Արթուր Առուշանյան. Այսպիսով, ինձ հաջողվեց պատրաստել Եվրոպայի երկու չեմպիոն, և ինքս հերթական անգամ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

  • 14:30 02.12.2024

Կյանքում հաղթելու համար առաջին հերթին պետք է ունենալ կոշտ կորիզ՝ բնավորություն, որի շնորհիվ կարող ես հաղթահարել բոլոր անհաջողությունները։ Գլխավորը ինքդ քեզ վստահելն է։

Հենց այսպես կարելի է բնութագրել Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, Կիոկուշին կարատեի սև գոտի Արթուր Առուշանյանին։

Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում։ 2000 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Արցախ։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ։

Արթուրը մանկուց սեր ուներ սպորտի նկատմամբ։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն սպորտով զբաղվելն օգնեց հաղթահարել հիվանդությունը։

Արթուրի առաջին լուրջ ձեռքբերումը 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակն էր, որտեղ նա գրավեց առաջին տեղը, իսկ երկու ամիս անց՝ 2011 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացավ աշխարհի առաջնությունը, որտեղ նա դարձավ բրոնզե մեդալակիր, և նրա հետագա հաջողությունները կարելի է թվարկել անվերջ:

2011-2013 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Արցախյան երեք պատերազմի մասնակից. եղել է Արցախի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչը։ Անգամ արցախյան շրջափակման անտանելի պայմաններում նա չդադարեց աշխատել՝ պատրաստելով նոր չեմպիոններ։

«Մեր սերունդը մեծացել է արցախյան ազատամարտի լեգենդար հերոսների սխրանքներով, ինչպիք են  Դուշման Վարդանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը։ Ահա թե ինչու 2016 թվականին, հենց որ սկսվեց ապրիլյան պատերազմը, ընկերներիցս շատերը շտապեցին ինքնակամ պաշտպանել իրենց հայրենիքը։ Այդ ժամանակ սովորում էի Երեւանում։ Պատերազմի մասին լուրը լսելով՝ թողեցի ուսումս ու համալրեցի կամավորների շարքերը։ Ինձ ուղարկեցին Մադաղիս գյուղ, որտեղ ծառայեցի մինչև 2016 թվականի մայիսը։ Չնայած այն հանգամանքին, որ, ըստ պաշտոնական վարկածի, պատերազմն ավարտվել է ապրիլի 4-ին, շփման գծի տարբեր հատվածներում տեւական ժամանակ շարունակվել են տեղական բախումները։

Ապրիլյան պատերազմը դարձավ իմ առաջին մարտական ​​փորձությունը. հենց այդ ժամանակ ես իսկապես հասկացա, թե ինչ գնով է վերանվաճվել դարավոր Արցախը, որտեղ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել։ Իսկ որտեղ արյուն է թափվում, պետք է սահմաններ նշմարվեն։ Հենց այս աշխարհայացքով էլ 2020 թվականին ես նորից մեկնեցի ռազմաճակատ՝ մեր նախնիների սկսած գործն ավարտելու և թշնամու հետ ընդմիշտ հարցերը լուծելու ակնկալիքով։

Այս անգամ մարտական ​​հերթապահություն էի կատարում Մաղավուզ գյուղում։ Իմ կրտսեր ընկերների համար ես հանդիսանում էի դաստիարակ և միշտ փորձել եմ պաշտպանել նրանց։ Մենք բոլորս պատրաստ էինք կռվել մինչև վերջին փամփուշտը, սակայն, չնայած մեր բոլոր ջանքերին, պատտություն կրեցինք, քանի որ հակառակորդը մեզ բազմակի գերազանցում էր թե՛ կենդանի ուժով, թե՛ տեխնիկայով։

Պարտության մյուս գործոնը մեր կողմից ռազմական գործողությունների անկազմակերպ վարելն էր։

2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո ես հոգեպես ընկճված վիճակում գնացի Երևան։ Ընտանիքս օգնեց ինձ վերականգնվել հետպատերազմյան ցնցումից։ Շուտով ինձ հետ կապվեց Լիտվայից մի լրագրող և խնդրեց ուղեկցել իրեն Արցախ մեկնելու ժամանակ։ Ես նրա հետ միասին 2020 թվականի դեկտեմբերին վերադարձա հետպատերազմյան Արցախ և շրջեցի նրա բոլոր անկյունները՝ ցույց տալով ադրբեջանական կողմի հանցագործությունների հետքերը։ Ճամփորդության արդյունքների հիման վրա նա վավերագրական ֆիլմ է նկարահանել Արցախում տեղի ունեցածի մասին, որը ցուցադրվել է աշխարհի տարբեր ծայրերում։

Արցախ վերադառնալուց հետո մենք մեր առջեւ նպատակ ենք դրել չկոտրվել ու զարգացնել այն, ինչ ունենք։ Այսպիսով, կարատեի առումով 2021 թվականին մենք հասել ենք մեծ բարձունքների։ Այն ժամանակ մարզական կարիերաս ավարտելու մտքեր ունեի, սակայն հետագայում մտափոխվեցի, քանի որ կարեւոր էր մեր ժողովրդին աջակցել նոր ձեռքբերումներով։

Այսպիսով, ինձ հաջողվեց պատրաստել Եվրոպայի երկու չեմպիոն, և ես ինքս կրկին նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Անգամ շրջափակման դաժան ժամանակահատվածում մենք շարունակեցինք մարզվել և նոր հաջողությունների կհասնեինք, եթե չլիներ 2023 թվականի էթնիկ զտումները, որի արդյունքում մեզ արտաքսեցին։

Հիմա որոշ ժամանակով տեղափոխվել եմ Արգենտինա, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքն Արցախից դուրս և ներկայիս Հայաստանի պայմաններում։ Իմ նվիրական երազանքը Արցախ վերադառնալն է, և ես հավատում եմ դրա շուտափույթ իրականացմանը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Արթուրը։

Արսեն Աղաջանյան

f