Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր էջերից է։ Շատերն իրենց կյանքն ու առողջությունը տվեցին հանուն դարավոր Արցախի ազատության և անկախության։
Գարիկ Ասկարյանը Արցախյան առաջին պատերազմի վետերաններից է։ Մարտական գործողությունների ընթացքում նա ստացել է երեք կոնտուզիա, ինչը հետագայում դարձել է ավելի լուրջ առողջական խնդիրների պատճառ։ 2013 թվականին նա ինսուլտ է տարել։ Երկարատև բուժումից հետո նրան ուղարկել են Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ վերականգնողական նպատակով։
«Կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, անձնակազմն այնքան պրոֆեսիոնալ էր աշխատում, որ երբեմն ինձ թվում էր, թե եվրոպական առաջատար կլինիկաներից մեկում եմ: Բացի պրոցեդուրաներից, այնտեղ անցկացրեցի հիանալի ժամանց։ Բուժումը դրական արդյունքներ տվեց թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, թե՛ հոգեբանական առումով։ Եթե չլինեին 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց պատճառով ես ստիպված էի ընդհատել բուժումը, մենք ավելի լավ արդյունքների կհասնեինք։
44-օրյա պատերազմի ավարտին ընտանիքով վերադարձանք հայրենիք Արցախ՝ խաղաղ ապագայի հույսով։ Մենք, ինչպես ողջ արցախցիները, կարծում էինք, որ ռուս խաղաղապահների առկայությունը անվտանգության անվերապահ երաշխիք է, բայց, ցավոք, մեր հույսերը չարդարացան։ Ռուսների ներկայությամբ Բաքվի իշխանությունները, փակելով Բերձորի միջանցքը, 9 ամիս սովի են մատնել 120 հազար բնակչությանը՝ երեխաներին, ծերերին, հիվանդներին։ Սնունդ չկար, գազ չկար, լույս չկար։ Հիվանդանոցներում ու դեղատներում դեղեր չկային, ինչի պատճառով էլ հիվանդների վիճակն ամեն օր վատանում էր։
Անցնելով այս բոլոր տանջանքներն ու փորձությունները՝ արցախցիները չկորցրին լավատեսությունը։ Մենք շարունակեցինք արժանապատիվ ապրել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Բայց նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում. Արցախը, որը դարեր շարունակ հայաբնակ էր, էթնիկ զտումների արդյունքում մաքրվեց հայ բնակչությունից։
Արցախից բռնագաղթվելուց հետո տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Այնտեղ ապրեցինք վեց ամիս, որից հետո իմ առողջության վրա բացասաբար ազդող բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված եղանք տեղափոխվել Երևան։
Վարձել ենք բնակարան չորրորդ հարկում։ Բնակարանը և շենքն ամբողջությամբ պիտանի չեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն դժվարությունները հաղթահարելի են․ իմ ընտանիքի շնորհիվ ես կարող եմ դա անել:
Ես երազում եմ միայն մեկ բանի մասին՝ վերսկսել վերականգնողական գործընթացը, քանի որ առանց դրա իմ վիճակն օրեցօր վատանում է։ Այս առումով կցանկանայի, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը հնարավորինս շուտ վերսկսի իր գործունեությունը։
Մեր հայրենակիցներից շատերը խոսում են Արցախ վերադառնալու մասին. ես իմ կարծիքն ունեմ այս հարցում։ Անիծյալ պատերազմների պատճառով ես կորցրի իմ եղբորը, առողջությունս և երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ունեցվածքը: Եվ վստահաբար կարող եմ ասել՝ Արցախ կվերադառնամ միայն այն դեպքում, եթե այն դե ֆակտո և դե յուրե պատկանի Հայաստանին։ Հակառակ դեպքում նա միշտ կռվախնձոր կմնա, և ես մտադիր չեմ նորից վերադառնալ հակամարտության գոտի, ապրել վախի մեջ և կորցնել հարազատներիս»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գարիկը։
Արսեն Աղաջանյան