Արցախցիներից հետո Փաշինյանը ցանկանում է մուրացկանի վերածել մնացած հայերին

Հայաստանի հարկային նոր օրենսգիրքն արդեն իսկական ցնցում է առաջացրել հայ հասարակության շրջանում. բերվում են բազմաթիվ թվեր, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքացիների եկամուտների գրեթե կեսը, անկախ եկամուտների չափից, որպես հարկ վճարվելու է պետությանը։ Փաշինյանը վերջերս առաջարկեց հանել հարկային արտոնությունները անհատ ձեռներեցներից, բացի այդ, առաջարկվում է ոչ միայն ավելացնել հարկերը, այլև բռնի ուժով վերցնել այն։

Աշխատեք և հարկ վճարեք, ասում է Փաշինյանը՝ վերջին կոպեկները քամելով ՀՀ քաղաքացիների գրպանից։

2025-ին թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանա, զբոսաշրջային հոսքը նվազել է, ֆինանսական ցուցանիշները նույնպես, պետական ​​պարտքն աճում է թռիչքաձեւ, իսկ ՀՀ քաղաքացիները կառավարության ամեն նիստից հետո կուչ են գալիս՝ անընդհատ զգալով կառավարության ձեռքը իրենց արդեն իսկ դատարկ գրպաններում։

Վտանգ են զգում նաեւ ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն երկրորդ տարին իրենց բնակարանները վարձով տալիս են ռուսներին, ապա արցախցիներին. եթե դադարեցվի արցախցիներին 50 հազար դրամի չափով օգնությունը, մարդիկ կսկսեն էժան բնակարան փնտրել, և քչերը կկարողանան 200 հազար վճարել Երևանի ծայրամասում երկու սենյականոց բնակարանի համար։ Այժմ ՀՀ քաղաքացիները Երևանում իրենց բնակարանները վարձակալության են տալիս 250-300 հազարով, գնում են Ռուսաստան, այնտեղ բնակարաններ են վարձակալում 70-80 հազար դրամով և մնացած գումարով ապրում են հարմարավետ։ Հիմա “լաֆան” կավարվի։

Մեկ տարի առաջ արցախցիներին մուրացկան դարձրին, հիմա հերթը Հայաստանի մնացած քաղաքացիներինն է։

Ոչ ոք չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և սպասել պետության կողմից ողորմության, մարդիկ ուզում են աշխատել և արժանապատիվ վաստակել, բայց երբ կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձի շեմը, այլ, ընդհակառակը, բարձրացնում է հարկերը, երբ Կառավարությունը խոշորացույցի տակ է պահում նույնիսկ քաղաքացիների մասնավոր խնայողությունները, աշխատելն ուղղակի դառնում է անշահավետ և նույնիսկ վտանգավոր։

Հաջորդ տարվանից պետք է ակնկալել այն կազմակերպությունների թվի աճը, որտեղ կարելի է գումար աշխատել ֆինանսական խարդախություններից, և քրեական մակարդակի կտրուկ աճ։ Որքան բարձր է աղքատության մակարդակը, որքան բիրտ է կառավարության քաղաքականությունը, այնքան մեծանում է գողության գայթակղությունը։

Գերմանիա եւ ԱՄՆ․ ո՞վ է հիշում Արցախի ցեղասպանության մասին

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են, TURAN-ի փոխանցմամբ, երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Գերմանիան աջակցում է նրանց ազատ արձակմանը և այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտարարել է Բերբոքը:

«Կան նաև Գերմանիայի հետ սերտ առնչություն ունեցող դեպքեր», – ասել է Բերբեքը՝ շեշտելով՝ քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի՝ երկրից հեռանալու արգելքը։

Բաքվում քաղբանտարկյալների հարցին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն է անդրադարձել։

Փաստորեն, Գերմանիային եւ ԱՄՆ-ին Բաքվում անհանգստացնում են միայն քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմույունը։ Միայն ընդդիմադիրների իրավունքների խախտման մասին խոսելը ընդգծում է երկու գերտերությունների “հավանությունը” Բաքվի կողմից Արցախի օկուպացիային, 150 հազ․ մարդու ճակատագրի արհամարումը եւ միջազգային իրավունքի մեջ առաջացած “գրանդ կիրճը”։ 

Այդ ճեղքը առաջինը հասել է ԱՄՆ-ին, որտեղ իշխանության է եկել անկանխատեսելի Թրամփը, որին մի քանի հարյուր տարվա “սրոկ” է սպառնում, եւ Գերմանիային, որտեղ միանգամից փլվեց կառավարությունը։ 

“Բալանսի” համար Բաքվի ճանապարհին Հայաստանում գիշերած Բերբոքը մի բառ անգամ չի ասել արցախցիների մասին եւ Արցախի հարցի ահաբեկչական, ուժային “կարգավորման” մասին։ 

Գերմանիան միայն 101 տարի հետո է ճանաչել իր պատասխանատվությունը Հայերի ցեղասպանության հարցում։ Հայերի ցեղասպանության “մոռացության տալը” Հիտլեր է ծնել։ Քանի՞ տարի հետո Գերմանիայում նոր Հիտլեր կծնվի եւ կասի՝ ո՞վ է հիշում Արցախի ցեղասպանությունը։  

ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանը չեն մարսի Արցախը․աշխարհն արդեն ճաք է տվել

Ակտիվիստների բողոքի ակցիա Բաքվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր կրկին ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29 համաժողովի աշխատանքներին։ Այցից առաջ Գուտերեշն X-ի իր էջում նշել է, որ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է՝ հույս հայտնելով, որ այն շուտ կգա։

Ալիեւը COP29- ի հենց առաջին օրը ելույթում խոսեց ոչ թե հանածո վառելիքից հրաժարվելու մտադրությունների մասին, այլ դատապարտեց բոլոր նրանց, ովքեր քննադատում են Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը։ «Այդ ռեսուրսները Ադրբեջանը պարգև է ստացել Աստծուց», – պնդեց Ալիևը։

Վաղը СОР-29-ն ավարտվում է, եւ փորձագետներն խոսում են կատարյալ ձախողման մասին։

Բաքվի ներկայացրած փաստաթղթերի փաթեթում, դրանց բովանդակությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, խոսք չկա՝ ինչ է արվելու հանածո վառելիքի կրճատման համար։ Չկա նաև կետ այն մասին, թե որքան հարուստ երկրները կհատկացնեն աղքատներին կլիմայի պաշտպանության համար։

Դա գնահատվում է որպես ծաղր անատամ եւ Բաքվի հանցակից դարձած ՄԱԿ-ի հանդեպ։

Այն, որ ՄԱԿ-ը իր գլոբալ գագաթնաժողովն անցկացնում է մի երկրում, որը բառացիորեն մեկ տարի առաջ օկուպացրել է Արցախը, ցեղասպանության ենթարկել եւ արտաքսել մի ամբողջ ժողովուրդ, արդեն խոսում է ՄԱԿ-ի, ինչպես նաեւ «քաղաքակիրթ աշխարհի» ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի մասին։

Նրանք կարծում են, որ, չբարձրացնելով Արցախի հարցը, կպարտակեն այն ահռելի ճաքը, որը առաջացել է աշխարհակարգի վրա նրանց հանցավոր «կոնսենսուսի» պատճառով։ Նրանց թվում է, որ Բաքվում փոխկապնելով համաժողովներով կարելի է փակել արցախցի երեխաների դեմքերը, որոնց պապերը, ծնողները եւ իրենք միայն պատերազմ են տեսել եւ հիմա հայրենիք չունեն։ Ու միայն այն պատճառով, որ ինչ-որ ՄԱԿ, ԱՄՆ եւ Ռուսաստան նաֆթային եւ այլ շահեր ունեն Բաքվի հետ։

Այդ երեխաների հայացքը դեռ կքանդի կայսրություններ։

Ձերբակալման օրդեր՝ Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախկին նախարարի համար

Հինգշաբթի օրը Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարարի և «Համաս»-ի պաշտոնյաների համար՝ մեղադրելով նրանց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված Գազայում պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերյան հարձակումների հետ։

Որոշումը Նեթանյահուին և մյուսներին վերածում է միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների և, ամենայն հավանականությամբ, ավելի կմեկուսացնի նրանց և կբարդացնի ավելի քան մեկ տարի տևող պատերազմի հրադադարի շուրջ բանակցությունները: Սակայն դրա գործնական հետևանքները կարող են սահմանափակ լինել, քանի որ Իսրայելը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, դատարանի անդամ չեն, իսկ «Համաս»-ի մի քանի պաշտոնյաներ սպանվել են հակամարտության ընթացքում:

Թե՛ «Համաս»-ը, թե՛ Նեթանյահուն և իսրայելցի այլ առաջնորդներ դատապարտել են ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանի՝ օրդերի միջնորդությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես քննադատել է դատախազին և նշել, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանել «Համաս»-ից։

«Հայկական ավիաուղիներ»-ը սկսում է Երևան-Թբիլիսի թռիչքները

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից թռիչքներ կիրականացնի Երևան –Թբիլիսի – Երևան երթուղով։

Կիրականացվի շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի. հայտնում են ընկերությունից։

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Ըստ այդմ, զորակոչը կտեւրի 2024-ի նոյեմբերի 25-ից մինչև2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Զորակոչի ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ:

Բացի այդ, սահմանվում է պարտադիր զինծառայության զորակոչել նաև մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկա¬յացրած իգական սեռի կամ պարտադիր զինծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:

Մյուս կետով սահմանվում է ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2025-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

“Անձամբ ես այլ ճանապարհ, բացի ուժով ադրբեջանական բանակն Արցախից քշելը եւ այնտեղ միջազգային կառավարում հաստատելը, չեմ տեսնում”

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ մասնագիտական գնահատականներ հնչեցին, որ «էթնիկ զտումներ» եւ «վերադարձի իրավունք» հասկացությունները միջազգային իրավունքի նորմ չեն։ Արցախի հարցում հենց այս հասկացություններն են առաջ մղվում, որքանո՞վ է արդյունավետ նման քաղաքականությունը։

-Միջազգային պրակտիկայում որպես ուղեցույց հանդիսանում է Եվրոպական պետությունների կողմից ստեղծված Միջազգային քրեական դատարանի կոնվեցիան։ Այդ կոնվեցիան սահմանում է այն արարքների ցանկը, որոնք ենթակա են միջազգային քրեական հետապնդման։ Նման հանցագործություն կատարողը հանցագործություն է կատարում ոչ միայն տվյալ պետության դեմ, որի տարածքում դա տեղի է ունենում, այլ բոլոր այն պետությունների, որոնք Միջազգային քրեական դատարանի կովնեցիան ստորագրել են։ Ավելի քան 190 երկիր է ստորագրել այն։ Հայաստանն այդ կոնվեցիան ստորագրող երկրների թվում է։ Պետք է բացել Միջազգային քրեական դատարանի այդ կոնվեցնիան, եւ այնտեղ հստակ գրված է՝ որոնք են միջազգայնորեն ճանաչված արարքները, որոնք քրեորեն հետապնդելի են Միջազգային քրեական դատարանի տեսակետից։ Այնտեղ կան «ցեղասպանություն», «բռնի տեղահանում» եւ այլ եզրույթներ։

Էթնիկ զտումը դա համալիր հասկացություն է, որը ենթադրում է ռազմական հանցագորևծություններ, որոնք ուղղված են բռնի տեղահանում իրականացնելու համար, երբ հանցավոր սուբյեկտը կազմակերպված գործողություններ է կատարում եւ ինչ-որ տարածաշրջանի բնակչությանն իր հայրենիքում ապրելուց զրկելու նպատակով տեղահանում։ Դրա համար տեղի են ունենում հարձակումներ, շրջափակումներ եւ մարդկանց բնականոն կյանքը վատթարացնող գործողություններ։ Այդ ամբողջը մեկ քաղաքական հասկացությամբ անվանվում է էթնիկ զտում։

Իրավական իմաստով պարտադիր չէ, որ բոլոր բաղադրիչները, որոնք մտնում են էթնիկ զտման մեջ, սահմանված լինեն, բավարար են դրանցից մեկը կամ մի քանիսը, որոնք հետեւանքով տեղի է ունենում բնակչության տեղահանում՝ առանց այդ բնակչության կամքի։ Մարդիկ հարկադրված են լինում հեռանալ, որովհետեւ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Այդ ամբողջը համարվում է հանցավոր արարք, որը միջազգային մակարդակով հետապնդվում է եւ որը քաղաքական առումով համարում են էթնիկ զտում։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Արցախում տեղի ունեցածը համարում են էթնիկ զտում եւ ասում են, թե որ քրեական արարքները բերեցին հայերի էթնիկ զտմանն Արցախում։ Դրանք են՝ շրջափակումը, ռազմական ագրեսիան, հարձակումը, ռազմական հանցագործությունները, քաղաքական սպառնալիքները։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, այն մարդու անսասան, անփոփոխ իրավունք է, որը ոչ մի գործողությամբ չի կարող վերանալ։ Դա մարդու իրավունքի հիմնարար նորմերից է։ Մարդու իրավունքների հռչակագրում շարադրված են մարդու իրավունքները, եւ դա ամրագրում է այն, որ մարդն օժտված է բոլոր իրավունքներով՝ իր հայրենիքում ապրելու, ազատ զարգանալու, բոլորի հետ իրավահավասար լինելու, իր կառավարությունն ընտրելու եւ բազմաթիվ այլ իրավունքներով։

Այսինքն՝ Արցախի հարցում այս ուղղությամբ աշխատանքը արդյունավե՞տ է։

-Հարցն այն է՝ որքանո՞վ է արդյունավետ վարվող քաղաքականությունը։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից չեն արվում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հանրության մոտ ստեղծելու Արցախի հարցով ադեկվատ պատասխան։ Հայաստանը պետք է հարցը միջազգային այլընտրանքային հարթակում բարձրացներ։ Շվերցարիան հանդես եկավ Արցախի հարցով կոնֆերանս հրավիրելու նախաձեռնությամբ, Հայաստանը պետք է այդ հարթակում տվյալ նախաձեռնությունը պաշտպանի եւ հասնի նրան, որ ԵԱՀԿ անդամ պետությունների միջազգային կոալիցան համատեղ գործի հայերին Արցախ վերադարձնելու հարցում։

Այդ աշխատանքը պետք է ենթադրի եւ պատժամիջոցներ, եւ ուժ գործադրելու հանարավորությունը նույնպես տվյալ դեպքում կիրառելի է, հիմնավորված է եւ անհրաժեշտ։ Ադրբեջանի այսօրվա հանցավոր ռեժիմի պայմաններում, անձամբ ես այլ ճանապարհ, բացի ուժով ադրբեջանական բանակն Արցախից քշելը եւ այնտեղ միջազգային կառավարում հաստատելը, չեմ տեսնում։ Արցախում պետք է կրկնվի Կոսովոյի օրինակը, Հայաստանը պետք է համապատասխան քաղաքականություն վարի, որպեսզի ձեւավորվի այդ միջազգային կոալիցիան, որը կկրկնի Կոսովոյի օրինակն Արցախի դեպքում։

Ռոզա Հովհաննիսյան

Հաստատվեց արցախցիներին 50 հազ․ դրամ աջակցության նոր ծրագիրը. կկրճատվի

2025 թվականի ապրիլից ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից կարող են օգտվել միայն Արցախից բռնի տեղահանված հատուկ խմբերի անձինք։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօևվա նիստում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայում գործող 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի մինչեւ այս տարվա դեկտեմբերը ներառյալ։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրական միտումները, մյուս կողմից, բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանական կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեկանությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին»,- ասաց նա։

Նախարարը հավելկեց, որ ըստ նոր որոշման՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Մինչեւ մարտ ամիսը աջակցության շահառուների շրջանակը գրեթե չի փոփոխվի։ Սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սոցիալական աջակցության չափը կսահմանվի 40 հազար դրամ, բայց ծրագրից կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի անձինք։

Նրանք են՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 եւ ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները։

«Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով։ Ովքեր Հայաստանում ունեն անշարժ գույք, կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամները չեն ստանա, նրանց թիվը 4899 է։ Այսինքն՝ մարտ ամսից հետո մենք ասում ենք, որ 50 հազարի փոխարեն աջակցությունը կդարձնենք 40 հազար, բայց կոնկրետ թիրախային խմբերի համար»,- հավելեց նախարարը։

Բաքու․ Թուրքիան ու Ռուսաստանը աջակցում են “Զանգեզուրի միջանցին”

Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը Զանգեզուրի միջանցքն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է APA գործակալությունը։

«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի Թուրքիա։

Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Ամիրբեկովը նշել է, որ նախագիծը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։

«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։ Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ»,- ասել է Ամիրբեկովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, և Ռուսաստանն էլ ցուցաբերել է շահագրգռվածություն՝ հավելելով։ 

Այս տարեսկզբին Բաքուն հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Բաքուն երբեք չի հայտարարել, որ եթե “Զանգեզուրի միջանցքը” բացվի, ապա Հայաստանի հետ մյուս հաղորդակցություններn եւս կբացվեն։

«Բոլ է, հերիք է, ես այլեւս պատրաստ չեմ զինվորի մահ տեսնել… ». Կապանում աշխատող արցախցի բժիշկ

Forrights

Արդեն մի քանի ամիս է, ինչ արցախցի վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում։ 40-ամյա բժիշկը ծնվել ու մեծացել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից, սակայն հասուն տարիքում հիմնականում ապրել է Արցախից դուրս։

Գրիգորիի հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինքն էլ 9 տարեկանում օգնում էր պատերազմում ծանր վիրավորներին, երբեմն էլ դիակներ է տեղափոխել։

«Ես Կապանում գտել եմ Արցախը՝ իմ հողն ու ջուրը։ Նման նմանություն այլեւս աշխատհում չեք կարող գտնել։ Ամեն ինչն է նման։ Ես գյուղի տղա եմ, անտառ եմ սիրում, կենդանի եմ սիրում, բնություն եմ սիրում, չկա մի բան, որ այստեղ մի բանով տարբերվի իմ հարազատ Մարտակերտի շրջանի բնությունից… Բայց մինչեւ չկորցրի, չհասկացա հայրենիքի քաղցրությունը։ Նախկինում ես ձգտում էի Երեւանում աշխատեի, Երեւանի կլինիկաներում աշխատեի, գնում- գալիս էի։ Ծնողներս, քույրս, հարազատությունը այնտեղ էին։ Գնում՝ կարոտս առնում, հետ էի գնում։ Իսկ հիմա Արցախը չկա, հորս գերեզման է այնտեղ, այն քաշում է… ամեն ինչն է քաշում…մինչեւ չկորցրի, չհասցկացա, թե դա ինչ է»,- ասում է բժիշկը։

Գրիգորյանը հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր ընտանիքը տեղափոխվել էր Երեւան, իսկ հայրը մեկնել էր առաջնագիծ.«Մի անգամ հայրս եկավ մեզ տեսակցության, իսկ երբ վերադառնում էր Արցախ, ես նրա հետ գնացի։ Հոսպիտալում էի, որովհետեւ ուտելու բան միայն անտեղ կար։ Այդ ժամանակվա մասին ինչ պատմում եմ, ոչ ոք չի հավատում, Կամազով դիակներ եմ դատարկել, Գրադի տուփեր եմ քանդել, տարեց տղամարդիկ մահացածների համար դագաղներ են պատրաստել… ինչով կարողանում, օգտակար էինք լինում»։

Բժիշկը վստահ է, որ մենք ոչ թե կորցրինք Արցախը, այլ նվիրեցինք այն.«Վստահ եմ, որ մենք այնտեղ վերադառնալու ենք… ուժով վերցնելը իրական չի այս պահին, ցանկություն էլ չունեմ, որ ուժով վերցնենք։ Բոլ է, հերիք է, ես այլեւս պատրաստ չեմ զինվորի մահ տեսնել… կգժվեմ, այլեւս չեմ կարող։ Պատերազմում տեսածիցդ ու ապրածիցդ երբեք չես կարող ազատվես, կարող ես միայն այն դեպքում, եթե դառնաս հոգեկան հիվանդ… առաջին պատերազի ժամանակ, երբ երեխա էի, նայում էի, մտածում էի՝ դե կռիվ է, մարդիկ պետք է գնան… այս անգամ ես էի մեծը ու մեկ էլ 18 տարեկան տղա էր մահանում ձեռքիս տակ, կամ վիրավոր էին բերում… այս դեպքում մեծի աչքերով նայեցի եւ դա ահավոր էր»։

Գրիգորյանի խոսքով, հայ բժիշկները միշտ շատ լավ են աշխատել, մասնավորապես 44-օրյա պատերազմին եղած ավելի քան 2200 վիրավորներից մահացել են 32 հոգին, ինչը թվերի առումով խոսում է բժիշկների արդյունավետ ու նվիրված աշխատանքի մասին։

Անի Գևորգյան

ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում է Իսրայելին՝ արդեն իսկ սեփական հեղինակության հաշվին

Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադար Գազայի հատվածում և բոլոր պատանդների ազատ արձակումը։ Նախագիծը պատրաստել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական ​​անդամներ:

Փաստաթուղթը մերժում էր «պաղեստինցիներին սովի մատնելու ցանկացած փորձ» և պահանջում էր, որ անկլավի խաղաղ բնակչությանը անհապաղ տրամադրվի մարդասիրական օգնություն, որն անհրաժեշտ է գոյատևելու համար։ Նախագիծը նաև կոչ է անում դյուրացնել անհրաժեշտ մասշտաբով մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անարգել մուտքը Գազա:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատը չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Իսրայելին ամերիկյան զենքի որոշակի համակարգերի մատակարարումը արգելափակող երեք բանաձևեր։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը եւ The Hill առցանց հրատարակությունը։ Փաստաթղթերի հեղինակները մի խումբ դեմոկրատներ էին անկախ սենատոր Բեռնի Սանդերսի ղեկավարությամբ։

ԱՄՆ-ն, արդեն իսկ սեփական հեղինակության հաշվին, աջակցում է Իսրայելին՝ որպես իր ֆորպոստ արևելյան կիսագնդում։ Սա մի քանի ամիս առաջ բողոքի ցույցեր առաջացրեց ԱՄՆ-ի համալսարաններում, սակայն չխանգարեց Թրամփին, ով համարվում է ամենաիսրայելամետ գործիչը, ստանալ ընտրողների մեծամասնության ձայները։

Մինչեւ ո՞ր կետն է ԱՄՆ-ն աջակցելու Իսրայելին. Մինչև Գազայից բնակչության ամբողջական տեղահանումը և լիբանանյան պետության վերացո՞ւմը։ Ամեն դեպքում, Իսրայելի ներկայիս կառավարությունը մտադիր չէ Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն և չի հրաժարվում հարևան երկրներ ներխուժելու փորձերից։ Նախօրեին Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում գտնվող Պալմիրան։

Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանում ինքնիշխան տեր դառնալու Իսրայելի ծրագրերը ձախողելու Բայդենի վարչակազմի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ավելին, հենց Բայդենը հայտարարեց, որ մտադիր է փոխել աշխարհակարգը (իսրայելակենտրոն – խմբ.), նրան անմիջապես անվանեցին ծերուկ և հեռացրին ընտրապայքարից։

Այժմ Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ՝ աջակցելու Իսրայելի նկրտումներին՝ դրանով իսկ նպաստելով սեփական արժեհամակարգի քայքայմանը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։