Ո՞վ է առաջինը շնորհավորել Թրամփին

Չնայած այն հանգամանքին, որ ձայների հաշվարկը շարունակվում է, իսկ Դոնալդ Թրամփը դեռ չի ստացել 270 ձայն, թեկնածուն ստացել է առաջին շնորհավորանքը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Առաջին օտարերկրյա ղեկավարը, ով շնորհավորեց Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն էր։ «Շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին», – գրել է Բուկելեն X սոցիալական ցանցում:

Եվրոպացի առաջնորդներից Թրամփին շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ ԱՄՆ-ը Ավստրիայի կարևոր ռազմավարական գործընկերն է»,-ասել է Նեհամմերը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

Թրամփին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով Սպիտակ տան նոր ղեկավարի աջակցության համար։ Բացի այդ, Թրամփը շնորհավորանքներ է ստացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից։

«Անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ աշխատելուն գալիք տարիներին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ով Թրամփի հաղթանակն անվանել է «պատմական»։

Թրամփը հայտարարեց ընտրություններում հաղթանակի մասին

Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։ Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Այս մասին նա հայտարարել է աջակիցների առջեւ ելույթի ժամանակ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի ժողովրդին ձեր 47-րդ և 45-րդ նախագահ ընտրվելու արտասովոր պատվի համար»,- ասել է նա՝ նախնական քվեարկության արդյունքներն անվանելով «քաղաքական հաղթանակ, ինչպիսին մեր երկիրը երբևէ չի տեսել»:

Նա նաև ասաց, որ կպայքարի յուրաքանչյուր ընտանիքի համար, շուտով կգա «ոսկե դարը», Միացյալ Նահանգները նորից կդառնա մեծ, հարկերը կկրճատվեն, պատերազմներ չեն լինի, և շնորհակալություն հայտնեց ընտրողներին։ «Մենք հաղթեցինք սվինգ նահանգներում: Մենք կստանանք 315 ընտրողի ձայն. Ամերիկան ​​մեզ հզոր մանդատ է տվել, ի թիվս այլ բաների, վերահսկել իրավիճակը Սենատում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ոչ ոք նման հաղթանակ չէր սպասում։

Նա նաև խոստացել է կատարել իր նախընտրական խոստումը` փակել սահմանը և երկրից արտաքսել անօրինական ներգաղթյալներին։

Թուրքիան անհամբեր սպասում է 1991 թ․ Հայաստանի սահմաններին

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ասել է  «Turkiye» թերթին։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։ «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Թուրքիան երազում է, թե երբ է Հայաստանը ստորագրելու պայմանագիր, որտեղ որպես Հայաստանի սահմաններ նշված կլինեն 1991 թ․ սահմանները։ Դա Թուրքիային հնարավորություն կտա պահպանել 1921 թ․ Կարսի հանցավոր պայմանագրով սահմանված տարածքը։ Չէ որ 1991-ի հռչակագիրը սահմանում է ՀՀ սահմանները ոչ միայն Ասրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ։    

«Կանչում են հավաքների, բայց դիրքեր բարձրանալու պայմանագիր են ստորագրել տալիս»

forrights.am

Պաշտպանության նախարարության կազմակերպած 25-օրյա վարժական հավաքներին մասնակցած Էդուարդ Հայրումյանը Forrights.am-ին մանրամսներ է ներկայացրել իրականացվող գործընթացից։ Նրա դիտարկմամբ՝ վարժական հավաքները կազմակերպվում են, ոչ թե քաղաքացիների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, այլ առկա մարդկային ռեսուրսների բացը լրացնելու նպատակով։

«25-օրյա հավանքերին սպաներն ասում էին՝ տղեք, եկել եք, որ գնաք վերև, դիրքեր։ Մեզ հավաքներին տանելու նպատակն այն էր, որ մեզ տանեին դիրքեր։ Առաջին օրը պայմանագիր են տալիս ստորագրելու, որ համաձայն ես բարձրանալ դիրքեր։ Վարժական հավաքը չի ենթադրում, որ քեզ տանելու են դիրքեր, հավելյալ պայմանագով են տանում դիրքեր։ Զորամասի հրամանատարի անունով պայմանագիր են տալիս ստորագրում ես, որ համաձայն ես բարձրանալ դիրքեր։ 25 օրերի ընթացքում որևէ դաս չենք արել, բացի կրակայինը։ Առաջին օգնության հետ կապված ասում էին՝ դե տղեք կիմանաք էլի․․․ուսումնական որևէ գործընթաց չի եղել։

Պետությունը այս հավաքներով անձնակազմի բացն է լրացնում, իմ տեսածով այդպես էր։ Ես գնացել եմ հավաքների, բայց որևէ հավելյալ գիտելիք ձեռք չեմ բերել, կրակայինս եմ մի քիչ բարելավել։ Հավաքների ընթացքում պետք է կամ մարդկանց գիտելիքները բարելավես, կրթես, կամ ասես՝ տղեք, պետք եք դիրքերում, արեք, որ բարձրանաք դիրքեր։ Մեզանից հետո 250 հոգի պետք է գար, իրենց արդեն ասել էին, որ պետք է բարձրանան դիրքեր»,-Forrights.am-ին ասաց Էդուարդ Հայրումյանը։

Հիշեցնենք՝ Forrights.am-ը Էդուարդ Հայրումյանի՝ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր ստանալուն, անդրադարձել էր նաև ամռան ամիսներին, երբ նա լինելով Արցախի քաղաքացի դիմել էր ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար։ Նրան զինկոմում առաջարկել էին անձնագրի համար անհրաժեշտ փաստաթղթերը տալ վարժական հավաքներին մասնակցության ծանուցագիրը ստորագրելուց հետո միայն։ Էդուարդ Հայրումյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հավաքների ժամանակ պարզել է, որ իր նման ևս մի քանի արցախցիների են նման պայմանով հավաքներին ընդգրկել։

«Բոլոր արցախցիների հետ էր նույնը տեղի ունենում, մեր խմբում չորս արցախցի կար, նրանց էլ էին վարժական հավաքների ծանուցագիր տվել։ Ասել էին՝ մինչև չմասնակցես 25-օրյա վարժական հավաքներին, քեզ հաշվառման չենք առնի, քեզ անձնագիր չենք տա։ Կար Հայկ անունով տղա ում նպատակը հայոց բանակում ծառայելն էր։ Նա Արցախում էլ է ծառայել, այստեղ էլ էր ուզում ծառայեր, ուրախացել էր, որ դիրքեր է բարձրանալու։ Գնացել էր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու, ծառայության անցնելու համար, զինկոմում էլի նույնն էին ասել։ Նա ասել էր՝ ես գնալու եմ ծառայելու էլ ինչո՞ւ եք հավաքներին ուղարկում, մի անգամից թուղթ տվեք, որ հաշվառման եք վերցրել, գնամ ծառայեմ։ Իրեն ևս ասել էին՝ չէ, մի հատ գնա հավաքներին, հետո նոր կգնաս ծառայության»,-պատմեց Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, որ զինկոմները փորձում էին տարբեր մեթոդներով մարդկանց հավաքագրել, որ տանեն հավաքների։

«Ես կարծում եմ, որ զինկոմները մարդկանց հավաքելու խնդիր ունեն, սա շանս է, որը օգտագործում են մարդկանց հավաքելու։ Մեր խմբում 90 հոգի էինք․ ոմանք անձնագրի խնդրով էին զինկոմ գնացել, մեկը մեկ այլ հարցով, ասել են ստորագրի ծանուցագիրը, որ քո հարցը լուծենք։ Եղել է մարդ, որ անցած տարի եռամսյա հավաքներին է մասնակցել, իսկ այս տարի ուղարկել էին 25-օրյա հավաքերին»։

Վարժական հավաքներին նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ են ընդգրկվել։ Էդուարդ Հայրումյանը մի դեպք ներկայացրեց, որն իր աչքի առաջ էր տեղի ունեցել։

«Մարդ էլ կար, որ 30 տարի չէր մասնակցել հավաքներին, առաջին անգամ էր գալիս։ 51 տարեկան քաղաքացի կար, որն ուներ ճնշման խնդիր և այլ հիվանդություններ կողմնակի։ Երկրորդ օրը նրա ճնշումը բարձրացավ 210, ես այնտեղ էի, սպան ինձ խնդրեց տանել բուժկետ։ Բուժքույրն ասաց՝ ես այսքան տարի է այստեղ աշխատում եմ, բայց 210 ճնշումով մարդ չէի տեսել։ Այդ մարդն ամբողջ կամիսիայի ընթացքում ասել է, որ ճնշում ունի, բայց իրեն ուղարկում էին 2320 մետր բարձրության վրա՝ Իշխանասար։ Բժիշկն ասաց, եթե այս մարդուն հանեք վերև, չեք կարող իջեցնել։ Երեք հոգի կային, որ երևացող առողջական խնդիրներ ունեին, տարիքով մարդիկ էին, ճնշման խնդիր ունեին։ Հրամանատարական կազմն էլ գոհ չէր զինկոմի ուղարկած մարդկանցից, առողջ մարդիկ էին ուզում, որ տանեին դիրքեր»։

Վարժական հավաքների մասնակիցը բարձրաձայնում է նաև սոցիալական արդարության բացերի մասին։ Նշեց, որ ոչ բոլոր խավերն են ընդգրկվում վարժական հավաքներին։

«Մարդիկ արդարացի հարց էին բարձրացնում՝ ինչպես է լինում, որ ես արդեն մի քանի անգամ եմ գալիս, իսկ մեր շենքում կան ինձ տարեկից մարդիկ, երբևէ չեն գալիս։ Հիմնական անարդարությունը, որ ես տեսնում էի, դա էր։ Մեր խմբում որևէ ունևոր մարդ չի եղել, բոլորի մոտ էլ էս հարցն առաջանում էր»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարչական փաստեր հայկական Շուշիի մասին՝ «Պիցիրանանք Շուշի» ցուցահանդես

Ռեժիսոր և լուսանկարիչ, շուշեցի Վլադիմիր Գևորգյանը Երևանում կներկայացնի 45 լուսանկարների ցուցահանդես, որտեղ պատմում է Շուշիի մասին մինչև ադրբեջանցիների օկուպացումը։

Լուսանկարները փոխանցում են հավերժական քաղաքի հոգևոր լույսը, ջերմությունն ու մշակութային պատկերը, նշում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:

«Պիցիրանանք Շուշի» ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 10, ժամը 18։00 ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 2/2)։

Միջոցառման իրականացմանն իր օրհնությունն է բերելու ՀԱՍԵ Արցախի թեմը։ Համագործակցությամբ` ՀՅԴ Արցախի երիտասարդական միության։ Մուտքն ազատ է։

Step1.am-ը հրապարակում է  Վլադիմիր Գևորգյանի  «Իմ Շուշի» գործերից մի քանիսը:

Այս պահին Թրամփը առաջատարն է

ԱՄՆ-ում հաշվում են նախագահական ընտրությունների արդյունքները։ Առայժմ աննշան առավելությամբ առաջատար է Դոնալդ Թրամփը։

Թեկնածուների համար կարեւոր են ոչ թե քվեարկող քաղաքացիների, այլ Ընտրողների կոլեգիայի անդամների թիվը՝ հիմա Հարիս՝ 210, Թրամփ՝ 247։ Հաղթելու համար անհրաժեշտ է 270 ձայն։

Նավթի գների անկում է սպասում. Իրանը Մոսկվայի համար տհաճ «անակնկալ» է պատրաստում

Ռուսաստանը հորիզոնում լուրջ խնդիրներ ունի՝ կապված նավթի գների անկման վտանգի հետ։ Իրանը որոշել է շտապ ավելացնել նավթի արդյունահանումը օրական 250 հազար բարելով, ինչը նոր հարված կհասցնի համաշխարհային գներին՝ դրանք էլ ավելի ցածրացնելով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության հայտարարությունները։

Իրանը ներկայում օրական արդյունահանում է 3,2 մլն բարել։ Իրանի որոշումը, հավանաբար, կապված է Սաուդյան Արաբիայի քաղաքականության փոփոխությունների հետ: Թագավորությունը մտադիր է հրաժարվել կամ գոնե զգալիորեն շտկել իր մասնակցությունը ՕՊԵԿ+-ի գործարքին՝ նավթի արդյունահանման հետագա կրճատումները դադարեցնելու ուղղությամբ։ Այս գործողությունները միասին կարող են իջեցնել նավթի գները մեկ բարելի դիմաց 60 դոլարից, ինչը ծանր հարված կլինի Ռուսաստանի համար։

Դեկտեմբերից Սաուդյան Արաբիան կսկսի ավելացնել արդյունահանումն ու արտահանումը` անցնելով նոր ռազմավարության՝ դադարեցնել նավթի գնի աջակցությունը և փոխհատուցել կորցրած եկամուտները՝ ավելացնելով շուկայական մասնաբաժինը: Դա միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի նավթի գների նվազմանը։

Իրանը դեռ ունի արտադրության համար համեմատաբար մատչելի հանքեր, ուստի իրանցիները մտադիր են ակտիվորեն ավելացնել արտադրությունը՝ հուսալով սինխրոնիզացնել իրենց գործողությունները սաուդցիների հետ և թույլ չտալ նրանց գրավել Իրանի շուկայի մասնաբաժինը:

Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի

Ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հավատարմագրերը՝ Պուտինը և Լավրովն հայտարարեցին, որ պարտադրված «հապճեպ խաղաղությունը» կարող է հանգեցնել լարվածության աճի և էսկալացիայի, և ավելի լավ կլինի վերադառնալ եռակողմ ձևաչափի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Մոսկվան կարծում է, որ Երևանին ու Բաքվին մղում են դեպի «արագ խաղաղություն» արևմտյան գործընկերները, որոնք փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Սակայն, դատելով տոնայնությունից, Հայաստանի և Վրաստանի վերացման և տարածաշրջանը Թուրքիային փոխանցելու ռուսական քաղաքականությունը բախվել է նոր իրականության հետ։

Այն բանից հետո, երբ Թուրքիան վերջերս կրկնեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանը պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, Սերգեյ Լավրովը տարակուսելի համարեց Թուրքիայի «միջնորդությունը»: Նա հիշեցրեց, որ Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի հետ և չի կարող միջնորդ լինել։ Այս դիրքորոշումը հուշում է որոշակի առճակատման մասին, քանի որ մինչև վերջերս հենց Էրդողանն էր Պուտինի համար ամենաընդունելի միջնորդը։

Բացի այդ, ռուս սահմանապահների ծառայություններից Հայաստանի հավանական հրաժարվելու ֆոնին Մոսկվան գործի դրեց իր բոլոր գործիքները՝ թույլ չտալու Հայաստանին խաղաղության պայմանագրեր կնքել Բաքվի և Անկարայի հետ առանց Մոսկվայի մասնակցության։ Ներկայիս սահմանը դեռ սովետա-թուրքական է և առանց Մոսկվայի հնարավոր չէ այն փոխել։

Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական քարոզչությունը հիշեցրեց, որ հենց Ռուսաստանն է ստեղծել ժամանակակից Թուրքիան։

«Թուրքիայի ազգային նախագիծը սկսվել է ընդամենը հարյուր տարի առաջ (Օսմանյան) կայսրության ավերակներից Թուրքիայի Հանրապետության ի հայտ գալուց հետո: Ստեղծվել է ԽՍՀՄ-ի ամենաակտիվ աջակցությամբ․ բոլշևիկները օգնեցին Աթաթուրքին՝ աջակցելով նրան թուրքական պետության կառուցմանը, որը եվրոպացիները ցանկանում էին բաժանել երեք մասի (թուրքերին թողնելով Անատոլիայի միայն մի մասը՝ առանց նեղուցների և արևելյան շրջանների)։ Այսինքն՝ Մոսկվան իրականում օգնեց թուրքերին պահպանել իրենց պետության գոնե մի մասը՝ ոչ այնքան նրանց հանդեպ սիրո, որքան իր հարավում Արևմուտքին ենթակա պետություններ ունենալու դժկամության պատճառով»։ Սա հատված է РИА Новости-ի վերլուծաբան Պյոտր Ակոպովի հոդվածից։

Հիշեցնենք, որ մինչ օրս հայ-թուրքական սահմանը որոշվում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։ Արևելյան Հայաստանի մի մասը, Նախիջևանը և հայկական այլ հողերը Ռուսաստանի կողմից այս պայմանագրով են փոխանցվել Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքի մաս է կազմում նաև Ադրբեջանի ստեղծումը։

Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի վերացման կամ երկարաձգման։

Հայաստանը 2025թ. Եվրամիությունից 4 տարում կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն. ԱԳՆ

Հայաստանը 2025թ.  Եվրամիությունից 4 տարվա համար կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում պետք է առանձնացնել մի շարք ծրագրեր։ Դրանց թվում է «Դիմադրողականությունը եւ զարգացումը»։ Այս ծրագրի շրջանակում նախատեսված է աջակցել 270 մլն եվրոյի չափով։

«Այս ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար եւ այժմ եզրափակիչ փուլում է»,- ասել է Հովհաննիսյանը։

Գրետան ասաց, որ “թագավորը մերկ է”

Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով։

«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդուել COP-ը»,- ասել է նա լրագրողներին Վրաստանում։

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության եւ հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

Դժվար է ավելի պարզ ներկայացնել գլոբալ փարիսեությունը։ 

Լավրով. Երևանի և Բաքվի միջև արագ «խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման

Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Կրեմլում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողությունից հետո։
Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները:
«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք ամեն ինչ արել և անում ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն պնդում են, իբր «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն և կոպիտ հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա «առանձին» պայմանավորվածություններ առանց Մոսկվայի մասնակցության։ Ավելին, «վաղաժամ խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման և էսկալացիայի։
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար նորմալացման գործընթացում առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լրացուցիչ ռիսկեր կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման»: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը՝ հեռացնելու Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը  կկամենան երկու բանակցող կողմերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե տարածաշրջանում հաղորդակցությունները բացվեն, ապա դա կլինի միայն Մոսկվայի մասնակցությամբ։

“Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ”

Արցախցի Կամո Իսաբաբյանը 4 տարի առաջ է զգացել բռնատեղահանման դառնահամը, երբ առաջին անգամ տեղահանվել է 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Երբեք չի մտածել, որ կկորցնի հարազատ Ակնաղբյուր գյուղը, և այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա՝ գնալով դեպի անորոշություն։ Գյուղում նա թողել է ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023-ի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Երկրորդ անգամ տեղահանվելուց հետո հաստատվել են Երևան քաղաքում։ Առողջական խնդիրների պատճառով Կամոն չի կարող ապրել որևէ մարզում նա բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։

Զարմանում է՝ ինչպես է դիմանում

 – Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ։ Ծանր շրջան սկսվեց ինչպես ինձ, այնպես էլ բոլոր տեղահանվածների համար։ Շատ դժվար է կորցնել հարազատ տուն ու տեղդ, արած ու թողածդ, բայց առավել ծանր է այնտեղ թողնել հարազատներիդ շիրիմները։ Մտատանջումները սպանում են մեզ․ թշնամուն լավ ճանաչելով՝ գիտենք, թե նա ինչ վայրագությունների կենթարկի մեր սրբությունները։ Երեք տարի հետո լրիվությամբ կորցրինք մեր հայրենիքը։ Դժվար է հաղթահարել այս ցավը, անտանելի է դիմանալ։ Չեմ կարծում, թե այն երբևէ կբուժվի, սակայն փորձում ենք հարմարվել նոր միջավայրին ու մեր կարգավիճակին։

Հաճախ եմ մտածում արցախցու անցած ուղու մասին։ Ինչպես էինք նվիրվել Արցախյան շարժմանը, պետականություն կերտել։ Շարժումը տարիների պատմություն ուներ և երկար նախապատրաստական փուլով է անցել։ Ինչպիսի խանդավառությամբ հայ ժողովուրդը բռունցք դարձավ, ոտքի կանգնեց 88-ին: Պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը, պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ: Եվ այս պահանջներով սկսվեցին կազմակերպվել հանրահավաքներ Հայաստանում, Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Մասնակցում էինք գրեթե բոլորս, տանում էինք ընդհատակյա գործունեություն ու գործում էինք առանց վախենալու և երկմտելու: Ամեն ինչ ջուրն ընկավ:

Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել  նաև Արցախյան առաջին պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել: Սակայն հաշմանդամ մարդը չի դադարել հայրենիքի նվիրյալ լինելուց: Նա Ապրիլյան քառօրյա և 2020-ի պատերազմների կամավորակնների խմբում էր:

-Առաջին պատերազմի մասնակից եմ՝ սկսած ֆիդայական շարժումից, մինչև կանոնավոր բանակի ստեղծումը։ Երկու անգամ ծանր վիրավորում եմ ստացել։ 1993-ի հոկտեմբերին ինձ անհուսալի վիճակում ուղղաթիռով հասցրել են Երևան։ Մեկ ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել եմ Արցախ։ 10 տարվա մեջ 20 վիրահատություն եմ տարել․ իմ մարմնից հանել են 30 բեկոր, դեռևս 8-ը մնում է։ Հետագա տարիներին առողջական խնդիրներն ինձ հանգիստ չէին թողնում։ Ապրում էի խարխլված առողջությամբ, հավանաբար տեղի ունեցող սթրեսներն ավելի էին ազդում։ 2023-ի հուլիսին Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվեցի ՀՀ և 2 անգամ ևս վիրահատվեցի։ Գտնվում եմ 4՝ ուռուցքաբանական, Գրիգոր Լուսավորիչ, Իզմիրլյան, Արթմեդ հիվանդանոցների բժիշկների վերահսկողության տակ, ամեն օր դեղորայք եմ ընդունում։ Շատ գոհ եմ բժիշկներից, ովքեր անում են հնարավորը իմ առողջությունը պահպանելու համար։ Արցախյան առաջին պատերազմից առայսօր տարել եմ 26 վիրահատություն և կանգուն եմ դեռ․․․

Լավատեսությունը չի լքում բազում փորձություններով անցած արցախցուն

-Այսօր իմ և կնոջս ուրախությունը մեր երեք դստրերն ու թոռնիկներն են։ Նրանց մեջ ենք տեսնում մեր ապագան, և հանուն նրանց պարտավոր ենք ապրել։ Մտադիր ենք տուն ձեռք բերել Հայաստանում, քանի որ ուրիշ ոչ մի երկրում մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ։ Երբեք չենք կորցնում Արցախ վերադառնալու հավատը, և հենց այդ հավատն է մեզ ուժ տալիս՝ կրկին ապրելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ