Ալվինան “Մի կտոր երջանկություն” բրենդով

  • 15:27 04.12.2024

Արցախում Ալվինա Գաբրիելյանը վարկային գործակալ էր։ Հիմնական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվում էր նաև հրուշակագործությամբ։ 2020-ից հետո Ստեփանակերտում հրուշակեղենի իր արտադրամասն էր հիմնել։ Նրա ընտանիքն Արցախում ուներ նաև հագուստի խանութ, սրճարան, ինչպես նաև զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Արցախից տեղահանվելուց հետո Ալվինան որոշել է շարունակել հրուշակեղենի իր բիզնեսը Երևանում։ Այսօր նրա հիմնական եկամտի աղբյուրը հրուշակագործությունն է։ Ինչպես և Արցախում, այստեղ ևս նա ներկայանում է  “Մի կտոր երջանկություn” բրենդով։

-Երբ հաստատվեցինք Երևանում, մտածեցի զբաղվել որևէ գործով, որ կարողանամ հաղթահարել այն արհավիրքը, որի միջով անցել ենք բոլոր արցախցիներս։ Մասնակցեցի հրուշակեղենի վերապատրաստման դասընթացների, միաժամանակ սկսեցի սովորել շոկոլադ պատրաստել։ Դեռևս ճանապարհին էի մտածել, որ բիզնեսս անպայման կշարունակեմ Հայաստանում։ Սոցիալական ցանցերից իմացա բիզնես-ծրագրերի մասին։ Դիմեցի՝ իմ պատրաստած կոնֆետներով նախապես մասնակցելով ցուցահանդես-վաճառքի։ Իմ բիզնեսը հաղթողների շարքում էր։ Ստացա դրամաշնորհ և որոշեցի այն լրիվությամբ օգտագործել նպատակային։ Երևանում տարածք վարձակալեցի, հիմնեցի արտադրամաս, ձեռք բերեցի համապատասխան սարքավորումներ՝ երկու վառարան, հարիչ, սառնարան, կահույք։

Ստեփանակերտի իմ արտադրամասից բերել եմ ընդամենը մի քանի իրեր, որոնք իմ մեջ մշտարթուն են պահում Արցախն ու իմ առաջին արտադրամասը։

Կարճ ժամկետում ձեռք բերեցի հաճախորդներ, որոնք հետզհետե ավելանում են։ Ինձ համար հաճելի է, որ մարդիկ հավանում են իմ խմորեղենն ու շոկոլադները։ Ես այն մեծ սիրով եմ պատրաստում։ Մեծ նշանակություն եմ տալիս թե՛ համին, և թե՛ տեսքին։ Շոկոլադը պատրաստում եմ բելգիական հումքով, բնական չրերով, տարբեր միջուկներով, իսկ թխվածքներն առանց կոնսերվանտների, տնական բաղադրատոմսով, մրգային միջուկներով:

Ունեմ նաև աշխատողներ։ Ցանկանում եմ մեծացնել արտադրամասիս տարածքը, որպեսզի հնարավորություն լինի պատրաստելու նաև արցախյան ժենգյալով հացը։ Մոտ օրերս կսկսենք թխել, – ասում է Ալվինան և ավելացնում, որ ցանկացած գործ ունի իր դժվարությունները, սակայն, երբ ունես հստակ նպատակ և գնում ես դրա հետևից, ապա հաջողությունդ ապահովված է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f