26 տարի ուժային կառուցներում ծառայած Միքայելը զոհ դարձավ չարաբաստիկ պայթյունին

2023-ի սեպտեմբերի 19-ի ողբերգական պատերազմից հետո ճակատագիրն արցախահայության համար հերթական արհավիրքն էր նախապատրաստել։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը բազմապատկեց արցախցիների ցավը։ Զոհվեցին 238 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները, 22 հոգու ճակատագիր անհայտ է, տասնյակները դեռևս պայքարում են լիարժեք ապաքինվելու համար:

Միքայել Առստամյան: Երեք երեխաների հայր, երկու քույրերի մինուճար եղբայր, մոր հպարտություն, թև ու թիկունք:

Արցախյան առաջին պատերազմում զոհված Վլադիմիր Առստամյանի որդին դաստիարակվել էր իսկական արցախցի տղամարդու կերպարով։ Շուրջ 26 տարի Միքայելը ծառայել է Արցախի ուժային տարբեր կառույցներում։ 15 տարի ԱՀ ոստիկանության, ապա՝ փրկարար ծառայության շարքերում էր։ 2020-ի պատերազմից հետո ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ի շարքերում։

Մայրը` տիկին Ալինան, լռելյայն է տանում մինուճար որդու կորստի ցավը։ Սեպտեմբերի 25-ին միանգամից փոշիացան նրա երազանքները, երկինքն ասես փուլ եկավ գլխին, թվում էր՝ չի կարող այլևս ապրել առանց  որդու։

Արցախից տեղահանվելուց հետո Միքայելի ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Վիշտն անասելի ծանր է որդեկորույս մոր համար, սակայն, երբ նայում է անհայր մնացած թոռնիկների ու հարսի աչքերին, հասկանում է, որ պետք է ուժ հավաքի և հանուն նրանց՝ ապրի։ Նահանջելու իրավունք չունի։

Թեև շատ դժվար է, սակայն Առստամյանները փորձում են հարմարվել, ինտեգրվել նոր միջավայրին։ Ընտանիքում աշխատող չկա և ինչպես են շարունակելու ապրել՝ չգիտեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Եթե մենք որոշենք մնալ բուսակերներ, ապա գիշատիչները կհաղթեն». Մակրոն

«Եվրոպան այլևս չի կարող մնալ աշխարհի «բուսակերը» Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Բուդապեշտում կայացած գագաթնաժողովում՝ դիմելով եվրոպական առաջնորդներին:

Էմանյուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է դառնա «ամենակեր», մեջբերում է Politico-ն իր հրապարակման մեջ:

«Ես շատ պարզ եմ մտածում. աշխարհը բաղկացած է բուսակերներից և գիշատիչներից։ Եթե մենք որոշենք մնալ բուսակերներ, ապա գիշատիչները կհաղթեն, և մենք նրանց համար կդառնանք առևտրի ասպարեզ», – ասել է նա:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է, նվազագույնը, «ամենակեր» դառնան։ «Ես չեմ ցանկանում լինել ագրեսիվ, բայց մենք գիտենք, թե ինչպես ինքներս մեզ պաշտպանենք այս բոլոր հարցերում», – ասել է Մակրոնը։

Արցախցիերը Հայաստանում քվեարկելու իրավունք կունենա՞ն

Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում  «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պատասխանեց. «Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված  շատ ծավալուն քննարկում ենք ունեցել, շատ թեժ, ձեզ  բերվել են այն բոլոր հակափաստարկները՝  և իրավական, և խնդիրների, և Արցախի մեր քաղաքացիների իրավունքները  պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։
Այդուհանդերձ, ձեր կողմից գրավոր ներկայացրած առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»։

Ալիեւը հիմա էլ սպառնում է Հայաստանին, որ չզինվի

«Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից քանի դեռ ուշ չէ», – 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակի մասին խոսալով, հայտարարել է Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում, մեր ուզածին հասել ենք․ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Տարածքային ամբողջականությունն ապահովվում է սահմանի ամբողջ երկայնքով, տեղահանվածները վերադառնում են իրենց նախնիների հողեր։ Այժմ մենք ստեղծելու աշխատանքով ենք զբաղվում, սա ամենակարևոր խնդիրն է», – նշել է Ալիևը:

«Մենք հիմա էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»,- իր ուղերձում նշել է Ալիևը և ընդգծել՝ «30-ամյա օկուպացիայի պատմությունը անհնար է ջնջել մեր հիշողությունից»։

«Ով կցանկան դարձյալ փորձել մեր ուժը, կրկին կպարտվի։ 44-օրյա հայրենական պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև նրա հետևում կանգնածների դառը և նվաստացուցիչ պարտությունը«, – հավելել է Ալիևը։

Forrights. Տրիվոգով բարձրացա դիրքեր, հետ եկա, տուգանեցին․ հիմա չեն թողնում մեքենա վարեմ

Forrights.am-ի հրապարակումից հետո Արցախից բռնի տեղահանված Արտակ Գասպարյանին ՆԳՆ նոր անձնագիր է տվել։ «Մի քանիօր առաջ զանգեցին, կանչեցին, տվեցին»,-Forrighst.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արտակը անձնագրի համար ՀՀ իրավասու մարմիններին դիմել էր մի քանի ամիս առաջ, չնայած, որ աշխատանքի ընդունվելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է, բայց պետական կառույցներն այն ձգձգում են։ Այս օրինակը փաստում է այն։

Արտակ Գասպարյանն այժմ էլ այլ խնդիրների է բախվել։ Պարզվում է՝ Արցախում թույլ տրված երթևեկության կանոնների խախտման համար Հայաստանում իրավունք չունի մեքենա վարել։

«Ինձ ասում են առանց վարորդական իրավունքի մեքենա եմ վարել, ասում են զրկված ես եղել, բայց ինձ Ստեփանակերտում համաներել են, պարզապես լույս չի եղել, որ այդ թուղթը տպեն, տան ինձ, բայց ես գիտեմ, որ իմ համաներման որոշումը փոխանցել են Հայաստանի ոստիկանությանը։ Ես խոսել եմ մեր Արցախի ոստիկանության ՃՈ-ի պետի հետ ասում է, որ համաներված եմ ու թղթերը այստեղի ոստիկանությունում է։ Ասել եմ՝ մի թուղթ տվեք, որ իրենց ցույց տամ, ասում են՝ սաղ տվել ենք ՀՀ ոստիկանությանը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գասպարյանը։

Նա նշում է, որ Արցախում վարորդական իրավունքից զրկվելուց հետո ստիպված է եղել ավտոմեքենան վարել, քանի որ զինծառայող է եղել, տագնապով կանչել են զորամաս, չգնալ չէր կարող։ Արտակը զինծառայող է, Արիության մեդալակիր, մասնակցել է 2016, 2020, 2023 թվականների պատերազմներին։

«Տրիվոգով գնացել եմ զորամաս՝ 2022 թվականի փետրվարի 13-ին։ Տագնապ էր, ես էլ Ննգի գյուղում էի ապրում, մեր զորամասն էլ Շուշիի տակն էր, հետ գալուց կանգնեցրել են, ասում են՝ իրավունքդ ուրա, ինչու ես առանց պռավի քշում, ասում եմ՝ տագնապ էր, բա ինչպես գնայի զորամաս, զինվորականի գործն է, հենց տագնապ տան, պետք է  գնաս նշված վայր։ Սրա համար գործ են հարուցել, միլիոնները, միլիարդները ջրեցին, թղթերը վառեցին, էս փոքր գործը բերեցին ստեղ։ Սրա համար դատ է գնում, 375 հազար դրամ տուգանք է սահմանվել, պետք է վճարեմ, որ գործը փակվի։ Դատարանի կողմից սահմանված տուգանք է»,-ասում է նա՝ նշելով, որ չունի գումար պետական տուգանքը վճարելու համար։

«Չեմ կարողանում մուծեմ, որտեղի՞ց մուծեմ, տան վարձը չեմ կարողանում վճարել։ Արցախում ասել եմ կտամ, բայց այստեղ չեմ կարողանում տալ, իրենք էլ ասում են՝ չես տալիս մեքենադ բռնագանձում ենք։ Ես էլ ասում եմ մի մեքենա էլ ու տուն էլ Արցախում է մնացել, գնացեք դա բռնագանձեք։ Նոր եմ աշխատանքի անցել, անվտանգության աշխատող եմ, 135 հազար դրամ է աշխատավարձը, իսկ տան վարձը 150 000 դրամ է, տուգանքը ո՞նց վճարեմ»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights

Ուկրաինայում մահացել է ևս մեկ ռուս գեներալ՝ ուկրաինական ազգանունով

Ուկրաինայի զինված ուժերի կողմից սպանված ռուս գեներալ-մայոր Պավել Կլիմենկոն, պարզվեց, խոշտանգումների սիրահար էր։ Ինչպես պարզվեց, Դոնեցկի 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը Դոնեցկում կազմակերպել է  իսկական խոշտանգումների նկուղ։

Բոլոր նրանք, ովքեր չէին ուզում գնալ «մսային հարձակումների», հայտնվում էին Կլիմենկոյի ստորգետնյա նստավայրում․ մի մասից փող էին կորզում, բակց ի վերջո ուղարկում մսաղաց։ Այս մասին հայտնում է Ukraine 365 Telegram ալիքը։

Ռուսներն անսպասելիորեն ուրախությամբ արձագանքեցին Ուկրաինայում ռուսական բանակի 5-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Պավել Կլիմենկոյի լիկվիդացմանը։ Սոցցանցերում մի շարք օգտատերեր ասել են, որ Կլիմենկոն «բոլորովին հերոս չէ»՝ նրա պատճառով մահացել է առնվազն 10 հազար ռուս զինվոր. Այս մասին գրում է Dialog.UA-ն։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում ուկրաինական ազգանունով բազմաթիվ սպաներ կան։

Բոյկոտել COP29-ի անցկացումն Բաքվում. Ֆրանսիացի գործիչների կոչը

Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով  նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին։

Մենք՝ այս պահանջագիրն ստորագրողներս կոչ ենք անում կառավարությանը՝ աջակցելու նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող COP29-ի բոյկոտի  գործողություններին։

Խորհրդարանի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ պատգամավորների կողմից ամոթալի որակված այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար, արատավոր և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական և ապակայունացնող մտադրությունների իրականացումը: Բնապահպանական այս նախաձեռնության անցկացման ժամկետի մոտենալուն զուգընթաց, այս պետության իշխանությունները շարունակում են կոշտացնել իրենց տոնայնությունը ինչպես ներքին ընդդիմության, այնպես էլ հարևան Հայաստանի նկատմամբ, որը ենթարկվում է իր ամբողջականությանն ուղղված սպառնալիքների ուժգնացմանը:

Այդ մասին են վկայում Human Rights Watch և Freedom Now կազմակերպությունների զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին դատապարտել են ադրբեջանական իշխանությունների ջանքերը՝ միտված «քաղաքացիական հասարակության ոչնչացմանը»։ Դրա մասին է վկայում նաև Իլհամ Ալիևի մոտեցումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի բոլոր կետերը մեկ առ մեկ ծաղրի ենթարկելուց, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո շարունակում է անընդհատ բարձրացնել իր պահանջների մակարդակը խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն COP29-ը, ընդհակառակը, կարծես ի ցույց է  դնում նրանց բոլոր իրավախախտումները:

Այս համատեքստում, այս կոչը ստորագրողներն իրենց զարմանքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման նկատմամբ՝ պատվիրակելու բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռյունաշեին՝ Բաքվում Ֆրանսիայի կառավարությունը ներկայացնելու համար: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու ֆրանսիացիներ շարունակում են անհիմն կալանավորված  մնալ այդ երկրում, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում սույն թվականի սեպտեմբերի 4-ին զգուշացում է հրապարակել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ չտալով մեկնել Ադրբեջան:

COP29-ում ներկայացված լինելու այս որոշումը առավել վիճելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Human Rights Watch հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 10-ին բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի միջև 2024 թվականի օգոստոսին կնքված համաձայնագիրը «լի է նշանակալի բացերով և երկիմաստություններով»՝ նպատակ ունենալով պարտադրել մասնակիցներին «հարգել Ադրբեջանի օրենքները» և չմիջամտել երկրի «ներքին գործերին»: Այս ամենը մասնակից երկրներին կստիպի մեղսակից լռություն պահպանել մի պետության իրավական չարաշահումների վերաբերյալ, որը մշտապես հայտնվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների բոլոր վարկանիշային ցուցակների վերջին հորիզոնականներում:

Հնարավո՞ր է արդյոք լրջորեն խոսել բնապահպանության մասին՝ անտեսելով համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա անհիմն ու կամայական կալանքի տակ պահվող և խոշտանգման ենթարկվող բոլոր քաղբանտարկյալների (այդ թվում՝ մարդասեր բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների) կոչերը։ Այս կոչը ստորագրողները դրան չեն հավատում։

Ընդհակառակը, նրանք կառավարությանը հորդորում են խիստ ազդանշան ուղարկել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և գլխավորելով միջազգային արշավը՝ պահանջելու անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղի 120.000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը` ի կատար ածելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ այդ երկրի ավելի քան 200 կմ² տարածքն առ այսօր գտնվում է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։

Կոչը ստորագրել են.

Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն);

Այդա Հադիզադե, Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Շառլ դը Կուրսոն, Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն);

Քրիստին Պիրես Բոն, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Կլոդ Կերն, Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն -UDI);

Էլիզա Մարտեն, Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);

Էմանուել Գրեգուար, Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Ֆրանսուա-Գզավյե Բելամի, Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ – LR);

Իզաբել Սանտյագո, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Լորան Պանիֆուս, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);

Լորան Վոքիե, Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ – LR);

Մարիան Մաքսիմի, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);

Մարտին Ֆրոժե, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);

Մարտին Վասալ, Էքս-Մարսելի նախագահ;

Միշել Էրբիլյոն, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ – LR);

Օլիվյե Ֆոր, Սեն-է-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Պատրիկ Կարամ, Իլ-դը-Ֆրանս շրջանի փոխնախագահ;

Պիեռ Ուզուլիաս, Օ-դը-Սենի սենատոր (Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն), Սենատի փոխնախագահ;

Պիերիկ Կուրբոն, Լուարից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);

Ռեմի Ֆերո, Փարիզի սենատոր (Սոցիալիստական կուսակցություն);

Ռընո Մյուզըլիե, Հարավի տարածաշրջանի նախագահ;

Ռընե Ռուքե, քաղաքապետի պատվավոր տեղակալ;

Սեբաստիան Դըլոգյու, Բուշ-դյու-Ռոնից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);

Ստեֆան Ռավիե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Ազգային միավորում – RN);

Սիլվեն Մայար, Փարիզից ընտրված պատգամավոր (Ensemble – Միասին);

Վալերի Բուայե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Հանրապետականներ – LR);

Վալերի Պեկրես, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ;

Յաննիկ Ժադո, Փարիզի սենատոր (Բնապահպաններ):

Պուտին. Այ եթե Արցախն էլ ցանկանար միանալ Ռուսաստանին…

Ռուսաստանը միշտ ճանաչել է Ուկրաինայի սահմանները՝ որպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պայմանավորվածությունների մաս, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» քննարկման ակումբի հարցերին։

Նա հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի միջամտություն կամ ագրեսիա չի նախաձեռնել Ուկրաինայում, պարզապես պաշտպանել է այն մարդկանց, ովքեր ցանկանում էին միանալ Ռուսաստանին։

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, Ուկրաինայի սահմանը պետք է կապված լինի պատմականորեն ռուսական տարածքներում ապրող ժողովրդի ինքնիշխան որոշումների հետ։

«Որտե՞ղ ենք մենք խախտել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նման խախտումներ ոչ մի տեղ չկան։ Եվ եթե դա այդպես է, ապա Ուկրաինայի սահմանը պետք է համապատասխանի որոշումներին, այն մարդկանց ինքնիշխան որոշումներին, ովքեր ապրում են որոշակի տարածքներում, որոնք մենք անվանում ենք մեր պատմական տարածքներ։ Ամեն ինչ կախված է ընթացիկ իրադարձությունների դինամիկայից»,- ասել է Պուտինը։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին ավարտվեց Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության տեղահանությունը, որը դեռ 1990 թվականին որոշեց վերամիավորվել Հայաստանին, և Հայաստանը ներառեց այս որոշումը իր Անկախության հռչակագրում։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Պուտինն ասել է. «Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ուզում եք՝ կարող եք ասել։ Բայց Ղարաբաղի կարգավիճակը առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու նրա կարգավիճակը։ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները… Իհարկե, մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ (2020 թվականին), որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո կռիվը դադարեցվի»։

«[Հետո] Ղարաբաղի կարգավիճակը այդպես էլ վերջնականապես չորոշվեց. սա է խնդրի էությունը, նորից եմ կրկնում։ Եվ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, պարզվեց, որ մեր խաղաղապահներն արդեն, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ, իհարկե, հիմա, հատկապես, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակն արդեն ամբողջությամբ, արմատապես փոխվել է»,- ասել է Պուտինը։

2020 թվականից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը պարտադրեց, զորքեր մտցրեց Արցախ, 3 տարի Ռուսաստանը փորձում էր հասնել նրան, որ արցախցիները դիմեն Ռուսաստանին միանալու խնդրանքով։ Ռուսաստանը ամենատարբեր սադրանքներ է իրականացրել. հայկական եկեղեցիները հայտարարվել են «ալբանական»՝ ուղղափառ, ռուսական զորքերը թուրքերի հետ համատեղ Ակնայից ապահովել են, որ հայկական ուժերը «ռեւանշի չդիմեն», իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռուսներն ակտիվորեն մասնակցել են Արցախի շրջաններից հայ բնակչության բռնի տեղահանմանը։

Բաքվի փորձագետները խոստովանում են, որ առանց Ռուսաստանի օգնության չէին կարողանա գրավել արցախյան ամրոցը։ Հիմա Մոսկվան «եռակողմ» ձևաչափով փորձում է հասնել «նոր իրողությունների» օրինականացմանը․ չուզեցիք դիմել մայր Ռուսաստանին, ուրեմն Արցախ չեք ունենի, ասում է փաստորեն Պուտինը։ Այստեղ՝ Ուկրաինայում, ուզում էին ապրել Ռուսաստանի հետ, եւ հիմա մենք «պաշտպանում» ենք ուկրաինացիների ինքնորոշման իրավունքը։ Իսկ 1991թ. խորհրդային սահմանները թող պաշտպանեն Շառլ Միշելը, Փաշինյանն ու Բլինքենը։

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 մարզիկով

2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 մարզիկով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականում են միջազգային կարգի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային կարգի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Դավիթ Գևորգյանը, վարպետության թեկնածու Մանվել Առաքելյանը, ինչպես նաև Ֆիդեի վարպետներ Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը, Վաչե Հովակիմյանը և Հայկ Երիցյանը։ Խաղատախտակների մոտ իրենց ուժերը կչափեն նաև Համլետ Անտոնյանը, Հայկ Մաղաքյանը, Գագիկ Խաչատրյանը և Կիտի Նադանյանը։
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 42 երկրների 395 շախմատիստներ:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում։ Առաջին խաղափուլը կմեկնարկի այսօր` նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն՝ Արցախի մասին

Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն կարող է դառնալ ԱՄՆ նոր պետքարտուղար Դոնալդ Թրամփի օրոք։ Այս մասին նոյեմբերի 6-ին եւ 7-ին գրել են ամերիկյան The Hill եւ Politico հրատարակությունները՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Թրամփին մոտ աղբյուրներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «փակուղի է մտել» և որ այն պետք է ավարտվի։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «ուկրաինացիները աներևակայելի խիզախ և ուժեղ էին»՝ պաշտպանվելով ռուսական ագրեսիայից։

Ամերիկացի հարկատուները չպետք է վճարեն Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության համար, հայտարարել է սենատոր Մարկ Ռուբիոն 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության արտաքսումից հետո։ X սոցիալական ցանցում (նախկին Twitter) նա հիշեցրել է, որ ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանի պաշտպանության մասին օրենքը, որը դադարեցնում է նման օգնությունը։

«ԱՄՆ հարկատուների դոլարները չպետք է գնան Ադրբեջան, երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության մասին օրենքը: Ես խրախուսում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- գրել է Ռուբիոն:

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատում ընդունվել է Հայաստանի պաշտպանության մասին ակտը։ Փաստաթուղթը նախատեսում է, որ 2024-25 թվականներին ԱՄՆ նախագահը չի կարողանա օգտագործել իր հրամանագրերը՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ Սենատը միաձայն է ընդունել օրինագիծը։

2024 թվականի փետրվարին ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձև են ներկայացրել՝ պահանջելով համապատասխան զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ԱՄՆ-ն փոխի կամ դադարեցնի իր աջակցությունն անվտանգության ոլորտում Ադրբեջանին։

Բանաձեւը պետքարտուղարից պահանջում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրա հետևանքով էթնիկ զտումների վերաբերյալ: Բանաձևին միացած մյուս սենատորներն էին Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը:

Նոյեմբերի 7, 2020, 44-օրյա պատերազմի ամենադաժան օրերից մեկը

Shahverdyan Sergey-ը գրում է․

Նոյեմբերի 7, 2020 թ.։ 44-օրյա պատերազմի, թերեւս, ամենադժվար օրերից մեկը։ Հակառակորդը մայրաքաղաքի Կրկժան արվարձանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր, իսկ Շուշիում թեժ մարտեր էին ընթանում։ ԼՂՀ կառավարությունը տարհանվել է և հրամայել տարհանել մայրաքաղաքի ողջ մնացած բնակչությանը։ Մեքենաների անվերջանալի շղթան ձգվում էր դեպի Մարտակերտի շրջան։ Ով ասես չկար այնտեղ (իհարկե, բացի կանանցից, երեխաներից ու ծերերից)՝ վախեցած պետական ​​պաշտոնյաներ,  նկուղներում թաքնված դասալիքներ…

Քաղաքում ընդամենը մի քանի հարյուր առանձնակի համառ տղամարդ է մնացել։ Կենտրոնանալով տարբեր կետերում՝ նրանք մնացին՝ որոշելով քաղաքը չտալ թշնամուն։ Իսկ հետո նոյեմբերի 9-ն էր՝ վերջի սկիզբը…

Լուսանկարը՝ նոյեմբերի 7-ին ակնթարթորեն դատարկված «Եվրոպա» հյուրանոցը, և որպես հույսի խորհրդանիշ՝ Ղազանչեցոց սրբապատկերը, որը երեք օր առաջ հրաշքով փրկվեց Շուշիի տաճարից։ Ավարտից երկու օր առաջ այստեղ անշեջ մոմեր էին վառվում։

Արցախցի ուսուցիչների աջակցության ծրագիրը կընդլայնվի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում եւ այդտեղ ներգրավել նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված արցախցի ուսուցիչներին:

Բանն այն է, որ գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020-ի սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձանցից ԿԳՄՍՆ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք:

Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: