«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի վերադարձի»

«Ես հավատում եմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի, հայկական պատմական տարածքների վերադարձի։ Եթե չհավատանք, չենք հասնի դրան, սա եմ սովորեցնում նոր սերնդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի գործիչներից Վազգեն Սիսլյանը։

Նա անդրարադարձավ Հայաստանի իշխանության այն թեզերին, թե «թույլ ենք ու պարտված, հետեւաբար, պետք է զիջենք»։

«Դա սուտ է, ես համաձայն չեմ, թե մենք թույլ ենք։ 1990-ական թվականներին՝ առաջին պատերազմի ժամանակ, մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, բայց հաղթեցինք այդ պատերազմը։ Այսօր իրավիճակը նույնն է, եթե մենք չդավաճանվենք, միշտ էլ կհաղթենք։ Մենք թույլ չենք, մի ազգ, որը 10 հազարից ավելի տարվա պատմություն ունի, չի կարող թույլ լինել։ Այնպես որ, ովքեր նման բաներ են ասում, ուրիշ ծրագրեր ունեն, որոնք իրագործում են»,- նշեց Սիսլյանը։

Նա նշեց, որ Հայաստանի այսօրվա տարածքը եւս պետք է ազատել ադրբեջանական օկուպացիայից․ «Եթե իշխանություններն ասում են՝ ուժով ու պատերազմով չեն կարող վերցնել մեր տարածքները, ուրեմն պետք է դիվանագիտությամբ հասնենք ամեն ինչի։ Թող դիվանագիտությամբ պահեն, եթե ոչ, պատերազմն է վերջին խնդիրը։ Բայց այս իշխանությունները զիջում են, զիջելը սա է նշանակում՝ կամ թուրք են, թուրքի գործն են անում, կամ էլ վախկոտ են։ Եվ իրենք իրենց վախկոտությունն ուզում են բարդել հայ ժողովրդի վրա»։

«Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ես չեմ հավատում, թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ։ Խաղաղության պայմանագիրն չի կարող լինել»,- հավելեց նա։

Վազգեն Սիսլյանի խոսքով՝ նախ պետք է հեռանան այս իշխանությունները, որպեսզի հնարավոր լինի այսօրվա իրավիճակը փոխել։ «Պետք է լինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ի օգուտ հայրենիքի ու հայ ժողովրդի։ Ես վստահ եմ, որ այսօր 5 կամ 10 գյուղի խնդիր չէ, դրանով սկսվում է։ Ես պատրաստ չեմ հայրենիքը հանձնել, եթե մարդիկ պատրաստ են, դա իրենց պրոբլեմն է»,- ընդգծեց նա՝ կոչ անելով հայ ժողովրդին համախմբվել։

Հայաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել արցախցիներին, ստիպված կլինի պատասխան տա տրիբունալի առաջ

Հոկտեմբերի 21-ին Արցախի 60 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել Հայաստանի ԱԳՆ, որին այդպես էլ պատասխան չեն ստացել։

Նամակում ասվում է, որ «Հայաստանն ունի բավարար իրավունքներ և պարտավորություններ՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ողջ շրջանակը, ինչն ամրագրված է ընդունված փաստաթղթերում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»։

Նամակի հեղինակները մատնանշում են Բաքվի և Մոսկվայի նախաձեռնած ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերացման գործընթացին Հայաստանի մասնակցության անթույլատրելիությունը։

“ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է”, ասված է նամակի մեջ:

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանելու ոչինչ չունի արցախցիների օրինական պահանջներին, ինչպես նաև ազգային դավաճանության և հանուն սեփական իշխանության պետական ​​շահերը զոհաբերելու հիմնավոր մեղադրանքներին։

Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև կառավարող ողջ խ,բակը պետք է պատասխանի այս հարցերին ազգային տրիբունալի առջև, որն առաջնորդվելու է ոչ թե զոմբիացնող պատմություններով, այլ փաստերով։ Իսկ փաստերն անողոք են. խախտվել է Հայաստանի ամբողջականությունը, Սահմանադրությունը, պետության հիմքը, Հայաստանի պարտավորությունները, խարխլվում է ազգային ինքնությունը, Արցախը օկուպացված է, 150 հազար մարդ զրկված է իր հազարամյա հայրենիքից։ Եվ ոչ մի հաջողություն արտաքին քաղաքական ճակատում, ոչ մի այլ փաստարկ, քան «պատերազմից այլ կերպ հնարավոր չէր խուսափել»:

Հայաստանի ԱԳՆ-ն մահացու վախենում է Արցախի ժողովրդի հարցերից. Արարատ Միրզոյանի «քացով տալու» փորձերը՝ հայտարարել, որ «մենք առաջարկել ենք ընդունելի լուծում, բայց Արցախի իշխանություններն իրենք են մարդկանց քշել Հայաստան՝ այնտեղ իշխանափոխություն անելու համար», չեն դիմանում քննադատություններին անգամ հավաբնում։ Ինչպես նաեւ ԱԳՆ կայքից վախկոտորեն ջնջված «Լեռնային Ղարաբաղ» բաժինը և Ֆրանսիային և այլ երկրներին հայանպաստ որոշումներից ետ պահելու նպատակով հրատապ գործուղումները։

Տրիբունալում հարցեր կհնչեն նաև Միրզոյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ցեղասպանության հարցը Հայաստանի ԱԳՆ ծրագրում առաջնահերթություն չէ։

Իսկ ո՞րն է առաջնահերթությունը՝ մտնել «ակումբ», որտեղ քեզ մեկ է չեն ընդունում, ցուցադրել թանկարժեք ժամացույցդ։ Արդյո՞ք առաջնահերթություն է շոյել սեփական սնոբիզմը և ձևացնել, թե գիտես մի բան, որը ուրիշները չգիտեն:

Արարատ Միրզոյանը հասկանում է, որ «մեղավորների» հերթում հաջորդն ինքն է լինելու՝ պաշտոնանկ «ուժայինների» հետևից։ Իզուր չէ, որ Փաշինյանը «ջնջեց» արտաքին գործերի նախարարության բոլոր ծառայողական մեքենաները. Ժամանակն է, որ Միրզոյանը նորից վարժվի հասարակական տրանսպորտից օգտվելուն. Թռիչքն ավարտված է։

Վրաստանի նախագահի թեկնածու է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին

Sputnik. Վրաստանի նախագահի թեկնածու է դարձել «Վրացական երազանք»-ի նախկին ֆուտբոլիստ և հարձակվող 53-ամյա Միխեիլ Կավելաշվիլին։ Այս մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Ինչպես գիտեք, Վրաստանի խորհրդարանը նշանակել է նախագահական ընտրություններ, որոնք, ըստ Սահմանադրության գործող տարբերակի, անուղղակի կերպով կանցկացվեն դեկտեմբերի 14-ին, Վրաստանի նախագահն ընտրվելու է 300 անդամից բաղկացած ընտրական հանձնաժողովի կողմից, որում մեր քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», ունի ամուր մեծամասնություն՝ հիմնված վրաց ժողովրդի որոշման վրա», – ասել է Իվանիշվիլին։

Ելնելով դրանից՝ ի սկզբանե պարզ է, որ Վրաստանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանքի» կողմից սատարվող թեկնածուն, նշել է նա։

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։

Հասարակությանը պետք է ասել՝ այս ո՞ւմ եք ընտրել. Արամ Մանուկյան

Այնպես չէ, որ իշխանության թիմում բոլոր հավաքվածները բոմբժ էին կամ սոված էին, նրանց մի մասը քաղաքական դասընթաց է անցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Ինչի՞ են լռում։ Բոլորը զոմբիացել են, կեսը զոմբի է, վախենում են ձեն հանեն, կեսն էլ վարկեր ունի փակելու: Բա դրանց միջի քաղաքացին ու՞ր է, ու՞ր է դրանց մեջի մտավորականը, կարդացածը, համարձակը, երիտասարդը: Վառեկներին տանում են պաշտոնների են նշանակում, ջահելներին տանում են խորհրդարան, հետո ասում են՝ հետ արի, խախտել ես Սահմանադրությունը, մեկը չի ըմբոստանում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նրանցից յուրաքանչյուրի վրա կոմպրոմատ ունի, Արամ Մանուկյանն ասաց. «Նախկինների վատ փորձը ինքը սովորեց, նախկիններից ինչքան վատ բան կար, ինքը հավաքեց և կիրառում է շանտաժը, վախը, «խնդրանքը»;

Նա ընդգծեց, որ այս թեմաները պոպուլիստական, ծամոններ են, որոնք գցում են ժողովրդին. «Սիրելի ժողովուրդ, հիմնը, դրոշը, այս ամենը մենք վերցրել ենք ոչ թե որպես գեղարվեստական արժեքներ, դա վերցրել ենք որպես պատմական արժեքներ: Ալենի խելքին սա չի հասնում, ես ի՞նչ անեմ, Ինչքա՞ն ասեմ, որ խելքը հասնի, որ դա կարևոր բան է։

Հռչակագրի մասին։ Այս կարգի սրբագույն փաստաթուղթը, որը պետության ծնունդ է, ասում եք՝ պետության  չգոյության մասին է: Ինչպիսի՞ լկտիություն պետք է ունենաս, ինչքան ամբարտավան պետք է լինես, ինչքան ցինիկ պետք է լինես, որ քո երկրի ծննդականը համարես երկրի չգոյության պայման։ Եվ մարդ շվարում է, մոլորում է, ինչպե՞ս կարելի է այս տգիտության դեմը առնել։ Տգիտությունը ավելի հզոր զենք է, քան բանակը։

Մեր խնդիրն է հասարակությանը հասկացնել, որ այս ո՞ւմ եք ընտրել, հայ ժողովուրդ, ձեր թքած թուքը մի օր լիզելու եք, թե չէ։ Մի օր ինքներդ ձեր խղճի առաջ նստելու եք ասել՝ այս ի՞նչ եմ արել, այս ում բերեցինք, այս ի՞նչ չարիք բերեցինք մեր երկրի գլխին։ Մի՞թե այսպես փորձանքը կարող է ղեկավարել երկիրը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը, որը 1990-ին ընթերցել է Անկախության հռչակագիրը:

Նինայի վերջին եթերը

Շրջափակման ընթացքում լուսավոր լուրեր հայտնելը դժվար էր, սղություն էր թե՛ խանութներում, թե՛ լրահոսում։

Արցախի հանրային ռադիոյի առավոտյան եթերները հաղորդավարները կիսասոված էին վարում, արդեն 9 ամիս։

Սեպտեմբերի 19-ի եթերը Նինա Հայրապետյանն էր վարում։

«Պիտի 8 ։30 ուղիղ եթեր մտնեի, բարի լույս մաղթեի մեր հայրենակիցներին։ Հիմա չեմ էլ հիշում՝ այդքան վաղ ինչ նորություններ եմ կարդացել, հիշում եմ միայն 13։00-ի նորությունները»,-ասում է Նինան։

Բայց մինչեւ անցնելը տարածաշրջանային լրահոսին, արդեն օդում պատերազմի հոտ կար։ Ներքին լուրերը սեւ շշուկի պես շրջում էին՝ նորի՞ց պատերազմ։

«Տաղավարից լսում էի գործընկերներիս անհանգիստ ձայները՝ -դպրոցներից երեխաներին ուղարկում են տուն, -Կալցեվոյում զինվորականներ են, բոլորը շտապում են դեպի շտաբ, -նորից համար մեկ է…»,- հիշում է Նինան։

Համար մեկը այդ օրերի համար սովորական երևույթ էր արդեն։ Զանգեց ամուսնուն, որ ուժային կառույցներից մեկում էր աշխատում, չպատասխանեց։ Սկսվեց «Արցախ լրատվականի» ամփոփ թողարկումը։

Ու թեեւ քաղաքում շատերն էին անհանգիստ, պաշտոնական լրահոսն ավելի խաղաղ էր եւ սթափության կոչեր էր անում։

-Դե ինչպես միշտ, սկզբից ՊՆ-ի հերքումներն էին, հետո արդեն ԿԳՄՍ նախարարության լուրը, որ Հանրապետության շրջանների և մայրաքաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքներն ընթանում են բնականոն հունով։ Նախարարությունը հորդորում էր խուճապային տրամադրությունների չտրվել։ Եթերում էլ էր լսվում, թե ինչքան լարված եմ,- պատմում է Նինան եւ ավելացնում, որ լարվածությունն ամենեւին կապ չուներ ուղիղ եթերի հետ։

Վիդեո- վերջին եթերը

Ինչպես երեւում է տեսանյությում Նինան միայն իր ձայնն է լսում եւ պատերազմի առաջին որոտները տաղավարում հասու չեն իրեն։

«Չգիտեմ ու չեմ պատկերացնում՝ ինչ կհաղորդեի ռադիոլսողներին, եթե Ստեփանակերտը ռմբակոծող ձայները ռադիոյի տաղավարում ինձ հասնեին։ Գործընկերներս սկսեցին ձեռքերով հասկացնել, որ պետք է դադարեցնել եթերը։ Ես մտածում էի, որ ռադիոյի շենքում է ինչ-որ միջադեպ եղել, կարդացի եղանակի տեսությունը` սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 17-21 աստիճան տաքություն։ Սկսվեց իմ տեսած երկրորդ պատերազմը»,- ասում է Նինան։

Ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ ուղիղ մեկ տարի առաջ երկինքը խավարվեց այդքան հնչող արկերից, արեւոտ ջերմ եղանակ եւ ամենուր խուճապահար մարդիկ, որ փնտրում էին ապաստարաններ, գոնե ֆիզիկապես փրկվելու համար։

Սպասու՞մ էինք պատերազմի։

-Մենք հասկանում էինք, որ 9 ամիս ձգվող, ավելի խստացվող շրջափակումը, պաշարումը ինչ-որ ձևով պիտի հանգուցալուծվեր։ Եթե այդ հարցը փաստաթղթերով, իրավական նորմերով ու կանոնակարգերով լուծվող լիներ, գուցե մենք չիմանայինք էլ՝ ինչ է նշանակում պաշարում,- աում է Նինան, ով լավ էր տեսնում այդ պաշարման դժվարությունները եւ օրեցօր սեղմվող օղակը։

Ու որքան էլ ծանոթ է թվում պատերազմը, այնքան՝ ատելի։

Նինան պատմում է, որ անհանգիստ էր քրոջ համար, ով այդ պահին դպրոցում պետք է լիներ։ Զանգել հնարավո չէր, որոշ ժամանակ անց միայն մայրը կարողացավ կապվել ապաստարանից ու ասել, որ ինքն ու քույրը ապահով են։

Պատերազմների ժամանակ կանայք ապաստարաններում կարող էն ապահով լինել, բայց տղամարդիկ՝ միշտ վտանգի մեջ են։

«Հայրս այնտեղ էր, որտեղ բոլոր տղամարդիկ էին՝ ծառայության։ Ամուսնուս չեմ զանգել։ Չգիտեմ վախեցել եմ, որ չի պատասխանելու, թե՞ որ կխանգարեմ»,- այսպես հաճախ են մտածել կանայք, ոմանք լսել, ոմանք էլ այդպես կարոտ մնացել իրենց ամուսինների, որդիների, հարազատների զանգերին։

-Մտածում էի ամուսնուս և նրա նման հարյուրավոր տղաների մասին․․․ Նրանք ապաստարանում չեն, ի՞նչ են հիմա նրանք տեսնում իրենց գլխավերևում, այդպես մտածելով բարձրացա երրորդ հարկ։ Գիշերը իմացա, որ Արսենը ողջ է։ Պատերազմը մեկ վայրկյանով կանգ առավ ինձ համար,- հիշում է Նինան։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան լույս կար միայն կառավարության շենքում։ Նինան հիշում  է, որ ընկերուհու հետ «փրկություն էին փնտրում» համացանցում, բայց․ «այդպես էլ չգտա լուր այն մասին, որ մեզ կփրկեն, որ 120 հազար հայ չի կարող հենց այնպես բոլորի աչքի առաջ անհետանալ այս աշխարհից, ցեղասպանվել»,- ասում է նա։

Թվացյալ փրկությունը եկավ Եվլախում պայմանավորվածությունից հետո, բայց նույնիսկ այդ ժաանակ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ է սպասվում հետո։

Իսկ հետո մեր աչքի առաջ փլուցվեց մի  փոքրիկ պետություն, մեզ հարազատ քաղաքները վերափոխվեցին, գունազրկվեցին, այրիացան։

«Թվացյալ զինադադարից հետո շատ եմ քայլել Ստեփանակերտի փողոցներով, ուզում էի աշխարհի ամենասիրուն քաղաքից կարոտս առնել, նորից տեսնել, զգալ, շնչել ամենամաքուր օդը։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը մի հավերժություն էր թվում և այդ հավերժությունը փոխեց նաև իմ քաղաքի գույները։ Դրանք արդեն այդքան վառ չէին, ամեն ինչ մոխրագույն էր թվում։ Իմ ծննդավայրը, իմ Ստեփանակերտը այլևս նույնը չէր, այլևս իմը չէր», ստեփանակերտյան վերջին հուշերն է պատմում Նինան։

Նորից կտեսնե՞նք մեր Արցախը, այս հարցին դժվարանում է պատասխանել, բայց վստահ է, որ ոչ սին հույսերով պիտի չխաբենք մեզ։

«Գուցե անհրաժեշտ կլինի սպասել տասնամյակներ։ Ինձ սփոփում է միայն հավատը, որ զենքով ու գիտելիքով զինվելը միայն կարող է մեզ վերադարձնել Արցախ»,- ասում է արցախի հանրային ռադիոյի լրագրող-հաղորդավարը, հավատով, որ մի օր Արցախից լավ լուրեր կհաղորդի։

Մարիամ Սարգսյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իսրայելը և «Հեզբոլլահը» պայմանավորվել են հրադադարի մասին

Իսրայելը և լիբանանյան արմատական ​​շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել Լիբանանում հրադադարի շուրջ։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո Իսրայելի պաշտոնյաները հայտարարեցին զինադադարի հասնելու մասին։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին Իսրայելում և Լիբանանում տեղական ժամանակով ժամը 04:00-ին։ Գործարքի պայմանները ենթադրում են, որ Իսրայելի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները կլքեն Լիբանանի տարածքը առաջիկա 60 օրվա ընթացքում։

Վաշինգտոնը և Փարիզը կաշխատեն ապահովելու «հրադադարի ամբողջական իրականացումը», նշել է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների համատեղ հայտարարությունը։

Մարդը կարիքի մեջ․ Իմ փորձառությունը, եւ թե ինչպես այն պետք եկավ 21-րդ դարում 

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։ Շարքը սկսում եմ իմ պատմությամբ։

 

90-ականների սկզբին, ապրելով պատերազմող Արցախում, ես առաջին անգամ առնչվեցի կարիքին․ Ստեփանակերտը շրջափակված էր, ցամաքային կապ արտաքին աշխարհի հետ չկար. Շուշին, Լաչինը, որտեղով անցնում էր Արցախի հայերիս արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ փակ էր։ Քաղաքը հրետակոծվում էր, չունեինք լույս, ջուր, ուտելիք, հագուստ։

Մենք սկսեցինք կարիքը հաղթահարելու ելքեր փնտրել․ մոխիրից մաքրող միջոց ստացանք,  քարե երկանքով ցորեն ու գարի աղալով՝ ալյուր, այդ ալյուրից՝ մակարոնեղեն, կաթի փոշուց՝  խտացրած կաթ։ Սովորեցինք բուրդ մշակել, թել մանել, գործել ու կարել։

Բայց այս ամենը պիտի մնար հեռավոր 90-ականներում, ու երբեք չպիտի տեղափոխվեր 21-րդ դար, որն իմ մանկական երազանքներում լուսավոր էր, գունեղ ու այնքան սպասված։ 

 

Ստեփանակերտ․ 80-ականներ

Մայրս կարի մեքենա ուներ, հայրս էր նվիրել մարտի 8-ին։ Այդպիսիք կային Խորհրդային  Միությունում ապրող շատ ընտանիքներում։ Դրանով են կարվել մեր գրեթե բոլոր տոնական զգեստները, թարմացվել մեր շրջապատի կանանց հագուստը, կարճացվել տղամարդկանց տաբատները։ Դրանով մայրս հետագայում նաև պատերազմող տղաների  համար բռոնեժիլետներ է կարել։

Մորս կարի մեքենան ավելի շատ օգտագործում էր քույրս՝ իր տիկնիկների համար հագուստ  կարելու համար։ Թաքուն, քանի որ մայրս չէր թողնում այն օգտագործել՝ վախենում էր փչանալուց։ Ես  ավելի քիչ էի կարում։

Բայց  90-ականները նոր մարտահրավերներ առաջ քաշեցին, և ես  ստիպված եղա կրտսեր քրոջս հետ կատարելագործել կարելու իմ հմտությունները։

Քրոջս՝ Գեղուհու  հետ, Պյատաչօկ, 1991 թ․

 

Ստեփանակերտ 90-ականներ

Հայրս ինձ համար նոր կոշիկ էր գտել։  Ես այն  շատ էի հավանել, բայց հագնել  չէի կարող, քանի որ կոշիկի կողքը մուկը կրծել էր։ Պետք էր մի բան մտածել։ Օգնության եկավ մայրիկի հին դրամապանակը, որի կաշին էլ կարի մեքենայի օգնությամբ սիրուն դետալի վերածեցի ու կպցրեցի կրծած կոշիկին՝ անհամբեր սպասելով այն հագնելու տոնական առիթին, որն այդ տարիներին նույնքան հազվադեպ էր, որքան նոր կոշիկը։

Առիթը եկավ։ Բայց երբ դուրս եկա տնից, միացավ օդային տագնապի ազդանշանը, որին  հետևեց ռմբակոծիչի սուլոցը։ Ես պառկեցի գետնին, մինչև վտանգն անցավ, իսկ երբ բարձրացա, առաջին միտքս կոշիկի մասին էր, որ հանկարծ վնասված չլիներ։

Համադասարանցիներով,  տեքստի մեջ նշված կոշիկով, 1993 թ․

 

Ստեփանակերտ․ 21-րդ դար

90-ականներից ավելի քան 30 տարի անց նորից շրջափակման մեջ էինք։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ էին, հացի հերթեր, վառելիքի ու մթերքի սղություն։ Դուստրս՝  Աստղիկը, գրեթե նույն հասակին է, ինչ ես էի 90-ականներին և ես նրա համար պայուսակ էի կարում․ Ստեփանակերտում դպրոցական նոր պայուսակ գնելը խնդիր էր։

Տանը գտնված մի քանի հատիկ չիր ու ընդեղենից, դոշաբից ու կակաոյի փոշուց պատրաստված ձեռագործ կոնֆետներով վերջին սուրճն էինք վայելում միասին։

Աստղիկի պայուսակը, պատրաստվում ենք սեպտեմբերի 1-ին, 30.08.23 թ․, ձեռագործ կոնֆետներն ու սուրճը

Ծանր թեմաները շրջանցում էինք․ երկուսս էլ գիտեինք՝ այն, ինչ կատարվում է, պիտի մնա հեռավոր անցյալում, ու երբեք չպիտի տեղափոխվի հաջորդ տասնամյակ ու հարյուրամյակ, որը մանկական երազանքներում, անկախ ամեն ինչից, լուսավոր է ու գունեղ․․․

Սրբուհի Վանյան

Նյութը պատրաստված է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, եւ այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլոում։

Արցախցիների իրավունքները ներկայացնող միասնական կառույցի ստեղծումը հրամայական է դառնում

Արցախյան հասարակության մեջ ակտիվացել են խմորումները, որոնք կարող են հանգեցնել ինքնակազմակերպման ակտերի, եթե, իհարկե, արցախցին վերջնականապես դեն նետի փոխադարձ մեղադրանքների, մերժողականության, սնոբիզմի մթնոլորտը և հասկանա, որ խնդիրները կարող են լուծվել միայն համատեղ։

Տեղահանությունը, գույքի, իրավական կարգավիճակի կորուստը տեղի է ունեցել ոչ թե առանձին արցախցու, այլ բոլորի նկատմամբ՝ հավաքականորեն, և ՀՀ կառավարության կողմից արցախցիներին առաջարկվող սոցիալական աջակցությունն ու փախստականի իրավական կարգավիճակը նույնպես հավաքական են։ Սակայն արդեն մեկ տարի է՝ արցախցիները որպես համայնք չեն կարողանում վերականգնվել։ Ընտրված իշխանությունները մերժվում են Հայաստանի իշխանության կողմից։ Բացի այդ, իրենք՝ նախկին պաշտոնյաներն ու պատգամավորները (հազվադեպ բացառություններով) առանձնապես չեն փորձում քիթը խոթել քաղաքականության մեջ՝ ոմանք կողմնակալության, ոմանք՝ վախի ու անկարողության պատճառով, իսկ ոմանք էլ ուղղակի գործելու դաշտ չեն տեսնում։

Բացի այդ, Արցախի պաշտոնյաներն ու պատգամավորները արցախյան համայնքում հեղինակություն չեն վայելում, մարդիկ ավելի շատ կապված են համայնքային ղեկավարների հետ, բայց Հայաստանում նրանք նույնպես ենթարկվում են հետապնդումների, օրինակ՝ Ստեփանակերտի, Մարտակերտի, Հաթերքի քաղաքապետերի ձերբակալությունը ամռանը։

Կոլեգիալ կոլեկտիվ մարմնի բացակայությունը, որը կարող է հանդես գալ որպես արցախցիների հավաքական իրավունքների և շահերի հաղորդիչ, հանգեցնում է նրան, որ նույնիսկ միջազգային կազմակերպությունները, որոնք ցանկանում են կապ հաստատել Արցախի ժողովրդի հետ, չգիտեն, թե ում հետ համագործակցել։

Հայաստանի խորհրդարանը «Օսկանյանի» կոմիտեին Արցախի ժողովրդի անունից միջազգային կառույցների հետ համագործակցելու մանդատ է տվել։ Սակայն Կոմիտեն որպես առաջնահերթություն ընտրեց երկու հարց՝ «էթնիկ զտումների ճանաչումը և վերադարձի իրավունքը», որոնք ի սկզբանե չեն կարող լուրջ քաղաքական և իրավական որոշումների հիմք դառնալ։

Գնալով արդիական է դառնում այնպիսի կառույցի ստեղծումը, որը կարող է ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատել Հայաստանի կառավարության և միջազգային կառույցների հետ։

Մեխանիզմները կարող են շատ տարբեր լինել՝ նոր խորհրդարանի արտահերթ ընտրություններից մինչև հասարակական համակարգող մարմնի ստեղծում։ Ավելին, այդ մեխանիզմները կարելի է համատեղել, բայց միասնական մարմնի ստեղծումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ փոխվի արցախցիների հոգեբանությունը, որը երկար տարիներ սրված էր «շպիոնամանիայի», փոխադարձ մեղադրանքների ու սեփական անփոխարինելիության վրա։

Թերևս 2007 թվականից սկսած Արցախում ստեղծվեց ԿԳԲ-ի մի մթնոլորտ, որտեղ բոլորը կասկածում և դատում էին մյուսին, որտեղ գողական “կոծկումը” փոխարինում էր ազգային անվտանգության համակարգին:

Այս մթնոլորտը ոչ միայն թույլ տվեց, որ քիչ թե շատ կոնսոլիդացված արցախյան հասարակությունը կտոր-կտոր արվի, այլեւ ճանապարհ բացեց իսկական լրտեսների համար։

2020 թվականից հետո շատերն էին ասում, որ պատերազմական գործողություններից շատ առաջ Արցախում հայտնվել են հայկական անձնագրերով մարդիկ, ովքեր աշխատել են պետական ​​կառույցներում, նույնիսկ ծառայել են իրավապահ մարմիններում՝ քողարկված ագենտուրային աշխատանք կատարելով։ Իսկ պատերազմի ժամանակ տեղի ունեցածը ենթակա է հատուկ ուսումնասիրության։

Այս մթնոլորտը, 2022-23 թվականներին Ստեփանակերտում կազմակերպված թատերական հանրահավաք-համերգները, «չքաղաքականացնելու», ամենաստոր հաճույքներով բավարարվելու և իրավիճակը ճշմարտությունն ասողներին խարանելու ​​պետական ​​քարոզչությունը հանգեցրել է նրան, որ մեկ տարուց ավելի է արցախցիները չեն կարողանում իրար հետ խոսել և գործողությունների ծրագիր մշակել։

Արցախցիների մեծ մասը մտահոգված է սոցիալական խնդիրներով և հետաքրքրված է միայն ֆինանսական լուծումներով, թեև հասկանում է, որ առանց քաղաքական և իրավական հարցերի լուծման սոցիալական աջակցությունը հեշտությամբ կարող է վերածվել խեղդամահի։

Հասարակության մյուս հատվածը, ընդհակառակը, անմիջապես առաջ է քաշում գլոբալ լուծումներ, որոնք այս իրավիճակում ակնհայտորեն անիրատեսական են, թեեւ դրանց ձեւակերպումն ու արտաբերումը պարտադիր են։

Այս երկու ծայրահեղությունների արանքում անտեսված է այսօրվա խնդիրը՝ ձևավորել ներկայացուցչական կառույց, որի հետ պարտավորված կլինեն խոսել և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ միջազգային կառույցները, և որը կներկայացնի Արցախի ժողովրդի իրավունքները և Արցախի սուբյեկտությունը։

 

ՀՀ ԱԳՆ-ն արհամարել է Արցախ 60 ՀԿ-երի նամակը

Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan, դուք արհամարհեցիք Արցախի ավելի քան 60 ՀԿ-ների կողմից ձեզ ուղղված նամակը, գրել է Ֆեյսբուքի իր եջում արցաղյան գործիչ Արթուր Օսիպյանը։
“Ամեն կերպ արհամարհում եք արցախցիներին, որպեսզի ալիևի աչքերին հաճոյանաք։ Մենք սա այսպես չենք թողելու”, գրել է նա։
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Պարոն նախարար:

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:

Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:

Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:

Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:

Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:

Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար:

Արցախի ՀԿ-ների ստորագրություններ

Եվրակոմիսարը խոսում է Լիբանանի մասնատման հավանականության մասին

«Լիբանանում հրադադարի կնքումից խուսափելու որևէ արդարացում գոյություն չունի», – այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը։

«Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից մշակված հրադադարի առաջարկը փարատում է անվտանգությանը վերաբերող Իսրայելի բոլոր մտահոգությունները։ Կրակի դադարեցումից խուսափելու որևէ արդարացում չկա, որովհետև հակառակ պարագայում Լիբանանը պարզապես կմասնատվի»,-նշել է Բորելը։

Նրա խոսքով, սակայն, Իսրայելի կառավարության որոշ «ծայրահեղական անդամներ ցանկանում են շարունակել կռիվը»։

Reuters-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շուտով կհայտարարեն Լիբանանում «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին: