“Այս պահին կազմակերպված տարհանումը Հալեպից անհնարին է”․ ՀՀ դեսպանատուն

  • 14:06 03.12.2024
Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարում են՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։
«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Հայտնում են, որ ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ, կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և Հայաստանում են: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Դիվանագիտական կառույցից ընդգծում են՝ իրավիճակի փոքր-ինչ կայունանացումից հետո կկապվեն հասցեատերերի հետ և կտեղեկացնեն, թե որտեղ և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունից նշում են՝ այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայում արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները Դամասկոսում ՀՀ դեսպանությունում։
f