Հարթելով լսողության ուղին

  • 21:45 04.12.2024

«Արցախում ծանրալսություն ունեցող երեխաների համար դժվարությունները շատ էին, այդ թեման մի տեսակ փակ էր, տեղեկացվածությունը ցածր եւ ծանրալսություն ունեցող երեխաների մասին կա՛մ չէր խոսվում կա՛մ վարպետորեն թաքցնում էին այդ փաստը»,- ասում է Անտոնինան: Նա եւս բախվել է ծանրալսության խնդրին։

«Մեր բախտը շատ է բերել, երբ տղաս ծնվեց, Ստեփանակերտի ծննդատանը դեռ գործում էր նորածնային լսողական սքրինինգը, եւ առաջին անգամ հենց այնտեղ իմացա, որ որդիս ծանրալսություն ունի»,- ասում է նա եւ նշում, որ ծնողների կյանքը փոխվում է այս փաստից հետո եւ սկսվում է լսողության ճանապարհի հարթումը։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին տարիներին, սակայն, Արցախում նորածնային լսողական սքրինինգ չէր արվում:

Անտոնինայի եւ լսողական խանգարումներ ունեցող երեխաների դիսպանսերում գրանցված շուրջ 1500 երեխաների ծնողների համար ուղի է հարթում վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը, որը գրեթե 30 տարի է կանգնած է ծանրալսություն կամ խլություն ունեցող երեխաների կողքին։

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն «Արաբկիր» բժշկական համալիրում ամփոփեցին համատեղ իրականացրած ծրագիրը, որն ուղղված էր լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքներին արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը: «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ համատեղ ամփոփվեց Յունիսեֆի աջակցությամբ իրականացրած մի ծրագիր, որը միտված էր Արցախից բռնի տեղահանված երեխաների շարքերում բացահայտել լսողության խանգարում ունեցող երեխաներին։

Միջոցառման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով կանգնած է Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար իրականացվող բազմաթիվ ծրագրերի, այդ թվում եւ նորածնային սկրինինգի, դիսպանսեր հսկողության, խոսքի զարգացման կենտրոնի ակունքներում, նշեց, որ 20 տարի առաջ հեշտ չէր բացատրել, համոզել կառավարությանն ու ֆինանսավորող կազմակերպություններին, թե որքան կարեւոր է նորածնային սքրինինգն ու վաղ միջամտությունն:

«2007 թվականից  Հայաստանում կատարվում է լսողության սքրինինգ եւ այն օգնում է լսողական խնդիրների վաղ հայտնաբերմանը, միջամտությունների վաղ կիրառմանն ու ըստ այդմ՝ ավելի լավ արդյունքների: Պտուղներն ակնհայտ են, դուք տեսնում եք, որ դահլիճում բազմաթիվ երեխաներ կան, որոնց զարգացումը հետ չի մնացել տարեկիցներից` շնորհիվ վաղ բացահայտման ու միջամտության»,- նշել է Արա Բաբլոյանը:

Կարինեի որդին՝ Արամը, 9 ամսական էր, երբ բացահայտվել է, որ ունի լսողության ծանր կորուստ: Դժվարին ճանապարհ հարթած Կարինեի ու Արամի օրինակը վառ ապացույց է դարձել, որ ուշադիր, հետեւողական ծնողն ու պրոֆեսիոնալների թիմը կարող են լավագույնն անել  երեխայի համար։ Արամն այսօր սովորում է ԱՄՆ-ում եւ անձամբ է մշակել «Ձայնիր» փաթեթը, որը «Հավատ»-ի եւ Յունիսեֆի համատեղ ծրագրի բաղկացուցիչ մասն  է` լրամշակված տարբերակ։

«Երբ բացահայտում ես, որ երեխադ լսողական խնդիր ունի, իսկ դու դեռ ոչինչ չգիտես այդ խնդրի մասին, սկսվում է որոնումների մի մեծ ճանապարհ եւ առաջինն այդ ճանապարհին ինձ շատ օգնեց «Հավատ»-ի ծնողական դպրոցը»,- նշում է Անտոնինան, որի երեխան արդեն 4 տարեկան է եւ հրաշալի խոսում է։

Կարինե Հարությունյանը 2 տասնամյակ առաջ է միացել կազմակերպությանն ու օրինակ դարձել շատ այլ  մայրերի համար: Հիմա կազմակերպության ղեկավարումը հենց նրան են վստահել համահիմնադիրներն ու խորհրդի անդամները: Սերտորեն համագործակցելով «Արաբկիր» բժշկական համալիրի, այս ծրագրի շրջանակում նաեւ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ` հետ  «Հավատն» աջակցում է այն ծնողներին, ովքեր դեռ նոր են բացահայտում իրենց երեխայի խնդիրը։

Ծրագիրը տեւել է 4 ամիս, ունեցել 4 բաղադրիչ:

«Առաջին բաղադրիչը՝  Երեխաների տվյալների հավաքագրում, նրանց լսողության ստուգում, լսողական կարիքների գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում նաև կրթական և սոցիալական ծառայություններ։

Արցախից տեղահանված 41 երեխա է հիմա գրանցված մեզ մոտ, որոնք ապրում են ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում», -նշում է Կարինեն ու ավելացնում, որ եղել են երեխաներ, որոնց ընտանիքներն այժմ Հայաստանում չեն ապրում:

Երկրորդ բաղադրիչը երեխաներին` ըստ լսողական կարիքների լսողական սարքեր եւ ներդիրներ հատկացնելն էր: 14 երեխայի 28 լսողական սարք է հատկացվել` բարձրակարգ, թվային սարքեր, որոնց ազդեցությունը ծնողները եւ երեխաները զգացել են կրելու պահից:

Երրորդ բաղադրիչը՝ «Ձայնիր» փաթեթն է, որը Արամն է մշակել «Սերունդ առանց սահմանների 2020» թվականի մրցույթի շրջանակում եւ հաղթող ճանաչվել: Նա, թերեւս, ավելի լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ վատ լսող երեխային։ Խորհրդատուները եղել են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները: Այս ծրագրով լրամշակվել է «Ձայնիրի» առաջին փաթեթը եւ ստեղծվել են փաթեթներ տարիքային 3 խմբի համար` 0-2, 2-4 եւ 4-7 տարեկանների համար: Փաթեթները պարունակում են երաժշտական գործիք-խաղալիքներ, դիդակտիկ խաղերի եւ խաղալքների հավաքածուներ, քարտեր եւ ծնողներին ուղղորդող գրքույկ:

«Խաղալիքների այս փաթեթը հրաշալի նվեր է երեխաների համար, որովհետեւ հաճախ ծնողները հնարավորություն չունեն խաղալիքներ գնելու եւ հատկապես հասկանալու, թե ինչը կարող է օգնել երեխային»,- նշում է Անտոնինան, ով իր երեխային օգնելու համար սովորեց նոր մասնագիտություն՝ սուրդոմանկավարժություն եւ Արցախում օգնում էր ոչ միայն իր երեխային, այլեւ լսողական խանգարում ունեցող այլ երեխաների:

Եւ 4-րդ բաղադրիչը Ծնողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով 1,5 րոպեանոց կարճատև տեսանյութերի պատրաստում՝ հետևյալ թեմաներով՝ երեխաների նորածնային սկրինինգից մինչեւ երեխաների դպրոցական տարիքը: Տեսանյութերը կարճ են, բայց համապարփակ:

Միջոցառումը համեմված էր մշակութային ելույթներով, ներկաները հնարավորություն ունեցան լսելու  Հայստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որն արդեն 2 տարի է համագործակցում է «Հավատի» հետ եւ նպատակ ունի  երաժշտության հանդեպ սեր սերմանել եւ դասական երաժշտությունն ավելի հասանելի դարձնել երեխաներին:

Իսկ տարիների գործունեության լավագույն ապացույցը՝ ոչ միայն խոսող, այլեւ փոքրիկ հեքիաթներ բեմադրությամբ ներկայացնող ու երգող երեխաներն են, որոնք լսելու ճանապարհը սկսվել է նորածնային սկրինինգից, անցնել սուրդոկենտրոնով եւ խոսքի զարգացման կենտրոնով, հետո մանկապարտեզ, դպրոց եւ բազում նախասիրություններ` անգամ ռեպի կատարումներով:

Մարիամ Սարգսյան

f