«Սյունիքն էլ տանք` հանգիստ ապրենք…»

  • 12:02 04.12.2024

Այլեւս անիմաստ է Երեւանի Կիլիկիա ավտոկայան գնալ: «Ստեփանակերտ գնացող… Բրատ, մի հոգի ա մնացալ, կյա` շարժվինք» ասող տաքսիստներ չկան: Ղարաբաղին մոտիկանալու համար պետք է Կայարան գնալ եւ սպասել ժամը իննին եւ երեքին Գորիս գնացող մարշրուտկային, կամ եթե շտապում եք` տաքսիներ լինում են: Հինգ հազար դրամ ուղեվարձ:

Տաքսու հետեւում կողքս մի պարկեշտ երիտասարդ է նստած, վարորդին մոտ մի օրիօրդ: Երիտասարդը Կրասնոդարից է գալիս` հայրենի քաղաքում Նոր տարին հարազատների հետ անցկացնելու համար: Դեռ Երեւան մի եկեղեցու մոտով անցնելիս, երիտասարդը “թաքուն” երեք անգամ խաչակնքվում էր, կիսաբաց պատուանից քաղաքի օդը քիթը քաշում, ապա բարձրաձայնում ժպիտով. “Հայաստանի օդը…” Նա տաքսու վարորդի եւ օրիօրդի հարցերին պատասխանում եւ պատմում էր Կրասնոդարի մասին: Նկարագրում, որ շատ սիրուն քաղաք է եւ անգամ մոսկվիչներն են տեղափոխվում այնտեղ ապրելու համար: Խոսակցություն է գնում քաղաքացիության, ռուսի հետ ЗАГС-ով անցնելու եւ այլնի մասին…

Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Գորիս: Ամեն ինչ նույնն է, ինչպես նախորդ անգամ: Որքան մոտենում ես Գորիսին, այնքան սակավանում են մեքենաները: Եղեգնաձոր հասնելով տաքսու վարորդը զիջում է ՊԲ բեռնատարներին, ԵՄ դիտորդական առաքելության մեքենաներին, որոնք լիցքավորում են ճանապարհին: Նրանց ցեխոտ մեքենաները ապացուցում են, թե որտեղից են գալիս: Իրանական համարանիշելով հրավտանգ բեռնատարը գնում է դատարկ ճանապարհով: Մենք նույնն ենք անում շարունակելով Կրասնոդարի թեման:

Ռուսների վրա հեչ չես ասի, որ իրենց երկիրը պատերազմի մեջ է, պատմում է երիտասարդը, իրենց համար ուրախ ապրում են, ասես ոչինչ տեղի չի ունենում:

Իսկ Հայաստանում այդպե՞ս չէ, – միանգամից բորբոքվեց դիմացը նստած օրիօրդը, փորձելով որքան հնարավոր է հետ` դեպի մեզ շրջվել:

Էն օրվա Ղափանի դեքերից հետո էր… Երեւան սրճարանում նստած էի, երկու հոգի զրուցում են կողքի սեղանին: Մեկ էլ մեկը թե …լավ է, Սյունիքն էլ տանք հանգիստ ապրենք: Զոռով ինձ պահել եմ, որ բան չասեմ, ասում է օրիօրդն ու փորձում ավելի հարմար նստել իր տեղը: Այո, այդպես է, Երեւան չգիտեն, թե ինչպես են ապրում շրջանները, ավելացնում է տաքսու վարորդը:

Զգայուն այս թեման աշխատանքի մասին խոսակցությունները միայն մեղմացրեց:

Հորս ու մորս թոշակը միասին 80 հազար դրամ է: Միայն հորս դեղերի փողը 112 հազար է ամսական, ասում է բարետես օրիօրդը: Ինքն էլ 75 հազար դրամ է վաստակում ամեն ամիս` 8 ժամ աշխատելով: Սա զարմացրեց երիտասարդին, ով մեկ ու կես տարի Հայաստանում չի եղել, եւ նա ասաց, որ ինքն էլ մի 300 հազար դրամ է վաստակում, ավելացնելով, որ ռուբլին զիբիլ է դառել: Տաքսու վարորդն էլ ասաց, որ դրամն էլ նույնն է. Երկու բան ես գնում` տասհազարանոցը չկա, ասում է վարորդը: Դե դու էլ վարձ ես տալիս էլի, ասում է օրիորդը երիտասարդին:

Պարեկների շատությունից, հարկայինի դաժանություններից, ապրանքների առանձին վաճառքի, շտրիխ կոդերի, առգրավված համակարգչի մասին խոսակցություններով հասնում ենք Զանգերի մոտ:

Չնայած երիտասարդը հենց իմ կողքին էր նստած, բայց մեջքով նստած օրիօրդը դա տեսավ, գգաց: Կարոտել ես չէ՞ երեւի, հարցրեց նա երիտասարդին: Ես շրջվեցի, երիտասարդի աչքերը լցվել էին…

Ոչ ոքի չեմ ասել, որ գալիս եմ: Միայն Ռուսաստանի ընկերս գիտի եւ մի ուրիշ ընկերոջ եմ ասել Երեւանում…

Ի՞նչ անել, իմ լացը չի գալիս Գորիս մտնելիս: Շուշիին մոտենալիս ոչ մի արտառոց բան չէր լինում: Պարզապես շնչում էիր, հասկանալով որ տուն ես հասնում: Կարող ես բանալիները նետել սեղանին ու փորի վրա փռվել մահճակալին: Այդքան բան:

Պատկերացնում եմ, ինչ հյուսիսկորեական լացի տեսարան կլինի ղարաբաղցիների մոտ, եթե մի հրաշքով հնարավոր լինի նրանք Գորիսից երկու ժամ ճանապարհ շարունակեն: Ոչ, մեզ չեն ստիպի, մենք ինքներս կլացենք:

Մարութ Վանյան

f