Վրաստանի ընդդիմությունը փակուղում է. Թրամփը լռում է

  • 10:50 06.12.2024

Վրացական ընդդիմությունը համատեղ հայտարարությամբ է դիմել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, որում երկու պահանջ է հնչեցրել, նշելով, որ դրանց կատարումն անհրաժեշտ է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո ծագած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Կոչը ստորագրել են չորս բլոկեր, որոնք խորհրդարան են մտել հոկտեմբերի վերջին քվեարկության արդյունքներով, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

Ընդդիմության առաջին պահանջը վերաբերում է անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ընտրությունների արդյունքների դեմ փողոցային ցույցերի և Վրաստանի կառավարության որոշման՝ սառեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները: Երկրորդը՝ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումն է, որոնց անցկացումը պետք է իրականացնի անկախ ընտրական մարմինը։

Այն, որ ընդդիմությունը ներկայացրել է ոչ թե վերջնագիր, այլ պահանջ, հուշում է, որ ընդդիմությանը իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործիքներ չեն մնացել։ Եթե ​​պահանջ ես դնում ու չես ասում, թե ինչ ես մտադիր անել, եթե պահանջը չկատարվի, ուրեմն հասկանում ես սեփական անզորությունը։

Իր հերթին, վարչապետ Կոբախիձեն, մեկնաբանելով Բայդենի վարչակազմի կոշտ արձագանքը Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ռազմավարական գործընկերության դադարեցմանը, ասել է, որ դա ժամանակավոր է, և «ինչպես կասի Թրամփը, այդպես էլ կլինի»։

Թրամփը դեռ ոչինչ չի ասել, իսկ ռուսական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Թրամփի պաշտոնավարումից հետո ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունները կբարելավվեն։