղաքացիության պահանջը կծագի սերտիֆիկատն իրացնելու պահից։
3. Արտոնյալ պայմաններ կառուցապատման դեպքում։
4. Հողամասի ձեռքբերման սահմանաչափի վերանայում. գործող նվազագույն 400 քմ-ի փոխարեն հողամասի և կառուցվելիք տան քմ-ների հարաբերակցության գործակցի սահմանում (նախնական՝ 60 տոկոս)։
5. Տրամադրվող գումարից 2 մլն-ի փոխարեն մինչեւ 4 մլն-ի հնարավորություն՝ հողի ձեռքբերման համար։
6. Անհատական բնակելի տան կառուցման համար այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
7. Լրացուցիչ վարկավորման անհրաժեշտության դեպքում նվազագույն 50 տոկոսի պարտադիր պայմանի չեղարկում։
8. Տրամադրվող աջակցությունից 10 տոկոսը որպես կանխավճար օգտագործելու հնարավորություն։
9. Յուրաքանչյուր անձի հաշվով նվազագույն 12 քմ չեղարկում մինչեւ 9քմ, շեղում՝ մինչեւ 3 քմ-ի հնարավորությամբ։
10. Սոցիալական բնակարանների ծրագրի ներդրում։
11. 2022 և 2024 թթ հավաստագրերի միացման կամ միայն 2024 թ հավաստագրերում ընդգրկման հնարավորություն։
12. Կերակրողին կորցրածի, զոհվածի ընտանիքներն տրամադրվող աջակցության չափի, ինչպես նաև բոլոր դեպքերով անհատական բացառությունների քննարկում։
⬇️Սոց.աջակցության շարունակականություն այս պահին չի դիտարկվում։
Սակայն, եթե ապրիլից նոր ծրագրի ներդրումով կլինեն մարդիկ եւ ընտանիքներ, որ կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում, բոլոր դեպքերով կարվի ուսումնասիրություն և կտրվեն լրացուցիչ լուծումներ։
⬇️Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի շրջանակում կիրականացվեն անհատական դեպքերի ուսումնասիրություններ։ Այս համատեքստում հնարավոր է օբյեկտիվ պատճառներով Օպերատիվ շտաբի տվյալների և 100 հազ ծրագրի շահառու չհանդիսացած անձանց տվյալների վերանայում և նրանց ընդգրկումը աջակցության ծրագրերում։
➡️Զբաղվածության ծրագրերի հետ կապված նախատեսվում են որոշակի փոփոխություններ՝ կապված ՓՄՁ-ներին տրամադրվող արտոնությունների հետ։
‼️Բնականաբար, մեր կողմից այս առաջարկները բավականաչափ ընդունելի չեն, բայց Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկումները բաց են և շարունակելի։
Միաժամանակ՝ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ բոլոր այն հարցերը և առաջարկությունները, որ կլինեն հիմնավորված, և տեղահանվածների հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպությունների կողմից կներկայացվեն Կառավարությանը, դրանց շուրջ հնարավոր է նախատեսել լայն քննարկում։
Հարգելի’ հայրենակիցներ,
Այն հարցերը, որ պիտի բարձրացվեին նախատեսվող հավաքի ժամանակ, և պատասխանները, որ ակնկալում էինք ստանալ ՀՀ Կառավարության պատասխանատուներից, արդեն իսկ քննարկման առարկա են դառնում, ինչպես նաև նկատվում է որոշակի տեղաշարժ։
Այդիսկ պատճառով՝
հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան նախնական փոփոխություններ, և ակնկալվող աշխատանքների արդյունքում սպասվում են լրացուցիչ փոփոխություններ,
Ինչպես նաև հաշվի առնելով մեր հայրենակիցների սոցիալական վիճակը՝ վաղվա հավաքը նախատեսված ձեւաչափով չի կայանա,
և գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ։
❗️Եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ՝ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։
Վերը նշված աշխատանքների իրականացման համար բոլոր շահագրգիռ կողմերն ունեն ողջամիտ ժամանակ։

Օսիպյան․ Պետք է մի կողմ թողենք բամբասանքները, որպեսզի կարողանանք ինքնակազմակերպվենք

Artur Osipyan-ը գրում է․

“Արցախցիների պրոբլեմը ՀՀ իշխանություններն են,
Արցախցիների պրոբլեմը ՀՀ ընդդիմությունն է,
Արցախցիների պրոբլեմը Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն են,
Արցախցիների պրոբլեմը Ռուսաստանն է, Ադրբեջանը և Թուրքիան։
Բայց սրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են, եթե մենք ինքներս մեզ չխոչընդոտենք։
Ես հաճախ եմ հարցնում, թե ինչու՞ ենք մենք այսպիսի քաղաքական պասիվություն դրսևորում և միշտ ստանում նույն պատասխանը՝ չավարտվող բանբասանքներ, որ ամեն մի քաղաքական նախաձեռնությանը և նախաձեռնող խմբի կամ անձի հետևից անդադար կեղծ խոսակցություններ են տարածվում։
Նման կեղծիքները շրջանառության մեջ են դրվում վերը թվարկված թշնամիների կողմից, որպեսզի տարանջատեն մեզ իրարից։ Մի տրվեք նման լուրերին, մի կրկնեք նրանց թեզերը, մինչև հստակ չեք համոզվել լուրի իսկությանը։
Հարգելի արցախցիներ, մենք պետք է մի կողմ թողենք բամբասանքները, որպեսզի կարողանանք ինքնակազմակերպվենք, որպեսզի ինքներս չխանգարենք նրանց, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օգնել ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին։
ՔՊ-ականներից այլ փրկում չկա․  կամ մենք համախմբվում ենք Արցախի խնդրի շուրջ, կամ գնալով վիճակն էլ ավելի կծանրանա, և մեզ երկար ժամանակ չի մնա՝ լուծելու մեր հարցերը, որպեսզի չհայտնվենք փողոցներում։

Արցախցիներին նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են․ Ղազարյան

Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին․ «Պարոն Ղազարյան, ես այս շենք մտել եմ՝ ցույց տալով Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտը, որը ես ստացել եմ 2022 թվականին։ Խնդրում եմ, պարզաբանում կտա՞ք, ինչպես եմ ես ստացել այդ փաստաթուղթը»։

«Ինչպես ստացել եք 070 կոդով անձնագիրը, որը ՀՀ քաղաքացու ձեւանմուշի է, նույն տրամաբանությամբ ստացել եք նույնականացման քարտը»,- պատասխանեց Արմեն Ղազարյանը։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ օրենքն  ասում է՝ միայն ՀՀ քաղաքացիներին է տրվում ՀՀ նույնականացման քարտ։

«Այո, ճիշտ եք, անձնագիրն էլ նույն նշումն ունի եւ ունի կարգավորում, դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են։ Եվ ըստ այդմ՝ մենք չենք կարող հիմա այդքան մարդու համար խնդիր առաջացնել այդ մասով»,- արձագանքեց Արմեն Ղազարյանը։

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց․ «Ես ճի՞շտ հասկացա՝ նույնականացման քարտը չպետք է տրվեր եւ տրվել է օրենքի խախտումով»։ Արմեն Ղազարյանը չպատասխանեց։

 

«Զինծառայության մասով չեմ կարող մեկնաբանություններ անել, պարոն Մոսիյան, իրավասու չեմ». Արմեն Ղազարյան

«Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, Զինված ուժերի մասին օրենքն ասում է՝ ՀՀ Զինված ուժերում իրավունք ունեն ծառայել բացառապես ՀՀ քաղաքացիները։ Ես ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ քաղաքացի եմ, եթե ծառայել ու վիրավորվել եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում»,- Ազգային ժողովում այսօր հրավիրված քննարկման ժամանակ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հարցրեց Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։

Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի Մոսիյանի քաղաքացիության մասին։  Մոսիյանը պարզաբանեց․ «Ունեցել եմ 070 կոդով անձնագիր, մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը հաշվառված եմ եղել Արցախի Հանրապետությունում»։

«Տրամաբանորեն Լեռնային Ղարաբաղի բնակիչ եք, ով ներկայումս գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության տակ։ Զինծառայության մասով չեմ կարող մեկնաբանություններ անել, պարոն Մոսիյան, իրավասու չեմ»,- պատասխանեց Արմեն Ղազարյանը։

 

Արցախցիների մոտ ՀՀ քաղաքացիություն ստանալ հարցն ուղիղ կապված է նաեւ Արցախ վերադարձի հեռանկարի հետ

«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմելու ՀՀ քաղաքացիության համար, եւ պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու հարցն ուղիղ կապված է նաեւ Արցախ վերադարձի հեռանկարի ու վերադարձի իրավունքի հետ։

«Ես ուզում եմ, որ այս հարցին շատ լուրջ մոտենանք, քանի որ մարդկանց հետ ամենօրյա շփումներից եւ այս թեմայով խոսակցություններից իմ կատարած հիմնական եզրակացությունն այն է, որ հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է։ Մարդիկ մտահոգություն ունեն, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջի ներդրումը, կարծես պարտադրանքը մարդկանց մոտ ձեւավորում է վերաբերմունք, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու։ Եվ ըստ այդ էլ ձեւավորվում է հակադրություն՝ մարդիկ հակվում են կառչել Արցախի հետ կապված միակ փաստաթղթից՝ 070 ծածկագրով անձնագրից։

Այս հարցերի ճիշտ հասցեագրման դեպքում նման խնդիրներ չէին առաջանա, անհրաժեշտ է ձեւավորել ճիշտ հիմքեր, որոնք բռնի տեղահանվածների մոտ վստահություն կստեղծեն առ այն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից եւ Արցախի նկատմամբ այլ իրավունքներից։ Ասվածը վերաբերում է նաեւ գույքային իրավունքներին»,- նշեց Ստեփանյանը։

ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում արցախցիները բախվում են նաեւ տեխնիկական վարչարակական խնդիրներին, թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարել են, թե գործընթացը պետք է պարզեցված լինի։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ մարդիկ հանդիպում են ծննդյան վկայականի կամ այլ կարեւոր փաստաթղթերի վերականգնման խնդրին։ Այդ փաստաթղթերը կորել են տեղահանման ժամանակ, եւ դրանց վերականգնման անհնարինությունը հաճախ հանգեցնում է դատական քաշքշուկների։

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ իրականում արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրը մինչեւ 2023 թվականը անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ՀՀ քաղաքացին ուներ։ Բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, բայց Հայաստանում հաշվառվելուց եւ ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաեւ կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանի Հանրապետությունում։

«Որպես ասվածի ապացույց՝ կարող ենք վկայակոչել այն հանգամանքը, որ 070 ծածկագրով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում ՀՀ պետական հանրային ծառայության ոլորտում, մի բան, որն օրենքով հասանելի է բացառապես ՀՀ քաղաքացիների համար»,- հավելեց Ստեփանյանը։

Հռետորականությունը փոխվել է․ նորից պատրաստ են “հերն անիծել”

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ԵԿՄ գումարտակների մարտական դիրքերի հենակետեր ստուգայցեր է անցկացրել։

Մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ականները վստահեցրել են՝ մարտական հենակետում ծառայությունն անցնում է անփորձանք, բարոյահոգեբանական վիճակն «ուժեղ-կայուն» է։

«Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել»,- նշել է հենակետի ավագը։

ՀՀ Կառավարության եւ բանակի ներկայացուցիչները վերջին ամիսներին խուսափում էին “թշնամի”, “հերն անիծել”, “դիմադրություն” բառերից։ Նույնիսկ պաշտպանության նախարարն էր ասում, որ ուժով չեն վերականգնի տարածքային ամբողջականությունը։  

Կկշտամբի՞ պաշտպանության նախարարը Սասուն Միքաելյանին զեկուցող ացագ սպային։   

Նրանց համար ավելի դժվար է. «Մենք ուզում ենք հաստատվել Հայաստանում և համաձայն ենք սոցիալական բնակարանի»

2023 թվականի էթնիկ զտումների հետևանքով Արցախից բռնատեղահանված փախստականների թվում կան մարդկանց առավել խոցելի կատեգորիաներ, ովքեր հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանց թվում են՝ Արցախյան երեք պատերազմի մասնակիցները, ովքեր վիրավորվել են մարտերի ժամանակ, Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորները, հաշմանդամություն ունեցող անձինք։

Սոցիալական տարբեր խնդիրների լուծումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես վերը նշված շերտերի, այնպես էլ Արցախի ողջ բնակչության համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակարանային խնդրին, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը ստիպված է բնակարաններ վարձակալել։

Ճարտարցի Նարե Հակոբյանը մանկուց հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ է ունեցել.

«Ծնվելուց երեք ամիս անց սկսեցի նկատել Նարեի առողջական խնդիրները։ Շուտով նրա մոտ ախտորոշվեց մանկական ուղեղային կաթված, և մենք նրա գրեթե ողջ մանկությունն անցկացրել ենք Ստեփանակերտի և Երևանի բուժհաստատություններում։ Չնայած բավականին բարդ ախտորոշմանը, նրա ընտանիքը և ընկերները փորձում էին անել հնարավորը, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով։ Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժման շրջանակներում հաճախել է տարբեր խմբակներ, ինչպես նաև անցկացրել է հիանալի ժամանց և ձեռք բերել բազմաթիվ ընկերներ։ Նրան այնքան դուր եկավ կենտրոնը, որ բուծման կուրսն ավարտելուց հետո չեր ցանկանում լքել այն։

Բառացիորեն պատերազմի սկսվելուց առաջ՝ 2023-ին, մենք ավարտեցինք ևս մեկ կուրս և վստահ էինք, որ շուտով նորից կվերադառնանք։ Բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ։ Երկարատեւ, հոգնեցուցիչ փորձություններից հետո մեզ արտաքսեցին ու ստիպեցին հեռանալ Արցախից՝ թողնելով ամեն ինչ։

Շրջափակման պատճառով տանը ընդհանրապես ուտելիք չկար, բլոկադային փշրանքներն ենք մեզ հետ վերցրել։ Սուղ պայմաններում ու վախով երկու օրում հազիվ հասանք Երևան։ Հիմա Աբովյանում ենք ապրում։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմը մեզ առանց ուշադրության չի թողնում՝ պարբերաբար տրամադրելով մեզ անհրաժեշտ բժշկական պարագաներ։ Հուսով ենք, որ Կենտրոնը մոտ ապագայում կվերսկսի իր գործունեությունը նույն ձևաչափով, որպեսզի Նարեն և մյուս հիվանդները կարողանան շարունակել իրենց վերականգնումը։

Մեր ընտանիքը շատ փոքր է, և մեր դեպքում անիրատեսական կլինի օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ ծրագրով նախատեսված գումարները չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայում գներին, և մենք չենք ի վիճակի չենք վարկ վերցնել։ Ուզում ենք հաստատվել Հայաստանում և համաձայնում ենք սոցիալական բնակարանի՝ պայմանով, որ այն հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Նարեի մայրը։

Արսեն Աղաջանյան

Բուռն գիշեր Վրաստանում․ նախագահ Զուրաբիշվիլին արտաքին օգնության է դիմում

Ես ակնկալում եմ բուռն արձագանք եվրոպական մայրաքաղաքներից՝ կապված Վրաստանի իրավիճակի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ժամը 6:30-ի դրությամբ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերն ու բռնաճնշումները դեռ շարունակվում են։ Թիրախը լրագրողներն ու քաղաքական առաջնորդներն են»,- գրել է նա։

«Այսօր Վրաստանում լիովին պարզ դարձավ, որ տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում։ Սա շարունակվեց մի քանի ամիս։ Այսօր ավարտվել է երկիրը եվրոպական դաշտից Ռուսաստան տեղափոխելու գործընթացը», գրել է նախագահը։

«Ես արտասահմանյան դիվանագետներին ասացի, որ նրանք ուշացել են իրենց գնահատականներում [հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ]։ Սպասում էին ինչ-որ ապացույցների։ Ավելին ապացուցելու ոչինչ չկա, ասացի ես նրանց:

Ամեն ինչ հաստատված է, ամեն ինչ պարզ է։ Կան նաև ապացույցներ՝ Պուտինը գոհունակություն հայտնեց Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից և բարձր գնահատեց երկրի իշխանությունների հնազանդությունը։

Դիմեցի նրանց ու խնդրեցի, որ անհրաժեշտ որոշումներ կայացնեն, օգնեն մեզ միակ պահանջով, որը ժողովրդի օրինական պահանջն է՝ նշանակել ու անցկացնել նոր ընտրություններ։ Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում»։

Զուրաբիշվիլին նաեւ ընդդիմությանը միավորվելու կոչ է արել։

«Ես քաղաքական կուսակցություններին ասացի, որ այժմ ժամանակը չէ հայտարարելու իրենց հատուկ կարծիքը, իրենց տեսլականը, ցանկությունները։ Ամեն ինչ վերջացել է: Այսօր հարցն այն է՝ կա՛մ միասին ենք, կա՛մ չենք։

Մեզ հիմա անհրաժեշտ են համակարգված, համատեղ որոշումներ և գործողություններ:

«Սա դիմադրության շարժում է, և ես մինչև վերջ հավատարիմ եմ լինելու դրան։ Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, ես միակ օրինական ներկայացուցիչն եմ այս երկրի, ես միակ պաշտոնյան եմ, ով իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։

Եվ ես պատրաստվում եմ դա անել: Ես կկանգնեմ այստեղ մինչև վերջ ձեր և հասարակության հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի ՆԳՆ-ն գրում է երեք վիրավոր ոստիկանների մասին, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ընդդիմության բողոքի ցույցը ցրելուց հետո՝ իշխանությունների՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարության ֆոնին։

Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից, ուստի ոստիկանությունը դիմել է օրինական միջոցների և կիրառել հատուկ միջոցներ։

Ինչպես հայտնում է Georgia News պորտալը, գիշերը ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով ցուցարարները կորցրել են գիտակցությունը։

Որոշ ժամանակ անց հաղորդագրություն հայտնվեց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության 78 աշխատակիցներ ստորագրել են հայտարարություն՝ ընդդեմ Եվրամիությանը երկրի անդամակցությունը սառեցնելու կառավարության որոշման։

Դրանից հետո ընդդիմադիր կուսակցությունները այսօր նոր հանրահավաք են հայտարարել Ռուսթավելի պողոտայում, որը պետք է սկսվի ժամը 19:00-ին։

Առանց տեղումների, բայց կցրտի

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը 0–ից բարձր կլինի 5-7, երեկոյան՝ 2-4 աստիճանով։

Տեղաշարժի ազատության քողարկված սահմանափակում արցախցիների համար

Եթե նախատեսում եմ 2025 թ․ որոշակի ժամանակով բացակայել ՀՀ-ից, արդյոք կդադարեցվի աջակցության տրամադրումը։ Աարցախցիների այս հարցին պատասխանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը․ 

“Եթե 2025 թ․ նախատեսում եք բացակայել ՀՀ–ից, ապա տվյալ ամսվա աջակցության տրամադրումը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիսների ընթացքում, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը”։

ՀՀ կառավարությունը խտրական վերաբերմունք է ցոցաբերում արցախցիների նկատմամբ, փաստորեն, սահմանափակելով նրանց տեղաշարժվելու իրավունքը։ Արդյո՞ք ՀՀ քաղաքացին, որը բացակայում է Հայաստանում 10 օրից ավելին, զրկվում է սոցիալական վճարումներից։ Եւ արդյո՞ք արցախցիները իրավունք չունեն անձնական, գործնական կամ նույնիսկ տուրիստական գործերով բացակայել ՀՀ-ում, ինչպես դա անում են Հայաստանանի այլ քաղաքացիներ։  

 

Գասպար Կարապետյան․ Սպասել, որ օտարները պետք է լուծեն մեր հարցերը, իրատեսական չէ, Հայաստանի հետ պետք է միասին աշխատենք

Step1.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

-Պարոն Կարապետյան, վերջին ամսիներին մենք ակտիվություն ենք նկատում Եվրոպայում Արցախի հարցով։ Վերջերս Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձեւն ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցն էր բարձրացվում։ Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել, արդյոք գործադիր իշխանությունը քայլեր կանի՞՝ իրագործելու այդ բանաձեւերն ու որոշումները։

-Գործադիր մարմինը միշտ պետք է նկատի ունենա օրենսդիրի ընդունած որոշումները կամ բանաձեւերը, բայց պարտավոր չէ հետեւել դրանց։ Անշուշտ, որքան շատ բանաձեւեր ու որոշումներ լինեն, որքան ճնշումն ավելի է մեծանում գործադիրի վրա, այնքան ավելի մեծ ուշադրություն կարող է ունենալ գործադիրը օրենսդիրի որոշումների նկատմամբ։ Օրինակ՝ այս վերջին բանաձեւը, որը երկրորդն էր կարճ ժամանակահատվածում, կրկնեց Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Նաեւ խոսեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, հայկական մշակութային հուշակոթողների ավերումը դադարեցնելու մասին։ Այսինքն՝ երբ այս մասին խոսվում է, ի վերջո գործադիրը ստիպված կլինի ուշադրություն դարձնել։ Բայց անմիջական արդյունք չենք կարող սպասել, սա երկարատեւ, համառ աշխատանքի արդյունք է։ Պետք է շարունակենք մեր աշխատանքը, հիմա նոր գործադիր մարմին պետք է ունենանք, օրերս քվեարկություն տեղի ունեցավ, դեկտեմբերի սկզբին պետք է ստանձնի իր պարտավորությունները։ Եվ նույնկեպ իրենց հետ պետք է աշխատենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես կարող են օժանդակել, որպեսզի ավելի լավ որոշումներ ընդունվեն, որոնք կօժանդակեն Արցախը հայերով վերաբնակեցնելուն։

-Գործադիրից ի՞նչ ակնկալիներ կան, կարծում եք՝ ճնշումնե՞ր պետք է գործադրվեն Ադրբեջանի վրա, պատժամիջոցնե՞ր պետք է կիրառվեն։

-Սպասել, որ օտարները պետք է լուծեն մեր հարցերը, իրատեսական չէ։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Անշուշտ, օտարների դերակատարությունը կարող է կարեւոր լինել՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, որպեսզի իր այսօրվա մարդասպան եւ ցեղասպան քաղաքականությունն Արցախի ժողովրդի հանդեպ դադարեցնի, նաեւ դադարեցնեն Արցախի պատմամշակութային հուշարձանների քանդումը ու Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունները։ Այս ճնշումն է, որը կարող են գործադրել օտարները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն դիմել որոշ քայլերի։ Բայց դրանից այնկողմ մենք պետք է մեր ձեռքով մեր ապագան կերտենք։ Եվ դա կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունից, թե որքանո՞վ են պատրաստ եւ ուզում դա անել։

Դրա համար մեր կոչն այն է, որ Հայաստանի հետ պետք է միասին աշխատենք, առանձին աշխատանքը բավարար չէ։ Մենք ամեն ինչ անում ենք եւ պետք է անենք Արցախի մեր հայրենակիցների համար, բայց Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց հերթին պետք է այդ հարցերը բարձրացնեն եւ պետք է փորձեն հզորացնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել թե Հայաստանը, թե ապահովել Արցախի մեր հայրենակիցների վերադառանալու իրավունքը։ Մենք մեր հերթին ինչ կարողանում ենք, Սփյուռքի մեջ անում ենք՝ ամբողջ Հայ դատի ցանցերը, մեր գրասենյակը 14 հանձնախմբերի, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օժանդակենք Արցախի մեր հայրենակիցներին։ Եվ որոշ բաներ հաջողում ենք, անշուշտ, շատ բաներ չենք բացահայտում, որովհետեւ բացահայտումը կարող է թշնամու ձեռքին խաղաքարտեր տալ։

-Կան տեսակետներ, որ Սփյուռքն ինքը չի ուզում աշխատել Հայաստանի այսօրվա իշխանության հետ, համագործակցություն կա՞։

-Տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների հետ համագործակցություն կա։ Իսկ Հայաստանի կենտրոնական կառավարության մեջ լուրջ պրոբլեմ կա, կան երկդիմի հայտարարություններ վարչապետի կողմից, որոնք կարող են շփոթմունք ստեղծել։ Սակայն կան երկրներ, որտեղ դեսպանների հետ կա համագործակցություն։ Օրինակ՝ Բրյուսելում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավարի՝ դեսպանի հետ ունենք համագործակցություն գերիների ազատ արձակման հարցով։ Նույնը նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների հարցով ունենք լավ համագործակցություն։ Կան դեսպաններ, որոնք հավանաբար իրենց անձնական նախաձեռնությամբ փոքր-ինչ այլ կողմ են գնում Հայաստանի իշխանության գավառապետական որոշումներից, բայց դա բավարար չէ, հիմնականը կենտրոնն է։ Կենտրոնական իշխանությունը պետք է ակտիվ լինի, հստակեցնի, թե իսկապես ուզո՞ւմ է, որ Արցախի ժողովրդի համար աշխատենք, թե՞ ոչ։

-Արցախցիների վերադարձի հարցի քննարկման համատեքստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկում է վերադարձի իրավունքի իրացման հարցը, ինչպե՞ս պատկերացնում դրա իրագործումը։

-Մեր պատկերացումը Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է։ Այսինքն՝ եթե 4000-5000 մարդ պետք է գնա, դա վերադարձ չէ։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պետք է տեղի ունենա իր պապենական հողերի վրա։ Եվ դա պետք է տեղի ունենա միջազգային պաշտպանության երաշխիքներով։ Այսինքն՝ իսկապես պետք է երեւա միջազգային պաշտպանությունը, որ ժողովուրդը կարողանա վերադառնալ եւ զգալ, որ ինքն ապահով է, եւ իր կամ իր զավակների կյանքը վտանգված չէ։ Դրա համար Ադրբեջանը պետք է ապագայի մասին բանակցի ու խոսի Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Համենայնդեպս, մեզ համար հստակ է, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ ձեւ եւ ինչպես պետք է լինի իր ապագան իր հողերի վրա։ Դա մեզ համար սկզբունքային հարց է, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի։ Եթե տեսաք, Եվրոպական խորհրդանի վերջին բանաձեւն էլ այդ մասին էր, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Մենք երկար ժամանակ պաշտպանել ենք այս հարցը, նաեւ Եվրոպական խորհրդարանի առաջ, եւ այս անգամ այդ հարցն արտացոլվեց նաեւ իրենց բանաձեւի մեջ։ Առանց միջազգային երաշխիքների, այսօվա պայմաններում ո՞վ պետք է ուզենա վերադառնալ Արցախ, ի՞նչ պայմաններով, բոլորս էլ գիտենք, թե ինչ ապագա է նրանց սպասվում, եթե վերադառնան։ Պետք է իսկական միջազգային պաշտպանության երաշխիք լինի, միայն խոսքով չլինի, պետք է գետնի վրա լինի այդ երաշխիքը, որպեսզի մարդիկ վերադառնան։

Հայաստանի իշխանությունն Արցախի քաղաքական հարցերն ընդհանրապես փակել է։ Այս հարցով ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Շատ ավելի ուժեղ կլինեին մեր դիրքերը, եթե Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ աշխատեին։ Դժբախտաբար, ունենք այն, ինչ ունենք, այդ մեր ունեցած իրականության շրջանակներում մենք մշակում ենք ծրագրեր, մեր աշխատանքային ուղին, որոնց հիման վրա պետք է պաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքները։ Որքանո՞վ կկարողանանք մարդկանց համոզել, դա կախված է նաեւ մեզանից եւ նաեւ դիմացինից, թե որքանով են պատրաստ ընկալել մեր ասածները։ Բայց պետք է ասել, որ բավական ճանապարհ ենք անցել, որովհետեւ Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որն Արցախի ժողովրդի հիմանարար իրավունքներն է առաջ տանում միջազգային գետնի վրա։ Ինչպես գիտեք, այն ղեկավարում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նաեւ այս հանձնախմբի վեց ամսվա աշխատանքի արդյունքն է այն, որ այսօր չկա հակառակ տեսակետ, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը գոյություն ունի։ Յուրքանչյուրը տարբեր կերպ է դա հասկանում, բայց մենք ելակետը սա պետք է վերցնենք եւ միշտ մեջտեղ պետք է բերենք այս հարցը, որ Արցախի ժողովրդի իրավունքը պետք է միշտ մնա սեղանի վրա։ Դրանից հետո արդեն սկսելու ենք մշակել ծրագիր, թե ինչ ձեւով պետք է դա արվի։ Ես ընդհանուր ներկայացրեցի, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Բայց շատ կարեւոր է նաեւ Արցախի ժողովրդի դերակատարությունը։ Մենք կկարողանանք հաջողել, եթե Արցախի ժողովուրդն ինքը ցանկանա վերադառնալ իր հայրենիք։ Մեր ունեցած տվյալներով՝ Արցախի ժողովրդի 90 տոկոսը ցանկանում է վերադառնալ։ Բայց Արցախի ժողովուրդն այս հարցում հաստատակամ պետք է մնա, նրանք պետք է մնան Հայաստանում, եթե Արցախցին հեռանա Հայաստանից, ի՞նչ իմաստ կա խոսել վերադարձի մասին։ Արցախի ժողովուրդը պետք է հաստատակամ մնա, որպեսզի ի դեմս Արցախի ժողովրդի հենարան ունենանք, որ ավելի լավ կատարենք մեր աշխատանքը։

Արցախի հարցով հիմնականում առաջ են քաշվում «էթնիկ զտում» եւ «վերադարձի իրավունք» հասկացությունները, այնինչ, պարզվեց, դրանք միջազգային իրավունքի նորմ չեն։ Որքանո՞վ է արդյունավետ այս ուղղությամբ աշխատանք իրականացնելը։

-Ես արդեն ասացի, որ այսօր որեւէ մեկը չի ժխտել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, եւ այսօր չկա որեւէ մեկը, ով կակսկածի տակ կդնի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Գրավոր ինչ կա, ինչ չկա, դա այլ հարց է, ամեն ինչ գետնի վրա է։ Կա նաեւ Միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի վերադարձի համար։ Կա նաեւ Օկամպոյի ուսումնասիրությունը, որ Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այս ամենը նշանակում է, որ արցախցիների իրավունքն է՝ վերստանալ իրենց ունեցվածքը, իրենց կյանքն այնպես, ինչպես ապրում էին։ Դա նշանակում է վերադարձի իրավունք, ուրիշ բան չի նշանակում։

Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են Արցախի ու Հայաստանի հարցով։

– Սփյուռքը Արցախի ժողովրդին սատարում է եւ զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունն էլ է վտանգված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթով, որն սկսել է Ալիեւը։ ՀՀ տարածքներից ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանի ձեռքին է, բռնազավթված է։ Սփյուռքը պատրաստ է իր կարողությունների շրջանակներում անել այն, ինչ կարող է՝ օգտագործելով իր ձեռքին ունեցած գործիքակազմը, որպեսզի օժանդակի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, որը վերադաձի իրավունքից բացի ներառում է նաեւ մեր պատմամշակութային կոթողների, հայ ժողովրդի հարստության պահպանումը Արցախում։ Նաեւ Սփյուռքը պատրաստ է եւ պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության անվտանգության ու հայ ժողովրդի բարօրության ուղղությամբ։

Ռոզա Հովհաննիսյան

Լեւոն Հայրյան․ Եթե մեր քաղաքական իրավունքները հարգվեն, սոցիալական հարցերը կլուծվեն ավտոմատ

Levon Hayryan-ը գրում է․