ՀՀ կառավարության պարտականությունների մեջ է մտնում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը և զարգացումը, բայց ես չեմ կարող ասել, որ ՀՀ-ից դուրս որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի հացրին։
«Պարտականությունը կատարելու համար պետք է նաև որոշակի հնարավորություն լինի, հասանելիություն և լծակ։ Այս առումով ես չեմ կարող ասել, որ ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է»,–հավելեց Փաշինյանը։
Պետության պարտականությունների համար պայմաններ եւ լծակներ ստեղծելը՝ իշխանության գլխավոր գործառույթն է։ Եթե կառավարությունը ի վիճակի չէ դա անել, սովորաբար հրաժարական է տալիս, ոչ թե փորձում կրճատել պետության պարտավորությունները։
Խոսքը միայն հուշարձանների պահպանության մասին չէ, այլեւ տարածքային ամբողջականության, առաջին հերթին՝ Արցախի մասին։
Ինչ վերաբերվում է հուշարձաններին, ապա Արցախում, Երուսաղեմում, նախկին Օսմանյան կայսրությունում եւ այլ տեղերում հայկական պատմական եւ մշակութային հուշարձանների հարցը բարձրացնելու համար Հայաստանի կառավարությունն ունի բոլոր լծակները։ Կառավարությունը չունի քաղաքական կամք եւ ցանկություն, եթե չասենք,որ դա հակասում է նրա ապազգայնացման քաղաքական գծին։ Փաշինյանն անձամբ է ասել՝ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին պետք է Հայաստանից դուրս կալվածքներ ունենա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: