“Ջուլի հանդմեյդ”՝ ձեռագործ իրեր Արցախի կարոտով

  • 17:55 07.12.2024

Գործելիս մտովի ճանապարհորդում եմ իմ կյանքի օրերով՝ Արցախում

«Ցանկացած արցախցու ճակատագիր լի է ուրախ ու ողբերգական իրադարձություններով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է խոսել պատերազմի սարսափների, կորցրած հարազատների ու ընկերների, շրջափակումների մասին։ Բայց այնուամենայնիվ բոլորս հիշում և կարոտում ենք հետպատերազմյան երջանիկ տարիները»։

Մոնիկա Գրիգորյանը ծնվել և ամբողջ կյանքը ապրել է Արցախում` Ստեփանակերտում, իսկ ամառային արձակուրդները ինչպես շատ շատերը, անց էր կացնում հայրենի` Մարտունու շրջանի Հերհեր և Կարմիր Շուկա գյուղերում:

Հիմա չի հիշում, վերջին անգամ երբ էր եղել հայրենի գյուղերում, շարունակվող հյուծիչ շրջափակումը և հետագա դաժան տեղահանումը թույլ չտվեցին նույնիսկ վերջին անգամ հրաժեշտ տալ:

«Հենց ամառային արձակուրդները սկսվում էին, հաջորդ օրը գնում էինք գյուղ, ու այդպես մինչև սեպտեմբեր: Մեզ գյուղում «դաչնիկ էին» անվանում, բայց մինչ այժմ հիշում ենք այդ երանելի օրերը: Դե հետո ամեն ինչ փոխվեց` պատերազմ էր սկսվել»:

Հենց 90-ականնարի պատերազմի ժամանակ նա սկսեց ձեռագործությամբ զբաղվել:

«Մութ և ցուրտ տարիներն էին, մի օր տանը, մի օր ապաստարանում, հավաքվում էինք ու տարբեր ձեռագործ իրեր էինք գործում: Այդ ժամանակ կանայք հիմնականում գործում էին պատերազմում գտնվող  տղամարդկանց համար` գուլպաներ, գլխարկներ»:

90-ակաների այդքան սպասված հաղթանակին փոխարինեց 2020 թ. դաժան պատերազմը և 2023թ. Արցախի հայաթափումը, որը ուղեկցվում էր մարդկանց ընդմիշտ խեղաթյուրված ճակատագրերով:

«90-ականերից հետո մինչ քառօրյա պատերազմը թվում էր թե ամեն ինչ ետևում էր, բայց հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ… որդուցս  50 օրից ավել տեղեկություն չկար, չգիտեինք, ողջ է, թե չէ: Ծնողի համար աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ երեխադ պատերազմում է, իսկ դրսում արդեն 21-րդ դարն է: Ամուսինս էլ իր զինակից ընկերներով այդպես էլ դուրս չի եկել Արցախից, ասում էր, որ ինչ էլ որ լինի, առանց իր երեխայի դուրս չի գալու: Փառք Աստծո, այդքան սպասումից հետո մեր ամուսնության օրը` նոյեմբերի 14-ին զանգեց»:

Տիկին Մոնիկան տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել է Չարենցավանում և այժմ փորձում է իր փոքրիկ գործը սկսել, ինչպես արցախցի շատ կանայք, որոնք փորձում եմ մի փոքր մեղմացնել իրենց ընտանիքի հոգսը:

«Ամբողջ կյանքս հաշվապահ եմ աշխատել, բայց միշտ հեռու եմ եղել առևտրից, միևնույն ժամանակ մոտ արվեստին: Այնպես է ստացվել, որ գրեթե ոչ մեկս այլևս մեր մասնագիտությամբ չենք աշխատում, բայց պետք է ոտքի կանգնել, դրա համար փորձում ենք ինչ-որ բանից սկել՝ մեկը ժենգյալով հաց է պատաստում, մյուսը հրուշակեղեն, իսկ ես ձեռագործ իրեր: Իմ բոլոր աշխատանքները մեծ սիրով եմ գործում, միշտ փորձում եմ յուրահատուկ լուծումներ գտնել»:

Ձեռագործ աշխատանքների բրենդի համար երկար են անուն փնտրել և վերջապես որոշվեց, որ այն պետք է կրի տիկին Մոնիկայի մայրիկի անունը, որը նույնպես ժամանակին ձեռագործությամբ էր զբաղվում:

«Հիշում եմ մայրիկս ինչպես էր մեզ համար յուրահատուկ շորեր կարում, մենք էլ ահավոր ուրախանում էինք: Ի դեպ, իմ տատիկը նույնպես կար ու ձևով էր զբաղվում` գյուղի դերձակն էր: Երևի հենց իրանց շնորհիվ է, որ այդպիսի շնորք ունենք»:

Սկզբում չէր պատկերացրել, որ իր աշխատանքներով կարող են հետաքրքրվել և նույնիսկ գնել: Սկզբում միայն գործում էր հարազատների համար:

«Սկզբում ուղղակի հարազատներիս համար էի գործում, որ գոնե օրս անցնի, քանի որ ամբողջ կյանքս աշխատել եմ և հիմա առանց աշխատանք շատ դժվար է»:

Տիկին Մոնիկան փաստում է, որ մեծ սիրով է ստեղծում իր աշխատանքները ու ամեն օր փորձում է ավելի կատարելագործվել:

Ինչպես շատ շատերը, երազներում Արցախում է: Հիմա չգիտի, կվերադառնան մի օր, թե ոչ:

«Ավելի քան մեկ տարի է անցել այն պահից, երբ մեզ ստիպեցին լքել մեր տները։ Հայաստանում ասում են, որ պետք է համակերպվել, բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն օր մտքերով Արցախում եմ: Ցավը նույնիսկ մեկ գրամով չի պակասել, ընդհակառակը մի քանի անգամ ավելի է սաստկացել:

Ալվարդ Գրիգորյան