Ի տարբերություն Հայաստանի, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը հայ գերիների մասին բանաձև է ընդունել

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։

Զեկույցով Պատգմավորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։

Զեկույցն ամբողջովին ներկայացնում ենք ստորև․

«Պատգամավորների պալատը հաշվի առնելով՝

– Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունվարի 24-ին ընդունված 2527 բանաձևը՝ ընդգծելով այդ լիազորությունների օրինականության և համապատասխանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները,

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․  օգոստոսի 26-ին ընդունված որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամավորներին, ներառյալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին, հայտարարել որպես անցանկալի անձ «persona non grata»,

– Լյուքսեմբուրգի և Եվրոպայի Խորհրդի 13 անդամ պետությունների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղված ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերյալ հստակ կոչին,

– ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,

– Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,

– Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,

Հիշեցնում է

– նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,

– բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով,

դատապարտում է

– Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ,

– քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները,

պահանջում է

– անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց,

– վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, հանձնարարում է

– Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան,

– Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,

– Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին,

վերստին հաստատում է

– իր հանձնառությունը պաշտպանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կենտրոնում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը անցած շաբաթ չի ցանկացել հայտարարություն ընդունել գերիների մասին․ իշխող կուսակցությունը չի քվեարկել ընդդիմության կողմից ներկայացված նախագծին։

Աշխատում եմ լիամետրաժ ֆիլմի վրա։ Այն Արցախի մասին է՝ սկսած 1992-ից մինչև 2024-ը

Պարույր Ներսիսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Մասնագիտությամբ՝ ռեժիսոր, դերասան։ Որպես վավերագրող՝ մասնակցել է 2020-ի պատերազմին։

Ծնվել է 1992-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում։ Փոքրուց հիշողության մեջ հայրն է տպավորվել՝ իր հերոսական կերպարով, և ամբողջ կյանքում նրա հերոսը հայրն էր՝ Սամվել Ներսիսյանը, և հենց նրան ընդօրինակելով էլ մեծացել ու դաստիարակվել է։

14 տարեկան էր, երբ առաջին անգամ գնաց Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա, և այդ օրվանից նա դարձավ ստուդիայի ամենօրյա այցելուն։

Թատրոնի և կինոյի հանդեպ սերը երիտասարդին ստիպեց պրպտումների մեջ ընկնել, մտածել մեծ դերերի մասին։

Ինչու որոշեց մեկնել Երևան

-Ստեփանակերտում հանդիսատեսն արդեն ինձ ճանաչում էր դեմքով, ինչի համար ուրախ էի։ Սակայն այնտեղ ես մրցակցություն չէի տեսնում, ու հասկացա, որ ձգտում եմ ավելիին։ Մեջս արկածախնդրություն էր նաև առաջացել։ Փոփոխություն էի ցանկանում իմ կյանքում։ Մի գիշերվա մեջ որոշեցի, հավաքեցի անհրաժեշտ իրերս ու մեկնեցի Երևան։ Հետո զանգեցի հարազատներիս ու ասացի, որ արդեն Երևանում եմ, եկել եմ իմ տեղը գտնելու։ Զանգեցի նաև թատրոն, տեղեկացրի, որ էլ չեմ գնալու աշխատանքի։ Իհարկե, ինձ ներեցին, քանի որ այնտեղ ամենափոքրն էի, ու ինձ սիրում էին բոլորը։ 20 տարեկան էի․ մի քանի ամիս առաջ էի զորացրվել ԱՀ ՊԲ շարքերից։

Երբ նոր էր հաստատվել Երևանում

-Սկզբից, իհարկե, բախվեցի առաջին դժվարություններին։ Հասկացա, որ ամեն ինչ չէ իմ պատկերացրածով։ Կյանքում բարդություններ շատ կան։ Ճիշտ է, բանակում ծառայելու ժամանակ ևս կային դժվարություններ ու փորձություններ, սակայն այն ժամանակ ընկերներով էինք հաղթահարում, իսկ այստեղ ես մենակ էի ու պետք է ինքնուրույն ոտքի կանգնեի։ Ու դա ինձ հաջողվեց։ Ուսման հետ կապված խնդիրներ կային, որոնք ևս լուծվեցին։ Երեք տարի անց ընդունվեցի ռեժիսուրայի բաժին։ Ի դեպ, սովորելու իմ հարցում մեծ դեր ունեցավ կինս՝ Լիլիթը։ Նա համոզեց ինձ ուսում ստանալ։ Այդ տարիներին հրավերներ էի ստանում տարբեր թատրոններից, փոքրիկ դերեր էի ունենում։ Զուգահեռ տարբեր աշխատանքներ էի իրականացնում՝ բանվոր, էլեկտրիկ, մատուցող, մենեջեր, պահակ․․․․

Տաղանդաշատ երիտասարդը սիրում է իր գործը

– Վերջին 10 տարիների ընթացքում նկարահանել եմ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են միջազգային փառատոնների և արժանացել մրցանակների։ Ինչպես նաև հեղինակ եմ վավերագրական ֆիլմերի և հեռուստատեսային մի շարք նախագծերի։ Որպես երիտասարդ ստեղծագործող՝ երբ ֆիլմ եմ նկարում և ուղարկում որևէ փառատոնի, որտեղ նշվում է, որ հայկական ֆիլմ է՝ Հայաստանը ներկայացնող, դա ինձ համար ամեն ինչ է։ Ես հասկանում եմ, որ պետք եմ մեր երկրին։ Այս տարիների ընթացքում հաճախակի էի մեկնում Արցախ՝  կարոտս առնելու և թատրոնում ներկայացումների մասնակցելու, իմ սիրելի հանդիսատեսին ներկայանալու համար։ Ներկայացումներով այցելում էինք Արցախի տարբեր համայքներ։

Այժմ աշխատում եմ “Երբ ես փոքր էի” լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի  նախապատրաստական աշխատանքների վրա։ Ի դեպ, դա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է լինելու։ Այն Արցախի մասին է՝ սկսած 1992-ից մինչև 2024-ը։ Դա հույսի ու ցավի կենդանի պատմություն է։ Իրական պատմություն է լինելու իրական մարդկանց մասին։ Աշխարհն իրավունք չունի մոռանալու Արցախն ու արցախցուն։ Այսօր իմ միակ նպատակն է՝ կինոների միջոցով աշխարհին ծանոթացնել Արցախի հետ։

Ստեփանակերտի թատրոնը կարոտով ու սիրով է հիշում, ցավ ապրում, որ բռնատեղահանումից հետո այն հնարավորություն չունի գործելու

-Այն ժամանակ տարիքով ամենափոքրն էի։ 2008-ից մինչև 2010 թվականն եմ աշխատել։ Խաղացել եմ տարբեր դերեր․ <<Ոտքի, դատարանն է գալիս>> -Սողոմոն Թեհլերյան, <<Ռուզան>>- Սմբատ Իշխան, <<Տո, լաճ տնավեր>>- Դանիել Վարուժան,  <<Սիլվիա>>-Գրեգ, <<Սրտի հետ խաղ չեն անի>>-Ստյոպա, <<Սերը պահարան չի հարցնում>>-Ժիրայր, <<Հրաշագործ ծաղիկը>>-Բարոն Ֆոն-Մյունհաուզեն։ Թատրոնի ավագ սերնդի դերասանները իմ կյանքում մեծ դեր են ունեցել։ Իմ առաջին ուսուցիչը Մարատ Դավթյանն էր։ Պատիվ եմ ունեցել բեմ բարձրանալ արցախցի տաղանդավոր դերասաններ Քաջիկ Հարությունյանի, Սվետլանա Թովմասյանի, Սամվելի Եվրիյանի, Մարտին Ալոյանի և շատերի հետ։ Ստեփանակերտի թատրոնում իմ առաջին քայլերն եմ արել։ Թատրոնն ինձ կյանքի դասեր է տվել․ այնտեղ ես փորձ եմ ձեռք բերել և հիմք ստացել հետագա մասնագիտություն ձեռք բերելու համար։ Ցավում եմ, որ Ստեփանակերտի թատրոնը չի կարողանում Հայաստանում շարունակել իր գործունեությունը և դերասաններն ստիպված տարբեր տեղեր են աշխատանք գտնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ահազանգ-շարժում․ Հարցը միայն Վիլսոնի իրավարար վճիռը չէ, հարցը Հայաստանի կայացումն է

Step1.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

-Պարոն Հայրիկյան, նոյեմբերի 22-ին դուք հավաք եք հրավիրում՝ շեշտադրելով Վիլսոնի իրավարար վճռի հարցը։ Ի՞նչ նպատակ ունի ձեր նախաձեռնությունը։

-Ես այսօր դիմեցի հանրությանը, որ այն մարդիկ ու ուժերը, որոնք իրավիճակը ահազանգային են համարում, պետք է միավորվեն։ Ես սա պայմանականորեն կոչեցի «ահազանգ շարժում»։ Արդեն նախանշել եմ, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին հանդիպենք՝ առանց պարտավորությունների ու ամպագոռգոռ խոստումների։ Կլինի 100 հոգով, թե 100 հազար հոգով, էական չէ։ Ես այդ նախաձեռնության մասին հրապարակում ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր կհասկանան հարցի կարեւորությունը։

Վիլսոնյան իրավարար վճիռը ոչ միայն Սեւրի պայմանագրի հիման վրա Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընդունված որոշումներից մեկն էր, որն անժամկետ է, դա այն օրերի քաղաքակիրթ անձերի կողմից, ներառյալ պարտված Օսմանյան կայսրությունը, ընդունված մի փաստաթուղթ է։ Բայց սա իր մեջ այլ տարրեր էլ է պարունակում։ Դրանից առաջ՝ 1914 թվականին արդեն միջազգային համաձայնություն էր կայացել, եւ Թուրքիայի կառավարությունը համաձայնել էր, որ պատմական Հայաստանի տարածքում՝ շատ մեծ ընդգրկումով, պետք է լինեն երկու հայկական նահանգապետություններ։ Եվ այդ նույն միջազգային համաձայնությամբ Բելգիայից եւ Հոլանդիայից Հայաստան էին ուղարկվել գեներալ գուբերնատորներ։ Սա կարեւոր է նրանով, որ 1914 թվականին թուրքական պետությունը համաձայնել էր սրան։ Սակայն երբ համաշխարհային պատերազմն սկսվեց, այդ ծրագիրն անավարտ մնաց։ Սակայն անգամ դա շատ կարեւոր է հայության նկատամամբ իրականացված անարդար վերաբերմունքը գնահատելու համար։ Չգիտես ինչու, մեր դիվանագիտությունը, չնայած իմ բազմաթիվ հուշումներին, չանդրադարձավ այդ իրողությանը։ Բայց այնպես չէ, որ դա կարող է մոռացության մատնվել, ցանկացած պահի դա՝ որպես հզոր գործոն, կարող է իջնել ասպարեզ։

Վիլսոնի իրավարար վճիռը՝ նոյեմբերի 22-ի այդ որոշումը հայության նկատմամաբ ամենակարեւոր միջազգային իրավական փաստաթուղթն է։ Այն տապալվեց ռուս-թուրական նվաճողական պատերազմի հետեւանքով, մասնավորապես, Լենին-Աթաթուրք պայմանագրով։ Այլապես, աշխարհասփյուռ հայությունը կարող էր հավաքվել իրեն հատկացված այդ տարածքում եւ փորձել ինչքան հնարավոր է նվազեցնել տեղի ունեցող ցեղասպանության հետեւանքները։ Այդ փաստաթուղթը ոչ միայն արձանագրում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները՝ բռնապետական կայսրությունների եթե ոչ վերացումով, այլ նվազեցումով, այլ նաեւ դա գործողություն էր, որով միջազգային հանրությունը ոչ միայն ճանաչում էր ցեղասպանությունը, այլեւ առարկայորեն քայլ էր կատարում ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Հետագայում բռնազավթված Հայաստանը, այլեւս միջազգային իրավունքի ենթակա չլինելով, չկարողացավ հղումներ կատարել դրան։ Ավելին, բռնազավթված տարածքները Ռուսաստանն ու Թուրքիան բաժանեցին միմիյանց միջեւ, ներառյալ Կարս-Ադրահանը, Նախիջեւանը եւ Արցախը։ Նրանք ավելի վաղ էին դա սկսել, մասնավորապես, Ռուսաստանը 1920 թվականին՝ նույն Սեւրի պայմանագրի կնքման օրը, չգիտես ինչու, Հայաստանի իշխանություններին կարողացել էր համոզել, որ նրանք 11-րդ բանակը մտցնեն Արցախ, Զանգեզուր եւ Նախիջեւան։ Զանգեզուրում Նժդեհը նրանց հեռացրեց, բայց մյուս երկու տարածքներում մնացին։

Ինչո՞ւ եմ ես սա ընդգծում․ շատ մարդիկ ասում են՝ Արեւմուտքը հետեւողական չեղավ Հայաստանի հարցով։ Ես դրա պատճառը համարում եմ հենց այս թույլ տրված սխալը։ 1920 թվականին օգոստոսի 10-ին Թիֆլիսում արդեն քաղաքակիրթ աշխարհի թշնամի դարձած բոլշեւիկյան Ռուսաստանի հետ առանձին պայմանագիր կնքելը եւ նրանց մեր տարածքներ զորքեր մտցնելու թույլտվություն տալն աշխարհն ընկալեց որպես ահազանգ, որ հայերը, հայկական պետությունը վստահելի գործընկեր չեն։ 1920 թվականի օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրից հետո Անգլիայի եւ Ֆրանսիայի դեսպանները Հայաստանում ահազանգ էին բարձարցնում, թե՝ այս ի՞նչ եք անում։ Ես կարծում եմ, որ դա հետագայում շատ լուրջ բարոյահոգեբանական եւ քաղաքական հետեւանքներ ունեցավ մեր ճակատագրի վրա, որովհետեւ իրենք փորձում էին Հայաստանին օգնել՝ չմոռանալով իրենց շահերը, եւ տեսան, որ Հայաստանը չի զսպում բոլշեւիզմը, ինքնագլուխ ռուսանպաստ քայլեր է կատարում։

Վիլսոնի իրավարար վճիռը հիմա ոմանք փորձում են անտեսել, ոմանք ծիծաղում են։ Նրանք անգետներ ու տգետներ են։ Ես այս խնդիրների մասին դեռեւս 50 տարի առաջ եմ խոսել՝ որպես ազգային գործիչ։ Բայց եթե դու գործակալ ես ու ունես նախատրամադրվածություն, եթե անգամ գործակալ չես, մոլորության մեջ ես, ապա ի վիճակի չես ընկալել այն ճշմարիտը, ինչը քեզ մատուցվում է։ Ինչո՞ւ ես ընտրեցի նոյեմբերի 22-ը, ես հանկարծ հասկացա, որ շատ խորհրդավոր բան կա նոյեմբերի 22-ի մեջ։ 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը Մոսկվայից հրաման ստացավ՝ նիստ չգումարել, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել։ Նույն նոյեմբերի 22-ին՝ ուղիղ 50 տարի առաջ, ես արդեն երրորդ անգամ դատապարտվեցի Հայաստանի անկախության գաղափարի համար։ Բայց 1988 թվականին սովետական դեպուտատները չենթարկվեցին Մոսկվայի թելադրանքին, ասացին՝ ո՞նց թե, ինչ արտակարգ դրություն, եւ հավաքվեցին Օպերայում։ Այս ամենն ինձ տրամադրեց հասկանալու, որ նոյեմբերի 22-ը տիեզերական օրինաչափությունների մեջ ինչ-որ խորհուրդ ունի։ Գերագույն խորհրդի պատգամավորների անկախության ակցիան նշանակում էր՝ Մոսկվա, մենք ենք որոշում, ինքնորոշվում ենք։ Այդ հասունացումը կար, եւ քանի որ այդ հասունացման գագաթնակետը եղավ նոյեմբերի 22-ը, դա եւս ինձ տրամադրեց նոյեմբերի 22-ին միայնակ նախաձեռնել այս հավաքը։

Վիլսոնի իրավարար վճռի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հարցը բարձրացնելով՝ այս իրավիճակում բեկում մտցնելու հնարավորությո՞ւն եք տեսնում։

– Ոչ, այս պահին ես այդ հարցի բարձրացումը չեմ համարում առաջնահերթ խնդիր։ Ահազանգը վերաբերում է այլ հարցի՝ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա սուբյեկտից վերածվել է ինչ-որ խամաճիկ դրսեւորումներով պետության՝ անհասկանալի, անարժանապատիվ, բառացիորեն միջազգային իրավունքին հակասող։ Դրա համար ես երեկ քաղաքական ուժերի, ՀԿ-ների, անհատ գործիչների կողմից ընդունված հայտարարության մեջ որոշ նրբերանգներ ավելացրեցի։ Հարցը միայն Վիլսոնի իրավարար վճիռը բարձրացնելը չէ, դրա մասին պետք է դիվանագիտական տարբեր ատյաններում խոսել։ Բայց այսօր հարցը նախ եւ առաջ Հայաստանի կայացումն է՝ որպես ինքնուրույն միավոր, արժանապատիվ ղեկավարությամբ։ Իսկ այդ ամենը հնարավոր է միայն մեկ ճանապարհով, մենք ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք։ Եթե մենք նախնական բարեփոխումներ կատարած չլինենք մեր հիմնական օրենքում, ապա չի բացառվում, որ նույնիսկ ամենալավ մարդը, իշխանության գալով, դառնա հաջորդ Նիկոլը։ Մեզ հաջորդ Նիկոլ պետք չէ։ Այսինքն՝ քաղաքացուն այլեւս երկրի տերը դարձնելու խնդիրն է մեր առաջանային խնդիրը։

Ռոզա Հովհաննիսյան

Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:

Տևական ժամանակ է` ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:

Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:

Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող»:

Խմբ․ Երեկ նաեւ Կոլցեվոյի հինգհարկանի շենքերի քանդելու կադրեր են հայտնվել

Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվող արցախցի Ալեն Եղիշյանն արդարացվեց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում Հայաստան։

Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։

Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող էլ՝ բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է»,- գրել է փաստաբանը։

Ռուսները դեմ են պայմանագրի հապճեպ կնքմանը. դեռ ոչ բոլոր հայերն են արտաքսվել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս ասել է, որ Մոսկվան, ի տարբերություն «արևմտյան կեղծ միջնորդների», չի մղում Հայաստանին և Ադրբեջանին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու։ Լավրովն ընդգծել է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև տեղում իրողությունները, կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր։

Ինչո՞ւ Մոսկվան շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի «հապճեպ» կնքմամբ։ Վարդան Օսկանյանը, օրինակ, ասում է, որ Մոսկվան ցանկանում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակվի և հայերը վերադառնան Արցախ, բնականաբար, ռուսական զորքերի պաշտպանության ներքո։

Բայց իրականում Մոսկվան պետք է մինչեւ վերջ կատարի իր ծրագիրը, և պայմանագիրը կարող է խանգարել։ Ռուսաստանը դեռ պետք է Փաշինյանի կառավարությունից ստանա ճիշտ նույն հրամանագիրը, որը Սամվել Շահրամանյանը ստորագրել էր մեկ տարի առաջ։

Ռուսաստանը Արցախում փորձարկեց պետությունը «լուծարելու» նոր մեթոդ և այժմ փորձում է այն իրականացնել Աբխազիայում։ Սուխումն արդեն անցել է ճանապարհի մեծ մասը. օրինական ընտրված նախագահը հրաժարական է տվել, ընդդիմությունը Մոսկվայի հետ «դաշինքի» տրամադրություն չունի, և մնում է միայն շրջափակում կազմակերպել, որպեսզի ժամանակավոր կառավարությունը հրամանագիր ստորագրի Հանրապետության «լուծարման»մասին։ Արդեն խոսվում է, որ շուտով Աբխազիայում կսկսվի էներգետիկ ճգնաժամ։

Մոսկվան կավարտի Աբխազիայի օպերացիան և կտեղափոխվի Հայաստան, ավելի ճիշտ՝ արդեն անցել է։

Հայաստանի իշխող խումբը ակտիվորեն աշխատում է Երրորդ Հանրապետությունը վարկաբեկելու և ազգային պետության հիմքերը քայքայելու ուղղությամբ։ Իսկ վերջին հրաժարականները պետք է Մոսկվային, Թրամփին և մյուս «բռնապետներին» ցույց տան, որ Փաշինյանը թույլիկ դեմոկրատ չէ, այլ միանձնյա է որոշում Հայաստանի բոլոր հարցերը, այնպես որ կարող եք խոսել միայն նրա հետ։

Փաշինյանը միայն մեկ պայման է առաջ քաշում հանրապետության լուծարման համար՝ իշխանության պահպանում։ Եվ Մոսկվան ամեն կերպ աջակցում է նրան։ Կասկածից վեր է, որ նա կաջակցի նաև Փաշինյանի հակառակորդների անօրինական ունեցվածքը ազգայնացնելու հեղափոխական կոմիտեների ստեղծմանը։ Հայաստանի ընդդիմությունը կկործանվի և կվճարի 2021 թվականի հունիսին ստանձնած դերի համար.

Արցախյան սցենարը պետք է տարածվի ողջ Հայաստանի վրա՝ լուծարվում են պետական ​​մարմինները, զինաթափվում է բանակը, օկուպացվում  են պապենական հողերը, իսկ բնակչությունը՝ արտաքսվում։

Խաղաղության «պայմանագիրը», իհարկե, չի կարող խափանել Մոսկվայի ծրագրերը, բայց դա լրացուցիչ գլխացավանք կդառնա։

Բունդեսվերը գերմանական բիզնեսը նախապատրաստում է Ռուսաստանի հետ պատերազմին

Բունդեսվերը սկսել է բացատրական աշխատանք տանել Գերմանիայի խոշորագույն ընկերությունների հետ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ, եւ դա հիմնված է Գերմանիայի կառավարության գաղտնի ծրագրի վրա, երեքշաբթի գրում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով, փաստաթղթի սկզբնական տարբերակը, որը կոչվում է «Գերմանական օպերատիվ պլան», պարունակում է մոտ 1000 էջ։ Այն թվարկում է կառույցներն ու ենթակառուցվածքները, որոնք պաշտպանության կարիք ունեն պատերազմի դեպքում: Այն նաև պարունակում է հրահանգներ, թե ինչ պետք է անել ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռուսական զորավարժություններից առաջացող պաշտպանության կամ լարվածության դեպքում, երբ Գերմանիան պետք է դառնա հարյուր հազարավոր զինվորների լոգիստիկ հանգույց՝ սարքավորումներ և դեղամիջոցներ մատակարարելու համար:

Ըստ FAZ-ի, Համբուրգի Առևտրի պալատում վերջերս կայացած հանդիպման ժամանակ զինվորականներն ուղղակիորեն զրուցել են բիզնեսի ներկայացուցիչների հետ և, ի թիվս այլ բաների, խորհուրդ են տվել, որ յուրաքանչյուր 100 աշխատակցին վերապատրաստեն առնվազն հինգ լրացուցիչ բեռնատարի վարորդ: Համբուրգ նահանգի հրամանատար, փոխգնդապետ Յորն Պլիշկեն նաև ընկերություններին խորհուրդ է տվել ձգտել ինքնավարության, օրինակ՝ օգտագործել դիզելային գեներատորներ կամ սեփական հողմային տուրբիններ, կազմել արտակարգ իրավիճակների մանրամասն ծրագիր և համոզվել, որ անձնակազմը գիտի, թե ինչ անել:

Համբուրգում, գրում է FAZ-ը, ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել Բունդեսվերի ներկայացուցչի հետ, որտեղ նա տվել է «բացարձակապես կոնկրետ հարցեր», օրինակ՝ ի՞նչ պետք է անել, եթե դաշնակից զորքերը անցնեն  քաղաքով և ինչ, եթե Էլբա գետը արգելափակվի, երկաթուղային ցանցը գրոհված է, և լույսի բացակայության պատճառով խանութները չեն կարող բացվել։

Պլիշկեի խոսքով՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ նման հանդիպումներ անցկացվում են ողջ Գերմանիայում։ Բունդեսվերը հայտնել է, որ բոլոր տարածաշրջանային հրամանատարություններին հանձնարարված է իրականացնել այդ խնդիրները։ «Ռուսաստանն արդեն սկսել է պատրաստվել պատերազմի»,- վստահ է Պլիշկեն։ Նա գնահատում է հետախուզական տվյալների հիման վրա, որ չորսից հինգ տարի հետո Ռուսաստանը պատրաստ կլինի հետագա հարձակման Արևմուտքում։

Frankfurter Allgemeine Zeitung-ը նշում է, որ «Գերմանիայի օպերատիվ պլանը» դեռ չի ավարտվել և կհամալրվի քաղաքացիական կառույցների և Բունդեսվերի համատեղ զորավարժությունների արդյունքներով, որոնք կոդային «Կարմիր փոթորիկ Բրավո» են կոչվում: Այս զորավարժությունների առաջին փուլի ընթացքում (Կարմիր փոթորիկ Ալֆա) իրականացվել է նավահանգստային օբյեկտների պաշտպանություն՝ կանխելու հետախուզական և դիվերսիոն փորձերը։ Երկրորդ փուլը, ինչպես գրում է թերթը, շատ ավելի ծավալուն է լինելու։

Բաքուն Հաագայի դատարան է ներկայացրել ՀՀ-ի կողմից Արցախի էներգետիկ ռեսուրսների օգտագործման մասին “ապացույց””

Սարսանգ, 2023-ի օգոստոս

Բաքուն նոյեմբերի 19-ին Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դատարանին մանրամասներ են ներկայացրել էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝ նշելով, որ սա 2023-ի փետրվարի 27-ի հայցադիմումի տրամաբանական զարգացումն է։

Բաքուն նշել է, թե «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի 30 տարիների ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները՝ այդ ռեսուրսներն օգտագործելով իր օգտին»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կշարունակի փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար։

Հասկանալի է, թե ինչու Օսկանյանը. ավելի լավ «մաքրիչ» հնարավոր չէ գտնել

Միջազգային իրավունքի փորձագետներն ակնարկում են, որ այն ուղղությունը, որով գնում է հայ ժողովրդը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները և Արցախի իրավասուբյեկտությունը, ի սկզբանե անպտուղ է։ Խոսքը «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացությունների մասին է, որոնք միջազգային քաղաքական իրավունքի լիարժեք կատեգորիաներ չեն։

Հայաստանի իշխանությունները դեմ են բռնատեղահանված արցախցիների վերադարձին, ասում է ընդդիմությունը։ Իսկ ինչի՞ է ձգտում ընդդիմությունը՝ իր արցախյան հատվածով հանդերձ։

Արցախի ամբողջական օկուպացումից, ցեղասպանությունից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո ստեղծվեց «Օսկանյանի կոմիտե», որը, ստանալով Արցախի խորհրդարանի մի քանի խմբակցությունների մանդատը, “պարտավորվեց” համակարգել արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները։ Կոմիտեն ակտիվ գործունեություն ծավալեց և կարողացավ ներգրավել որոշակի լոբբիստական ​​շրջանակներ՝ արդյունավետորեն «մենաշնորհելով» արցախցիների իրավունքների պաշտպանության տարածքը։ Բայց “Օսկանյանի կոմիտեի” գործունեությունը ուղղված չէ Արցախի օկուպացիայի, ուժային  «կարգավորման» անթույլատրելիության, ցեղասպանության միջոցով տեղահանության (ինչը ճանաչեց Լեմկինի ինստիտուտը) ճանաչմանը, ոչ էլ հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքի ճանաչմանը, միջազգային երաշխիքների ներգրավելուն, այն ուղղված է բացառապես «էթնիկ զտումների» և «վերադարձի իրավունքի» ճանաչմանը:

Մենք արդեն նշել ենք, որ վերջիններս միջազգային իրավունքի կատեգորիաներ չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ միջազգային իրավունքի բոլոր կատեգորիաներից ընտրվեցին հենց այսները։

Օսկանյանը կշտամբում է Հայաստանի իշխանությանը այն բանի համար, որ արցախցիների վերադարձի իրավունքը քաղաքական մակարդակով լոբբինգ չի արվում, թեև դա կլինի «իրողությունների» և Արցախի օկուպացիայի ճանաչում։ Միևնույն ժամանակ, Օսկանյանը միտումնավոր չի նախատում Փաշինյանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու, ռուսական զորքեր մտցնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը տորպեդահարելու և ՄԱԿ-ի բանաձևերը խափանելու համար։ Օսկանյանը այս հարցերում համամիտ է Փաշինյանի հետ, նա միայն ցանկանում է, որ արցախցիները վերադառնան Արցախ, ցանկալի է՝ ռուս խաղաղապահների հովանու ներքո։

Օրերս նա հրապարակել է հերթական «կրակոտ» տեսանյութը, որտեղ պնդում է, որ Պուտինն ու Թրամփը կողմ են Արցախի ժողովրդի վերադարձին։ Ավելին, նա ասում է, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում հապճեպ համաձայնագրի ստորագրում Երևանի և Բաքվի միջև, պայմանավորված է նրանով, որ Մոսկվան ուզում է շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հասնել արցախցիների վերադարձին։

10 տարի Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Օսկանյանը բոլորի աչքին թոզ էր փչում՝ Արցախը Հայաստանի կողմից «օկուպացված» անվանելով և բանակցային ձևաչափից Արցախը դուրս մղելով։ Իսկ նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա ողջ գործունեությունն ուղղված էր կեղծ օրակարգեր հորինելուն, որոնց շուրջ նա ներգրավում էր հայկական լոբբիստական ​​ուժերին, շեղելով նրանց քաղաքական օրինական պահանջներից և հայերի իրավունքների պաշտպանումից։

Այժմ նա ամեն կերպ փորձում է կանխել հայաստանյան քաղաքական և իրավական տարածքում հայկական իրավունքների և օրինական պահանջների պաշտպանության կենտրոնների ձևավորումը՝ ազգային էներգիան ուղղորդելով անպտուղ ուղղությամբ։

Սա արվում է շատ կոնկրետ արտաքին ու ներքաղաքական պատվերով՝ նպատակ ունենալով վերջնականապես փակել ոչ միայն Արցախի, այլեւ Հայկական հարցը։ «Ազգային պետություն» հասկացությունը խորթ է սփյուռքի բազմաթիվ բնիկների համար, որտեղ կյանքը կառուցված է համայնքային օրենքներով, և միշտ կա մետրոպոլիա:

Վարդան Օսկանյանը Փաշինյանի ստվերային արտաքին գործերի նախարարն է, ամենակեղտոտ գործն անող «մաքրիչը»։

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ. հայտարարություն

Հայտարարություն-ահազանգ
Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական- քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը:

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության եւ միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետեւանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական թելադրանքի դաշտում:

Համակերպվել այս ազգադավ գործողությունների տրամաբանությանը կնշանակի, ոչ միայն հրաժարվել պետական ինքնիշխանությունից, այլեւ բնականոն համարել հետագա սերունդների ազգային ինքնության կորուստը եւ անխուսափելի ուծացումը։

Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման եւ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիներին պարտադրվում է մոռանալ արդարության եւ ճշմարտության կարեւորության մասին եւ ապրել միջազգային իրավունքով արգելված պատերազմի սպառնալիքի մթնոլորտում։

Խաղաղության երաշխիք կարող է լինել արդարությունը՝ այն բարձրագույն արժեք համարող միջազգային հանրության հետ հարաբերությունների սերտացմամբ, եւ երբեք՝ միակողմանի զիջումների՝ պարտվողականության քաղաքականությունը:

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ, ինչը ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետական, քաղաքական եւ հանրային կառույցներին պարտավորեցնում է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների ի մի գալ եւ կանխել Հայաստանում 1921 թ․ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով թելադրված իրավիճակի վերականգնումն ու «օրինականացումը»։

 

«Ազգային Ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն

«Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցություն

«Արդարություն» կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

 

«Անահիտ» պատմամշակութային, երիտասարդության ՀԿ

«Արժանապատիվ ազատամարտիկների միավորում» ՀԿ, նախագահ Վոլոդյա Ավետիսյան

«Դէպի Բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ, նախագահ Վրէժ Զատիկյան

«Զարթոնք» գաղափարաքաղաքական ակումբ

«Զարթոնք» քաղաքացիական հասարակություն ՀԿ

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» ՀԿ, նախագահ Կարինե Ստեփանյան

«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորում, նախագահ Ալբերտ Բազեյան

«Հանուն Հադրութի» ՀԿ, նախագահ Լևոն Հայրյան

«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Սուսաննա Գրիգորյան

 

Ալբերտ Բաղդասարյան – 1990 – 95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

Ալիկ Ասատրյան – գեղանկարիչ

Աշոտ Հակոբյան – հոգեբան

Արայիկ Պապիկյան – փաստաբան

Արամ քահանա Գալստյան

Գրիգոր Բարսեղյան – մաթեմատիկական գիտութ. Դոկտոր֊պրոֆեսոր

Դավիթ Գյուլզադյան – լեզվաբան

Զարուհի Մուրադյան – գեղանկարիչ

Հասմիկ Մովսիսյան – երաժշտագետ

Մարի Առաքելյան – բանաստեղծուհի

Մեխակ Գաբրիելյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

Նիկա Բաբայան – երաժշտական պրոդյուսեր

Ոսկան Սարգսյան – լրագրող

Պետրոս Մակեյան – քաղաքական գործիչ

Ռաֆիկ Հովակիմյան – Իգոր Մուրադյան հիմնադրամի նախագահ

Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դեսպան

Սուսաննա Ավանեսյան – նկարչուհի

Վահան Արծրունի – երգահան, երգիչ

Վանո Դադոյան – հայկական բանահյուսության մեկնաբան

Վարդան Հայկազյան – բնագետ, կենսաբան

Տիգրան Կյուրեղյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

19.11.2024թ.

 

Հայտարարությունը բաց է միանալու համար.

Հայ վարորդները երրորդ օրն է կանգնած են սահմանին․ իշխանություններից ոչ մի արձագանք (տեսանյութ)

Հարյուրավոր հայկական բեռնատարներ կանգնած են Իրանի և Հայաստանի սահմանին Իրանի որոշման պատճառով․ Թեհրանը, բարձրացնելով դիզվառելիքի գները, ստիպում է հայ վարորդներին լիցքավորել լրիվ բաքը։

Վարորդներից մեկը տեսաուղերձում ասել է, որ հայ վարորդներն արդեն երեք օր է՝ կանգնած են տեղում, և երկրի ղեկավարության կողմից արձագանք չկա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ աշխատանքից ազատվել էր Հայաստանի մաքսային ծառայության պետ Ռուստամ Բադասյանը՝ այլ ուժայինների հետ միասին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր Ագարակի անցակետում «խայտառակ» իրավիճակի մասին.

Սեւակ անունով վարորդն ասում է, որ Իրանը հսկիչ-անցագրային կետերում դիզվառելիքը թանկացրել է մինչեւ 9 հազար դրամի և ստիպում է հայ վարորդներին լիցքավորել ամբողջ բաքը, իսկ իրանական քարտերով վճարելիս 20 լիտրի գինը հասնում է 10,2 հազար դրամի, չնայած նույն վառելիքը 2 հազարով կարելի է այլ տեղից գնել։

Ըստ վարորդների՝ նման կանոն միշտ էլ եղել է, բայց մինչ այժմ իրենց թույլ էին տալիս թերի բաքով անցնել սահմանը, եւ դիզվառելիքի գինն էլ տանելի էր։ Այժմ վարորդները գումար չունեն լիքը բաքը լցնելու համար։

Բանը հասնում է նրան, որ վարորդները հանում են իրենց բաքը և ամրացնում 20 լիտրանոց տարա, որպեսզի կարողանան վարել «լիքը բաքով»:

Հայաստանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել ստեղծված իրավիճակին, թեև ակնհայտ է, որ միայն պետական ​​մակարդակով է հնարավոր խնդիրը լուծել։

«Կիևն առաջին հարվածն է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին»․ “РБК-Украина”

Անցած գիշեր ուկրաինական զորքերը արևմտյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին, հաղորդում է “РБК-Украина” գործակալությունը՝ պնդելով, որ հարվածի թիրախում են եղել Բրյանսկի մարզի Կարաչյով քաղաքում գտնվող զինապահեստները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, «նախանշված թիրախները հաջողությամբ խոցվել են»։

Կարաչյովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 130 կիլոմետր հեռավորության վրա։

Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։

Մոսկվան հայտարարել է, որ «արևմտյան հրթիռներով հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում»։