2020-ին Սղնախից տեղափոխվեցինք Շոշ, որ գյուղից մոտ լինենք

Սղնախ՝ նշանակում է ամրոց

Արցախից տեղահանվելուց հետո Եղիշե Ղահրամանյանի ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Ղահրամանյաններն Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից են, որի 2020-ի անկումից հետո, հարազատ Սղնախին մոտ լինելու համար նրանք տեղափոխվել ու բնակվում էին Շոշ գյուղում։ Կորսված գյուղին մի փոքր հեռվից նայում ու կարոտ էին առնում։ Եղիշեն համայնքի ղեկավարն էր, 2020-ի 44-օրյա պատերազմում վիրավորում ստանալուց հետո ապաքինվել և մինչև տեղահանությունը զբաղեցնում էր այդ պաշտոնը՝ համախմբած պահելով Արցախով մեկ ցրված իր համագյուղացիներին։

Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1-ին, ծնողներին մի քանի օր առաջ էր ուղարկել Հայաստան։

 -Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային, որոնք անարգել քայլում էին քաղաքում, մտնում հիմնարկներն ու խանութները։ Ծանր էր տեսնել, թե ինչպես է իրեն տեր զգում թշնամին քո հայրենիքում։

Տեղահանության դաժանությունը զգացել էի 2020-ին, երբ թշնամու տիրապետության տակ անցավ մեր գյուղը՝ մոտակա մի քանի գյուղերի հետ միասին։ Մեզ համար չափազանց ծանր էր ընդունել դա, չէինք կարողանում համակերպվել, որ թշնամին արցախյան մեր պատմական գյուղերում է։ Ախր մեր ձորակում թուրքը երբեք ոտքի չի դրել։ Հետո հասկացանք, որ պետք է ընդունել իրականությունը։ Մեր գյուղացիները սփռվեցին տարբեր տեղերով մեկ, բայց իրար միջև կապը կայուն մնաց։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կապ ենք պահպանում իրար հետ։

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվեց, ես գյուղում չէի։ Աշխատում էի գյուղից դուրս։ Լուրերը հասել էին, որ Շոշում իրավիճակը չափազանց ծանր է, խուճապահար մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ոնց փրկվեն։ Հրետակոծությունները ընդհանրապես չէին դադարում։ Մինչև կեսօր կապը կար գյուղի հետ, հետո՝ կտրվեց։ Շտապ հետ եմ դառնում գյուղ, սակայն ռուսական անցակետում չեն թողնում մտնել գյուղ՝ ասելով, որ այնտեղ շատ վտանգավոր է։ Բայց քիչ հետո մի կերպ հասնում եմ մինչև դպրոցի շենքը, որը գյուղի սկզբնամասում էր։ Արդեն գիտեի, որ բնակչությունը պատսպարվել է այդտեղ։ Հաջողվում է մարդկանց ուղարկել Ստեփանակերտ։ Մի քանի օր հետո հարազատներիս ուղարկում եմ Հայաստան, հետո ես ևս միանում նրանց,- պատմում է Եղիշե Ղահրամանյանը։

Սղնախի համայնքի նախկին ղեկավարը հիշում է, թե ինչպիսի հույս ու հավատով էին Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի և Մոշխմհատի բնակչության համար նոր բնակավայր կառուցում Աստղաշենի վարչական տարածքում։ Պատրաստ էին ցանկացած դժվարություն հաղթահարել, միայն թե Արցախում ապրեն ու շարունակեն շենացնել հերոսների արյամբ ներծծված հողը։ Տունուտեղ, հայրենի հող ու պապերի շիրիմներ կորցրած մարդիկ իրենց մեջ ուժ էին գտել նորից ստեղծելու և արարելու։ Սակայն 2023-ի սեպտեմբերը նրանց կրկին կանգնեցրեց տեղահանության փաստի առաջ։

-Երկու անգամ կորցնել ամեն ինչ ու նորից զրոյից սկսել, շատ ծանր է մարդու համար։ Սակայն մարդ արարածը կարողանում է դիմանալ ցանկացած դժվարության։ Մարդկային կորուստներն են, որոնց հետ հնարավոր չէ համակերպվել։ Մնացած ամեն ինչ կարելի է վերստին ստեղծել։ Սղնախցիների մեջ անճար վիճակում գտնվող ընտանիք գրեթե չկա, որովհետև մեր ժողովուրդն աշխատասեր է, քարից հաց քամող։ Ճիշտ է, դժվարություններ շատ կան, սակայն մարդիկ, ով ինչպես կարողանում է, տարբեր բնագավառներում աշխատանք է գտնում։ Հիմնականում բնակվում են գյուղական համայնքներում, որովհետև մենք հողի մարդիկ ենք և սովոր չենք պարապ նստել։ Այսօր շատերը հիասթափված են, հուսալքված, սակայն չեն մտածում Հայաստանը լքելու մասին։ Մենք ուզում ենք այստեղ ապրել, մինչև տանտիրոջ իրավունքով կվերադառնանք Արցախ, իսկ դրա համար, կարծում եմ՝ ժամանակ, ինչպես նաև հզորանալ է հարկավոր։ Վստահ եմ, որ մենք վերադառնալու ենք,- ավելացնում է Եղիշեն։

Անդրադառնալով տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին՝ զրուցակիցս նշեց, որ արցախցին միշտ էլ արժանավայել կյանքով է ապրել և զարմանալի չէ, որ այսօր նա ցանկանում է պահպանել իր արժանապատվությունը և ապրելու համար նորմալ պայմաններ ստեղծել։ Սակայն, ցավոք, կանգնած է մի շարք սոցիալական խնդիրների առաջ, որոնց լուծումն ակնկալում է ՀՀ կառավարությունից։ Մինչև սեփական տանիք ունենալը՝ արցախցին ունի ՀՀ կառավարության աջակցության  անհրաժեշտությունը։ Կարևոր է նաև միջազգային հանրության կողմից արցախցիների իրավունքների ճանաչումը ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ձնառատ ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»  տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան  ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։

Հանրապետության առանձին վայրերում  ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։

Դադիվանքը փոխանցվել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մատենագրական աղբյուրներում  Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։

«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։  Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։

Պուտինը պատրաստվում է հարձակման Զապորոժիեի վրա

Ուկրաինացի զինվորականները շարունակում են զգուշացնել Զապորոժյեի դեմ ռուսական հնարավոր ցամաքային գործողությունների մասին։ Կրեմլի կողմից այս ռազմական գործողության ժամկետը դեռևս պարզ չէ, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում Դոնբասում և Կուրսկի շրջանում։

The Economist-ի լրագրողները, վկայակոչելով Ուկրաինայի հետախուզության տվյալները, նոյեմբերի 24-ին հոդված են հրապարակել, որ Պուտինի բանակը պատրաստվում է հարձակվել Զապորոժիեի վրա, որը գտնվում է ռազմաճակատի գծից 30 կմ հեռավորության վրա:

Նոյեմբերի 24-ին ուկրաինական պաշտոնյան հայտնել է, որ Պուտինը դեռ չի ծրագրում լայնածավալ հարձակում Զապորոժյեի վրա։ Կրեմլը շարունակում է կենտրոնանալ քաղաքների ռմբակոծության վրա՝ Զապորոժիեի խաղաղ բնակչությանը հոգեբանորեն վախեցնելու համար։ Նրա խոսքով, ինքը ականատես է եղել, թե ինչպես էր ՌԴ ՊՆ-ն, ընդհակառակը, Զապորոժյեի ուղղությամբ ռեզերվներ տեղափոխում Կուրախովո և Պոկրովսկի շրջաններ։

Անջեյ Դուդան Երասխում մասնակցելու է ԵՄ առաքելության պարեկությանը

Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

Երկու երկրի նախագահները կհանդիպեն լրագրողների հետ։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուհամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նա Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ միասին կմասնակցի նաև Երասխում սահմանապահ պարեկությանը։

Դեռ չկա որոշում, որ Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խորհրդական Մարեկ Կուբերսկին:

«Մենք աշխատում ենք դրա վրա։ Բրյուսելի մեր գործընկերները այն պատրաստում են՝ խորհրդակցելով ԵՄ երկրների բոլոր մայրաքաղաքների հետ, քանի որ որոշում կկայացնեն ԵՄ բոլոր 27 անդամները։ Մենք արդեն խորհրդակցություններ ենք ունեցել ՀՀ իշխանությունների հետ՝ Երևանում, քաղաքացիական հասարակության հայաստանյան կազմակերպությունների հետ։ Այսպիսով, այժմ պատրաստվում է մեր ապագայի վերաբերյալ որոշումը:

Մեր մանդատը լրանում է հաջորդ տարվա փետրվարի 19-ին, ուստի մենք պետք է որոշում կայացնենք, թեինչ անելու ենք հաջորդիվ»,-ասաց նա:

Հարցին՝ որ՞ն է պատճառը, որ Ադրբեջանը պահանջում է ԵՄ դիտորդների դուրսբերում Հայաստանից, ընդհանրապես ո՞ւմ է անհանգստացնում դիտորդների առկայությունը, Կուբերսկին պատասխանեց. «Մենք տառապում ենք ադրբեջանական կողմի այս մեդիա գրոհներից: Մենք ադրբեջանական կողմի հետ անմիջական կապ չունենք, ուստի երբեմն դժվարանում ենք բացատրել, բայց մենք, իհարկե, փորձում ենք բացատրել, որ մեր մանդատը նպաստելն է, ավելի լավ, ավելի ապահով  միջավայր ստեղծելը, որպեսզի մարդիկ նպաստեն սահմանին միջադեպերի նվազմանը, որպեսզի բարձրանա սահմանին ապրող մարդկանց անվտանգության զգացումը՝ փորձելով նպաստել նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների և բնակչության միջև վստահության ամրապնդմանը: Սա է մեր նպատակը, սա այն է, ինչ մենք անում ենք։

Մենք քաղաքացիական, անզեն առաքելություն ենք, վերահսկում ենք իրավիճակը սահմանին և այդ մասին հայտնում Բրյուսելում մեր քաղաքացիական առաքելության հրամանատարին»:

“Ադրբեջանական հող” տարածաշրջանում չկա, այդ ամբողջը ստախոսություն է

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ու գործողություններով լեգիտիմացնում է Ալիեւի այն թեզը, որ եթե Երեւանը խոսում է Արեւմտյան Հայաստանի մասին, ապա Բաքուն պետք է խոսի «Արեւմտյան Ադրբեջանի» մասին։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ այդ հարցերը համադրելի չեն։ Այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» երբեք գոյություն չի ունեցել։ «Ավելին, պատմության ընթացքում Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել մինչեւ 1918 թվականը։ Իսկ ադրբեջանցի եզրույթն ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ ի հայտ է եկել 1936 թվականից հետո։

Աշխարհում ադրբեջանական ազգանուններ եւս գոյություն չեն ունեցել, որովհետեւ այսպես կոչված ադրբեջանական ազգանունները ստեղծվել են 20-րդ դարի երկրորդ կեսին՝ պարսկա-արաբական բառարմատների հիման վրա։ Այսինքն՝ ադրբեջանական հող տարածաշրջանում չկա, ոչ մի անկախ ադրբեջանական պետություն գոյություն չի ունեցել, չկա Արեւելյան Ադրբեջանը, որպեսզի լինի Արեւմտյան Ադրբեջանը։ Այդ ամբողջը ստախոսություն է ադրբեջանական իշխող ֆաշիստական ռեժիմի կողմից։ Ադրբեջանական խանություններ, ադրբեջանական պետություններ ու կայսրություններ չեն եղել։ Եթե նրանք վերցնում ու պարսկական տարբեր պետական կազմավորումների անվան առջեւ դնում են ադրբեջանական անուն, դրանով դրանք ադրբեջանական չեն դառնում։ Ավելին ասեմ՝ այսպես կոչված պատմական Ադրբեջանը Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգն է»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նա հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հիմնական մասը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, հետո Արեւելյան Հայաստանում դրա շարունակությունը տեղի ունեցավ՝ մինչեւ Բաքու քաղաք։ «Միայն Բաքու քաղաքում 1918 թվականին 30 հազար հայ բնակչություն է կոտորվել ու ցեղասպանության ենթարկվել։ Պատմության տեսանկյունից ներկայիս Ադրբեջանի տարածքի ճնշող մեծամասնությունն ավելի մեծ պատմական հենքեր ունի՝ կոչվելու Արեւելյան Հայաստան, քան Հայաստանը կարող է ինչ-որ կապ ունենալ  այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հետ։ Մենք պետք է հիշենք, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծամասնությունը հայկական տարածքներից է կազմված։ Այն է՝ հայկական պատմական Արցախ նահանգը, Ուտիք նահանգը, Նախիջեւանի Հանրապետությունը նույնպես հայկական է, Փայտակարան հայկական նահանգը, բուն Աղվանքը, որը կրոնական առումով սերտորեն կապված էր հայոց աշխարհի հետ եւ մեծապես կրում էր նրա մշակութային եւ լեզվական ազդեցությունը, հայկական պետականության ծիրում էր գտնվում բուն Աղվանքը։ Այնպես որ, ներկայիս Ադրբեջանը մեծ իրավունքով մենք կարող ենք կոչել Արեւելյան Հայաստան։ Պատմական տեսանկյունից ճիշտ կլինի, որ Բաքուն եւս մենք կոչենք հին հայկական քաղաք։ Պետք է հիշենք նաեւ արաբական տիրապետության ժամանակահատվածը, երբ Արմենիա նահանգ գոյություն ուներ արաբական խալիֆայության մեջ։ Եվ այդ Արմենիա նահանգի մեջ մտնում էր Բաքու քաղաքը, դա պատմական փաստ է»,- հավելեց նա։

Գրիգորի Այվազյանն ասաց, որ այսօր փորձում են արցախցիների վերադարձի օրինական իրավունքը կեղծ հիմքով շաղկապել Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիների վերադարձի հետ։ Այնինչ, ըստ Այվազյանի, պետք է հիշեցնել, որ ներկայիս Ադրբեջանում՝ Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս ապրում էր ավելի քան կես միլիոն հայություն։ Նրանց ունեցվածքը, տարբեր հաշվարկներով, մոտ 100 մլրդ դոլար է գնահատվում։ «Մենք պետք է դրա մասին խոսենք։ Եթե խոսում են ՀՀ տարածք ադրբեջանցի թուրքերի հնարավոր վերադարձի մասին, ապա թող առաջին հերթին մտածեն ադրբեջանահայության մասին , որոնց թիվը ողջ աշխարհում մոտ 2 մլն մարդ է կազմում։ 1988-1992 թվականներին Ադրբեջանից հեռացած հայերն ու նրանց ժառանգները մոտ 1 մլն մարդ են կազմում ներկայում։ Այնպես որ, վերադարձի մասին խոսելիս նախ պետք է հիշել այս մարդկանց վերադարձի մասին։

Արցախ վերադարձի հարցը համեմատելի չէ ադրբեջանցի թուրքերի՝ Հայաստան վերադառնալու հարցի հետ։ Ադրբեջանը պարտավոր է նաեւ այդ մարդկանց գույքային իրավունքները պահպանել, որոնք ԽՍՀՄ փլուզումից ի վեր այդ տարածքից չեն հեռացել։ Եվ այն, ինչ կատարում է Ադրբեջանն Արցախում, ոչնչացնելով մարդկանց գույքը, բռնազավթելով ու վերաբաշխելով, նաեւ պատմամշակութային ժառանգությունը խեղելով, դա միջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործություն է»,- ասաց նա։

Մեր զրուցակից խոսքով՝ այս պայմաններում չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված հայցերը հետ կանչել, քանի որ հայկական կողմի փաստարկներն ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների շատ ուժեղ են։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող արդարացնել սեփական վարվելակերպը։ «Իսկ այն, ինչ Ադրբեջանն է միջազգային դատարանում ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, իրավական, պատմական եւ քաղաքական հենք չունի»,- ընդգծեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

«Արցախի ձայներ»-ի նոր երգը

Երկար դադարից հետո «Արցախի ձայներ» նախագիծը ներկայացնում է նոր երգերի շարք։

«Մեր խնդրանքին ընդառաջեցին և մեզ հրաշալի մեղեդիներ, բառեր, մշակումներ, տեսահոլովակներ նվիրեցին հեղինակավոր ստեղծագործողներ։

Մեզ աջակցելու խնդրանքին արձագանքած մեր գործընկերների և ընկերների ցանկում են՝ Անիտա Հախվերդյանը և Վահրամ Պետրոսյանը, KarenSevak Production-ը և Մարտին Միրզոյանը, Նիկ Եգիբյանը և Արման Սահակյանը, Րաֆֆի Ալթունյանը և Արմեն Սարգսյանը ( Brde ), Արթուր Մանուկյանը և Արտեմ Վալտերը, Ռազմիկ Ամյանը և Արամեն, Ալեքս Ասրյանը և Մարգարիտա Շարիմանյանը, Ավետ Բարսեղյանը և Արա Թորոսյանը, Արաբո Իսպիրյանը, Միկա Մարգարյանը և Տիգրան Ավետիսյանը:

Մեզ աջակցում են նաև Positive Production-ը, Հեփի Իվենթ Production-ը, Մանե Գրիգորյանը, Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը, Կարեն Ստեփանյանը(KS): Մեր կողքին են դիզայներներ՝ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Արայիկ Գաբաջյանը։ Նրանք բոլորն աջակցում ու հավատում են մեզ, օգնում են ստեղծագործել և հավատալ ապագային։ Շնորհակալություն շոու բիզնեսի բոլոր մեր գործընկերներին: Շնորհակալություն Արցախի և արցախցիների հանդեպ ձեր կարեկցանքի համար, ասվում է խմբի հաղորդագրության մեջ։

Նոր շարքի առաջին պրեմիերան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ Արմեն Սարգսյան-ի ( Brde ) գործիքավորմամբ, տեսահոլովակը նկարահանվել է Yerevan Holding-ի կողմից:

news.am

Երևան-Քարվաճառ-Ստեփանակերտ վերջին ռեյսը (տեսանյութ)

Հայ հասարակությունն այսօր հիշում էր Ավոյին. սոցցանցերում գրություն է շրջանառվում. «Նոյեմբերի 25-ին ծնվել է այն մարդը, ում հրամանատարությամբ ազատագրվել է Քարվաճառը։ Նրա անունը Մոնթե Մելքոնյան է։ Ամենամեծ հայը, որի անունը ոսկե տառերով է գրված Հայաստանի պատմության մեջ»։

Բայց կար ժամանակ, երբ պետական ​​քարոզչությունը փորձում էր այս անունը դարձնել սովորական, հատկապես երիտասարդների շրջանում: Ասպարեզ մտան այլ հերոսներ՝ ողջ, շքանշաններով պատված։

Հայ հասարակությունը նաև հիշում է, որ «2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառը դավաճանաբար հանձնվեց թշնամուն»։ Բայց արդյո՞ք համընկնումը պատահական էր: Թշնամին ավելի լավ էր հիշում Ավոյի ավանդը հայոց պետականության կերտման գործում։ Եվ նրանք լավ էին հասկանում, ի տարբերություն հայերի, թե ինչ են նշանակում Ավոյի խոսքերը 90-ականների պատերազմի ժամանակ. «Եթե այս պատերազմում պարտվենք, ուրեմն կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

https://www.youtube.com/watch?v=t9VjERQlM5E

Եվ նաև այդ օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները վերջին անգամ ուղեվորվել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ երթուղով։ Մարդիկ 44-օրյա պատերազմից հետո վերադառնում էին տարհանումից։ Վերջին ռեյսն էր, քանի որ այդ օրը Քարվաճառի շրջանը անցնում էր ադրբեջանցի և ռուս զինվորականների վերահսկողության տակ։

Ռուս խաղաղապահների ներկայությունը հայերի համար անվտանգ տեղաշարժ չի երաշխավորել։

Ալվարդ Գրիգորյան

Տրանսպորտային կատակերգություն Երևանում. ուղևորները շուտով կհասկանան, որ կարելի է չվճարել

Տրանսպորտային «բարեփոխումը» Երևանում գնալով ավելի է կատակերգական հատկանիշեր ձեռք բերում։ Մինչ քաղաքային իշխանությունները հայտնում են, որ նոր համակարգին անցնելուց հետո սկսել են ավելի շատ գումար հավաքել, քանի որ վարորդները այլևս գումար չեն տանում տուն, ուղևորները «փորձարկում» են համակարգը՝ պարզելու, թե “ինչն է կարելի և ինչը՝ ոչ”։

Քանի որ վարորդներից հանել են վերահսկողական գործառույթը, ստացվել է, որ ավտոբուսում ոչ ոք պարտավոր չէ հետեւել, որ ուղևորները վճարեն։ Լեփ-լեցուն ավտոբուսներում չկան տուռնիկետներ կամ այլ էլեկտրոնային միջոցներ, եւ միայն ամենաօրինապաշտ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, փորձում ամեն կերպ վճարել։ Արդյունքում գնալով ավելի շատ ուղևորներ են հասկանում, որ չվճարելը «ավելի անվտանգ» է, քանի որ դրա համար ոչինչ չի լինի։

Եթե ​​մետրոյում վերահսկողության գործառույթը կատարում են տուռնիկետները ու աշխատակիցները, ապա ավտոբուսներում ոչ ոք չի վերահսկում` մարդիկ վճարում են, թե ոչ։ Ավելին, վարորդները եւս շահագրգռված չեն ուղևորների հետևից բղավել, որ իրենք չեն վճարել։

Շուտով առավել նախաձեռնող ուղևորները կհասկանան, որ ոչ ոք չի վերահսկում իրենց, և պարզապես կդադարեցնեն վճարումները։

Ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման մերժման՝ ՀՀ ԱԳՆ-ը անցկացնում է «Ցեղասպանությունների կանխարգելում» թեմայով համաժողով

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Ֆորումը կանցկացվի “Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով։

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես քաղաքական գործոն՝ պնդելով 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով սահմանված խորհրդային սահմանները։

Մինչդեռ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կարծում է, որ «ցեղասպանությունը պարզապես պատմական դեպք չէ, քաղաքական հանցագործություն է և պահանջում է նաև քաղաքական գնահատական ու իրավական հետևանք։ Եվ այս առումով պատահական չէ, որ Թուրքիան փորձում է հարցը տանել պատմաբանների տիրույթ՝ պնդելով, թե այն չպետք է խառնել քաղաքականության հետ»։

Ցեղասպանության թեմայով համաժողովի անցկացումը, առանց Հայոց ցեղասպանությունը որպես տարածաշրջանում սահմանների որոշման ամենակարեւոր գործոն քննարկելը, Հայաստանի ԱԳՆ կողմից հերթական ցինիկ քայլն է։

«Ադրբեջանական Երևան» COP29–ում․ ՀՀ ԱԳՆ-ը “կտրականապես մերժում է”

ՀՀ-ն կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող ցանկացած կեղծ նարատիվ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»,– ընդգծեց Բադալյանը:
COP29–ի շրջանակում կազմակերպվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։

Արցախցիների հավաքը կկայանա նոյեմբերի 30-ին

Լիաննա Պետրոսյանը գրում է․
Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հրավիրվող հավաքը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ին(շաբաթ), ժամը՝ 15:00-ին, Ազատության հրապարակում (Օպերայի շենքի հարակից տարածք)։
Օրակարգում՝
1. Սոցիալական աջակցության շարունակականություն բոլորի համար՝ մինչեւ սեփական տանիքով ապահովելը։ 2. Բնակապահովման ծրագրի վերանայում՝ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա։
3. Իրատեսական զբաղվածության ծրագրերի իրականացում։
4. Միջազգային հանրության կողմից մեր իրավունքների ճանաչում։
Հարգելի’ հայրենակիցներ,
սա պարզապես 50 հազարի համար պայքար չէ, անձերի պայքար չէ, այլ՝ մեր ընտանիքների վաղվա օրվա հարցը, որի միակ պատասխանատուն մենք ինքներս ենք։
Տե’ր կանգնենք մեր իրավունքներին։
Հ. Գ. ՀՀ Կառավարության սոցիալական ոլորտի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենց կողմից ընդունված բոլոր որոշումները մեզ համար բավարար են և ընդունելի։
Եկե’ք միասին ապացուցենք հակառակը, գրել է Լիաննա Պետրոսյանը։