Սեպտեմբերի 19-ը․ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր

  • 18:43 03.12.2024

Ալիսա Մինասյանն իր երկու զավակների հետ Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Նրա ընտանիքն ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր, որդին՝ Արմենը, սովորում էր Ստեփանակերտի բժշկական քոլեջում, իսկ աղջիկը՝ Էլինան, դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական օր դարձավ այս ընտանիքի համար։ Ալիսան կորցրեց ամենաթանկը՝ ամուսնուն, իսկ օրեր հետո՝ հայրենիքը։

Ալիսան պատմում է

-Սամվելը պայմանագրային ծառայող էր Ասկերանի տանկային զորամասում։ Նա գրեթե ամեն օր էր գնում հերթապահության։ Սեպտեմբերի 19-ին ազատ օր էր վերցրել․ պետք է գնար կաթնամթերք բերելու։ Առավոտ շուտ գնաց “Ցեխ ձոր” կոչվող տեղամասից կաթ գնեց ու հետ դառավ։ 45 լիտր կաթ էր բերել, և միասին սկսեցինք կարագ պատրաստել․ օգնում էր ինձ։ Պատմեց, որ փոքր մեքենայով 9 հոգու է բերել այդ տեղամասի գյուղերից։ Անգամ հղի կին կար։

Այդպես խոսում էինք ու հանկարծ Հարավի կողմից հրետանակոծության ձայներ լսեցինք։ Այդ պահին նրա հեռախոսը զանգեց․ զորամասից կանչում էին, թշնամին պատերազմ էր սկսել։ Անմիջապես դուրս եկավ տանից ու գնաց զորամաս։ Այնտեղից զանգեց ու ասաց, որ չանհանգստանամ՝ ամեն ինչ շուտով կհանդարտվի։ Սակայն քիչ հետո սկսեցին հրետակոծել նաև Ստեփանակերտը, աղջկաս հետ իջա մեր շենքի նկուղը։ Քիչ հետո մեզ միացավ նաև տղաս։ Ասաց, որ հայրն է զանգել ու ասել, որ տիրություն անի մեզ։ Դա վերջին խոսակցությունն էր Շիմիրի հետ, դրանից հետո կապը լրիվությամբ կտրվեց։

Հաջորդ օրը պատերազմն ավարտվեց, տղամարդիկ տուն էին վերադառնում։ Շիմիրից լուր չկար։ Զարմանում էի, որ չի զանգում։ Սկսել էի մտածել, որ բան է պատահել։ Այդ ժամանակ մեր տուն եկավ նրա եղբայրը՝ Գարիկն ու ասաց, որ Շիմիրը վիրավորվել ու հոսպիտալում է։ Եկել էր մեզ տանելու Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Ամբողջ ճանապարհին լուռ էինք, ես զգում էի, բայց ձայն չէի հանում՝ խնայելով երեխաներիս։ Տղաս խնդրեց հորեղբորը, որ հոսպիտալից զանգի, որ կարողանա լսել հոր ձայնը։ Գարիկը լուռ էր։

Օդանավակայանում ինձ մոտենում էին ծանոթ մարդիկ, կարեկցանքով նայում և հորդորում ուժեղ լինել։ Չգիտեի ինչ անել, ինչ ասել երեխաներիս։

Ամուսնուս ծնողների հետ վերադարձանք Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 22-ին նրա աճյունը հողին հանձնեցինք իր հարազատ Խնապատի գերեզմանատանը։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ամուսնուս ծնողների հետ բռնեցինք տեղահանության ճանապարհը։

Ալիսան իր մեջ ուժ է հավաքել ու շարունակում է պայքարել

 -Սկզբից չափազանց ծանր էր։ Առանց ամուսնուս ես կիսատ ու դատարկ էի։ Նրանից ու երեխաներիցս բացի ես ոչ ոք չունեի։ Եղբայրս զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Հայրս չկարողացավ դիմանալ այդ ցավին և միացավ որդուն։ Նրանք հուղարկավորված են մեր հարազատ գյուղում՝ Ակնաղբյուրում։ 2020-ի պատերազմի հետևանքով, երբ կորցրինք նաև մեր գյուղը, մայրս չհաղթահարեց կորստի ցավը։ 2021-ին կորցրի նաև նրան։

Իմ ամենահարազատ մարդկանց գերեզմաններն եմ թողել Արցախում։ Ինձ հետ բերել եմ  մահվան 4 վկայական, ամուսնուս մեդալները, պատվոգրերը և հեռախոսս, որոնց մեջ մնացել են մեր նկարները։

Դիլիջանում հաստատվելուց որոշ ժամանակ հետո հասկացել եմ, որ պետք է ուժ հավաքեմ։ Ամուսնուս և հարազատներիս հիշատակը ինձ պարտադրում է պայքարել ու ապրելու փորձեր անել։ Անկախ ամեն ինչից, արցախցին միշտ էլ ուժեղ է եղել, ապրել է արժանապատիվ կյանքվ և օրվա հացն իր քրտինքով վաստակել։ Պատրաստվում եմ մտնել ՀՀ ՊԲ-ում ծառայելու։ Արդեն հանձնել եմ փաստաթղթերս։ Ընդառաջել են, երևի շուտով կանցնեմ ծառայության։ Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել ու թիկունք լինել։

 -Տղաս՝ Արմենը, բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող է։ Սովորում է գերազանց և քոլեջն ավարտելուց հետո պատրաստվում է բարձրագույն ուսում ստանալ ու բժիշկ դառնալ։ Նա նպատակ է դրել իրականացնել հոր երազանքը՝ դառնալ լավ մասնագետ ու մարդկանց կյանքեր փրկել։ Ամուսինս Արմենին փոքրուց մեքենա վարել էր սովորեցրել։ 15-ամյա որդիս էր վարում մեքենան, երբ դուրս եկանք Արցախից։

Աղջիկս՝ Էլինան, սովորում է 10-րդ դասարանում։ Փոքրուց սիրում էր ստեղծել գեղեցիկ իրեր․ ասում էր՝ կվաճառեմ և կօգնեմ ընտանիքիս։ Ստեփանակերտում թողեցինք նրա բոլոր աշխատանքները։ Դասերին զուգընթաց նա ուլունքներով պայուսակներ և այլ իրեր է պատրաստում։ Կարողանում է նաև վաճառքի հանել իր արտադրանքը, ունի հաճախորդներ։

Ալիսան չի կորցնում հույսը, որ մի օր կվերադառնա տուն

-Չեմ կարողանում հարմարվել հայրենազրկված լինելու մեջ։ Ամեն գիշեր մտքով Արցախում եմ, իմ տանը, երբ դեռ բացակա մարդ չկար։ Այդ հիշողություններն են ապրեցնում ինձ և հետդարձի հույս տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f