Արցախցի հրուշակագործը մասնակցել է ցուցահանդես-վաճառքին

  • 18:19 01.12.2024

Այսօր Երևանի <<Մարիոթ>> հյուրանոցում կազմակերպված Christmas շուկա ցուցահանդեսվաճառքին իր արտադրանքն է ներկայացրել նաև արցախցի հրուշակագործ Լիանա Իսրայելյանը։

Լիանային ճանաչում են գրեթե բոլորը։ Ով գոնե մեկ անգամ համտեսել է նրա պատրաստած փխրուն բամդամբուրին ու արցախյան փախլավան, չի կարող երբեք մոռանալ դրանց անմահական համը։ Ավելի քան 24 տարի Լիանան զբաղվում է հրուշակագործությամբ և իր գործն այնքան է սիրում, որ առանց դրա չի պատկերացնում իր կյանքը։ Արցախից տեղահանվելուց հետո Լիանայի ընտանիքը հաստատվել է Էջմիածին քաղաքում։ Նա հրուշակեղենի արտադրամաս է բացել և շարունակում է իր քաղցր ու անուշահամ գործունեությունը։ Աշխատում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Ագապե>> սեղանատանը։

-Իմ պատրաստած առաջին խմորեղենը բադամբուրին էր։ Տարիներ առաջ, երբ որոշեցի զբաղվել հրուշակեղենի պատրաստմամբ, դեռևս չէի պատկերացնում, որ այն կդառնա իմ հիմնական աշխատանքը։ Իմ բադամբուրիների միջոցով հայտնի դարձա Ստեփանակերտում ու հետզհետե սկսեցի ավելացնել տեսականին։ Արցախում ունեի քաղցրավենիքի արտադրության անհատական ձեռնարկություն, որտեղ աշխատում էինք թիմով։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս ինձ ուժ են տալիս իմ հավատարիմ հաճախորդները և ընտանիքս։ Տեղահանվելուց հետո վերսկսեցի գործս, մասնակցեցի բիզնես ծրագրի ու ստացա դրամական աջակցություն, որն ինձ օգնեց բացելու հրուշակեղենի արտադրամաս։ Նպատակս Էջմիածին քաղաքում արցախյան խմորեղենը ճանաչելի դարձնելն է։  Չնայած բիզնեսս Հայաստանում նոր է, սակայն կարճ ժամկետում ես կարողացա ձեռք բերել հաճախորդներ, իհարկե, հույս ունեմ, որ այն կընդլայնվի ու ավելի կբարգավաճի։ Ունեմ երկու աշխատող՝ Զոյան և աղջիկս՝ Ռիտան։

Շատ եմ սիրում իմ գործը և ամեն անգամ ավելի եմ համոզվում, որ այն ինչ անում ես սիրով, անպայման լավ արդյունք է ունենում։ Իմ աշխատանքն ինձ կյանք է տալիս։ Մեծ սիրով մասնակցում եմ նաև փառատոնների, ցուցահանդես-վաճառքների,-ասում է Լիանան։

Լիանան համեստորեն լռում է, բայց մենք գիտենք, որ իր գործն անելուց բացի նա նաև շատ-շատերին է օգնում, խորհուրդներ տալիս։ Սրտացավ ու պատրաստակամ հրուշակագործը Արցախից տեղահանվելուց հետո շատերին է սովորեցնում խմորեղեն պատրաստելու նրբությունները և ներքուստ հպարտանում, որ իր աշակերտներն իրենից պակաս չեն թխում և, որ ամենակարևորն է, կարողանում են դրանով վաստակել օրվա հացը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f