Թեեւ սպասվում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է հրապարակեր ամփոփիչ զեկույց, բայց մինչ օրս հանրությանը ներկայացված չէ այդ զեկույցը։ Իշխանության կողմից չկա բացատրություն, թե ինչո՞ւ է ձգձգվում զեկույցի հրապարակումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը ձգձգում զեկույցի հրապարակումը։
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաքելությունը ոչ թե պատերազմը, դրան նախորդող իրադարձությունները, պատերազմի կառավարումը, պատերազմի դադարը կարգավորող փաստաթղթի ստորագրումը օբյեկտիվ քննելն էր, այլ այդ հանձնախմբի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին անմեղ հանել էր, մաքրագործելն էր։ Հավանաբար իրենք քննել են եւ այնքան նյութ են տեսել, որոնք խոսում ենք այս իշխանությունների սխալների, եթե ոչ գիտակցված գործողությունների մասին, որ հիմա իրենց ավելի շատ ժամանակ է պետք՝ այս բոլոր հետքերը կորցնելու համար։ Այդ հանձնաժողովը չի ստեղծվել, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացնի եւ ճշմարտությունը ներկայացնի՝ նախապատերազմյան զարգացումների, բանակցային գործընթացի վիժեցման, դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվելու մասին, Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին, որ՝ հեսա հուժկու հարձակում ենք ստեղծում, այլ ստեղծվել է, որ այդ ամենը կոծկի, պարտակի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակությունը տեղյակ չլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ «Դա է պատճառը, որ մենք լրիվ այլ մոտեցում էինք առաջարկում, որը հնարավորության սահմաններում կապահովեր օբյեկտիվությունը։ Հիմա ես վստահ եմ, որ քանի այս իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որեւէ շանս չկա դրա մասին ճշմարտությունն իմանալու։ Ավելին ասեմ, որպեսզի հետագայում համեմատելու եզրեր էլ չլինեն, իրենք նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ոչինչ չեն հրապարակել։ Այն, ինչում այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեղադրում էր իշխանություններին, տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի վատ իր իշխանության ժամանակ է»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա Հովհաննիսյան