1500 ղարաբաղցի փախստականներ պատրաստ են ՄԻԵԴ հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ

  • 10:29 05.12.2024

Մի խումբ իրավաբաններ կամավորական հիմունքներով «Արդար խոսք» կուսակցության աջակցությամբ Արցախից բռնի տեղահանվածների հայցն են նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցման պահանջով։

ՄԻԵԴ հավաքականորեն դիմելու նախաձեռնությամբ հանդես է եկել փաստաբան, Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատի անդամ Ժաննա Արզումանյանը։ Նա նաև ղեկավարում է դիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքային խումբը։ Փաստաթղթերը հաստատում են արցախցիների մինչև բռնի տեղահանումը ունեցվածքը (անշարժ և շարժական)։

Արզումանյանի խոսքով, ինքը կապ է հաստատել բազմաթիվ կազմակերպությունների, կառույցների, միավորումների ու գերատեսչությունների հետ, սակայն աջակցություն է ստացել միայն «ԱՐԴԱՐ ԽՈՍՔ» կուսակցությունից։

«Առաջին փուլում շուրջ 1500 արցախցիների կողմից հայտեր են հավաքվել, փաստաթղթեր են ներկայացվել։ Ստեղծված աշխատանքային խումբը կզբաղվի Արցախից բռնի վերաբնակեցված մեր հայրենակիցների սեփականության իրավունքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարոյական վնասի փոխհատուցման հարցերով։ Այս պահին մենք ստուգում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, գործերի նախապատրաստումը՝ օտար լեզուներով թարգմանությամբ»։

Ալվարդ Գրիգորյան