Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ

  • 11:03 04.12.2024

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, վերջին ամիսներին մենք ակտիվություն ենք նկատում Եվրոպայում Արցախի հարցով Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձեւն ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցն էր բարձրացվում։ Հնարավո՞ր է գործադիր իշխանությունը քայլեր անի՞՝ իրագործելու այդ բանաձեւերն ու որոշումները։

-Ես կարծում եմ, որ շատ բան կախված կլիներ ՀՀ իշխանական դասի ներկայացուցիչներից։ Եթե նրանք վերջապես գիտակցեն Եվրոպայի արժեքը, կարողանան այդ կամքը ցուցաբերել եւ ընդառաջ գնալ Եվրոպային, պարզված ձեռքը չմնա օդում, կարծում եմ, որ Եվրոպան կրկին կակտիվացնի իր գործունեությունը։ Գոնե այդ տրամադրությունները մեզ համար շոշափելի են այնտեղ, բայց ամեն ինչ կախված է հայկական իշխանությունների կամքից, համարձակությունից, արժեքների վերաարժեւորումից։ Չէի ցանկանա գուշակություններ անել, բայց ակնհայտ է, որ մթնոլորտը հասուն է Եվրոպայում, կա նաեւ ԱՄՆ գործոնը, որն ազդում է Եվրոպայի վրա՝ հայկական շրջանակների հետ կապերի ակտիվացման կամ այս տարածշրաջնում իրենց վերադիրքավորման հարցումէ։ Եթե մի 10 տարի առաջվա հետ համեմատենք, Եվրոպայի դիրքն այսպիսին չէր։

Ես համոզված եմ, որ մեր լավ աշխատանքի դեպքում, եթե լուրջ քաղաքական, ռազմավարական կոնցեպտներ մշակենք ու քայլ առ քայլ իրականանցենք, շատ ավելի շահեկան դիրքերում կհայտնվենք։ Բայց մենք չենք աշխատում, միայն պահանջում ենք։ Մենք սիրում ենք, որ իրենք ընդառաջ գան եւ քննադատում ենք, թե ինչո՞ւ Եվրոպան սա չարեց, Արեւմուտքը սա չարեց։ Շատ բան կախված է մեր տնային աշատանքների կատարումից։ Եկեք լրջանանք, աշխատենք եվրոպացիների հետ ամեն բնագավառում՝ գիտական, մշակութային, ռազմական, տնտեսական, քաղաքական։ Սա ընդհանուր քաղաքական օրիենտացիայի հարց է։ Եվրոպական օրիենտացիայի հարց է, որը, ցավոք սրտի, դեռ թույլ զարգացած է։ Մենք պատմության մեջ 1700 տարի ունեցել ենք արեւմտյան օրիենտացիա, բայց վերջին շրջանում ռուսական օրիենտացիան կարողացել է դոմինանտ դառնալ։

Վերջերս նաեւ Շվեյցարիայի խորհրդարանը կառավարությանը առաջարկել էր հնարավորինս արագ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում։ Որոշման տեքստում նշվում է, որ «նման առաջարկի նպատակն է դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների բաց երկխոսությունը, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ բանակցելու համար»։ Մենք տեսանում ենք, որ Հայաստանի իշխանությունն այս եւ նմանօրինակ որոշումներին չի արձագանքում, քայլեր չի անում։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

-Եթե ես կառավարության անդամ լինեի, գիշեր-ցերեկ կաշխատեի մասնագետների հետ, ովքեր աշխատում են շվեյցարական քաղաքականության, մշակույթի դաշտում կամ լավ ծանոթ են այդ երկրին։ Անմիջապես պատվիրակություն կստեղծեի, կուղարկեի Շվեյցարիա՝ ընդառաջ։ Ոչ միայն բանավոր հայտարարություններ պետք է արվեն, այլ պետք է գնան, տեղում ընդգրկեն նաեւ սփյուռքյան ուժերին եւ աշխատեն։ Մենք շատ զայրանում ենք, որ հայկական պատվիրակությունները գալիս են Գերմանիա բանակցությունների, եւ տեղի Սփյուռքը չի աջակցում, չի իմանում, թերթերից ենք իմանում։ Իրենք շրջանցում են մեզ, արհամարհում են կամ մեծամտություն են ցուցաբերում։ Եթե հայկական Սփյուռքին չներգրավեն այս հարցում եւ չաշխատեն պատվիրակություններով, մենք նորից դոփելու ենք նույն տեղում։ Չի կարող եվրոպական մի երկիր լինել, որտեղ հայկական Սփյուռքը չունենա իր մասնագիտական ռեսուրսները, որոնք, ցավոք սրտի, չեն ընդգրկվում այս աշխատանքների մեջ։

-Կան տեսակետներ, որ Սփյուռքի ներկայացուցիչներն իրենք են հրաժարվում աշխատել Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ։ Կա՞ն այդպիսի տրամադրություններ Սփյուռքում։

-Դա էլ կա, բայց իրենք են հասցրել դրան։ Սփյուռք ասածը հարաբերական է, բայց Սփյուռքի որոշ սկզբունքային շրջանակներ, այո, հրաժարվում են։ Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ։ Ես այդպիսի նախադասություն չեմ կարող մեկ սենյակում հանդուրժել։ Արցախը մեր հայրենիքն է եղել, կա եւ պետք է լինի։ Կարսը, Էրզրումը, Վանը մեր հայրենիքն են եղել, կան եւ պետք է լինեն։ Եթե իրենք պետք է գան ու այդպիսի արտահայտություններ անեն, իհարկե, պետք է խուսափենք, ի՞նչ պետք է անենք, իրենց հետ պետք է նույն երգը երգե՞նք։

Ռոզա Հովհաննիսյան

f