Թրամփին սպասելիս. Միրզոյանը ԵԱՀԿ նիստում լռել է Մինսկի խմբի մանդատի մասին

  • 22:53 05.12.2024

«Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը այսօր Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ նա խոսեց ԵԱՀԿ դերի, նրա պատասխանատվության գոտու և անվտանգության անպտուղ մեխանիզմների մասին, սակայն այդպես էլ չխոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Չնայած դա միակ միջազգային կառույցն է, որն ունի արցախյան հիմնախնդրի լուծման լեգիտիմ մանդատ։

Սա ընդհանրապես դառնում է Հայաստանի ներկայիս իշխանության բրենդը՝ խոսել ԵԱՀԿ մեխանիզմների մասին և չհիշատակել Մինսկի խումբը, հրավիրել ցեղասպանությունների կանխարգելման կոնֆերանս, բայց չխոսել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության մասին, հայտարարել, որ «մենք այլևս ՀԱՊԿ-ում չենք», բայց հեռանալու հայտ չներկայացնել։

Հայաստանի կառավարությունը դեռ փորձում է ստորագրել տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը», մինչդեռ Բաքուն բացահայտ ասում է, որ իրեն պետք չէ այդ պայմանագիրը։ Բաքուն հասավ իր ուզածին՝ սահմանազատման համաձայնագրի ստորագրմանը։ Եվ այն կիրականացվի առանց խաղաղության պայմանագրի, առանց քարտեզների և այլ «ձևականությունների»։

Օրերս Փաշինյանը հայտարարեց սահմանի նոր հատվածի սահմանազատման մոտալուտ մեկնարկի մասին։ Էլ ինչի՞ է պետք պայմանագիրը։

Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ ուղիղ երկխոսության շրջանակներում ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանազատումը։

«Համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած կանոնակարգը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը»,- ընդգծեց նա։

Ելնելով դրանից՝ Բայրամովը գործընկերների հետ զրույցում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը վերացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանն, ըստ ամենայնի, չի առարկել։ Ինչի՞ է պետք Մինսկի խումբը, եթե կա Ալմա-Աթայի հռչակագիրը։

Բացի այդ, Բաքուն, սպասելով Թրամփին, մերժել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ պատճառաբանելով «Բայդենի վարչակազմի կողմնակալ և անարդար վերաբերմունքը»։