Լեհաստանի նախագահի տիկինը Հայաստանում հանդիպել է արցախցիների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան նախօրեին այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։

Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները համառորեն պնդում են, որ Հայաստան չներգաղթելու տարբերակներ կային, եւ արցախցիները թողել են իրենց տները, որ գան եւ Հայաստանում իշխանություն փոխեն։  

Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել։

Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյան նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:

Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։

Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Եվրախորհրդարանը պահանջում է նոր ընտրություններ

Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու հարցը մինչև 2028 թվականը և հրաժարվում է դրամաշնորհներ ստանալ կառավարության համար։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Ավելի վաղ Վրաստանի նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին։

«Մենք որոշել ենք ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չներառել օրակարգում մինչև 2028 թվականի վերջ, ինչպես նաև հրաժարվում ենք բյուջետային բոլոր դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը որոշումը բացատրել է նրանով, որ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման հարցը օգտագործվում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք։

Նրա խոսքով, Վրաստանի համար անընդունելի է, երբ ԵՄ-ին նրա անդամակցության հարցը դիտվում է որպես լավություն։

Եվրախորհրդարանը Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները չի համարում վրաց ժողովրդի կամքի արտացոլումը եւ կոչ է անում չճանաչել դրանք։ Այս մասին ասված է հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին ընդունված «Վրաստանում ժողովրդավարության խորացող ճգնաժամը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո և ենթադրյալ ընտրակեղծիքներից հետո» բանաձևում։ Դրա ընդունմանը կողմ քվեարկեց 444, դեմ՝ 72, ձեռնպահ՝ 82 պատգամավոր։

«Քանի որ քվեարկության օրինականությունը լրջորեն խաթարված էր խախտումների մասշտաբով, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները»,- ասվում է փաստաթղթում։ «Եվրախորհրդարանը, հետևաբար, մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում և կոչ է անում դրանք կրկնել մեկ տարվա ընթացքում, երբ գործընթացը տեղի կունենա բարելավված ընտրական միջավայրում անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից, միջազգային սերտ վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի իրական արդար և թափանցիկ ընտրական գործընթաց»։

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը անձնական պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական հետընթացների, ընտրական օրենքների և չափանիշների խախտման, վարչական չարաշահումների և պետական ​​ինստիտուտների չարաշահման համար։

ՀՀ Կառավարության անդամները հանդիպել են Արցախի ներկայացուցիչների հետ

Lianna Petrosyan-ը գրում է․

Հարգելի’ հայրենակիցներ,
Այսօր ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հանդիպել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տեղահանվածների համար օրհասական դարձած սոցիալական խնդիրները՝ արցախցիների համար իրականացվող բնակապահովման ծրագիրը, 40+10 աջակցության ծրագրի շարունակականության և զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
Մոտ 2 ժամ տեւած հանդիպման արդյունքում դեռեւս լուրջ առարկայական առաջարկություններ չեն եղել, պայմանավորվածություն է ձեռքբերվել եւս մեկ հանդիպում վաղն առավոտյան, որից հետո կտրվի համապատասխան տեղեկատվություն։
Հարգելի’ հայրենակիցներ,
Այժմ չափազանց կարևոր է Ձեր աջակցությունը բոլոր այն անձանց և միավորումներին, ովքեր այս ընթացքում հանդես են եկել տարբեր առաջարկություններով։
Հ. Գ. Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Կառավարության ներկայացուցիչներն այսօր հանդիպումներ են ունեցել նաև այս հարցերով իրատեսական ծրագրային առաջարկներ ներկայացրած այլ անձանց հետ։

Մարդը կարիքի մեջ․ Արցախի  հանրային ռադիոյի   «Բլոկադնիկ»–ը 

Կարինեն Արցախի հանրային ռադիոյի հնչյունային ռեժիսորն էր։ Մեկ էլ տեսար բղավեց՝ «Մելկիիի, մին շյուտ եկ ստեղ․․․»։ Դա նշանակում էր՝  կամ եթերի հետ արագ ճշտելու հարց կա, կամ սուրճի ժամ է։

«Մելկի»–ն  լրատվականի երիտասարդներն էին՝ Վիկտորիան, Անին, Ասպրամը։ Նրանցից մեկը Կառայի հետ գործնական հարցերը պարզում, ապա նրա հետ սուրճի պատրաստություն է տեսնում, կանչում մնացածներին։ 

Բլոկադան Արցախի հանրային ռադիոյում

Շրջափակման օրերին հասկացանք՝ Կառայի սուրճը կարևոր է։ Հատկապես երբ այն մատուցվում էր իր ձեռքով  պատրաստված կոնֆետներով։

Կառայի կոնֆետն ամենահամովն էր։ Այն  եփվում էր տեղում,  հանրային ռադիոյի աշխատողների  բերած վերջին մի քանի գդալ շաքարավազով,  ընդեղենով կամ չրով, սրճելու պահն էլ ընտրվում էր համապատասխան աշխատողների գրաֆիկի․

 – Կառա, կոֆեն տինումը՞ս- հարցնում էինք։

-Սպասինք վե՞չ հըվաքվին,- հետևում էր պատասխանը։

Բլոկադայի ժամանակ Կառայի փոքրիկ սենյակն ամենաջերմն էր․ ում տանն ինչ կար՝ բերում էինք այնտեղ՝  միասին ճաշակելու։ Եվ այդ աղքատիկ ճաշկերույթներից հետո անպայման վայելում էինք Կառայի սուրճը, իր պատրաստած կոնֆետով, որին Բլոկադնիկ անունն էինք տվել։

 

Հանրային ռադիոյի ռեժիսորական սենյակում, 2023 թ․

Ռեժիսորական սենյակը 2023 թ․ սեպտեմբերի 19ին՝ պատերազմի օրը

Խոստացել էր շրջափակումից հետո նման կոնֆետների արտադրություն սկսել։

Մենք էլ խոստացել էինք լինել առաջին գնորդները։

 

Կարինեն ու  պատերազմը

Կարինեն 2023 թվականի սեպտեմբերի 19–ին առավոտյան ժամը 8-ից արդեն աշխատանքի էր։ Երեխաներին դպրոց էր ճանապարհել, եթերից հետո շտապեց տուն՝  ճաշ պատրաստելու․ ամուսինը դիրքերից էր վերադարձել։ Մինչ Կարինեն հետ եկավ Ռադիո, Ստեփանակերտում լսվեցին պայթյունները։ Կարիների դուստրը դպրոցից տուն գալու ճանապարհին կորավ։ Պարզվեց, պայթյունների ժամանակ ինչ-որ մեկը երեխային մոտակա ապաստարանն էր տարել, մինչ մայրն ու հարազատները ռմբակոծվող քաղաքում փնտրում էին նրան մի քանի ժամ։

44-օրյա պատերազմի ժամանակ Կարինեն Ստեփանակերտում էր մնացել։ Երեխաներին ուղարկել էր  Հայաստան, բայց առայսօր մեղքի զգացումը հանգիստ չի տալիս․ նրանց թաց կոշիկներով էր ճանապարհել։

Արցախյան առաջին պատերազմը հիշում է ծնողների պատմածից, փոքր է եղել, բայց դրա հետևանքները զգացել է սեփական մաշկի վրա։ Բազմանդամ ընտանիքում է մեծացել, հայրը՝ Արցախյան առաջին պատերազմից հետո հաշմանդամություն ուներ։ Այն ծանր տարիներին մայրը հաճախ էր իրենց համար ձեռքի տակ հայտնված մթերքներից քաղցրավենիք պատրաստում։ Կոնֆետ պատրաստելն էլ այն ժամանակ  է սովորել, հետո մշակել սեփական բաղադրատոմսը։

 

Ռադիոն երկրորդ տուն

Ռադիոն Կարինեի երկրորդ տունն է․ 16 տարեկան էր, երբ եկավ Ռադիո, այնտեղ մեծացավ, ծանոթացավ կյանքին, սովորեց հաղթահարել դժվարությունները, իր և ուրիշների փորձով։ Ռադիոյում աշխատեց 15 տարի, մինչև բռնի տեղահանությունը։

Հրաժեշտի օրն Անին մի քանի լուսանկար արեց, իսկ Կարինեն հասցրեց մի քանի իր վերցնել իր հետ։

Հանրային ռադիոն  հրաժեշտի օրը,  նկարները՝ Անի Աբաղյանի

 Ներկան

Կարինեն փորձում է հարմարվել նոր իրողություններին։

Ապրում է Աշտարակում։ «Բլոկադնիկ»-ի խոստացած արտադրությունը դեռևս չի սկսել։ Բայց ուժերն արդեն փորձում է փոքր բիզնեսում, հացաբուլկեղենի արտադրամաս է հիմնել։  

–«Բլոկադնիկ»–ի արտադրություն սկսելու գաղափարը դեռ ուժի մեջ է, ասում է նա, – հարմար պահ  է պետք։ 

–Մեր՝ առաջին գնորդը լինելու խոստումը նույնպես,– պատասխանում եմ։

Սրբուհի Վանյան

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։

 

Նյութը պատրաստված է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, եւ այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլոում։

Ինչ է կատարվում Հալեպում. Պուտինը Սիրիայի հյուսիսը «տալիս» է Թուրքիային՝ «խորհրդային» տարածքի դիմաց

Հալեպի մատույցներում փլուզվել է ռուս-ասադական զորքերի պաշտպանությունը. թուրքական պրոքսի-կազմավորումները հաջող հարձակում են իրականացնում և արդեն 7 կմ հեռավորության վրա է քաղաքից։ Հարձակումն իրականացվում է Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների կողմից։

Սիրիայի կառավարական զորքերը փախչում են՝ թողնելով զենքն ու տեխնիկան։ Ռուսական հատուկ ջոկատայինները փորձել են պահել գրոհը, բայց ոչ այնքան ջանասիրաբար, գրում են լրատվամիջոցները։

Հարձակմանը, գրում է CNN-ը, ներգրավված են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ իսլամիստական ​​խմբավորումներից մինչև չափավոր Սիրիական ազատ բանակ, որին աջակցում է Թուրքիան։

Ռուսաստանը Սիրիայում գործողություն է սկսել 2015 թվականի օգոստոսի վերջին՝ սիրիական կառավարության խնդրանքով։ Հալեպ քաղաքը զինյալներից ազատագրվել է 2016 թվականի վերջին՝ ռուս զինվորականների աջակցությամբ։

2024-ի նոյեմբերի 20-ին Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի գործել Սիրիայում՝ հաշվի առնելով իր ազգային անվտանգության շահերը և այդ նպատակով կապի մեջ է Ռուսաստանի հետ։

«Մենք շարունակելու ենք պայքարել ահաբեկչության դեմ. Թուրքիան պատրաստ է ինչպես Սիրիայում նոր իրավիճակին, որը կստեղծի Սիրիայից Ամերիկայի դուրս գալուց հետո, այնպես էլ ներկա իրականությանը։ Մենք փորձում ենք վերականգնել իրավիճակը Սիրիայում՝ ի շահ ողջ տարածաշրջանի՝ այդ հարցի շուրջ անհրաժեշտ բանակցություններ վարելով Ռուսաստանի հետ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Անաթոլյան գործակալությունը։

«Հյուսիսային Սիրիան օկուպացվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից՝ ամերիկյան աջակցությամբ»,- ասել է Էրդողանը։

Որպես Պուտինի, Էրդողանի և ամերիկյան ապագա վարչակազմի հավանական պայմանավորվածությունների մաս՝ թուրքական պրոքսիների օպերացիան Հալեպի տարածաշրջանում նոր «բաժանման» մաս է թվում, որտեղ Ռուսաստանը զիջում է իր դիրքերը Մերձավոր Արևելքում Թուրքիային՝ փորձելով Էրդողանի օգնությամբ պահպանել « խորհրդային» տարածքը։

Հիշեցնենք, որ Հալեպը քաղաք է, որտեղ կոմպակտ ապրում են տասնյակ հազարավոր հայեր՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծների ժառանգները։

ՀՀ Խորհրդարանում արցախցիների հարցերը կքննարկվեն, բայց ոչ այն հարցերը, որ պետք է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ինչպես հայտնի է, շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են բնակարանային ծրագրին մասնակցել կամ աշխատանքի տեղավորվել: Կարճ ասած՝ ճարահատյալ են դիմել, մոտ 4 հազար մարդ՝ 100 հազարից ավելի արցախցիներից: Ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, ի՞նչն է խանգարում դրան․ քննարկման ժամանակ փորձելու են վեր հանել այս բոլոր հարցերի պատասխանները»:
Խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները աշխատում են անդրադառնալ արցախցիների հարցերին հումանիտար եւ սոցիլական տեսանկյուցիցմիայն, որ հանկարծ չբարձրացնեն քաղաքական եւ իրավական հարցեր։ Նույնիսկ քաղաքական հարցերից ընտրվել են այն երկուսը՝ արցախցիների վերադարձ եւ էթնիկ զտումների ճանաչում, որոնք միջազգային իրավունքում որպես լիակատար կատեգորիաներ չեն ընկալվում։ Բայց դա թույլ է տալիս չբարձրացնել օկուպացիայի, տեղահանության, ցեղասպանության, կարգավիճակի, բանակցությունների հարցը։ 

Իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը

Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։

 -Արցախի տեղահանումից հետո հաստատվեցիք Արցախից ավելի մոտիկ մարզում՝ Սյունիքում։ Հե՞շտ էր հարմարվել նոր միջավայրին, ինչպե՞ս հաղթահարեցիք առաջին դժվարությունները։

-Արցախի և Սյունիքի կապը դարերի խորքից է գալիս՝ պատմական, մշակութային, աշխարհագրական առումներով: 2023 թվականի պատերազմի և արցախցիների տեղահանության հետևանքով Սյունիքը դարձել է արցախցիների համար առաջնային ապաստան։ Ես, ինչպես բոլոր արցախցիները, ստիպված եղա հարմարվել նոր պայմաններին, նոր միջավայրին և հաղթահարել բազմաթիվ խնդիրներ։ Մենք ստիպված էինք դիմակայել կորստի զգացողությանը և անկայունության վիճակին: Նոր կյանք սկսելը Սյունիքում մեծ անորոշություն էր առաջացնում՝ կապված ապագայի, աշխատանքի, կրթության և կացարանի հետ:

Հասկանալ, թե ինչպե՞ս առաջ շարժվել, ի՞նչ նպատակներ դնել կամ ի՞նչ ծրագրեր իրականացնել, դժվար էր այդ պայմաններում: Ի՞նչն ինձ օգնեց նորից պայքարել։ Ես հիշեցի իմ ուժեղ կողմերը, Արցախում ունեցած հասարակական փորձս, կազմակերպչական և համառ բնավորությունս։ Հենց դրանք ինձ օգնեցին մարտահրավերների լուծման մեջ: Ես հասկացա, որ ամենակարևորն է գործել, ինչ-որ բանի մասնակցել, ինձ օգտակար զգալ:

Այդ ժամանակ իմացա Կապան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհրդի կամավորական ծրագրերի մասին և որոշեցի միանալ ու օգնել արցախցիներիս: Դա ինձ դուրս բերեց անգործության ու անորոշության վիճակից։ Կամավորությունն ու թիմը ինձ համար դարձան վերածննդի մի տեսակ՝ նոր կյանքի սկիզբ:

Հաջորդ մեծ խնդիրը իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելն էր։ Ստացվեց այնպես, որ որպես իրավաբան՝ ես չէի կարող աշխատել դատական համակարգում, քանի որ չունեի ՀՀ քաղաքացիություն: Սա մեծ հիասթափություն էր։ Երբ հասկացա, որ իմ մասնագիտությամբ աշխատելու ճանապարհը փակ էր, որոշեցի այլ ուղղություններով փնտրել աշխատանք, որտեղ կարող էի կիրառել իմ հմտությունները։ Այդ ժամանակ ինձ և շատ այլ արցախցիների աշխատելու հնարավորություն տվեց “ԱԺԴԱՆԱԿ” ՍՊԸ-ն: Աշխատանքի ընդունվելը առաջին հերթին ինձ ապահովեց ֆինանսական կայունությամբ, ինչը մեծ նշանակություն ուներ պատերազմի հետևանքով առաջացած պայմաններում: Սահմանափակումները միայն ժամանակավոր խոչընդոտներ են: Ինձ համար այս ամենը դարձավ շարժիչ ուժ՝ ավելի վճռական դառնալու և իմ նպատակներին հետևելու համար:

Գիտենք, որ Արցախում ակտիվ հասարակական գործունեություն էիք ծավալում, այստեղ ևս անմասն չէ՞ք մնում։

-Որտեղ էլ ապրեմ, ես արցախցիների, իմ ասկերանցիների հետ եմ։ Հանդիսանում եմ “Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն” ՀԿ-ի ներկայացուցիչը Սյունիքի մարզում։ Երևանում և Կապանում կազմակերպեցինք արտթերապիաներ երեխաների համար։ Դա ոչ միայն դարձավ ինքնարտահայտման և վերականգնման միջոց, այլև ստեղծեց ամուր կապ Արցախի և Կապանի երեխաների միջև։ ՀԿ-ի շրջանակներում կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ներկայացնել արցախյանը։ Մեծ մարտահրավեր է մեր ինքնության, մեր մշակույթի և ապագայի հանդեպ հավատը պահպանելը։

-Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք։

-Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը, կրթվելու, աշխատելու և երազանքները կյանքի կոչելու։ Քանի որ այդ ամենը այս պահին հնարավոր չէ Արցախում, ես դա անում եմ Սյունիքում։ Սյունեցիները մեզ նման գիտեն, թե ինչ է նշանակում դժվարությունները հաղթահարել, կորուստների միջով անցնել և նորից կանգնել ոտքի վրա։ Այս նմանությունը ստիպում է ինձ զգալ, որ Սյունիքում ես օտար չեմ, որ այստեղ մարդիկ հասկանում են մեր ապրումները։

Ես մտահոգ եմ Սյունիքի ապագայի համար։ Չնայած դրան, ես ընտրել եմ այստեղ ապրել։ Ոչ թե պարզապես գոյատևելու, այլ իսկապես ապրելու՝ սովորելու, աշխատելու և իմ ներդրումն ունենալու համար։ Գիտեմ, որ այս հողն ունի իր մարտահրավերները, բայց այն նաև ունի անսահման հնարավորություններ։ Այժմ փորձում եմ վախը վերածել էներգիայի, անորոշությունը՝ նպատակների։

Ես շարունակում եմ աշխատել նաև իմ նպատակի վրա՝ դառնալու իրավաբան, ով կկարողանա իրագործել արդարության սկզբունքները և միջազգային կառույցներում ներկայացնի Արցախը և պաշտպանի մեր ինքնորոշման իրավունքը։

Անկեղծ ասած, վերջերս նկատել եմ, որ կան մարդիկ, ովքեր կոչ են անում դիմել ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման հայցով։ Շատերի համար սա կարող է թվալ որպես միակ հնարավորը, բայց ես, որպես իրավաբան և որպես արցախցի, ուզում եմ նշել, որ մենք պետք է ավելի խորապես մտածենք այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման դիմումներով։ ՄԻԵԴ-ը կարող է լինելլ մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման կարևոր գործիք, սակայն երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք, որ չվտանգենք մեր ազգային շահերը։

Դիմելով ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման պահանջով, մենք գործնականում կարող ենք փակել այն հնարավորությունը, որ մի օր կրկին կվերադառնանք մեր տուն, մեր հայրենիք՝ Արցախ։ Մենք կարող ենք դիմել ՄԻԵԴ՝ բարոյական վնասների փոխհատուցման համար՝ նշելով, որ մենք ստիպված էինք լքել մեր տները ՝ ցեղասպանության վտանգի տակ։ Արցախ վերադարձի հարցը պետք է մնա մեր պայքարի կենտրոնում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը։

Ինձ համար Արցախի վերադարձը ոչ միայն քաղաքական կամ ռազմական խնդիր է, այլև իրավաբանական: Ես չեմ կորցրել հավատս՝ մի օր մենք կրկին կկարողանանք ապրել Արցախում, վերականգնել մեր հայրենիքը։ Եվ ես հավատում եմ, որ իրավաբանը պետք է լինի պայքարի մաս՝ ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որտեղ մեր ձայնը միշտ կհնչի։

 Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 2025 թվականից արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշման մասին։

-Վերջերս նաև ամենաքննարկվող թեմաներից է 50000 դրամ աջակցության ծրագրի դադարեցումը։ Ես համաձայն եմ, որ աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել մեր բնակարանային խնդիրները։ ՀՀ-ում բնակարանների վարձակալման գները բավականին բարձր են, և կառավարության կողմից տրվող 50000 դրամ աջակցությունը չի բավարարում նույնիսկ վճարելու տան մեկ ամսվա վարձավճարը (հատկապես փոքր ընտանիքների համար)։ Չպետք է մոռանալ, որ Արցախում մարդիկ ունեին սեփական տներ, գյուղատնտեսական հողեր, աշխատանք, սեփականություն, որով ապրում էին ինքնաբավ կյանքով։ Այդ տները ոչ միայն ֆիզիկական արժեք ունեին, այլև ընտանեկան ժառանգություն էին։ ժամանակին լիարժեք կյանքով ապրող մարդիկ այսօր ստիպված են ապրել որպես “օգնություն ստացողներ”։

Նոյեմբերի 30-ին կայանալիք հավաքի ժամանակ կուզենայի բարձրաձայնվեր ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև քաղաքական հիմնահարցեր, այն է՝ գերիների վերադարձի պահանջ, պահանջ՝ Արցախ վերադառնալու և միասնական քաղաքական օրակարգ մշակելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը

Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունները:

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ, խնդրելով պարզել, արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է ՀՀ օրենքը, որով արցախցիների կուտակային միջոցները տեղափոխվել են Հայաստանում գործող կուտակային ֆոնդեր։

Դատարանը մերժել է գործի քննությունը։

Ո՞ւր է գնում ռուբլու փոխարժեքը

Forex արժույթի միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 114 ₽. Դոլար/ռուբլի զույգը (USD/RUB) չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, աճել է 8,54%-ով՝ 2022 թվականի մարտի 15-ից ի վեր առաջին անգամ աճելով մինչև 114,5 ₽:

Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով):