Երեւանի Վարչական դատարանում այսօր նախատեսված է արցախցիների քաղաքացիության վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Արցախցի Մարատ Եգանյանը կոչ է անում արցախցիներին միավորվել այս հայցի շուրջը եւ անհամաձայնություն հայտնել արցախցիների իրավունքների զանգվածային խախտման դեպքերին։ «Մենք պետք է եւս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ մնալ, արարել եւ գործել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Արցախը նույնպես Հայաստան է, մենք պետք է վերահաստատենք դա, անընդհատ ներկայացնենք մեր պահանջը դրա վերաբերյալ եւ թույլ չտանք մարդկանց իրավունքների զանգվածային խախտումը։ Եկեք եւ ներկա գտնվեք դատական նիստին, ինձ թվում է, դա ձեզանից մեծ բան չի պահանջում»,- արցախցիներին դիմել է Մարատ Եգանյանը։
Այս գործի հիմքում Արցախի բնակիչ Մերի Ղարայանի հայցն է, որով նա պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել իրեն։ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում մոտ 120 հազար արցախցի բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Մերժման հիմքն այն է, որ Մերի Ղարայանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, եւ կառավարության որոշման շրջանակներում նրան ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։
Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։
Այս գործըի շրջանակներում մի խումբ արցախցիներ միավորվել են եւ դատարանում շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Ըստ արցախցիների՝ 1989 թվականի որոշումը չեղարկված չէ, մինչ օրս ուժի մեջ է, եւ ըստ այդ որոշման՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: