Մարդը կարիքի մեջ․ ի՞նչ են պատմում Ասյայի փնջերը 

  • 11:49 02.12.2024

Վեց տարի առաջ, երբ  ֆլորիստի մասնագիտությունը նոր–նոր ուսումնասիրող Ասյա Բաբայանը համացանցում նորարարական գաղափարներ էր փնտրում, չէր էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ   ամենաանհավանական բաղադրիչներից հավաքված իր “Համով փնջերը” կդառնան  քննարկան առարկա ու օրինակ այլոց համար։ 

Ասյայի անհավանական փնջերից մեկը

Ինչպես սկսեց 

Ասյան  տարբեր ոլորտներում է փորձել իրեն, տիրապետում է ժեստերի լեզվին, աշխատել է աուտիզմիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, 2020 թվականից հետո բարեգործական–կամավորական աշխատանքով է  զբաղվել՝  ֆեյսբուքում բացելով “Պարգևենք ժպիտ” հարթակը։ Ի վերջո հասկացել է, որ իրեն պետք է փորձի  ֆլորիստի մասնագիտության մեջ։ 

 

Տարվեց ֆուդ–ֆլորիստիկայով․ համացանցում մանդարինից փունջ էր տեսել։

Ասյայի առաջին փունջը՝ մանդարինից

“Պատուհանից այն կողմ դեկտեմբեր էր, Ամանորին օրեր էին մնացել, իսկը մանդարինից փունջ հավաքելու եղանակ էր, պատմում է Ասյան։  Առաջին փունջը տպավորություն թողեց ընկերների վրա և նա որոշեց ֆեյսբուքյան էջ բացել՝ “Букет со вкусом”  անունով և ցուցադրել իր աշխատանքները։ Դրանք սկզբում քաղցրավենիքներից էին, ապա սկսեց մրգեր ու այլ ուտելիքներ էլ հավաքել իր փնջերի մեջ։

Շրջափակումը և Ասյայի փնջերի «էվոլյուցիան» 

Ամենահետաքրքիր փնջերը ստեղծվել են հենց բլոկադայի ընթացքում․ Ստեփանակերտում իր փնջերի համար ապրանքներ չէին գտնվում, իսկ պահանջ կար։ Ասյայի փնջերի մեջ տեղ գտան վայրի խոտերը, դժվարությամբ  ձեռք բերված եզակի բանջարեղենն ու միրգը, ձուն, հացն ու ջուրը, ամանի հեղուկն ու օճառը, լուցկին ու էլեկտրական լամպերը, մոմերը, սննդի կտրոններն ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը։ Այն ամենը, ինչ կարող էր պետք գալ կենցաղում, կարելի էր գտնել Ասյայի փնջերում։

Ասյայի փնջերը ձեռքի տակ հայտնված իրերից ու մթերքներից

Ինչ են պատմում Ասյայի փնջերը 

Ասյան հիմա Երևանում է ապրում։ Զբաղվում է իր սիրած գործով։  Հարցազրույցի պահին Ասյան կիտրոնով փունջ էր հավաքում գիտելիքի օրվան ընդառաջ։

Հայաստանում Ասյան հաճախ է տարբեր ցուցահանդեսների ներկայացնում իր «Համով  փնջերը», պատմում Արցախի, այնտեղ ապրած իր օրերի, զգացմունքների մասին։

«Ես ուզում եմ , որ մարդիկ իմանան, թե ինչի միջով ենք մենք անցել, ինչ ենք ստիպված եղել հաղթահարել, բայց չենք կորցրել մեր հավատն աշխարհի նկատմամբ, հավատացել ենք, որ դժվարությունները հաղթահարելի են, եթե կա կամք ու միասնականություն։

Իմ փնջերը  գեղեցիկի մասին են․ գեղեցիկ արարքների, գեղեցիկ մարդու, զգացմունքի, կյանքի մասին»։

Սրբուհի Վանյան

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը, Կարինեյի ու Մելինեյի պատմությունները՝ կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։ 

Նյութը պատրաստված է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, եւ այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլոում։

 

f