«Պինակաների» առաջին խմբաքանակը Հայաստանում է. ՊՆ-ն չի մեկնաբանում հնդկական մամուլի տեղեկությունները

Ազատություն

Հնդկաստանը սկսել է «Պինակա» հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան, տեղեկացնում է հնդկական Indian Defence Research Wing պարբերականը՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։

Շեշտելով, որ «Պինակաների» առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, հնդկական պարբերականը նշում է, որ այդ հրթիռները կարող են խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։

Նշելով, որ Հայաստանը հնդկական զենքի 3 խոշոր գնորդներից մեկն է՝ Ֆրանիսայի և ԱՄՆ-ի հետ միասին, հնդկական պարբերականն այսօր հրապարակված իր հոդվածում նաև տեղեկացնում է, թե «Պինականերով» հետաքրքրված է Ֆրանսիան ևս։

Գովաբանելով հնդկական այս զինատեսակի հնարավորությունները՝ լրատվամիջոցը հատուկ շեշտում է՝ «Պինական», հնդկական դիցաբանության համաձայն, Շիվա աստծու աղեղի անվանումն է։ Ըստ լեգենդի՝ հենց այդ կործանիչ աղեղով է Շիվային հաջողվել ոչնչացնել չար դևի քաղաքները։

Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել էին դեռևս 2 տարի առաջ։ 2022-ին հնդկական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանը «Պինակա» ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեին առաջիկա երկու տարում:

Երեւանում էլ են սպասվում տեղումներ

Նոյեմբերի 26-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կիջնի 6-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,

Լոռիում գիշերը՝  -3+1, ցերեկը՝ +4+7,

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝  0-2, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +4+8, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝  +3+7, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+11։

Արցախցիների կուտակային գումարները ո՞ւմ են եկամուտ բերում

2019 թ․-ից 1974 թ․ հետո ծնված արցախցիները գումար էին ներդնում Կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, որի երաշխավորը՝ ՀՀ Կառավարությունն ու Կենտրոնական բանկն էին։ Հայաստանում Կուտակային համակարգը ներդրվել է 2014-ից եւ լիիրավ ուժի մեջ է մտել 2018-ի հուլիսից։

2023-ի սեպտեմբերի դրությամբ՝ արցախցիների ներդրված գումարը կազմում է 17 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 34,5 հազար։

Այսօր պարզվել է, որ ՀՀ կուտակային հիմնադրամների գումարները անցել է 1 տրլն․ դրամը։ Եւս 12 տարի այդ գումարները չեն տրամադրվելու շահառուներին, քանի որ առաջին շահառուները միայն 2036 թ․ 63 տարեկանում թոշակի կանցնեն։

Այս գումարների մի մասը ներդրվում է ֆինանսական ոլորտ եւ եկամուտներ են ապահովում, թեկուզ չի նշվում, թե ում համար։ Կառավարությունը նախկինում որոշել է, որ հիմնադրամները 1 տրիլիոնից 17 մլրդ․ չեն կարող վերադարձնել արցախցիներին, այլ կտեղափոխեն ՀՀ-ում գործող հիմնադրամներ։

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն լրիվ ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Դիտարկմանը՝ արցախիցները ցանկանում են օգտվել դրանցից,  Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել»։

Նրա խոսքով, եթե արցախցին ՀՀ քաղաքացիություն է ստանում, գրանցվում է, ապա այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել. «Դրանք ներդրված ֆոնդեր են արդեն, այդ ֆոնդերը իրենք կուտակումներն անում են, նոր ներդրումներ չեն արվում, եղածը արդեն եկամուտ է ապահովում է»,-ասաց Նուրիբեկյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու  արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

«Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում:

Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հարաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:

«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեցին Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ այդպես չեն արել։

Մարդու խնայողություններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիվների վրա՝ ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա և ինչ կարիքներ են ունենալու վաղը»,-ասաց նա:

Քարից հաց քամող արցախցի մեր կանայք

Արցախյան խոհանոցը պահպանելուն էր միտված Երևանի LOFT-ում մեր հայրենակիցների ներկայացված ուտեստներն ու քաղցրավենիքը։ Նախաձեռնությունը “Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ անդամ Մարինե Գաբրիելյանինն է, որին սիրով միացել են Ալլա Արզումանյանը և Իդա Պողոսյանը։ Միջոցառումը կրկին իր շուրջն է համախմբել մի խումբ արցախցիների, ովքեր, կարոտելով արցախյան շունչը, իրենց ասես Արցախում էին զգում։ Արցախյան անփոխարինելի կուրկուտը, ժենգյալով հացն ու անուշահամ փախլավան իրենց համ ու հոտով անտարբեր չթողեցին այցելուներին։ Առանձնապես հիացած էին հայաստանցի ուսանողներն ու LOFT-ի հայաստանյան հյուրերը։

-Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել։ ՀԿ-ի “Վերածնունդ” ծրագրի ավարտից հետո մեր շահառուները շարունակում են փոքր բիզնեսում քայլեր անել, որ կարողանան օրվա հացը վաստակել։ Միաժամանակ հաճելի է, երբ կարողանում ենք արցախյան կոլորիտ ստեղծել ու մեր շուրջը հավաքել մեր համերկրացիներին։ Որպես ՀԿ ղեկավար՝ մտածում եմ նոր ծրագրերի մասին, որ կարողանամ օգնել ոտքի կանգնելու մեր կանանց, սակայն դրա համար հովանավորներ են պետք,-ասում է Ալլա Արզումանյանը։

Մարինե Գաբրիելյանը, որ արդեն երրորդ անգամն է նախաձեռնում նման միջոցառումներ, ավելացրեց, որ   արցախցի կանայք ուժեղ են, աշխատող, ստեղծող և մի փոքր հնարավորության դեպքում կկարողանան ոտքի կանգնել և իրենց ամուսինների թիկունքը լինել։ Դա ցույց է տվել պատմությունը։ Իսկ այսօր, դա պետք է ավելի քան երբևէ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ռուսաստանն ու Թուրքիան նոր “գրոհ” են սկսել Հայաստանի դեմ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, ասել է Ռեջեփ Էդողանը։

Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

Ռուսաստանը իրեն հերթին միացել է «գրոհին»՝ Հայաստանը պետականության վերջին նշույլներից զրկելու եւ եվրասիական հետնաբակի վերածելու նպատակով։ «Հուսով ենք, որ Հայաստանի կներգրավվի Եվրասիայում անվտանգության միասնական և անբաժանելի համակարգի զարգացման գործում»: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Այդ գաղափարի մասին Պուտինը ասել է Կազանում վերջերս կայացած БРИКС գագաթնաժողովի ժամանակ”։

Ի դեպ Թրամփի ընտրություններից հետո արեւմտյան փորձագետները եւս խոսում են, որ Հայաստանի համար ամենահավանական տարբերակը՝ БРИКС-ին եւ “եվրասիական համակարգին” միանալն է։

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- նշել է ՌԴ դեսպանը։

Դա նշանակում է, որ Փաշինյան-Ալիեւ “երկկողմ” խաղերը, արեւմտյան բոլոր նախաձեռնությունների տորպեդավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքացումը՝ ռուս-թուրքական ծրագրի մասեր են, որոնք իրականացվում են ՀՀ Կառավարության միջոցով։

«Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին», ասել է Կոպիրկինը։

Ազգային-ժողովրդավարական բեվեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «Նիկոլը ռուս-թուրքական գործակալ է, որը նպատակ ունի ավարտին հասցնել Մոսկվայի պայմանագրով նախատեսված ծրագիրը և վերջնականապես թաղել թե Հայկական Հարցը և թե ինքը` Հայոց պետականությունը»։

Որպես ապացույց նա ներկայացրել է Մոսկվայի պայմանագրի 1֊ին, 9֊րդ և 15֊րդ կետերը

ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

(16 Մարտի, 1921 թ.) (Լենին-Աթաթուրք պակտ)

ԿԵՏ 1.

“ՌՍՖՍՀ-ն համաձայնում է չճանաչել Սևրի պայմանագիրը, այսինքն. մերժում է անկախ Հայաստանի գոյությունը։”

ԿԵՏ 9.

“Հայաստանի տարածքով «հաղորդակցությունների» ապաշրջափակում։” /որը այն ժամանակ կանխել է Գարեգին Տեր-Հարությունյանը` Նժդեհը պահելով Հայոց Սյունիքը – Վ․Գ/:

ԿԵՏ 15.

“Ռուսաստանը պարտավորվում է ստիպել Հայաստանին ճանաչել նոր սահմանները և հրաժարվել իր իրավունքներից։”

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։

Ֆրանսիայի ապտակը Ալիեւին եւ Փաշինյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում:

Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։

Ֆրանսիայի դեսպանի հրապարակված քարտեզը ապտակ է ոչ այնքան Հայաստանը “Արեւմտյան Ադրբեջան” անվանող Ալիեւին, այլ Նիկոլ Փաշինյանին, որը իր վերջին հարցազրույցում փաստորեն լեգիտիմացրել է Ալիեւի թեզն առ այն, որ եթե Երեւանը խոսում է Արեւմտյան Հայաստանի մասին, ապա Բաքուն կխոսա “Արեւմտյան Ադրբեջանի” մասին։ 

Այդ թեզն աշխարհում ոչ ոք լուրջ չի ընդունում, եւ միայն Փաշինյանի ձեռամբ այն կարող է “լեգիտիմ” բնույթ ստանալ եւ ապագա “պայմանագրի” հիմք հանդիսանալ։ 

 

Իսրայելի կառավարությունը արգելել է համագործակցել Haaretz անկախ թերթի հետ

Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել առաջարկին, որով կառավարության կողմից ֆինանսավորվող բոլոր կազմակերպություններին հանձնարարվում է դադարեցնել համագործակցությունը Haaretz-ի հետ և հանել իրենց գովազդը թերթից:

Կառավարությունը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է «բազմաթիվ հոդվածներով, որոնք խաթարում են Իսրայելի պետության օրինականությունը և նրա ինքնապաշտպանության իրավունքը, և հատկապես Haaretz-ի հրատարակիչ Ամոս Շոկենի՝ Լոնդոնում արած հայտարարություններով, որոնք աջակցում են ահաբեկչությանը և պահանջում են պատժամիջոցներ սահմանել կառավարության դեմ»։

Առաջարկը, որը վերջին պահին է ընդգրկվել  կառավարության նիստի օրակարգում, արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հավանությանը։

Ի պատասխան՝ Haaretz-ը հայտարարություն հրապարակեց, որում ասվում է. «Haaretz-ը բոյկոտելու պատեհապաշտական ​​որոշումը, որն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում առանց որևէ իրավական ստուգման, ևս մեկ քայլ է իսրայելական ժողովրդավարությունը քանդելու Նաթանյահուի ճանապարհին։ Ինչպես իր ընկերներ Պուտինը, Էրդողանը և Օրբանը, Նաթանյահուն նույնպես փորձում է լռեցնել քննադատորեն տրամադրված  ​​անկախ թերթը»։

Վիլնյուսի օդանավակայանի մոտ Boeing-ը ընկել է շենքի վրա եւ կործանվել

Երկուշաբթի առավոտյան Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելիս DHL բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնել են Լիտվայի իշխանությունները։

Ինչպես հայտնում է Delfi-ն, ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա։ Տեղում խոշոր հրդեհ է բռնկվել.

Հաղորդվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու DHL աշխատակից։

LRT հեռարձակողը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հրշեջ վարչությանը, հայտնում է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

«Երկուսին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացել է։ Նախնական տվյալներով՝ դա մարդիկ են, ովքեր եղել են ինքնաթիռում»,- ասել է վարչության ներկայացուցիչ Սաուլիուս Ռաշևսկիսը։

Նախնական տվյալներով՝ մահացածը օդաչուներից մեկն է։ Փրկարարները հայտնաբերելուց հետո նա գիտակցության մեջ է եղել, սակայն մի քանի րոպե անց մահացել է։

Դատելով Flightradar24 ծառայության տվյալներից՝ խոսքը Boeing 737 բեռնատար ինքնաթիռի մասին է, որը թռչում էր Լայպցիգից։

Ինքնաթիռը արտադրվել է 1993 թվականին և շահագործվում է իսպանական Swiftair ավիաընկերության կողմից։

Հաղորդվում է, որ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։

Վիլսոնի արբիտրաժի օրը Երեւանից բաց նամակ են ուղղել Բայդենին եւ Թրամփին

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի 104-ամյակին նվիրված համաժողով, (ստորագրված և կնքված 1920թ․ նոյեմբերի 22-ին):
Մասնակիցների անունից բաց նամակ է ուղղվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։
Բաց նամակ նախագահ Ջո Բայդենին և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Վուդրո Վիլսոնի Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 104-ամյակի առիթով
Մեծարգո նախագահ Բայդեն և ընտրված նախագահ Թրամփ,
Մենք՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 104-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներս, ձեզ ենք գրում՝ արտահայտելու մեր խորը հարգանքը արդարության, միջազգային իրավունքի և մարդասիրության սկզբունքերի նկատմամբ, որոնք մարմնավորված են նախագահ Վիլսոնի գործողություններում։ Այս կարևոր առիթով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների ղեկավարությանը վերահաստատել իր նվիրվածությունը այս բախտորոշ որոշման ձևավորած արժեքներին և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ապագայի համար։
1920թ. նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրեց և Միացյալ Նահանգների Մեծ կնիքով կնքեց Իրավարար վճիռը, որով որոշվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ ըստ Փարիզի խաղաղության համաժողովի հայցի (1920թ. ապրիլի 26) և Սևրի պայմանագրի (1920թ. օգոստոսի 10): Այս որոշումը հիմնված էր ինքնորոշման, արդարության և տառապյալ բնակչության պաշտպանության սկզբունքների վրա։ Հայ ժողովրդի համար, որը նոր նոր էր ուշքի գալիս Հայոց ցեղասպանությունից, Վիլսոնի միջամտությունը ոչ միայն հույսի խորհրդանիշ էր, այլև համաշխարհային հարթակում ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության դրսևորում։
Վիլսոնի ժառանգությունը դիվանագիտությունից անդին է։ Նրա առաջնորդությամբ իրականացված Միջինարևելյան նպաստամատույցի (Near East Relief) օգնության ծրագրերը փրկեցին հարյուր հազարավոր հայ որբերի և ցեղասպանությունը վերապրածների կյանքը։ Այս քայլերը ցույց տվեցին Ամերիկայի կարեկցելու ունակությունը ու մարդասիրական օգնության համար միջազգային ջանքերը ջանքերը խթանելու նրա կարողությունը։ Այսօր այդ փրկված հայերի սերունդները վկայությունն են ճգնաժամերի ժամանակ ԱՄՆ առաջնորդության անսասան ազդեցության մասին։
Իրավարար վճիռը մնում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը՝ ներկայացնելով առանց ուժի կիրառման հակամարտությունների լուծման իրավական ճանապարհը։ Հարավային Կովկասի առումով այն սկզբունքները, որոնք դրվել են այս վճռի հիմքում, այսօր նույնքան արդիական են, որքան մեկ դար առաջ։ Տարածաշրջանը շարունակում է բախվել չլուծված վեճերից և պատմական անարդարություններից բխող մարտահրավերներին։ Իրավարար վճռի կարևորության վերահաստատումը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության, հաշտեցման և կայուն զարգացման խթանման համար։
Մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները ունի բացառիկ հնարավորություն ՝ օգտագործելով իր պատմական կապերը Հայաստանի հետ և իր բարոյական ժառանգությունը իր օրինակով առաջնորդելու՝ հանուն տարածաշրջանում կայունությունն ու արդարության։ Վիլսոնի իրավարար վճիռի արդիականության ճանաչմամբ ձեր առաջնորդությունը կարող է վերահաստատել Ամերիկայի նվիրվածությունը իրավունքի վրա հիմնված աշխարհակարգին և պատմական անարդարությունները լուծելու իր հանձնառությունը։
Ավելին, երբ Հարավային Կովկասը անցնում է արագ փոփոխվող աշխարհաքաղաքական տեղանքով, ԱՄՆ-ի նորացված ներգրավվածությունը կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը։ Հայաստանը՝ որպես ապագա ժողովրդավարություն, մեծապես գնահատում է իր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ և ակնկալում է շարունակական աջակցություն՝ կառուցելու բարգավաճ և խաղաղ գալիք։ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների պատմական համատեքստի և Վիլսոնի կողմից սահմանված բարոյական նախադեպի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ երկկողմ կապերի խորացման համար։
Այս նշանակալի տարեդարձը նշելով մենք կոչ ենք անում ձեզ՝ որպես Միացյալ Նահանգների առաջնորդներ, վերահաստատել Վիլսոնի իրավարար վճռի մարմնավորած արժեքները։ Հարգենք այն պետական գործչի ժառանգությունը, ով պայքարեց արդարության համար, փրկեց անհամար կյանքեր և դրեց միջազգային իրավունքի մնայուն սկզբունքների հիմքերը։ Այս քայլով մենք կարող ենք նպաստել արդարության հաղթանակին, պատմական վերքերի բուժմանը և ազգերի համագործակցությանը՝ հանուն ընդհանուր բարիքի։
Հարգանքով և հույսով,
ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին և տարածաշրջանային խաղաղությանը նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 104-ամյակի համաժողովի մասնակիցներ,
23 նոյեմբերի 2024թ․,Երևան, Հայաստանի Հանրապետություն

Բաքուն և Անկարան պատրաստվում են ուժով տապալել Հայաստանի վերջին հիմնաքարը

COP29-ի ավարտից անմիջապես հետո Բաքվի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստանի հետ սահմանին զորքերի մարտունակության ուժեղացման մասին։ Նախկինում Փաշինյանը ասել էր, որ ՄԱԿ-ի համաժողովից հետո չի բացառել Բաքվի կողմից ռազմական գործողություն։ Իսկ նրա վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ «կարգավորման» բոլոր խոչընդոտների վերացումը հարց չի լուծում։

Միջազգային հարաբերությունները կրկին հայտնվել են տուրբուլենտ վիճակում, երբ բոլոր «կարմիր գծերը» փլուզվում են. ԱՄՆ-ն իրավունք է տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, Ռուսաստանն ինքն է օգտագործում «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռներ, Իսրայելը ռմբակոծում է Բեյրութը, ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տալիս, քարոզչությունը շեփորում է հինգ րոպե պակաս միջուկային պատերազմի մասին:

Նման իրավիճակում ուժ կիրառելու գայթակղությունը մեծանում է։ Այս գայթակղությունը կարող է անդիմադրելի դառնալ Ալիևի համար, որը ոչ մի “կողմ” փաստարկներ չունի, միայն “խոչընդոտներ”։ Ու թեև Փաշինյանի կառավարությունը հերթով «վերացնում է» խոչընդոտները, ուժային լուծումը մնում է միակ հնարավորը։

Ալիևի համար ամենակարևոր արգելքը եղել և մնում է Արցախը և ազգային ինքնորոշման իրավունքը, ու թեև թվում է, թե այդ «պատնեշը» վերացվել է 2020-2023 թվականներին, սակայն այն չի “հաջողվել” փաստաթղթավորվել։

Անկարային և Բաքվին խանգարում է հայկական սփյուռքը, լոբբին, և թեև Հայաստանի կառավարությունը խզել է կապերը ավանդական սփյուռքի հետ, չի համագործակցում հայկական ազդեցիկ լոբբիի հետ և տորպեդահարում է նրա գործունեությունը, հայկական լոբբին կարողանում է պահպանել ազգային իրավունքների արդիականությունը։

Բաքվին ու Մոսկվային խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և թեև պաշտոնական Երևանը դադարել է խոսել ԵԱՀԿ ձևաչափով բանակցությունների մասին, սակայն Մինսկի խմբի մանդատը չեղյալ չի հայտարարվել։

«Խնդիր» է դարձել հայկական եկեղեցին՝ որպես հայկական ինքնության հենակետ, և թեև Փաշինյանը նույնիսկ բարձրաձայնում էր, որ Առաքելական եկեղեցին չպետք է «կալվածքներ ունենա Հայաստանից դուրս», ըստ երևույթին նկատի ունենալով Երուսաղեմը, Անթիլիասը և Պոլիսը, հայ եկեղեցին շարունակում է հզոր ուժ մնալ, եւ Թրամփը զանգահարում է Արամ Առաջինին։

Բաքվին, Անկարային և Մոսկվային խոչընդոտում են Ֆրանսիան, Իրանը և Հնդկաստանը, որոնք զինում և աջակցում են Հայաստանին։ Ու թեև Երևանը բացառեց նրանց մասնակցությունը բանակցություններին և որոշումների կայացմանը՝ հայտարարելով, որ կողմ է «երկկողմ» ձևաչափին, այդ երկրները Հայաստանի հետ կապերը չընդհատեցին։

Բաքվի համար պատնեշը պատմությունն է, որը հնարավոր չէ հետ շրջել։ Ու թեև Փաշինյանը սկսեց տարանջատել «իրական» Հայաստանը «պատմականից» և կոչ արեց Արարատը փոխարինել Արագածով, սակայն բավական է, որ Իրանը հայտարարի Հայաստանի հետ հազարամյա սահմանի մասին, և բոլոր փաստարկները սկսում են ընկնել։

Բաքուն վերջերս հայտարարեց ևս երկու խոչընդոտի մասին՝ եվրոպացի դիտորդների առկայության և միջազգային ատյաններում դատական ​​հայցերի մասին։ Փաշինյանը երեկ ասել է, որ այդ արգելքները կվերացվեն, բայց միայն այն դեպքում, եթե «Բաքուն համաձայնագիր ստորագրի»։

Այժմ հերթը հասել է վերացնելու վերջին, ամենագլխավոր խոչընդոտը՝ անկախ Հայաստանի Սահմանադրությունը, որը կառուցված է միացումի և ցեղասպանության հետևանքների վերացման գաղափարի վրա։ Բայց այս խոչընդոտը կարող է անհաղթելի լինել։

Բաքուն, Մոսկվան և Անկարան, նույնիսկ պաշտոնական Երևանի աջակցությամբ, ստիպված են հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ՝ առանց իրենց օգտին որևէ փաստարկ ունենալու։ Նրանք մեկը մյուսի հետևից ձգտում են վերացնել Հայաստանի օրինական փաստարկները և Փաշինյանի կառավարության օգնությամբ մտադիր են տապալել Հայաստանի վերջին հենքը։ Բայց իզուր չէ, որ Բաքվի պաշտպանության նախարարը պատրաստվում է ուժային լուծման՝ հայ ժողովրդի իրավունքները անձեռնմխելի են և չեն կարող վերացվել բանավոր որոշումներով եւ հարցազրույցներով։

COP29-ն ավարտվեց առանց վերջնական հայտարարության, որը կարող է չընդունվել

Գրետա Թունբերգը Երևանում բողոքի ցույց է կազմակերպել Բաքվի COP29-ի դեմ՝ այն անվանելով կեղծավորություն

Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։

Հավաքը նախագահով՝ Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի ևս մեկ նախագիծ, որը համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել են։ Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։

Ոչ մի բառ Արցախի մասին. վերջին լուրը՝ 2020-ի օգոստոսի 29-ին

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ու ոչ մի նոր բան չի ասել։ Նա միայն հաստատել է, որ 2023-ին «ստացել է իրեն տանջող հարցերի բոլոր պատասխանները», եւ ոչ մի բառ չի ասել Արցախի մասին։ Նա օգտագործել է «միանձնյա» եւ «կացին» բառերը, ազդարարելով «թավշյա հեղափոխության» վերջը եւ իր կերպապափոխումը “թռաշված դիկտատորի”։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում դեռ կա «Լեռնային Ղարաբաղ» բաժին, եւ վերջին լուրը՝ 2020 թ․ օգոստոսի 29-ից է։ Դրանից հետո բաժինը չի նորացվել։ 2020-ի օգոստոսի 29-ին կայացել է Փաշինյանի վերջին այցը Ստեփանակերտ։

Նախավերջին լուրը 2020-ի մայիսից է՝ Արայիկ Հարությունյանի երդումնակալությունից եւ վերնագրված է «Թավշյա հեղափոխությունը անխուսափելի պիտի բերի Արցախի ինքնորոշման ճանաչմանը»։

Երեկ Փաշինյանը չի խոսել ներկայիս եւ այն ժամանակվա Փաշինյանի կապի մասին։ Նրան թվում է, որ եթե նա չխոսի Արցախի մասին, բոլորն այն կմոռանան եւ հարցեր չեն տա․ որտե՞ղ է Արցախը, որտե՞ղ է Արայիկ Հարությունյանը։ Թե՞ 2020-ի օգոստոսին նա արդեն գիտեր, ինչ է լինելու։ Եւ այսօրվա Փաշինյանը չի տարբերվում 2020-ի Փաշինյանից։