Հուսով է, որ կգտնվեն բարի մարդիկ և կօգնեն իր բազմանդամ ընտանիքին

Հայասեր Պետրոսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Տեղահանվելուց հետո մի քանի անգամ բնակավայր է փոխել։ Այժմ հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում։ Երեք անչափահաս երեխաների հայրը տեղահանվելուց առաջ Ստեփանակերտում ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել։ Նրա առողջությունը լրիվությամբ կարգավորված չէ։ Երիտասարդ տղամարդուն սպասվում է ողնուղեղի վիրահատություն։

 -Երբ եկանք Հայաստան, փաստաթղթերի հետ կապված խնդիրների առաջ էի կանգնել։ Իմ ծննդյան, ծնողներիս ամուսնության վկայականներում սխալներ կային, որոնք փոխելու համար երկար ժամանակ էր պահանջվում։ Դժվար էր, իհարկե, հարմարվել նոր միջավայրին։ Կորցնելով Արցախը՝ մենք մեզ ենք կորցրել և այսօր փորձում ենք մի փոքր հարմարվել, բայց չենք կորցնում տուն վերադառնալու հույսը։

Տեղափոխվել ենք Մխչյան գյուղ, տուն ենք վարձակալել 150 հազար դրամով։ Բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք։ Մեր ընտանիքը բաղկացած է 8 հոգուց։ Ապրում ենք ծնողներիս և եղբորս հետ միասին։ Բոլորս գործազուրկ ենք։ Կինս մանկավարժ է, բայց չի կարողանում աշխատանք գտնել։ Ես, գտնվելով անդամալույծի սայլակին, չգիտեմ ինչպես հոգամ ընտանիքիս հարցերը։ Երեխաներս մեծանում են, և ավելանում են նրանց կարիքները։ Մխչյան գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային ծաղիկների աճեցմամբ։ Ուրիշ աշխատանք գրեթե չկա։ Եթե աշխատանք գտնեինք, գոնե մի փոքր կթեթևանար մեր վիճակը, – ասում է Հայասերը և ավելացնում, – առողջական խնդիրներս լուծվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես կկարողանամ իմ ընտանիքին լիարժեք տեր կանգնել։ Մի բան գիտեմ միայն․ տան հոգսերը պետք է տան տղամարդը հոգա։

Այսօր Հայասերին անհրաժեշտ է ողնուղեղի վիրահատություն, որի արժեքը 172 000 եվրո է։ Թե ինչպես նա կգտնի այդքան գումար և ինչպես կհաղթահարի այդ ծանր վիրահատությունը, չգիտի։ Հուսով է, որ կգտնվեն բարի մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն իր բազմանդամ ընտանիքին։

-Արցախում երկու տեղ էի աշխատում։ Անվտանգության ծառայող էի Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, իսկ Ջրմուղ կոյուղում աշխատում էի՝ որպես հսկիչ։ Միշտ այն կարծիքին էի, որ տան տղամարդը պետք է աշխատի, իսկ կինը՝ երեխաներին խնամի։ Լավ էինք ապրում մեր հայրենիքում, ուրախ էինք, կարողանում էինք հավուր պատշաճի ընտանիք պահել։ Մեր կամքին հակառակ՝ ամեն ինչ թողեցինք ու հեռացանք Արցախից։ Ի՞նչ է սպասվում արցախահայությանը, էլ ի՞նչ փորձություններ պետք է հաղթահարենք, դեռևս անհայտ է,- մտքերն է մեզ հետ կիսում Հայասերը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նախարար. Արցախցիերը կշարունակեն բուժօգնություն ստանալ կառավարության պետպատվերով

Լեռնային Ղարաբաղի հարկադիր տեղահանված բնակիչները կշարունակեն ստանալ պետպատվերով նախատեսված բժշկական օգնության ողջ փաթեթը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հաջորդ տարի ոչինչ չի փոխվի, արցախցիները կմնան պետական ​​գնումների բոլոր ծրագրերի շահառուները», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչների համար գործում է բժշկական օգնության, բուժման, այդ թվում՝ ստացիոնար բուժման, ապարատային ախտորոշման պետպատվեր։

Ներկայացվել են 2025-ի համար 40+10 ծրագրի փոփոխությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։

Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։

2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`

  • ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
  • 63 և ավելի տարեկան են,
  • ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
  • մինչև 18 տարեկան երեխա են։

Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

  • 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,
  • 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

Նոյեմբերին Հայաստանում ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-2 աստիճանով

Նոյեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների մակարդակը կպահպանվի նորմայի սահմաններում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։

Ըստ կանխատեսման՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում տաք օրերի թիվը զգալիորեն կնվազի, իսկ ջերմաստիճանը կշարունակի նվազել։

Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված  Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:

Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:

Ակցիաներ՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման կոչով

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ակցիայի մասնակցիներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված չէ, իսկ Արցախյան համակարտությունը լուծված չէ։

ՀՅԴ բյուրոյի ՀԱՅ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը Ֆրանսիայի դեսպանատան մոտ իր ելույթում ասաց․ «Բաքվի բանտերում պատանդառված են մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչները խաղաղության բանակցություններ են վարել։ Այսինքն՝  եւ Ֆրանսիան, եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ-ն՝ որպես Եվրոպայում անվտանգության ապահովման գործում կարեւոր ազդեցություն ունեցող կազմակերպություն, ընդունել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լեգիտիմությունն իրենց պաշտոնների բերմամբ։ Եվ այս իրավիճակում մենք առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք, որպեսզի նրանք, օգտագործելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանբախագահության հանգամանքը, հետամուտ լինեն այն հարցերի լուծմանը, որոնք խորացել են Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանում։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանքով Ղարաբաղյան համակարտությունը չի լուծվել, ավելին, խորացել են հակամարտության հետեւանքները։ Եվ այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, հենց հակամարտության հետեւանքների խորացում է նշանակում»։

Գեւորգ Ղուկասյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկին խումբը չի դադարեցրել իր գոյությունը․ «Եվ այդ առումով մենք ակնկալում ենք համանախագահ պետությունների հստակ դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ»։

Ըստ նրա՝ COP29-ը հնարավորություն է՝ Ադրբեջանի վրա առկա միջազգային ճնշումն ավելի առարկայական դարձնելու։ «Բաքուն ամեն ինչ անելու է, որ այս միջոցառմամբ փորձի փոքր ինչ շտկել ցեղասպանի, էթնիկ զտման հանցագործություն կատարողի իր դեմքն ու էությունը, մեր աշխատանքն է թույլ չտալ դա»,- նշեց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների մոտ իր ելույթում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքական եւ բարոյական պատասխանատվության դաշտում է Արցախի չկարգավորված խնդրի արդար հանգուցալուծումը։ «Ի վերջո միջազգգային իրավունքից չի ջնջվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրություն, ձեր աչքը փակելով ագրեսիայի, մարդասպանության, ցեղասպանության ճանապարհով Արցախի խնդրի հանգուցալուծման վրա, ակամայից ցեղասպանությանը հանցակից եք դառնում եւ նաեւ լեգիտիմացնում եք ցեղասպանություն անշրջելի հանցագործությունը։ Մենք բարոյական եւ քաղաքական իրավունք ունենք, որպեսզի ԱՄՆ-ից ակնկալենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ունենալ արցախահայության վերադարձի իրավունքի հարցը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախում էթնիկ զտումից հետո այսօր էլ իրականացվում է մշակութային ցեղասպանություն։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արցախահայերի վերադարձի իրավունքը ու Արցախի հարցը դրվեն բանակցային սեղանին։ «Նաեւ կոչ ենք անում ԱԳՆ-ին, միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել բռնապետական ադրբեջանական ռեժիմի վրա, պահանջել, որ օր առաջ ազատ արձակվեն Բաքվում գտնվող հայ գերիները»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Պատմության լուռ վկաները․ գիտաժողով Արցախի պատմամշակութային ժառանգության մասին

Նոյեմբերի 5-6-ը, Երևանի Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում կկայանա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով, նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը։ Այն նախաձեռնել են Հայաստանում գործող «Հիշատակարան» հասարակական կազմակերպությունն ու Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը (Inalco)։ Գիտաժողովի թեման շատ ընդգրկուն է, այն ներառում է Արցախի մշակույթի գրեթե բոլոր ոլորտները, պատմամշակութային հուշարձաններ, վիմագրեր, ձեռագրեր, արծաթագործություն, բանավոր խոսք և իհարկե մշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներ։ Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների՝ Սասուն Դանիելյանի և Գայանե Բուդաղյանի հեղինակային  լուսանկարների ցուցահանդես։

Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի դոցենտ, արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը, ով  հանդիսանում է «Հիշատակարան» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու գիտաաժողովի կազմակերպիչը, նշել է, որ գիտաժողովի նպատակը Արցախի ժառանգության հանդեպ հետաքրքրությունը պահելը և համատեղ մարտահրավերները դիմագրավելն է։ Եվ այն ինչ արվում է այսօր՝ Արցախի պատմամշակութային ժառանգության վավերագրում  https://hishatakaran.org/ կայքում, դա ուղղված է վտանգված հուշարձանային ժառանգության պահպանությանը և արվում է վաղվա օրվա համար, այս փոփոխական աշխարհում։

Ցանկացողները գիտաժողովին կարող են  մասնակցել նախապես գրանցվելով այս հղումով https://inalco.kosmopolead.com/community/inalco/custom_forms/147?fbclid=IwY2xjawGRdmlleHRuA2FlbQIxMAABHT5Rr9ghTqVFxZUkAaLXXt4QfyL2oQvBh9KXNPyrHR43duNRdk-ZNC4olQ_aem_y4JBFnt3KoypZJeNHtANHQ ։

Հիշեցնենք, որ նախաձեռնող խումբը անցյալ տարի գիտաժողով էր կազմակերպել Փարիզում՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտում (Inalco), որը նվիրված էր Շուշիի պատմամշակութային ժառանգությանը։

Մեր Գագան. Երաժշտության միջոցով երեխաներին վերադարձնենք մանկությունը

Գագիկ Միրզոյանը երկար տարիների փորձ ունեցող երաժիշտ, երաժշտության ուսուցիչ է։ Նա Արցախի «Զարկերակ» երաժշտական ​​ստուդիայի կազմակերպիչն ու տնօրենն է, որը գործում է երկար տարիներ։

«Նախադպրոցականների և դպրոցահասակ երեխաների համար երաժշտական ​​ստուդիա ստեղծելու գաղափարը պատահական չի ծագել, այլ իմ համախոհների ակտիվ մասնակցությամբ։ Արցախում ապրող երեխաները մեծահասակների հետ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո աջակցության կարիք ունեին և ոչ միայն ֆիզիկական կամ նյութական, այլև բարոյահոգեբանական։ Ես ու ընկերներս հասկացանք, որ երեխաները ստեղծագործական հիմքի վրա վերականգնվելու կարիք ունեն, և որոշեցինք միասին գործել»։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Գագիկը՝ բոլոր արցախցիներիկողմից սիրելի Գագան, Մարտակերտի շրջանի Վագուաս գյուղում հավաքել է ծնողներին և առաջարկել երեխաներին սովորեցնել տարբեր երաժշտական ​​գործիքների վրա նվագել, ինչը կարող է օգնել նրանց վերադառնալ բնականոն կյանքին։

Նա ստեղծեց մի քանի երաժշտական ​​խմբակներ և երեխաներին սովորեցրեց նվագել այն գործիքների վրա, որոնց ինքն է տիրապետում՝ կիթառ, սինթեզատոր, դհոլ և ակորդեոն: Դասավանդել է նաև Տողում և Շուշիի շրջանի գյուղերում։

«Երեխաները ոգևորությամբ էին հաճախում դասերին, և շուտով սկսեցինք համերգներ տալ, որոնք շատ ջերմ ընդունվեցին։ Թվում էր, թե երեխաները մոռանում են պատերազմի վախն ու անհանգիստ ժամանակները, երբ տարված էին իրենց սիրած գործով։ Բայց, ցավոք, շուտով եկան նոր անհանգիստ օրեր, երբ 2020 թվականին սկսվեց նոր պատերազմ: Այս ամբողջ սարսափը տեղի ունեցավ մեր երեխաների աչքի առաջ։ Արցախցիների, հետևաբար նաև իմ աշակերտների ընտանիքներում վախի և կորստի բոլոր 44 օրերը հանգեցրել են սթրեսի և նյարդային համակարգի քայքայման։ Պատերազմն ինքնին և հետպատերազմյան շրջանը չափազանց բացասական ազդեցություն ունեցան ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների հոգեկանի վրա։

Բայց եթե մեծահասակները հասկանում էին, թե ինչ է կատարվում և փորձում էին օգնել միմյանց վերադառնալ նորմալ կյանքի, ապա դա հատկապես դժվար էր երեխաների համար: Վախն անհնար էր վերացնել։ Յուրաքանչյուր բարձր ձայն ստիպում էր երեխաներին կամ թաքնվել, կամ ինչ-որ տեղ փախչել։ Եվ մենք պետք է պայքարեինք դրա դեմ, մենք պետք է օգնեինք հաղթահարել վախը և վերադարձնել նրանց նորմալ կյանքին:

Ես ու ընկերներս նորից փորձեցինք հավաքել մեր փոքրիկ երաժիշտներին ու նորից սկսեցինք պարապել։ Նույնիսկ այն երեխաների հետ, որոնց տներն արդեն գրավված էին, և անհնար էր տուն վերադառնալ։ Որոշ ընտանիքներ տեղափոխվել են այլ բնակավայրեր՝ ցրվելով Արցախի մնացած քաղաքներով ու գյուղերով։ Ես ուսումը շարունակեցի նրանց հետ, ում գտա և ում ցանկանում էի աջակցել այս դժվարին օրերին։ Երաժշտական խմբակներ են բացվել Ասկերանի շրջանի Խնդրիստան գյուղում, ինչպես նաև Մարտունի քաղաքում։ Ստեղծեցինք ժողովրդական գործիքների նվագախումբ, հաճախակի փորձեր էինք անում, համերգներ տալիս։ Մեր երեխաները մասնակցել են մրցույթների և նույնիսկ գրավել 1-ին տեղը։

Սակայն մենք երկար չուրախացանք մեր փոքրիկ արտիստների հաջողություններով։ Ցավոք, հանրապետությունում իրավիճակը կրկին սկսեց վատթարանալ, և շուտով Բաքվի իշխանությունների կողմից կյանքի գրեթե հաստատված ռիթմին միջամտեց նոր բարբարոսական գործողությունը. Բերձորի միջանցքի բլոկադան կտրեց մեզ Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Մենք աջակցել ենք միմյանց, ինչպես կարողացել ենք, աջակցել ենք մեր երեխաներին, մեր աշակերտներին: Եվ նրանք նորից վերադարձան երաժշտությանը։

Դուք պետք է տեսնեիք, թե շրջափակման ամենադժվար օրերին նրանք որքան էին ցանկանում հաճախել դասերի։ Երաժշտությունը նրանց ավելի համարձակ դարձրեց, այն արգելափակեց վախը և օգնեց նրանց դիմակայել դժվարություններին: Երաժշտությունը նրանց միավորեց, ուժեղացրեց, բուժեց։ Մենք ուրախ էինք օգնել երեխաներին գոյատևել այս դժվարին օրերին, ինչպես նաև շարունակել զարգացնել իրենց բնատուր տաղանդները որպես երգիչներ և երաժիշտներ: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի նրանք նորից զգան, որ մենք միասին ենք ու միասնական։ Որ նրանց առողջությունն ու ուրախությունը ուրախություն էր մեծերի համար՝ և՛ ծնողների, և՛ ուսուցիչների:

Ուզում էինք, որ նրանց մանկությունը հիշվի ոչ միայն պատերազմի դժվարություններով, այլև այդ ընդհանուր ուրախ պահերով, բոլորիս միավորող լավ երաժշտությամբ…

Այսօր, երբ ստիպված լինելով հեռանալ Արցախից, բոլորս հայտնվեցինք Հայաստանի տարբեր շրջաններում, ես վերադարձա այն մտքին, որ իրավունք չունեմ հանձնվելու։ Ես հասկացա, որ մենք անպայման պետք է հավաքվենք, որ երեխաներին անհրաժեշտ է այս փրկարար վերականգնումը, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ վերադառնալ բնականոն կյանքին, առանց պատերազմի և սովի շրջափակման: Ի վերջո, երաժշտության դասերը մեզ փրկեցին դժվարին պահերին։ Մեր ուրախ օրերն էին` փորձեր, համերգներ, մրցույթներ: Եվ եթե Արցախից դուրս առաջին օրերին ծնողներն ու երեխաները կարծում էին, որ մենք շփոթված ենք և այլևս չենք կարողանա հավաքվել, ապա ես նրանց ապացուցեցի, որ մենք կարող ենք նորից միասին լինել, և երաժշտությունը կարող է կրկին միավորել մեզ նվագախմբերում։

Ես սկսեցի փնտրել իմ աշակերտներին։ Մենք սկսեցինք զանգահարել և գտանք միմյանց: Հանդիպումն անցավ անմոռանալի, ուրախ, համեղ ուտեստներով ու նվերներով։ Երեխաները կենդանացան ու պատրաստ էին ստեղծագործական նոր հաջողությունների։ Մեզ օգնեցին տարածքի և որոշ գործիքների գնման հարցում, և մենք սկսեցինք փորձերը:

Մեր համերգային ծրագիրը սկսվել է 2024 թվականի փետրվարին։ Երեխաները վերադառնում են ուրախ մանկություն, որը գոհացնում է ինչպես իրենց, այնպես էլ իրենց ծնողներին, ինչպես նաև հանդիսատեսին և հանձնաժողովի անդամներին, ում համար նրանք ելույթ են ունենում: Նկատվեցին մեր տաղանդավոր ուսանողների ջանքերը, և նրանք հրավիրվեցին մասնակցելու Մարտունու հերոսների մասին պատմող ֆիլմին, որտեղ կկատարեն ֆիլմի երաժշտական ​​նվագակցությունը։

Պարզապես պետք է ավելացնեմ, որ ես և մեր խմբակների բոլոր մասնակիցները՝ ծնողներն ու երեխաները, շատ շնորհակալ ենք մեզ օգնողներին, և նախապես շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր պատրաստ են աջակցել մեզ մեր վեհ գործում։ Ի վերջո, երաժշտությունը ոչ միայն տաղանդներ է զարգացնում և հաճույք է պատճառում կատարողին ու ունկնդրին, այն նաև համախմբում է մեզ մեր ազգային գաղափարի շուրջ և ավելի ուժեղ դարձնում։ Երաժշտությունն օգնում է մեզ բուժել անցյալի վերքերը և հաղթահարել դժվար պահերը:

Վերջում մեր բոլոր հովանավորներին մաղթում ենք քաջ առողջություն և բարեկեցություն։ Բոլորին հրավիրում ենք հայաստանյան մեր համերգներին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Միրզոյանը։

Արսեն Աղաջանյան

Բունտ ֆուտբոլի դաշտում. Մելիքբեկյանն է մեղավոր

Լուսանկարը՝ newsarmenia.ru կայքից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Երկար ժամանակ է` «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ակումբի` իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ։
Ընդգծվում է, որ անարդյունավետ նշանակումներ են տեղի ունենում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում։ Ակումբը անընդունելի է համարում Հայաստանի բարձրագույն առաջնության հանդիպումների ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին)։
«Ուրարտու» ՖԱ-ն համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։

ԱՄՆ-ն ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը»

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։

«Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Ժամանակակից ռուսական բանակի «համալրման» սարսափելի պատմությունը

Tatiana Voltskaya-ն գրում է․

Այնուամենայնիվ, սպանիչ նյութ է հրապարակել Վերստկան (օտարերկրյա գործակալ), կարդացի եւ չեմ կարող մոռանալ. Մոսկվայի պայմանագրային հավաքակետի աշխատանքի մասին: Ընդամենը զրույցներ 18-ից 65 տարեկան տասնյակ տղամարդկանց հետ, ովքեր եկել էին ուկրաինացիներին սպանելու պայմանագիր կնքելու։ Մոսկվայում այս թղթի տակ ստորագրելու համար տալիս են գրեթե 2 միլիոն ռուբլի:

«Խմում էի, աշխատում։ Չէի խմում, էլի էի աշխատում։ Ես պետք է պայմանագիր ստորագրեմ, որպեսզի սկսեմ այլ կերպ ապրել»։

«Իմ ընկերներից շատերը գնացին, և ես եկա նրանց հետ հանուն ընկերակցության»:

«…ամեն առավոտ առավոտյան ժամը 4-ին վեր ես կենում, նստում ղեկին… Կնոջս ասում եմ՝ ես հոգնել եմ ամեն ինչից… Գոնե ինչ-որ բան փոխվի: Մենք նստեցինք նրա հետ և որոշեցինք, որ ես գնալու եմ պատերազմ…»:

Երկու երեխաների մայրը է եկել (կանանց էլ են տանում), նրանց կթողնի հոր ու տատիկի մոտ։

Երկրորդը հոգնեց պատերազմից ամուսնու վերադարձին սպասելուց, ինքն էլ որոշեց գնալ այնտեղ։

Հերթի կեսը նախկին բանտարկյալներն են, ոմանք խուսափում են քրեական պատասխանատվությունից՝ հիմա կարող են բանտի փոխարեն բանակ գնալ։

Շատ թոշակառուներ կան․ “Ես իմը ապրեկ են, գոնե որդուս բնակարան կառնեմ, մի բանի օգուտ կլինեմ”։

Ես կարդացի և հիշեցի հրաշալի փիլիսոփա Միխայիլ Էփշտեյնի խոսքերը, ով վերջերս ինձ ասաց, որ «ռուսական քաղաքակրթությունը չի հասցրել նստակյաց դառնալ, ուստի այն կապված չէ իրերին, աշխարհին, հողին: Այն վազում է բոլոր ուղղություններով, մղված դատարկության ոգուց և պտտահողմի պես թափվում է մոտակա քաղաքակրթությունների վրա, ավերում նրանց ու շտապում առաջ: Սա իսկապես նման է Ոսկե Հորդային, որն իր արգանդում կրում էր Մուսկովիային: Այստեղ սեփականության զգացում չկա”։

Սարսափելի դատարկություն. ոչինչ չի կարող նրանց պահել այս երկրի վրա, ոչինչ չի ստիպում սիրել իրենց կյանքը, ուրիշի որևէ բան խղճալ: Ահա թե ինչ տեսք ունի աղետը. անտանելի է դրա մասին մտածելը։

«Պայմանագիրը» կստորագրվի նոյեմբերի 9-ին. Հայաստանը հրաժարվեց իր իրավունքներից

Երեկ Արարատ Միրզոյանը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, ինչպես ասում էր Իգոր Մուրադյանը, կգրվեն ազգային անպատվության պատմության մեջ։

Նա, փաստորեն, հայտարարեց, որ Արցախի հիմնախնդիրը և ցեղասպանության հարցն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն։ Այժմ առաջնահերթությունները, ինչպես ասվեց, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելն են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հաղորդակցությունների բացումը և Հայաստանը “խաչմերուկի” վերածելը։

Նրա մեկ այլ գործընկեր՝ էկոնոմիկայի նախարար Պապոյանը, «հաստատեց», որ քաղաքական հարցերի բոլոր պատասխանները պետք է փնտրել էկոնոմիկայի և միայն էկոնոմիկայի մեջ։

Կարծես Միրզոյանն ու Պապոյանն իրենց ավելի խելացի են համարում, քան Էրդողանն ու հազարամյա հորդայի դիվանագիտությունը, որը գլխավորը համարում է ոչ թե տնտեսությունն ու առևտուրը, այլ տարածքներն ու պատմական իրավունքները նրանց նկատմամբ։ Միրզոյանի, Պապոյանի և Փաշինյանի նման փայլուն կրթություն չստացած Էրդողանն ու Հորդայի դիվանագիտությունը Հայաստանից պահանջում են զիջել իր բնածին, միջազգայնորեն ճանաչված իրավունքները։

Հորդան, որը գրավել է տարածքը և հայերին վտարել իրենց պատմական տարածքից, գիտի, որ իրավունք չունի այս տարածքի նկատմամբ, և առանց իրավունքների պարզապես զավթիչ է, որը գրավել է ուրիշի հողերը։ Ու ոչ ոք չի ճանաչի Հորդայի իրավունքն այս հողերի նկատմամբ, քանի դեռ հայերն իրենք չեն հանձնել բանալիները։

Պատահական չէ, որ Բաքուն, Մոսկվան և Անկարան ամեն օր պահանջում են հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրից, որտեղ ամրագրված են հայկական իրավունքները։ Աշխարհի ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն հրապարակայնորեն չի դիմել Հայաստանին՝ սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջով։ Միջազգային հանրությունը դրանք ճանաչում է որպես հայ ժողովրդի անքակտելի իրավունքներ։

Բայց Միրզոյանը երեկ պատրաստակամություն է հայտնել զիջել բոլոր իրավունքները։ Նա ասել է, որ մնում է քննարկել 1-2 չհամաձայնեցված կետեր և համաձայնագիր ստորագրել Բաքվի հետ՝ հիմնված «Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի» վրա։ Բաքուն անմիջապես հիշեցրեց, որ 1-2 կետերը վերաբերում են Հայաստանի Սահմանադրությանը։ Հետևաբար, Հայաստանը համաձայնեց Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը։ Այսինքն՝ կամավոր հրաժարվում է իրավունքներից, որոնք մեզ փոխանցվել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներից։

«Պայմանագիրը», ըստ ամենայնի, կստորագրվի նոյեմբերի 9-ին, որպեսզի այս օրը ներառվի «նոր հայերի» օրացույցում որպես «խաղաղության հաստատման», այլ ոչ թե 2020 թվականի խայտառակ հանձնման օր։ Դրանից հետո՝ նոյեմբերի 11-ին, կարելի է գնալ Բաքու և հեծանիվ քշել Պրիմորսկի բուլվարով։

Բայց նրանք, ովքեր լավ գիտեն պատմությունը, պետք է իմանան, թե ինչպիսին է սեփական ժողովրդի հարյուրավոր սերունդների իրավունքները զիջողների ճակատագիրը։ Ռենեգատությունը դաժան դատավճիռ է սեփական անձի նկատմամբ:

Նաիրա Հայրումյան